Փետրվար 08, 2020 17:11 Asia/Yerevan
  • Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Հայաստանում Իրանի նոր դեսպանի առաքելության մեկնարկին, ՀՀ ԱԺ-ի ընդունած որոշմանը, Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությանը և Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին փետրվարի 4-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

ՀՀ Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:

Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրները մշտապես եղել են լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Երևանում իր հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ և անդրադարձել քննարկված հարցերին:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի և տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:

Դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի առավել զարգացնելու և ընդլայնելու երկու բարեկամ երկրների համագործակցությունը:

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել էր Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիի հավատարմագրերի պատճենը:

-------------------------

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը հետաքրքիր նախագիծ է, սակայն տարածաշրջանային «մթնոլորտը» տրամադրող չէ։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Sputnik Արմենիային  տված հարցազրույցում  նշել է, որ Մեղրիի նավթավերամշակող գործարանի համար նավթ կարող է ստացվել նաև Իրան–Հայաստան գազատարի միջոցով։

 «Դա շատ հետաքրքիր ծրագիր է, որն իր մեջ պարունակում է երկու սցենար։ Մեկը նոր նավթատարի կառուցում, մյուսը, ինչքան էլ զարմանալի է, նույն գազատարի օգտագործումը։ Պարզվում է` այդպիսի փորձ կա և այն փայլուն գործում է», – ասաց Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի գործարանում իրանական նավթի վերամշակման  և նրա հետագա արտահանման հնարավորությունը։

Այսինքն` նույն գազատարն օգտագործվում է և՛ գազ, և՛ նավթ մղելու համար։ Հատուկ մխոց է օգտագործվում, որը նավթից հետո մաքրում է խողովակը, որից հետո կրկին գազ են բաց թողնում։

Մասնագետները պնդում են, որ սա լիովին հնարավոր է։

Նրա խոսքով`  նավթավերամշակման գործարանի  կառուցման նման ցանկացած նախագիծ, ենթադրում է այլ մթնոլորտ, որտեղ Իրանը իր վրա կվերցնի պարտավորություններ և կկարողանա դրանք կատարել։

Հիշեցնենք, որ հայ–իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի  կառուցման հարցը քննարկվում է 2000–ականների վերջից։ Սակայն  բանակցություններից և երկու կողմի պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ սայլը տեղից չի շարժվել։

Ինչ վերաբերում է «Իրան–Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ  գծին, ապա շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչև 2020 թվականի վերջ։

-----------------------

ՀՀ Ազգային ժողովը որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 88 կողմ և 15 դեմ ձայներով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ չընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին, որպեսզի ՍԴ նախագահի ու դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը որոշվի հանրաքվեի միջոցով: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց 87 ձեռնպահ և 36 դեմ ձայներով:

----------------------

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, ինչն արդեն իսկ դարձել է ակտիվ քննարկումների առարկա: Թեմայի շրջանակում իր տեսակետն է ներկայացրել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նոր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր ռուս գործընկերոջը  հրավիրել է այցելել Երևան: Նա ասել է.«Երկու երկրների հարաբերությունները միշտ դրական են եղել և ընդլայնվում են»:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն, անդրադառնալով տարբեր ոլորտներում ռուս-հայկական համագործակցությանն ասել է.«Մոսկվան ցանկություն ունի բանակցություններ վարել Երևանի հետ ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատուկ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ»: Ալմաթիում տեղի ունեցած Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը , հատկապես երկկողմ հարաբերությունների  Հայաստանում  ռուսական ռազմաբազայի փակման վերաբերյալ տարածված շշուկներից հետո կարևոր է գնահատվում:

Անցած երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է լայնածավալ երկկողմ համագործակցություն և կարելի է ասել, որ Երևան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական են: Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանում օտարերկրյա ներդրողների շարքում և զգալի տնտեսական ներկայություն ունի Հայաստանում: 2019 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 2 միլիարդ դոլար:  Հայաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 26 տոկոս և Ռուսաստանը հուսալի տնտեսական գործընկեր է Հայաստանի համար: Այդ իսկ պատճառով, ակնկալվում է, որ 2020 թվականին երկու երկրները կշարունակեն իրենց աճող տնտեսական հարաբերությունները: Մյուս կողմից Հայաստանում ռուսական զորքերի առկայությամբ, երկրի արևմտյան սահմանները գտնվում են  ռուսական զորքերի վերահսկողության տակ:

----------------------

Բոնդեսթագը չեղարկել է կաշառք ստանալու դիմաց Բաքվի իշխանությունների օգտին լաբբինգ իրականացրած  երկու պատգամավորների անձեռնմխելիությունը:

Բոնդեսթագի պատգամավորներ տիկ. Քարեն Շտերնզն ու Ալեքսանդր Գավլանդը մեղադրվում են այն բանում, որ կասկածելի գործարքների մեջ են եղել Ադրբեջանի իշխանությունների հետ և այդ երկրի օգտին լաբբինգ իրականացնելու դիմաց կաշառք են ընդունել:

Ադրբեջանի իշխանությունների օգտին լաբբինգ իրականացնելու համար այլ երկրների քաղաքական գործիչներին, օրենսդիրներին, կրոնական հարցերի պատասխանատուներին, լրագրողներին ու առևտրականներին թանկարժեք նվերներ, այդ թվում խավիար, թանկարժեք քարեր կամ գորգեր առաջարկելը հայտնի է դարձել «խավիարային դիվանագիտություն» անվամբ:

Նույն այդ քաղաքականության ու  նաև անօրինական աշխատանքների իրականացման պատճառով 2016 թվականի ԵԽ-ի ժամանակի նախագահը ներկայացրեց Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու նախագիծը և այդ խորհրդում Իլհամ Ալիևի իշխանությունը ներկայացնող պաշտոնատարների լիազորություններն առկախվեցին:

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ