Փետրվար 09, 2020 16:21 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-ամյակի տոնակատարությունների շրջագծում Թեհրանում մեկնարկել է «Ֆաջր» ազգային 38-րդ կինոփառատոնը:

«Ֆաջր» ազգային 38-րդ կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու են իրանական կինոյի անցած մեկ տարվա արտադրանքներն ու իրանցի կինոգործիչների աշխատանքների արդյունքը:

Կինոփառատոնի ավարտին ներկայացվելու են տարբեր անվանակարգերում լավագույնները, որոնց հանձնվելու են «Ֆաջր» կինոփառատոնի խորհրդանիշը համարվող «Սիմորղ» մրցանակներ:

Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում «Ֆաջ» կինոփառատոնը նաև ներառում է միջազգային բաժին, որը ազգային կինոփառատոնի հետ միաժամանակ անց էր կացվում յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին՝ իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի  տոնակատարությունների հետ միաժամանակ: Մի քանի տարի առաջ «Ֆաջր» կինոփառատոնի ազգային և միջազգային բաժիններ առանձնացվեցին: «Ֆաջր» ազգային կինոփառատոնն ավանդաբար անց է կացվում փետրվար ամսին իրանական ֆիլմերի մասնակցությամբ, իսկ «Ֆաջր» միջազգային կինոփառատոնը՝ ապրիլ ամսին, աշխարհի տարբեր երկրների կինգործիչների մասնակցությամբ:

 

 

Մոսկվայում հունվարի 30-ին Գնեսինների անվան դպրոցում տեղի է ունեցել «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառումը, որի ընթացքում պարգևատրվել են ARMONIA երիտասարդ երաժիշտների մրցույթի հաղթողները:

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր տեսաուղերձում ARMONIA մրցույթի հաղթողներին հրավիրել է Իտալիայում կայանալիք իր խաղին:

Երիտասարդ երաժիշտների նախընտրական փուլը կայացել էր առցանց ռեժիմով և հավաքագրել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լատվիայի և Բելառուսի հայկական Սփյուռքից ավելի քան 150 երիտասարդ երաժիշտների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակակիրներին ընտրել են ժյուրիի պատվավոր անդամները՝ հեղինակավոր արվեստագետներ՝ Արթուր Ահարոնյանը՝  կոմպոզիտոր, դաշնակահար, Փարիզի Դարյուս Միեի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ,  Ֆրանսիական հեղինակների և կոմպոզիտորների միության անդամ, Սուրեն Բագրատունին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար, միջազգային փառատոնների ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, Միչիգանի պետական համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, Ջիվան Գասպարյանը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր, Հասմիկ Գրիգորյանը՝  երգչուհի, Լիտվայի ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատար, Մարիինյան թատրոնի սոպրանո, Ստաս Նամինը՝  Մոսկվայի Ստաս Նամինի անվան երաժշտության և դրամայի թատրոնի հիմնադիր, երաժիշտ և կոմպոզիտոր, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ, Կոնստանտին Օրբելյանը՝ դիրիժոր, դաշնակահար, Ա.Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Armenian Assembly»-ի հասարակական խորհրդի նախագահության անդամ, Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Միխայիլ Խոխլովը՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի տնօրեն:

 

«Լավ գրողներն այսօր գիրք տպագրելու խնդիր չունեն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը։

Նրա խոսքով, գրողը պետք է իմանա, որ լավ գրելը գիրք ունենալու միակ ճանապարհն է, հրատարակիչները հետևում են այդ գործընթացներին, ցանկացած լավ գրողի առջև նրանց դռները բաց են: Գրաքննադատն ասաց, որ թեև նախորդ տարիներին շատ աշխատանքներ տարվել են, բայց, այնուամենայնիվ, թարգմանական ռեսուրսների պակաս  կա:

«Մենք այսօր կրկին ունենք գրական մթնոլորտի վերականգնման խնդիր: Կան շատ լավ երիտասարդներ, ընթերցողերն էլ լավն են, մնում է մթնոլորտը մի քիչ պարզվի, քաղաքականից զատ  մի քիչ մշակութային կյանքով կարողանանք ապրենք: Ամիս չկա, որ հայ գրողի հեղինակությամբ մի լավ գիրք լույս չտեսնի»,- նշեց Ա. Նիկողոսյանը:

Նրա խոսքով, հայ ընթերցողը շատ յուրահատուկ է, վախենում է գլոբալ նորություններից, խիզախ չէ և ավելի շատ հանրային, շատ հայտնի անուններով գրքերն են գրավում, քան նորություններ, թեև ուրախությամբ ընդունում են նաև ոչ այդքան հանրահայտ հեղինակներին:

Գրաքննադատն ընդգծեց, որ այս փուլում շատ ավելի կարևորում է գիրք կարդալու փաստը, քան՝ թե ինչ գիրք են կարդում, քանի որ սերը  գրքի, գրականության  հանդեպ աստիճանաբար զարգացնելու և տանելու է դեպի մեծ գրքեր:

Ասուլիսին ներկա գրաքննադատ Հասմիկ Հակոբյանի խոսքով, 2010 թվականի համեմատ, երբ գիրքն ընկալվում էր որպես էկզոտիկ ինչ-որ բան, այսօր իրավիճակն այլ է, այսօր գրողները, առավել ևս  երիտասարդները, կարող են հանգիստ տպագրվել:

«Մեր գրողներն, իրոք, տպագրվելու խնդիր չունեն: Միակ բանը, որի վրա պետք է պետական մակարդակով ուշադրություն դարձվի և ռեսուրսներն ավելի շատ այս ուղղությամբ ուղղվեն, գրականության հանրահռչակմանն ուղղված քայլերն են։

Հրատարակիչները հրատարակում են բոլոր գրքերը, բայց մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են։ Ընդհանուր, մեծ միջոցառումներ պետք է կատարվեն, որպեսզի ժամանակակից  արվեստն ու գրականությունը մարդկանց հասանելի դառնան:  Դրանք բազմաֆունկցիոնալ պետք է լինեն, դպրոցից, կրթական համակարգից եկող քայլեր են պետք»,- ասաց Հ.Հակոբյանը:

 

Նա ուշադրություն հրավիրեց նաև մարզային, գյուղական, դպրոցական գրադարանների անմխիթար վիճակի վրա:

«Գրադարաններ կան, որտեղ վերջին 20 տարում գրեթե գիրք չի մտել: Եթե ուզում ենք գրականությունը տարածվի, պետք է պետական միջոցներով ուշադրություն դարձնենք գրադարանների համալրմանը։ Գուցե մարզաբնակները գիրք գնելու կարողություն չունեն, բայց հակապես դպրոցականները գրադարաններից կարող են օգտվել»,- ասաց գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը:

 

 

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի  ակադեմիայի  (BAFTA) մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է սիրիացի վավերագրող Վաադ Ալ-Կատիբի աշխատանքը: Եվրանյուզի հաղորդմամբ, ֆիլմը նվիրված է  նրա աղջկան՝ Սամային, որը ծնվել է այն պահին, երբ Հալեպի մի մասը պաշարված էր:

Նա նկարահանման ժամանակ միայն տեսախցիկ է ունեցել: Դրա օգնությամբ հեղինակը կարողացել է արձանագրել իր տպավորությունները, վախերն ու այն պահերը, երբ պատրաստվել է մայրանալ:

Ֆիլմը միջազգային ճանաչում է ձեռք բերել, անցած տարի  ներկայացվել է Կաննում:

Վաադի ամուսինը վիրաբույժ է, Հալեպում մարտերի ողջ ընթացքում նա աշխատել է քաղաքի ազատագրված մասի հիվանդանոցներից մեկում:

Իր մրցանակը Վաադ Ալ-Կատիբը նվիրել է Սիրիայի բոլոր մարդկանց, բուժքույրերին, բժիշկներին, կամավորներին, որոնք փորձել են օգնել հիվանդներին և վիրավորներին:

«Սամայի համար» ֆիլմն ընդգրկված է նաև «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցուցակում:

 

 

Մահացել Է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը: Այդ մասին հայտնել Է People հանդեսը վկայակոչելով դերասանի որդուն՝ Մայքլ Դուգլասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քիրկ Դուգլասը մահացել Է փետրվարի 5-ին 103 տարեկանում: «Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ Էր, կինոյի «ոսկե դարաշրջանի» դերասան, որն ապրեց մինչեւ ոսկյա տարիք, հումանիիստ, որի հավատարմությունն արդարությանն ու այն սկզբունքներին, որոնց նա հավատում Էր, չափորոշիչ են բոլորի համար»,- ասել Է Մայքլ Դուգլասը:

Քիրկ Դուգլասը Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» աստղային դերասան Է: Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Սպարտակ», «Փառքի արահետները», «Չեմպիոնը», «Չարերն ու գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ժապավենները: Դերասանը երեք անգամ անվանակարգվել Է ամերիկյան գլխավոր կինոմրցանակին, արդյունքում՝ 1996 թվականին նրանց պատվավոր «Օսկար» հանձնեցին կինեմատոգրաֆում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Բացի այդ Դուգլասը գրել Է տասը վեպ եւ հուշեր: Նա դասական հոլիվուդյան կինոյի Էկրանի մեծագույն տղամարդ- լեգենդների թվում 17-րդ հորիզոնականն Է զբաղեցնում ԱՄՆ-ի կինոարվեստների ինստիտուտի ցուցակում:

 

 

Փարիզում նախօրեին կայացել է «Դը Գոլ»  գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Սա առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նվիրված է Ֆրանսիայի  պատմական առաջնորդ գեներալ Շառլ դե Գոլին (1890-1970 թթ.):

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ֆիլմի առաջին հանդիսականները  եղել են հանրապետության զինված ուժերի ղեկավարությունը, մշակույթի գործիչները, քաղաքական գործիչներն ու լրագրողները: Հանդիսականը ծափահարություններով է ողջունել ռեժիսոր Գաբրիել Լե Բոմենի ֆիլմը:

«Ինչքան էլ զարմանալի է, սա դը Գոլի մասին առաջին ֆիլմն է: Հնարավոր է, նախկինում կինեմատոգրաֆիստներին կանգնեցրել է թեմայի մասշտաբայնությունը: Իմ կարծիքով,  ռեժիսորին և նրա գործընկերներին հաջողվել է ճիշտ ընտրել ժամանակը, վառ կերպով փոխանցել դը Գոլի կերպարը»,- ասել է պատմական ժառանգության մասնագետ Ժան Վենդրուն:

 

 

Սանկտ-Պետերբուրգում  պետական Էրմիտաժը փետրվարի 4-ից 100 ռուբլով  կբարձրացնի մեկ տոմսի արժեքը՝ դարձնելով  800 ռուբլի: Այս մասին հայտնում է թանգարանի կայքը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, թանգարանի ներկայացուցիչը նշում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար գոյություն ունեցող արտոնությունը մնում է ուժի մեջ. նրանք նախկինի պես կարող են այցելել Էրմիտաժ 400 ռուբլով: Անվճար մուտքի իրավունք ունեցող մարդկանց համար այցելության պայմանները նույնպես չեն փոխվում: Տոմսերի գների բարձրացումը կազդի հիմնականում արտասահմանցի այցելուների վրա:

Չի հաղորդվում, թե որն է տոմսի արժեքի բարձրացման պատճառը:

 

 

Փարիզում աճուրդի կհանվի 330 «Ռուբիկ-կուբիկից» պատրաստված «Մոնա Լիզան», հաղորդում է CNN-ըԼ

Նշվում է, որ աճուրդը կանցկացվի փետրվարի 23-ին, եւ անսովոր լոտի համար, ինչպես ակնկալվում է, կվճարեն մինչեւ 166 000 դոլար:

330 խորանարդներից ստեղծված ստեղծագործության հեղինակն է Invader մականունով սթրիթ արվեստի վարպետը, ում ոչ ոք չի տեսել:

«Ռուբիկ Մոնա Լիզա» ստեղծագործությունը ստեղծվել է 2005 թվականին:  

 

 

Երաժշտության պատմաբան Թեոդոր Ալբրեխտն ուսումնասիրություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն ամբողջովին խուլ չի եղել, երբ գրել է  № 9 Սիմֆոնիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Daily Mail-ը:

Փորձագետն ուսումնասիրել է 139 տետր, որոնցում զետեղված են կոմպոզիտորի զրույցներն իր ընկերների հետ` 1818 թվականից (ըստ տարածված կարծիքի, նրա լսողությունը սկսել է թուլանալ արդեն 1798 թվականին և ամբողջովին կորչել է 1814 թվականին) մինչև իր մահը՝ 1827 թվականը:

Պատմաբանն առնվազն 23 հղում է գտել, որոնք հաստատում են, որ Բեթհովենը մինչև իր կյանքի վերջին օրերը թույլ, բայց լսել է ձախ ականջով: «Նա ոչ միայն ամբողջությամբ խուլ չի եղել 1824 թվականի մայիսին կայացած № 9 Սիմֆոնիայի պրեմյերային (ըստ լեգենդի` այս ստեղծագործությունը նա գրել եւ ներկայացրել էր` լինելով ամբողջովին խուլ), նա կարող էր լսել, բայց նրա լսողությունն օրըստօրե վատթարանում էր դրանից հետո առնվազն երկու տարվա ընթացքում»,- համոզված է Թեոդոր Ալբրեխտը:

Լյուդվիգ վան Բեթհովենը որպես վիրտուոզ դաշնակահար հայտնի է դարձել քսան տարեկանում (1790 թվականին), իսկ 31 տարեկանում գրել է իր առաջին սիմֆոնիան:

----------------------

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ