Նոյեմբեր 20, 2019 15:58 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք բացասական ու կպչուն մտքերից ազատվելու եղանակների մասին, ներկայացնելու ենք հոգեբանների տեսակետներն ու խորհուրդներն այս կապակցությամբ: Ընկերակցեք մեզ:

Բացասական մտքերը քայքայում են մարդուն։ Անհրաժեշտ է սովորել դրական ու կառուցողական մտածել:

Ձեզ պարզ հարց տվեք. ինչի՞ են հանգեցնում բացասական մտքերը։ Ճիշտ եք, որպես կանոն, ոչ մի լավ բանի։ Այդպիսի մտքերը խանգարում են մեզ հանգիստ ապրել, դրանք միայն ավելացնում են վախերը, էներգիա խլում, ոչնչացնում դրականը եւ ուրախալին։ Այս դեպքում երկրորդ հարցն է առաջանում. ի՞նչն է խանգարում ազատվել այդ մտքերից։

Հավանաբար, մեր մարդկային բնությունը։ Բայց պետք չէ հանձնվել եւ համակերպվել, որ բացասական մտքերը փչացնում են մեր կյանքը։ Կներկայացնենք մի քանի  խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել մտքերից եւ այլեւս երբեք դրանց չանդրադառնալ։

 

Միջոց 1

Կպչուն մտքերից ազատվելու արդյունավետ միջոցներից մեկը համարվում է բացասական մտքերի պատճառների դեմ պայքարը։ Այդ պատճառները կարող են բազմաթիվ լինել։ Դուք պետք է ճիշտ բացահայտեք, թե որտեղից են հայտնվում այդ մտքերը, հետո ազատվեք բացասական մտքերի աղբյուրից։

Օրինակ, դուք բացահայտել եք, որ վատ մտքերը հաճախ գալիս են ԶԼՄ-ների տեղեկատվության արդյունքում։ Այդ դեպքում դադարեք դիտել այն հաղորդումներն ու լրատվական թողարկումները, որոնք փչացնում են ձեր տրամադրությունը։ Եթե ձեր ընկերները կամ մտերիմները բացասական մտքերի աղբյուր են, խնդրեք նրանց այլեւս չխոսել նման թեմաներից։ Ազատվելով բացասական մտքերի աղբյուրներից՝ դուք այդ խնդիրն արմատահան կանեք։

 

Միջոց 2

Դուք կարող եք օգտվել նաեւ հետեւյալ հետաքրքիր խորհրդից, որը շատ դեպքերում կարող է օգնել Ձեզ։ Այն պահին, երբ ձեզ պատում են բացասական մտքերը, դուք պետք է դրանք աբսուրդի աստիճան զարգացնեք, որ շուտով անհեթեթ ու ծիծաղելի թվան։

Բանն այն է, որ վատ մտքերը սկսում են ազդել միայն այն դեպքում, եթե դուք արձագանքում եք դրանց։

Միջոց 3

Կարելի է փորձել բացասական մտքերը փոխարինել դրականով։ Եթե գլխում անպետք մտքեր են հայտնվում, անմիջապես մտածեք լավ բաների մասին, թեկուզ վերացական երեւույթների՝ ընկերության, սիրո, առողջության եւ այլն։

 

Միջոց 4

Հաջորդ միջոցն իր մեջ ներառում է բոլոր նախորդները։ Դուք պարզապես պետք է առաջանալուն պես հեռացնեք բացասական մտքերը։ Կարեւոր չէ, թե դրան ինչ կհաջորդի՝ անհեթեթություն կամ բոլորովին հակառակ մի միտք։ Գլխավորը, որ դուք անմիջապես հեռացնեք այն եւ այլեւս երբեք չվերադառնաք դրան։

Միջոց 5

Ինչ-որ գործով զբաղվեք։ Շատ դժվար է գործով զբաղվել, երբ գլխում վատ մտքեր են, բայց համառորեն խորհուրդ է տրվում այդ անել։ Ամեն դեպքում, 95 տոկոս դեպքերում այդ օգնում է։

 

Հիշեք, որ բացասական մտքերն ավելի հաճախ ու արագ են հայտնվում, քան լավ մտքերը։ Միաժամանակ, դրանցից պետք է ազատվել՝ օգտվելով վերը նշված խորհուրդներից։ Այն դեպքում, եթե մեկը չի օգնում, փորձեք հաջորդը, եւ թող հաջողությունն ուղեկցի ձեզ։

 

Այժմ տեսնենք,թե բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբան Ալեքս Լիկերմանը ինչ խորհուրդներ է տալիս կպչուն մտքերից ազատվելու համար:

Կամքի ուժով կպչուն մտքերից` օբսեսիայից ազատվելը այդքան էլ հեշտ չէ: Օբյեկտի վրա կենտրոնացումը կամ տագնապը ավելի շատ է ամրապնդում այն գիտակցության մեջ: Կամքի ուժը տվյալ իրավիճակում պետք է անջատել:

Գտի'ր ավելի ուժեղ ազդակներ, որոնք կլինեն ավելի հաճելի: Դա կարող է լինել ուտելիքը,  ծիծաղելի սերիալ և այլն:

Ինչպես նշում է Լիկերմանը, կպչուն մտքերի շարքին են դասվում այն մեծ խնդիրները, որոնք անհնար է լուծել միանգամից: Եթե ձեր դեպքում նույն կերպ է, ապա փորձեք լուծել այդ խնդրի որոշ մասը:

 Լիկերմանը խորհուրդ է տալիս ֆիզիկական վարժություններ անել : Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պատասխան է տալիս հենց այդ կպչուն մտքերից ազատվելու համար:

 

Փորձարկումները ցույց են տալիս, որ մտքերի ճնշումը արդյունավետ չէ, քանի որ մենք չենք կարող վանել կրկնվող զայրացնող մտքերը: Դա կարող է լինել աշխատավայրում թույլ տված սխալ, փողի պակասի մասին մտահոգություն կամ անբացատրելի վախ: Ինչպիսին էլ, որ լինի տագնապը, վախը կամ անհանգստությունը, այն կարող է լինել շատ դժվար վերահսկելի: Դրա դեմ պայքարի ամենաբնազդային մեթոդը մտավոր ճնշումն է. մենք փորձում ենք այն դուրս մղել մեր գլխից: Ցավոք, բազում փորձարկումները ցույց են տվել, որ մտքերը պարզապես ճնշելու ցանկությունը չի գործում: Ճակատագրի հեգնանքով՝ մտքերը գլխից դուրս մղելու փորձը միայն նպաստում է դրանց ուժգնացմանը: Այսպիսով՝ ի՞նչ այլընտրանքներ կան՝ ազատվելու համար այն մտքերից, որոնք մենք չէինք ցանկանա լինեին մեր գլխում: Ամերիկացի հոգեբան, փորձագետ Դանիել Վեգներն բացատրում է կայուն անցանկալի մտքերից ազատվելու մի քանի մեթոդ, որոնց մասին գրում է doctors.am-ը:

 

Նպատակաուղղված շեղում

Տհաճ ապրումներից, օրինակ՝ սոցիալական խնդիրներից շեղվելը մեր գիտակցության բնական միտումն է: Միտքը թափառում է շուրջբոլորը՝ փնտրելով նոր բաներ, որոնց վրա կարելի է կենտրոնանալ՝ հուսալով, որ տհաճ մտքերը մեզ հանգիստ կթողնեն: Շեղումը գործող մեթոդ է, սակայն որքան էլ տարօրինակ լինի, փորձարկումները ցույց են տալիս, որ մտքի թափառելու փոխարեն ավելի լավ է այն շեղել կոնկրետ մի բանի վրա: Դա այն պատճառով, որ մտքի աննպատակ թափառումները կապված են դժբախտության մասին մտածմունքների հետ, դրա համար ավելի լավ է կենտրոնանալ, օրինակ, կոնկրետ երաժշտական ստեղծագործության, հեռուստահաղորդման կամ խնդրի վրա:

Ինքնահաստատում

Ինքնահաստատումը հանդիսանում է բոլոր հիվանդությունների դեմ հոգեբանական վերջին դեղամիջոցը: Այն իր մեջ ներառում է նաև Ձեր դրական որակների և համոզմունքների մասին մտքերը, ի թիվս այլ առավելությունների, նկատվել է նաև հասարակական վստահության և ինքնակառավարման ավելացում: Այն կարող է նաև օգտակար լինել անցանկալի կրկնվող մտքերից ազատվելու համար, ինչը բազմիցս ստուգվել է փորձագիտորեն:

Գրե՛ք այդ մասին

Ի հակառակ ինքնահաստատման, փորձարկվել է Ձեր խորը մտքերի և զգացմունքների արտահայտչական գրավոր նկարագրությունը, որն ի հայտ է բերել հոգեբանական և ֆիզիկական առողջության տարբեր առավելություններ (չնայած, որպես կանոն, միայն փոքր արդյունավետությամբ): Հույզերն արտահայտելու հնարավորություն ունենալն այն է, ինչը կարող է օգնել նվազեցնել պարբերական կպչուն մտքերը:

Դանիել Վեգները նշում է, որ այս մեթոդները չի կարելի անվանել խիստ գիտականորեն ապացուցված, սակայն դրանց արդյունավետությունը հաստատվել է փորձագիտորեն, և դրանք կարող են օգնել՝ առանց վնասելու: 

 

Մեկնաբանություններ