Հունվար 22, 2020 01:58 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:

Թեհրանի «Իրանական ժամանակակից արվեստի» 12-րդ աճուրդը նվիրվեց գեներալ Սոլեյմանիի եւ ուկրաինական օդանավի զոհերի հիշատակին:

Աճուրդում արձանագրվեց 31 միլիարդ 717 միլիոն թուման արժողությամբ գնահատված արվեստի աշխատանքների վաճառք, ինչն իր տեսակի մեջ աննախադեպ էր:

Աճուրդի աշխատանքներից ամենաթանկը գնահատվել է Հոսեյն Զենդեռուդիի «Կապույտ երկնակամար» կտավը՝ 3 միլիարդ 200 միլիոն թուման արձանագրված վաճառքով:

Թեհրանի 12-րդ աճուրդը տեղի է ունեցել ուրբաթ հունվարի 17-ին «Փարսիան Ազադի» հյուրանոցում, Հոսեյն Փաքդելի եւ Ռեզա Քիանեանի հանդիսավարությամբ:

Աճուրդին ներկայացված արվեստի նշանավոր գործիչների աշխատանքների շարքում աչքի են ընկել իրանահայ անվանի արվեստագետ Մարկո Գրիգորյանի եւ նշանավոր գրաֆիստ-նկարիչ Սերժ Ավագյանի աշխատանքները:

Մարկո Գրիգորյանի «Չորս եղանակ» վերնագիրը կրող կտավը գնահատվել է 700-ից 900 միլիոն թուման (նվազագույնի եւ առավելագույն սահմանումով): Կտավն իր նոր սեփականատիրոջ է փոխանցվել նվազագույնի՝ 700 միլիոն թումանի սահմանված գնով:

Սերժ Ավագյանի «P-CH-R-3» խորագրով աշխատանքը գնահատվել էր 40-ից 60 միլիոն թուման, ինչը մուրճվել է 48 միլիոնի գնահատմամբ:

Աճուրդի հանված աշխատանքներից արժե նշել Հանիբալ Ալխասի (150 միլիոն թուման), Քիառոստամիի (300 միլիոն թուման), Ժազեյի (300 միլիոն թուման) կտավները, որոնք վաճառվեցին գնահատված նվազագույն գների սահմաններում:

 

 

Երևանի Մաշտոցյան Մատենադարանում շրջայցերն իրականացվում են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով:

Մատենադարանից տեղեկացնում են, որ վերջին տարիներին մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկներն Իրանից: Ուստի 2020 թ. սկզբից շրջայցերը կազմակերպվում են նաև պարսկերենով:

«Ուրախ ենք հյուրընկալելու իրանցի զբոսաշրջիկներին և իրենց իսկ մայրենի լեզվով ներկայացնելու հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությունը»,- նշում են Մատենադարանից:

 

 

Երևանի պատմության թանգարանը 2019 թվականին ունեցել է 20 հազար 707 այցելու, որի կեսը եղել է զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին նկատելիորեն աճում է թանգարան այցելած զբոսաշրջիկների թիվը:

«Մեր թանգարան այցելած հիմնական զբոսաշրջիկները Ռուսաստանից են: Ունեցել ենք զբոսաշրջիկներ Չիլիից, Չինաստանից, Մալազիայից, Ինդոնեզիայից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից, աշխարհագրությունը բավական մեծ է»,-ասաց Արմինե Սարգսյանը: Բավական ակտիվ են եղել տոնական օրերի այցելությունները, մի քանի օրում 100 այցելու է եկել, զգալի մասը՝ կրկին զբոսաշրջիկ:

Այցելություններն ակտիվացնելու, դրանք ավելի հետաքրքիր դարձնելու ուղղությամբ թանգարանը զգալի աշխատանք է կատարում՝ հանդես գալով մի շարք ծրագրերով: Մասնավորապես, մեկնարկել է «Կենդանի նկար» ծրագիրը: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ, ժամանակի պահանջներին համահունչ: Բնօրինակ կտավը անիմացիոն վերարտադրության շնորհիվ այցելուի աչքի առջև կենդանանում է: Այս ծրագրով առայժմ ներկայացվում է գեղանկարիչ Վահան Խորենյանի «Երևանի շինարարներ» կտավը, որը պատկերում է վարդագույն Երևանի կառուցումը: Առայժմ միայն այս կտավն է այդ մոտեցմամբ ներկայացվում, սակայն նպատակ ունեն մյուս կտավներին ևս անդրադառնալ:

Թանգարանի նախաձեռնություններից է նաև «Երևանը բանաստեղծություններում» գրքի հրատարակումը: Բանաստեղծությունների գրքում տեղ է գտել 300-ից ավելի ստեղծագործություն: Թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյան նշեց, որ մինչ այդ հրատարակել էին նաև «Երևանը երգերում» գիրքը:

«Գրքում տեղ են գտել 1388 թվականից պահպանված ստեղծագործություններ: Հին ժամանակներում, երբ ոչ բոլորն էին գրագետ և չէին կարող կարդալ, բանաստեղծությունները հաճախ երգերի էին վերածվում, որովհետև այդ տարբերակով մարդիկ ավելի երկար են հիշում: Մեզ են հասել Երևանի մասին բազմաթիվ երգեր»,-ասաց Հերմինե Սարգսյանը:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ թանգարանի տնօրենը նշեց, որ ակտիվորեն շարունակելու են կրթական ծրագրերը, փետրվարին էլ սպասվում է գեղանկարների ցուցահանդեսի բացում: Ներկայացվելու են Տավուշի մարզի գեղանկարները:

Թանգարանում  ակտիվ աշխատում են ցուցանմուշների համալրման ուղղությամբ, արդեն դրանց թիվը 97 հազարից անցնում է՝ փաստաթղթեր, լուսանկարներ, հնագիտական առարկաների հարուստ հավաքածու և այլն:

 

 

Եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 14-ին հանդես եկավ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Անգլիացի խստապահանջ ունկնդիրը Բարբիկան լեփ-լեցուն համերգասրահում հոտնկայս բուռն ծափահարություններով ընդունեց Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Բարբիկան կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը։

Լոնդոնի Բարբիկանը Եվրոպայում կատարողական արվեստի ամենամեծ կենտրոնն է։ Այստեղ տեղի են ունենում դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ։

Հունվարի 17-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Եվրոպայի մեկ այլ հեղինակավոր համերգասրահում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական համերգային տուրը մեծ արձագանք է ստացել նաև արտասահմանյան լրատվամիջոցներում. անդրադարձներ կարելի է կարդալ Classic FM-ում‚ The Strad-ում‚ Rhinegold-ում‚ International Arts Manager-ում։

 

 

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի համար այս տարին հոբելյանական է՝ լրանում է ռեժիսոր, ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի 95-ամյակը, թատրոնի 40-ամյակը:

«Պատասխանատու տարի է»,- զրույցում ասաց բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը:

Նրա խոսքով, տարվա ընթացքում  ծրագրում են իրականացնել տարբեր միջոցառումներ Հայաստանում և արտերկրում. կլինեն առաջնախաղեր, հանդիպումներ, Մալյանի ստեղծագործությունների ընթերցումներ:

«Կարծում եմ՝ պետական աջակցություն պետք է որ լինի: Չեմ կարծում, որ Մալյանի նման ռեժիսորներ շատ կան կամ եղել են, նրա ֆիլմերը մնայուն են, սիրված, շատ երկրներում Հայաստանը ճանաչել են հենց Մալյանի ֆիլմերով: Նրա ֆիլմերը մասնակցել են մի շատ միջազգային փառատոների»,- ասաց Ն. Մալյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կոնկրետ ծրագրերից մանրամասներ չներկայացրեց, բայց շեշտեց, որ այդ երկու կարևոր հոբելյանները կնշեն ըստ պատշաճի:

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը 2019-ին հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում և Ֆրանսիայում:  Հյուրախաղերը կայացել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակում՝ պետական աջակցությամբ:   Թատրոնին աջակցել են նաև ՌԴ-ում և Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունները:

«Եվ Ռուսաստանում, և Ֆրանսիայում մեր ներկայացումները հանդիսականի կողմից ընդունվել են հրաշալի:  Չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, խանդավառությունը, հրճվանքը, որ հանդիսատեսը ցուցաբերեց»,- ասաց Ն. Մալյանը:

Ներկայացումները խաղացել են հայերեն, ինչը թատրոնի գեղարվեստական ղեկավարը շատ է կարևորում:

«Մոսկվայում շատ երեխաներ կային, որ լավ չէին հասկանում հայերեն, բայց այնպես ուշադիր էին դիտում, ուրախանում: «Թումանյանի հեքիաթները» մի ներկայացում է, որը երևի կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել: Այն բեմադրել է Հենրիկ Մալյանը, խաղացել ենք արդեն 39 տարի, կարելի է արդեն համարել դասական դարձած ներկայացում: Խաղացել ենք աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել ենք փառատոների: Ամենուրեք հասկացվել է, ընկալվել, որովհետև հանճարեղ Թումանյանի տեքստն է Մալյանի բեմադրությամբ»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ֆրանսիայում խաղացել են Փարիզում, Իսի-լե-Մուլինոյում և Ալֆորվիրում: Փարիզում ներկա է եղել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, դեսպանության աշխատակիցներ:

«Փարիզում հիմնականում մեծահասականեր էին դահլիճում, ծիծաղը չէր դադարում: Այնպես է բեմադրված, որ ինչ-որ նրբություններ կան, որ միգուցե մեծերն ավելի լավ են ընկալում»,- ասաց Ն. Մալյանը:

 

 

Հայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։

2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և այլոք։

Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975):

Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։

1994 թ-ին արդեն իսկ արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Moneyball» (2006) ֆիլմերի սցենարների համար։

 

 

Ամերիկացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ Է սահմանել «Օսկար» մրցանակի անվանակարգվելու թվաքանակով:

Այս տարի նա «Ֆիլմի լավագույն երաժշտություն» կատեգորիայում ոսկե արձանիկի հավակնորդների ցուցակ Է մտել «Աստղային պատերազմներ. Սկայուոքեր: Արեւածագ» բլոքբասթերի գլխավոր թեմայի համար՝ դառնալով կինոմրցանակի 52-ակի անվանակարգորդը: Այժմ ապրող արվեստի գործիչների թվում դա ամենաբարձր արդյունքն Է (բացարձակ ռեկորդակիրը Ուոլթ Դիսնեյն Է, որին «Օսկար» մրցանակի են անվանակարգել 59 անգամ):

Ջոն Ուիլյամսը «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր Է («Ջութակահարը՝ տանիքի վրա», «Ծնոտներ», «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 4-րդ. նոր հույս», «Այլմոլորակայինը», «Շինդլերի ցուցակը»), ինչպես նաեւ «Գրեմմի» մրցանակի 21-ակի, «BAFTA»-ի՝ 7-ակի եւ «Ոսկե գլոբուսի» քառակի, ինչպես նաեւ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Է: Բացի ֆիլմերի սաունդթրեքներից, կոմպոզիտորը երաժշտական նվագակցություն Է գրել Օլիմպիական խաղերի, հեռուստասերիալների եւ համերգների համար:

 

 

Մադրիդի դատարանը դատապարտել է 83-ամյա միլիարդատեր եւ նախկին բանկիր Խայմե Բոտինին 18 ամսվա ազատազրկման եւ 52,4 մլն եվրո տուգանքի Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը երկրի սահմաններից դուրս տանելու փորձի պատճառով։ Նա նպատակ ուներ վաճառել այն Լոնդոնի աճուրդում։

Կտավը հայտնաբերվել է Խայմե Բոտինի զբոսանավում, ֆրանսիական Կորսիկայի նավահանգստում, 2015 թվականին։

Բոտինին պատկանող կտավը մինչ այդ ճանաչվել էր Իսպանիայի ազգային սեփականություն, ուստի չի կարող թագավորության սահմաններից դուրս տարվել։

Դատարանը նաեւ որոշել է, որ կտավը պետք է առգրավվի եւ հանձնվի պետությանը։ Միլիարդատերը բողոքարկման իրավունք ունի։

Բոտինը հազիվ թե բանտ նստի, քանի որ Իսպանիայում երկու տարուց պակաս ստացած մեղադրյալները պատիժը կրում են պայմանական։ Բացի այդ, դատարանը նկատի է ունենում ամբաստանյալի տարիքը։

Բոտինին մեղադրանքներ ներկայացվել են 2017 թվականին։ Դատախազությունը պահանջեց նրան դատապարտել չորս տարվա բանտարկության եւ 100 մլն եվրո տուգանքի։

Համաձայն իսպանական օրենսդրության՝ արվեստի ցանկացած ստեղծագործություն, որն ավելի քան 100 տարեկան է եւ որը համարվում է կարեւոր երկրի պատմության ու մշակույթի տեսակետից, հայտարարվում է ազգային սեփականություն, անգամ եթե մասնավոր սեփականատիրոջ է պատկանում։

Եթե ստեղծագործության տերերը ցանկանում են այն արտասահման տանել, նրանք պետք է հատուկ թույլտվություն ստանան Իսպանիայի մշակույթի նախարարությունից։ Բոտինին, որը կտավը գնել էր Լոնդոնում 1977-ին, արդեն մերժել էին տալ այդ թույլտվությունը։

Դատարանում նա պնդում էր, որ 2015 թվականին փորձել էր կտավը տանել Ժնեւ՝ այնտեղ պահելու համար։ Մադրիդի դատարանն ընդգծել է, որ դեռեւս 2012-ին Լոնդոնի Christie's աճուրդների տունը նրան նախազգուշացրել էր իսպանական իշխանություններից Լոնդոնում կտավը վաճառելու թույլտվություն ստանալու մասին։

Չնայած դրան, ինչպես ասվել էր դատարանում, Բոտինը կտավը տարել էր Վալենսիայի նավահանգիստ եւ հրամայել իր զբոսանավի կապիտանին թաքցնել այն, որպեսզի իշխանությունները չգտնեն այն։

2015-ին զբոսանավը կանգ էր առել Կորսիկայում, որտեղ ֆրանսիացի մաքսավորները հայտնաբերել էին կտավը կապիտանի խցում։

Ներկայում կտավը, որը գնահատվում է 26 մլն եվրո, գտնվում է Մադրիդի Սոֆիա թագուհու Արվեստի կենտրոնում։

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ