Փետրվար 11, 2020 19:58 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգաժան ունկնդիրներ այսօր կխոսենք այն մասին թե երբ և ինչու պետք է դիմել հոգեբանի։ Նաև կներկայացնենք հոգեբանների տեսակետներն այս թեմայի շուրջ։ Ընկերակցեք մեզ։

Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ցանկացած փուլում: Հոգեբանին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով՝ սկսած անձնային աճի, ինքնակատարելագործման, մասնագիտական բարձունքների հասնելու պահանջից մինչև հոգեմարմնական լուրջ խնդիրներ:

Շատ հաճախ հոգեբանին դիմելու պատճառ հանդիսանում են մարդու կյանքում տեղի ունեցած անսպասելի իրադարձություններն ու լուրջ փոփոխությունները, որոնց հակազդման համար ինքը չունի համապատասխան հմտություններ: Դրանք սեփական պատկերացումներից, սպասելիքներից  դուրս անսովոր վիճակներ են, որոնք անձն ի զորու չէ փոխել, բայց և հարմարվելը դրանց թվում է անհնար: Կյանքի այդ մարտահրավերներին դիմակայելու համար մարդը պետք է վերակառուցի իր արժեքային համակարգը և փոփոխի վարքի ստանդարտ ձևերը: Դրանք հաճախ բացասական միջադեպեր են` հարազատի կորուստ, ընտանիքի փլուզում, բռնություն, բայց երբեմն դրական իրադարձությունները ևս դառնում են սթրեսածին լուրջ հանգամանքներ` երեխայի ծնունդ, պաշտոնի բարձրացում, բնակավայրի փոփոխություն:

Որպես սոցիալական էակ՝ անձի հոգեկան ներդաշնակության և ամբողջականության համար խիստ կարևոր են նրա ճիշտ փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները միջավայրի հետ: Երբեմն անձը սկսում է  անհարմարություն զգալ առօրեական շփումներից, խուսափում է հանդիպումներից, մտերմիկ զրույցներից, կոնֆլիկտային են դառնում նրա շփումները նույնիսկ սիրելի մարդկանց հետ: Այս իրավիճակները ևս կարող են արդյունավետորեն հաղթահարվել հոգեբանական/հոգեթերապևտիկ միջամտությամբ:

Պատահում է նաև այնպես, որ  անձը, առանց ընդգծված կենսական դժվարությունների, իրեն զգում է փակուղու առջև, երբ սեփական գոյության իմաստը դառնում է անորոշ, նպատակները՝ արժեզրկված, ունեցածը՝ անբավարար:

Առաջացած խնդիրները լուծել ինքնուրույն, թե հոգեբան/հոգեթերապևտի պրոֆեսիոնալ աջակցությամբ՝ ամեն անձի անհատական որոշումն է: Ամեն դեպքում պետք է խնայել հոգեկան առողջությունն ու օրգանիզմը երկարատև սթրեսի բացասական ազդեցությունից և հնարավորինս արագ վերականգնել ներքին անդորրը:

--- 

Աշխարհում այսօր, միլիոնավոր մարդիկ տառապում են հոգեկան տարբեր հիվանդություններով: Մասնագետների դիտարկմամբ և ըստ արված կանխատեսումների` մարդու մոտ կարող են նյարդային խանգարումներ առաջանալ և ծանր հոգեվիճակ ստեղծվել` ամենատարբեր գործոնների պատճառով: Մասնավորապես, սոցիալական վիճակը, ոչ բարենպաստ կենցաղը, անաշխատունակությունը և կյանքի անբավարարությունը մի օր կարող են հանգեցնել հոգեկան հիվանդությունների որակական աճի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` յուրաքանչյուր 4 բնակչից մեկը նյարդային անհավասարակշիռ վիճակում է և բոլոր երկրների առողջապահական համակարգերը փորձում են իրավիճակն այնպես կառավարել, որ ցանկացած նյարդային խնդիր ունեցող քաղաքացի չմեկուսանա հանրությունից, լիարժեք բուժում ստանա և հասարակության կողմից ընկալվի որպես հասարակության լիիրավ անդամ: 

Նման իրավիճակում գտնվող մարդիկ ինչ հաճախականությամբ են հոգեբանի կամ հոգեբույժի դիմում, կամ առհասարակ որքանով է մեզանում ձևավորված հոգեբանի ինստիտուտը: Թեպետ այս ծառայության անհրաժեշտությունը մարդկության տարբեր ժամանակաշրջաններում միշտ էլ եղել է, մենք` միշտ էլ վերապահումով ենք մոտեցել սեփական խնդիրները բարձրաձայնելու մտքին: Սակայն այն փաստը, որ այսօր, այնուամենայնիվ, այս ծառայությունը պահանջարկ ունի, անժխտելի է:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` ցանկացած մարդ նախընտրում է իր խնդիրները հաղթահարել ինքնուրույն և միայն ծայրահեղության դեպքում ճարահատված դիմում է հոգեբանին: Հոգեբանական խնդիրները, ըստ նրա, շատ անձնական բնույթ ունեն, ուստի մարդիկ նախընտրում են ապահովել այդ ծառայությունից օգտվելու գաղտնիությունը: Իսկ հոգեբանական ծառայությունը հիմնված է գաղտնիության վրա: «Մարդկանց թվում է, թե հոգեբանին դիմողը խելագար է կամ լուրջ խեղումներ ունի: Պատճառն այն է, որ դեռևս այդ ըմբռնումը չկա: Ցանկացած մարդ պետք է գիտենա, որ իր գաղտնիությունը ապահովված է։ Հոգեբանական ծառայությունը շատ անհատական է, և բժշկական ծառայության հետ այն չի կարելի զուգակցել»,- ասում է  հոգեբանը։

 

 

 

Նրա մեկնաբանմամբ` կան հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են ընտանեկան իրավիճակների հետ, ուստի մարդը պետք է ազատ լինի հոգեբան ընտրելու մեջ: Ամենաճիշտն այն է, երբ մարդ ունենում է իր անհատական հոգեբանը: «Պետք է հաղթահարվի այն կարծրատիպը, որ խելագար մարդն է միայն դիմում այդ ծառայությանը»,- կոչ է անում հոգեբանը` խորհուրդ տալով հասարակության բոլոր շերտերին սուր բնույթի խնդիրների առաջացման դեպքում անհապաղ դիմել հոգեբանին` ձերբազատվելով ամեն տեսակի բարդույթներից:

---- 

Այն խնդիրներն ու իրավիճակները, որոնց  դեպքում պետք է դիմել հոգեբանին, շատ բազմազան են: Այնուամենայնիվ,  փորձել ենք համակարգել դրանք՝ հաշվի առնելով չափահաս անձանց և երեխաների հոգեբանական խնդիրների առանձնահատկությունները:

Չափահաս անձանց առնչվող խնդիրներ.

 

Անձնային աճ, ինքնազարգացում

Ինքնագնահատականի խնդիրներ, անվստահություն, թերարժեքության բարդույթներ

Տագնապ, վախ, ֆոբիա

Տարիքային ճգնաժամեր

Սթրես, դեպրեսիա, քրոնիկ հոգնածություն

Կորուստ, վիշտ, տրավմա

Աշխատանքային սթրես

Ուշադրության, կենտրոնացման, հիշողության խնդիրներ

Միջանձնային հարաբերություններում խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ

Մինչամուսանական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ

Հոգեսեռական խնդիրներ

Ծնողավարություն

Հոգեմարմնական խնդիրներ

Քաշի կառավարում, սննդային խանգարումներ և սննդային ռեժիմի փոփոխություն

Քրոնիկ հիվանդությանը հարմարվելու դժվարություններ

Վատ սովորություններ (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն)

Կյանքի իմաստի փնտրտուք, սեփական ես-ի բացահայտում

Կարիերայի կառուցում, և մասնագիտական կողմնորոշում

 

 Երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներն են՝

 

Վարքի խանգարումներ

Բարձր տագնապայնություն

Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն

Զարգացման խանգարումներ

Մանկական աուտիզմ

Հետտրավմատիկ սթրես

Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ

Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ

Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա

Կակազություն, խոսքի խնդիրներ

Քնի խանգարում

Ուշադրության, կենտրոնացման խնդիրներ

Հասակակիցների հետ շփման խնդիրներ

Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ

Քաշի խանգարումներ

Դեռահասների մասնագիտական կողմնորոշում

Վերոնշյալ խնդիրները, որպես կանոն, լուծվում են հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապևտիկ միջամտության շրջանակներում:

Հոգեբանները խորհուրդ  են տալիս բոլոր քաղաքացիներին չխուսափել հոգեբանի կամ հոգեբույժի ծառայություններից: «Եթե որևէ մեկն իր հարազատի մոտ նկատում է ինչ-որ տարօրինակություն, երևույթներ նորմայի սահմաններից դուրս, ապա պետք է դիմի մասնագետի, ամոթալի ոչինչ չկա»։Այսօր մասնագետների պատրաստվածությունը թույլ է տալիս նույնիսկ ամենածայրահեղ նյարդային հիվանդության դեպքում վերականգնել հիվանդի առողջությունը;

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ