Հունվար 21, 2020 20:16 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր կխոսենք երեխաների վախերի ու դրանց հաղթահարման մասին։ Ընկերակցեք մեզ։

Երեխաները հաճախ վախենում են այն երևույթներից, որոնք վախ չեն առաջացնում մեծերի մոտ (օրինակ մթությունից և մուլտհերոսներից): Մանկական վախի առաջացումը կախված է մի շարք պատճառներից։ Երեխայի հոգեբանության մեջ վախն ու անհանգստությունը նույնքան անբաժան են, որքան ուրախությունն ու զարմանքը:

Քնի հետ կապված վախերն անմիջական կապ ունեն մթության վախի հետ: Եվ եթե երեխան տևական ժամանակ ունենում է մթությունից վախ և հրաժարվում է քնել, ապա պետք է ուշադիր լինել, քանի որ նրա վարքը մատնանշում է իրական անհանգստացնող երևույթի մասին: Չի խրախուսվում այն, որ երեխայի վախը փորձում են արժեզրկել՝ ասելով, թե ոչինչ չկա վախենալու:

Դա ամենասխալ մոտեցումն է, որն ավելի է ամրապնդում բացասական հույզերը՝ առաջացնելով միայնակության զգացում: Անարդյունավետ է նաև, երբ երեխայի հետ միասին՝ վախը տեղավորում են փուչիկի մեջ և բաց թողնում երկինք՝ ներշնչելով, որ վախը հեռացավ, կամ փոքրիկին խնդրում են վախի ժամանակ մտածել դրական բաների մասին:

Ծնողներից շատերը խնդրի լուծումը գտնում են երեխային իրենց անկողին տեղափոխելու մեջ: Միգուցե նման քայլով մի փոքր կարելի է մեղմացնել գիշերային քնի տագնապային լինելը, սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլ մեկ խնդիր ևս՝ ծնողների անկողնում քնելը, ավելանում է:

Ելքերից մեկը, որ ծնողը տեղափոխվի երեխայի սենյակ՝ խնդիրը թողնելով ակտուալ և այն լուծելով՝ առանց սենյակից փախչելու: Դա հնարավորություն է տալիս երեխային դեմ գնալ վախին՝ իր հետևում ունենալով ծնողի աջակցությունը: Երեխայի մոտ զարգանում է խնդիրը հաղթահարելու և լուծելու ունակություն, ինչը հետագայում կամրապնդվի՝ որպես դրական և առողջ անձնային որակ:

Առաջին քայլը՝ դեպի վախի հաղթահարում և քնի կայունացում, սկսվում է երեխային անհանգստացնող երևույթի մասին սովորական զրույցից: Հնարավոր է, որ նա տեսնում է մղձավանջներ, որի պատճառով վախենում է քնել: Հնարավոր է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, որը երեխան թաքցնում է, ինչն էլ հանգեցնում է միայնակության և վախի:

Բացահայտելով պատճառը՝ կարելի է արժեզրկել կամ ընդհանրապես ձերբազատվել երեխայի վախից: Այնուհանդերձ, եթե բախվել եք նման խնդրի հետ, ապա այն հարթելու համար կան մի քանի միջոցներ՝ հարցեր, որոնք մեծ տեղեկատվություն կտան երեխայի վախի բնույթի մասին:

Օրինակ. երեխային հարցրեք՝ քնելիս ինչի՞ մասին է մտածում, ծնողների հետ կապված ի՞նչ անհանգստություն նա ունի: Շատ հաճախ, ամուսնալուծվող ծնողների երեխաները՝ քնի հետ խնդիրներ ունենալով, ենթագիտակցորեն ցանկություն են ունենում ծնողներին վերամիավորել, որպեսզի նրանք օգնեն հաղթահարել իր խնդիրները: Երեխային պետք է հարցնել նաև վախի ժամանակ առաջացող հույզի մասին: Ծանո՞թ է նա այդ հույզին, թե՞ առաջին անգամ է ապրում:

Նմանատիպ հարցերը բազմատեղեկատու կարող են լինել՝ դուրս բերելով երեխայի ներքին պահանջները և անհանգստությունները:

Քունը կարող է տագնապային լինել նաև հայտնի գիշերային մղձվանջների պատճառով, քանի որ մղձավանջները քնի խանգարման ցայտուն օրինակներից և պատճառներից մեկն են հանդիսանում:

Եթե դիմեք մանկական հոգեբանի, ապա նա աշխատանքի ընթացքում երեխային կտա տեղեկություն, որ երազը ներքին հաղորդագրություն է, որը երեխան քնի ժամանակ փոխանցում է ինքն իրեն, սակայն միշտ չէ, որ այն մատչելի և հասկանալի հուշումներով է դրսևորվում, որի հետևանքով կարող է մի քանի անգամ կրկնվել նույն բովանդակությամբ։

***

Երեխաների մոտ մթությունից վախը ավելի արագ և հեշտությամբ կանցնի եթե հետևեք հետևյալ խորհուրդներին.

Զրուցեք երեխայի հետ իր վախերի մասին, հարցնեք նրան, ինչից կամ ումից է հատկապես նա վախենում, բացատրեք նրան, որ իր վախերը չեն կարող իրականանալ, որ նա ոչնչից չպետք է վախենա, քանի որ կողքին միշտ որևէ մեծահասակ կա, օգնեք նրան գիտակցել,որ իր տանը նա գտնվում է լրիվ անվտանգության մեջ, և եթե ինչ – որ բան լինի, դուք միշտ կօգնեք իրեն: Եթե երկար և մեթոդապես ցույց տաք, որ նրա տունը իր ամրոցն է, դա կտա իր պտուղները:

Սենյակում մի փոքրիկ լույս վառ պահեք: Ոչ մի դեպքում երեխային մի թողեք քնել մութ սենյակում առանց նրա համաձայնության: Երեխան վախենում է ոչ թե հենց մթությունից, այլ նրանից, ինչ կա դրանում: Նրա համար մութ սենյակը լի է հրեշներով:

Թույլ մի տվեք երեխային շատ սարսափելի ֆիլմեր դիտել , վիդեո խաղեր խաղալ հրեշների հետ, որոնք բացասական հույզեր են ավելացնում և վախեր առաջացնում:

Երեխային մի ծանրաբեռնեք  ինֆորմացիայով քնելուց առաջ:

Խնդրեք երեխային, որ ասի, թե կոնկրետ ինչն է իրեն վախեցնում մթության մեջ: Թող նա նկարի այդ հրեշին կամ պլաստիրինով պատրաստի այն: Ապա նրա հետ երևակայեք, թե ինչպես կարելի է հաղթել այդ հրեշին: Թող փոքրիկը նկարի կամ պատրաստի մեկ կամ մի քանի հերոսներ, որոնք հեշտությամբ կհաղթեն հրեշին և կազատեն իրեն իր վախից:

Հոգեբանական պրակտիկայում կա վախը նկարելու մեթոդ, որպեսզի հետո այն դարձնեն ծիծաղելի: Օրինակ հրեշին կարելի է նկարել ծաղրածուի գլխարկ, կամ նրան նստեցնել վարդագույն այծի վրա, բերանին էլ` ծաղիկ: Ապա այդ նկարը կարելի է պատռել կամ նրա վրա այլ բան նկարել: Դա կատարեք այնքան ժամանակ, մինչև այն տա իր պտուղները:

Բացի այդ, վախի պատճառներից մեկը կարող է լինել ընտանիքում վատ մթնոլորտը: Ծնողների հաճախակի վեճերը, բացասական մթնոլորտը հանգեցնում են երեխայի մոտ բարձր նևրոզայնության: Հարկավոր է հիշել՝ միշտ խուսափեք երեխայի ներկայությամբ կոնֆլիկտներից, նա շատ ավելին է զգում, քան դուք կարծում եք:

***

 Մանկական վախերը ամենախորքային ապրումներից են և կարող են իրենց հետևանքներն ունենալ անգամ հասուն տարիքում: Դեպքերը, երբ մայրը թողնում է  երեխային մենակ քնել և չի մոտենում նրան անգամ այն ժամանակ, երբ երեխան կանչում է նրան, շատ տարածված են: Իհարկե, սա չի նշանակում, որ մայրը դաժան է, ավելի շուտ՝ նա ուզում է, որ երեխան սովորի ինքնուրույն քնել: Սա հաճախ կարող է հանգեցնել նևրոտիկ հետևանքերի, որոնք ի հայտ կգան երեխայի կյանքում արդեն հասուն տարիքում: Իհարկե, երեխան վաղ թե ուշ կքնի, բայց վախի ու անհանգստության զգացումը կմնա:

Առողջ մեծացող երեխայի համար վախերն ու անհնագստություններն շրջակա աշխարհը ճանաչելու միջոցներ են: Եթե երխան ոչնչից չի վախենում, պետք է ստուգել՝ արդյո՞ք ամեն ինչ նորմալ է նրա հոգեբանական զարգացման հետ:

 ***

Ինչպես հասկանալ, որ երեխան վախենում է

Եթե ձեր երեխան.

-երազներ է տեսնում, որոնք ուղեկցվում են մղձավանջներով,

-վախենում է մթությունից,

-դժվարությամբ է քնում,

-ցածր ինքնագնահատական ունի:

 

Որպեսզի վախերը չարմատավորվեն, չի կարելի

-թույլ տալ, որ երեխան քնի նեղացած կամ վատ տրամադրությամբ: Քնից առաջ նա պետք է լինի ուրախ ու երջանիկ,

-թույլ տալ, որ ուտի քնելուց առաջ,

-փակել երեխային անծանոթ մութ տարածքում,

-վախեցնել երեխային բժշկով, Մեշոկ պապով, ոստիկանով և այլն,

-ծանրաբեռնել երեխայի երևակայությունը: Ընտրեք խաղալիքներ՝ հարմար ձեր երեխայի տարիքին:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ