Հունվար 18, 2020 19:11 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: « Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում  Իրանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ՀՀ վարչապետի հարցաքննությանը, 2019 թվականի ընթացքում Ադրբեջանի  կառավարության տնտեսական արդյունքների քննարկմանը և Աբխազիայի նախագահի հրաժարականին: 

 

-------------------------

Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա:

Այս մասին «IRNA»-ին տված հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը:

«Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է Յարիջանյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Յարիջանյանը նշել է, որ հիմա իրանական արտադրանքը ավելի էժան է, քան նմանատիպ թուրքականը, ինչն Իրանին հայկական շուկայում տալիս է մրցակցային առավելություն:

Նա նշել է, որ Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, մինչդեռ Հայաստանը Իրանից ներկրում է պոլիմերային հումք, մեքենաներ, արդյունաբերական գազ և կաշվե իրեր:  Յարիջանյանի խոսքով՝ առևտրականները դեռ չեն սովորել արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի գաղափարին, նա հույս է հայտնել, որ այս գործարքի ընդլայնմամբ ավելի շատ իրանցի առևտրականներ են ներգրավվելու հայկական շուկա:

Ավելի վաղ «Tehran Times»-ը նշել էր, որ թեև ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որը նպատակ ունի իսլամական պետությունը քաղաքական և տնտեսական առումով մեկուսացնել, սակայն դա հատկապես տնտեսական սեկտորում Իրանի ու հարևանների հետ հարաբերությունների վրա չեն ազդել:  Հյուսիսարևմտյան հարևան Հայաստանն այդ երկրներից մեկն է, որը պահպանում և ընդլայնում է իր տնտեսական հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցներից:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երևանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին, 2018-ին Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է ռեկորդային 364 մլն դոլարի:

Նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև դեռ 2018թ. ստորագրված՝ Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որի գործողությունը նախատեսված է երեք տարով: Դրանով մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքեր զրոյացվել կամ նվազեցվել են:

---------------------------

Հայկական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ Երևանում հանդիպել են Իրանի դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Մոհամմեդ Ռեզա Հեյդարիի հետ:

Լրագրողները և  պաշտոնյաները աշխատում են հիմնականում զբոսաշրջության ոլորտում և Իրանի մշակութային խորհրդատուի հետ հանդիպման ժամանակ, քննարկել են առաջիկա ծրագրերը և երկու երկրների միջև համատեղ համագործակցությունը:

Հեյդարին ասել է, որ կենտրոնը աշխատանքներ է տանում Իրանի տեսարժան վայրերի ու զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ հայալեզու հեռուստատեսային ծրագիր պատրաստելու և Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրելու ուղղությամբ:

----------------------------

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը խոսել է տարածաշրջանային մարտահրավերներին ու տերությունների կոնֆլիկտներին Հայաստանի արձագանքի մասին:

--------------------------

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է գաղտնալսման գործով:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը:

Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:

Թեև Հայաստանում ներկա և նախորդ իշխանությունների միջև մրցակցությունն ամեն օր ավելի է խստացվում, այդուհանդերձ կասկած չկա, որ կողմերը միմյանց մեղադրանքներ ուղղելով փորձում են շահել հասարակության դրական կարծիքը: Դա ի տես այն բանի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կաշառք ստանալու ու նաև 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ մեղադրվելով մի առ ժամանակ կալանավորվեց ու այս պահին դատարանում ընթանում է նրա գործի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին զուգահեռ մասնավորապես տնտեսական բնագավառում ՀՀ վարչապետի իրականություն չդարձած խոստումները դարձել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության դեմ ուղղված ընդդիմության գլխավոր լծակը:

Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներն ասում են, որ նա Ադրբեջանի հետ հակամարտության հարցում զիջումների գնալով 2018 թվականի հրապարակային բողոքների ժամանակ սուտ  խոստումներ է տվել ու խաբել է ժողովրդին: Փոխադարձաբար Երևանի իշխանություններն օգտվելով ուժի բոլոր լծակներից սպանության, կոռուպցիայի ու կաշառակերության հարցով մեղադրանքներ են առաջադրում Ռոբերտ Քոչարյանին:

Այդուհանդերձ  այնպես է թվում, որ Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից տրված խոստումների իրականացման հետ դեռ հույսեր է կապում:

------------------------------

2019 թվականի 9 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել մոտ 1 մլն 460 հազար մարդ, ինչը 15 տոկոսով ավելի է, քան 2018թ.-ի նույն ամիսներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով, ամենից շատ Հայաստան այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Բացի այս, ավելացել է նաև ամերիկացի զբոսաշրջիկների թիվը։ Ինչ վերաբերում է եվրոպացի զբոսաշրջիկներին, ապա նախարարը նշել է, որ դրանց թիվը համեմատաբար ավելի քիչ է, քան իրանցիների կամ ռուսաստանցիների, բայց մեկ տարվա ընթացքում նաև այս ուղղությամբ լուրջ աճ կա: Մասնավորապես,  Գերմանիայից ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 45 տոկոսով, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից` ավելի քան 20 տոկոսով։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ 2020 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կարող է կտրուկ աճել հունվարից եվրոպական լոուքոսթեր ավիաընկերությունների թռիչքների շնորհիվ: Խոսքը Ryanair և Wizz Air ավիաընկերությունների մասին է:

-----------------------------

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման մասին խոսելը:

Այս մասին Մնացականյանն ասաց հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում:

«Բանակցային գործընթացը շարունակական է, մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, մենք շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացներում: Նախարարների մակարդակով եղել են բավական թվով հանդիպումներ, վարչապետը պաշտոնական հանդիպում է ունեցել մարտին, ոչ պաշտոնական հանդիպումներ են եղել: Մենք հանդիպման մասին հայտարարում ենք միաժամանակ` համանախագահների միջոցով: Դեռ վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Մենք արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

2019թ. մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել էր երեք ոչ պաշտոնական հանդիպում:

-----------------------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ կայացել է 2019 թվականին այդ երկրի տնտեսական արդյունքների քննարկման նիստը:

Այդ նիստի ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետ և էկոնոմիկայի ու առևտրի նախարար Շահին Մուստաֆաևն ասել է, որ տարբեր բնագավառներում Իրան-Ադրբեջան տնտեսական շրջանառության ուղղությամբ կարևոր արդյունքներ են գրանցվել:

ՀՀ փոխվարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ 2014 թվականից ի վեր Թեհրան-Բաքու առևտրաշրջանառությունը 74 տոկոս աճ է արձանագրել: 2018 թվականին Իրանի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը հասել է շուրջ մեկ միլիարդ դոլարի:

Դա ի տես այն բանի որ փորձագետներն Իրանի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության իրական պոտենցիալն ավելի քան երեք միլիարդ դոլար են գնահատում:

Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունն ու այդ կապակցությամբ քանի նախագծերի իրականացումը, Սաբալանի առևտրական ազատ գոտու կառուցումը և  նման մի քանի այլ նախագծեր տնտեսական ու առևտրական բնագավառում Թեհրան-Բաքու համագործակցությունների առավել ընդլայնման հող են նախապատրաստում:

-------------------

Ընդդիմության մի քանի օր  տևած բողոքի ցույցերի արդյունքում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական ներկայացրեց:

Աբխազիայի Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Շամբան Աբխազիայի  կենտրոն Սուխումիում կայացած  ընդդիմության հանրահավաքում ընթերցել է հրաժարական ներկայացնելու մասին Խաջիմբայի որոշումը:

Աբխազիայում նախագահական ընտրությունները տեղի ունեցած անցած սեպտեմբերին՛ Ընդդիմադիրները Խաջիմբային ու նրա կողմնակիցներին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ մեղադրելով պահանջում էին չեղյալ հայտարարել սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքները:

Ընդդիմության բողոքները շարունակվելով Աբխազիայի Գերագույն ատյանն ի վերջո չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների արդյունքները և նախագահական նոր ընտրությունների թվական նշանակեց մարտի 22-ը:

Աբխազիան 2008 թվականին միակողմանի կերպով իր անկախությունը հռչակեց Վրաստանից: Մինչ այսօր Աբխազիայի անկախությունը պաշտոնապես ճանաչել են միայն Ռուսաստանը,  Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան ու Նաորոն:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ