Հոկտեմբեր 26, 2021 10:59 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Խորամշահրի ազատագրումց հետո ռազմական մեծ գործողություններից մեկին՝ «Ռամազան» ռազմական գործողությանը:

Նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում խոսեցինք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության հաջողությունից ու Խորամշահրի ազատագրումից հետո պատերազմի շարունակման պատճառների մասին: Խորամշահրի ազատագրումից հետո ԻԻՀ-ի դոկտրինան ոտնձգության դեմ դիմադրությունն էր՝ կայուն խաղաղության հասնելու և ագրեսորին պատժելու համար: Խաղաղության բոլոր ծրագրերում, որոնք ներկայացված էին Խորամշահրի ազատագրումից հետո, դրանցից ոչ մեկը չէր երաշխավորում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար իրավունքները: Այս խաղաղության ծրագրերի ներկայացումը բխում էր ռազմի դաշտում Իրանի հաղթանակի մտահոգությունից, և նրանք ելք էին փնտրում Սադդամին դուրս բերել այն պատերազմից, որ վերջինս սանձազերծել էր Իրանի Իսլամական նորաստեղծ Հանրապետությունը տապալելու նպատակով:Խաղաղության միջնորդներից մեկը՝ Գվինեայի նախագահ Ահմեդ Սքոթրեն 1982 թվականի հունիսի սկզբին Իմամ Խոմեյնիի հետ խոսել էր խաղաղության ծրագրի մասին:1982 թվականի հուլիսի 2-ին Իմամ Խոմեյնին, իպատասխան Ահմեդ Սքոթրեի հաղորդագրության, ափսոսանք հայտնեց արյունարբու Իսրայելի Լիբանան ներխուժելու և սիոնիստների սարսափելի հանցագործությունների կապակցությամբ և Իրաքի դեմ պատերազմի մասին գրել էր.«Նկատի ունեցեք, որ մենք երբեք պատերազմի կոչ չենք արել և  դրա նախաձեռնողը չենք և ագրեսիայից մեր պաշտպանությունը յուրաքանչյուր մուսուլմանի մարդկային և իսլամական իրավունքն է, և ագրեսոր Սադամը պետք է ապահովի և ընդունի անհրաժեշտ պայմանները պատերազմի ավարտի և խաղաղության հաստատման համար»:Խորամշահրի ազատագրումից հետո Սադամը հասկացավ, որ պատերազմը շարունակելու համար իրեն անհրաժեշտ է նոր ռազմավարություն:Այդ պատճառով նա տակտիկապես հեռացավ Իրանի որոշ հատվածներից և միևնույն ժամանակ փորձեց քաղաքական և քարոզչական  շահարկման ենթարկել այս տեղաշարժը և այն ներկայացնել խաղաղության համար իր կամքի արգասիքը:

Երբ Իրաքի Բաասական բանակը հեռացավ իրանական հողի վրա իր որոշ դիրքերից, ձեռնարկեց նոր նախաձեռնություն՝ պաշտպանական հզոր գծեր կառուցելու միջոցով՝ զինելով ռազմաճակատի տարածքը և նոր պաշտպանական դասավորությամբ մտավ մարտի դաշտ:Այդ ժամանակից իվեր Իրաքի բանակի ամրություններն ու առաջնագծում խոչընդոտները կտրուկ տարբերվում էին Խորամշահրի ազատագրումից առաջ եղածներից:Սադամը ցանկանում էր կանխել իրանական ուժերի արշավանքների շարունակումն այն պայմաններում, երբ իրեն մեծ պարտություն էր պարտադրվել:Նա ցանկանում էր իր համար պահել պատերազմի նվազագույն ձեռքբերումը, իսկ դա դեպի երկու երկրների միջազգային սահմաններ ամբողջական չնահանջումն էր եւ 1975 թվականի սահմանային պայմանագրի մերժումը:Հետեւաբար, նա ռազմադաշտերն այնպես դասավորեց, որպեսզի կարողանար հասնել այդպիսի նպատակի, իսկ իրանցիները չկարողանան բաասական թշնամու ձեռքից ազատագրել վերջին գրավված սահմանամերձ տարածքները:Նման մթնոլորտում Ռամազան ռազմական գործողությունը սկսվեց Խորամշահրը ազատագրելուց 38 օր անց՝ Բասրայից արևելք:Ռամազան գործողությունը համարվում է պարտադրված պատերազմի նոր փուլի սկիզբը:Այս գործողության մեջ առաջին անգամ որոշվեց իրանական ուժերը մտնեն Իրաքի տարածք`սահմանների անվտանգությունն ապահովելու և ԻԻՀ-ի իրավունքները վերականգնելու համար:Այս գործողության համար հրամանատարների հաշվարկումը թշնամու հոգեբանական փխրուն վիճակն ու իրաքյան հրամանատարների մոլորվածությունն էր՝ իրանցի մարտիկներից կրած ծանր պարտությունից հետո:Այսպիսով, գործողությունը սկսվեց Բասրայի շուրջ թիրախներ գրավելու և քաղաքը պաշարելու մտադրությամբ:ՄԱԿ-ն անմիջապես արձագանքեց, երբ հայտարարվեց իրանական զորքերի իրաքյան տարածք մուտքի մասին և հայտարարություն տարածելով մտահոգություն հայտնեց իրավիճակի վերաբերյալ և հրադադար հաստատելու կոչ արեց, ինչը Իրանը մերժեց:Հատկանշական է, որ Իրաքի ներխուժման եւ դրա շարունակման ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ն արձագանքեց ագրեսիայի սանձազերծումից երկու օր անց:Ռամազանի գործողությունը նախագծվել և իրականացվել է չորս առանցքներում և հինգ փուլերում՝ ԻՀՊԿ-ի և Իրանի բանակի կողմից՝ 1600 քառակուսի կիլոմետր տարածքով եռանկյունաձև տարածք գրավելու համար՝ հատելով միջազգային սահմանը:Իրաքի Բաասական բանակի ինժեներական ստորաբաժանումը հյուսիսարևմտյան Բասրա և Տանոմե շրջանում ստեղծեց պաշտպանական գծեր՝ կառուցելով 30 կիլոմետր երկարությամբ և մեկ կիլոմետր լայնությամբ ջրանցք՝ ջրով լցված,խոչընդոտներ, դարանակալներ, գնդացիրների պատնեշներ՝ որպես հիմնական միջոց՝ իրանական ուժերի հնարավոր հարձակումները Բասրայի վրա կանխարգելելու համար:Բացի այդ, շրջանի հարավային մասում ջուրը բաց է թողնվել Շալամչեի կողմից, որպեսզի գործնականում կանխվի զրահապատ և հետևակ ուժերի ցանկացած տեղաշարժ: Մեկ միլիոն բնակչություն ունեցող Բասրա քաղաքը 1980-ականների սկզբին Իրաքի ամենակարևոր քաղաքներից էր: Քաղաքն ունի նավթավերամշակման գործարան, հսկայական նավթաքիմիական գործարան, բնական գազի գործարան և արդյունաբերական այլ գործարաններ: Բացի այդ, Տանոմե հատվածը, որը պատկանում է Արվանդից արևելք գտնվող արդյունաբերական քաղաքին, գտնվում է Բասրայի մոտ: Բացի այդ, Բասրայի արևմուտքում գտնվող անապատը, ինչպես նաև հյուսիսից ճահճացած երկիրը պարունակում են Իրաքի նավթի հսկայական պաշարները: Մինչդեռ, Սաֆվան կոչվող Բաղդադից դեպի Քուվեյթ տանող ճանապարհը ռազմավարական նշանակություն ուներ, և դրա միջոցով ձեռք էին բերվում իրաքյան բաասական բանակի հիմնական զինամթերքն ու զենքերը: Մինչ Իրաքի բաասական ուժերի օկուպացիայից Խորամշահրի ազատագրումը, Իրաքը շատ պաշտպանական միջոցներ չէր ձեռնարկել Բասրա քաղաքը պաշտպանելու համար: Այդ պատճառով Սադդամը Խորամշահրը համարում էր Բասրայի գրավականը: Խորամշահրը ազատագրվելուց հետո իրաքյան բռնապետը տեղեկացավ իրանական ուժերի ռազմական կարողությունների մասին, ուստի նա փոխեց իր պատերազմական ​​մարտավարությունը: Ռազմավարությունը հիմնված էր բազմաշերտ պաշտպանություն ստեղծելու վրա, որը թույլ կտար կանխել իրանական հետեւակի ներթափանցումը Իրաքի պաշտպանության թիկունքում:

Իրականում Իրաքը փոխեց իր հարձակողական ռազմավարությունը՝ պաշտպանական ռազմավարության՝ իրանական հարձակումները կանխելու համար: Սադամը գիտեր, որ հարավային տարածաշրջանում Իրանի թիրախը Բասրա քաղաքն է՝ իհարկե հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը: Այդ պատճառով նա իր ողջ ուժերը կենտրոնացրեց պաշտպանական գծերի ամրապնդման վրա: «Ռամազան» գործողության հաջող իրականացումը կարող էր թույլ տալ Իրանին քաղաքական բանակցություններում ունենալ առավելություն և Իրաքին ստիպել ընդունել պատերազմի ավարտի համար Իրանի պայմանները: Այնուամենայնիվ, քանի որ այս ռազմական գործողություններում Իրանի ռազմական ունակությունների մեծ մասը հիմված էր հետևակային ուժերի վրա, հետևաբար շարժունակությունը զգալիորեն նվազեց՝ շփման գծից թիրախների մեծ հեռավորության և պատնեշներ և ապաստարաններ կառուցելու համար բավարար տեխնիկայի բացակայության, ինչպես նաև ծայրահեղ շոգի պատճառով: Չնայած գործողության համար նախատեսված սկզբնական նպատակներին, դրանք հնարավոր չեղավ իրականացնել, և հակառակորդի կրկնվող հակահարվածների պատճառով գործողությունը չստացավ ակնկալվող հաջողությունը:

Ծարավն ու տապը «Ռամազան» գործողության նախատեսված նպատակներում իրանական ուժերի ձախողման հիմնական պատճառներից  էին:

Չնայած Ռամազանի գործողության ընթացքում Իսլամական Հանրապետությունը չհասավ իր առջև դրած ​​նպատակներին, սակայն այս գործողությունը կատարելով և թշնամու տարածք մտնելով՝ ցույց տվեց, որ վճռական է իր իրավունքներին հասնելու համար: Բացի այդ, այս գործողությունից հետո իրանցի հրամանատարները հասկացան, որ, ի տարբերություն անցյալի, պատերազմում կանգնած էին բոլորովին նոր պայմանների առջև և ըստ այդմ, պետք է մշակվեր նոր ռազմավարություն: Ռամազան գործողության ընթացքում Իրաքի բանակի մեծ թվով ստորաբաժանումներ, այդ թվում՝ 9 -րդ զրահատանկային դիվիզիան, ջախջախվեցին: Գործողության ընթացքում սպանվեցին և վիրավորվեցին նաև բաասական 6400 ուժեր, ևս 1315-ը գերեվարվեցին իրանական խիզախ ուժերի կողմից: Նաև ոչնչացվեց 1077 իրաքյան տանկ և անձնակազմ տեղափոխող մեքենա:

Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք Ռամազան գործողության ձեռքբերումների եւ իրանական ուժերի մարտավարության փոփոխության մասին: