Մարտ 23, 2020 18:50 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Իրանական 1399 թվականի առաջին հաղորդումն ենք ներկայացնում։ Նախ բոլորիդ շնորհավորում ենք գարնանամուտի և իրանական նոր տարվա՝ նոռուզի կապակցությամբ,Ձեզ մաղթելով և՛ մարմնի և՛ հոգու առողջություն։ Մեր այսօրվա զրույցի թեման ժամանակի կառավարումն է։Մնացեք մեզ հետ։

Ի՞նչ է ժամանակի կառավարումը և ինչո՞ւ է այն կարևոր: Ինչո՞ւ պետք է տարանջատել աշխատանքները ըստ դրանց կարևորության և հրատապության: Ինչպիսի՞ գործոններ կարող են ազդել ժամանակի ճիշտ օգտագործման վրա… Այսօր մեր հաղորդման թեման պատահական չի ընտրվել, քանի որ այսօր շատ մարդիկ ունեն ժամանակի, ավելի ճիշտ՝ ժամանակը ճիշտ կազմակերպելու խնդիր: Իսկ դա մարդու ունեցած բոլոր ռեսուրսներից միակն է, որը հավասարաչափ է տրված ամենքին: Ուստի դրա բավարարել-չբավարարելու խնդրի լուծումը յուրաքանչյուրն իր մեջ պետք է գտնի՝ հնարավորինս ճիշտ կառավարելով իր ժամը, օրը, տարին և կյանքը։

Ժամանակի կառավարումը անհրաժեշտ հմտություն է, որին կարող է տիրապետել ցանկացած մարդ:

Նորություն չէ, որ այսօր մենք ապրում ենք գերակտիվ աշխարհում, որտեղ դժվարագույն խնդիր է կենտրոնանալ մեզ համար կարևոր աշխատանքի վրա և որևէ արժեքավոր բան ստեղծել։

Մեր օրերում կյանքում հաջողության հասնելու հնարավորություն ունեն ոչ թե նրանք, ովքեր առավել տաղանդավոր են, այլ նրանք, ովքեր կարողանում են կենտրոնանալ որևէ աշխատանքի վրա բավականաչափ երկար ժամանակ՝ ընդհուպ մինչ այն պահը, երբ կտեսնեն իրենց կատարած աշխատանքի արդյունքը։

Կարևոր է անդրադառնալ անհատի կենտրոնանալու ունակությունը զարգացնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտին՝ սոցիալական մեդիայում գերակտիվ լինելուն:

Նորություն չի լինի ասել, որ մարդկանց մեծամասնությունն այսօր ապրում է Ֆեյսբուքում. առավոտյան աչքերը բացելուց հետո շատ մարդիկ ըստ սովորության ստուգում են ֆեյսբուքյան նորությունները, աշխատանքի գնալիս նախընտրում են «մի փոքր էլ» ժամանակ անցկացնել ֆեյսբուքում, աշխատավայրում մարդկանց համակարգչի էկրանին մյուս պատուհանների կողքին առկա է ֆեյսբուքի պատուհանը և ամեն 5 րոպեն մեկ մարդիկ ստուգում են, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ են ուտում կամ որտեղ են իրենց ընկերները և այլն։

Սա մարդկանց համար այնքան սովորական է դարձել, որ քչերն են փորձում մի պահ կանգ առնել և տարանջատել իրական կյանքը ֆեյսբուքյան իրականությունից։

Երբևէ զգացե՞լ եք, որ օրվա ժամերը Ձեզ չեն բավականացնում։ Դուք շտապում եք, շտապում, զբաղված եք ողջ օրվա ընթացքում՝ աշխատանք, երեխաներ, ընտանեկան հոգսեր, սպորտսրահ, և այլն և հույս ունեք, որ կհասցնեք ամենը, իսկ օրվա վերջում պարզվում է, որ առօրյա գործերը լիարժեք կատարված չեն։

Երբեք մի ասեք, որ բավարար ժամանակ չունեք։ Դուք ունեք ճիշտ նույնքան ժամանակ օրվա ընթացքում, որքան այն բժիշկները, ովքեր մարդկային կյանքեր են փրկում ամեն օր, այն գիտնականները, ովքեր մարդկության համար կարևոր հայտնագործություններ են կատարել ու կատարում, և այն մարդիկ, ովքեր ամեն օր մարտահրավերներ են նետում անհնարինին, և որոնց շնորհիվ մարդկությունն առաջ է շարժվում: 

Հասկանալի է, երբ կյանքը դառնում է ավելի գերհագեցած, անհրաժեշտ է ավելի արագ ընթացք հաղորդել գործերին։ Այս պարագայում, անշուշտ, օգտակար կլինեն ժամանակի կառավարման մի քանի խորհուրդներ։

 

Ժամանակը ճիշտ կառավարելով՝ դուք կկարողանաք նաև հանգստանալ, լիցքաթափվել և ժամանակ գտնել հաճելի մարդկանց շրջապատում ժամանակ անցկացնելու համար:

Շատ մարդիկ կարծում են, որ կարող են արդյունավետորեն տնօրինել իրենց ժամանակը՝ պարզապես մի քանի ժամ քիչ քնելով։ Սա իհարկե լավ միտք է, բայց միայն աշխատանքի արդյունավետությունը նվազեցնելու համար։ Իսկ այժմ, առաջարկում ենք հետևել մի շարք արդյունավետ միջոցների, թե ինչպես  ճիշտ կառավարել ժամանակը։

 

1. Որոշեք, թե ինչն է ձեզ համար ամենից կարևոր, և հատկացրեք այդ խնդրին առանձնահատուկ ուշադրություն: Հակառակ դեպքում այն ամենի 80%-ը, ինչ դուք կանեք այսօր, չի հանգեցնի որևէ արդյունքի երկարաժամկետ կտրվածքով: Առանց որոշակի նպատակի ձեր ջանքերը իզուր ու անօգուտ կլինեն:

2. Քնելը, սնունդը և ֆիզիկական վարժությունները կարող են եռապատկել ձեր արդյուքնները, քանի որ մեծացնում են կենտրոնացվածությունը, մոտիվացիան և էներգիայի մակարդակը:

3. Երկու րոպեի կանոնը: Եթե դուք կարող եք անել մի գործողություն երկու րոպեում (օրինակ, պատասխանել նամակի կամ կարգի բերել սեղանը), արեք դա հենց այդ պահին:

4. Հինգ րոպեի կանոնը: Անընդհատ գործերը հետաձգելու ցանկության դեմ պայքարելու հրաշալի միջոց է ոչ թե այդ հսկայական գործը միանգամից անել փորձելը, այլ դրան հինգ րոպե հատկացնելը: Կարևորն այստեղ սկսելն է, իսկ հետո չեք էլ նկատի, թե ինչպես ամեն ինչ ավարտին կհասցնեք:

5.  Հույս մի դրեք հիշողության վրա: Դուք չեք կարողանա ամեն ինչ գլխի մեջ պահել, անգամ եթե դուք հանճար եք: Նշումներ արեք նոթատետրում, գործերի ցանկեր կազմեք, գրանցեք հեռախոսի մեջ և այլն: Բայց օգտագործեք այնքան գործիք, որքան ձեզ իսկապես պետք է:

6. Կարգապահությունն ամենակարևորն է: Ոչ միայն կազմեք օրվա պլանը ամեն առավոտ, այլև ամեն երեկո ամփոփեք արած գործերը: Դա կօգնի ձեզ ճիշտ ընտրել առաջնահերթությունները, վերացնել անիմաստ գործերը և անել հենց այն, ինչը իսկապես նշանակություն ունի:

7. Միշտ կրեք ականջակալներ: Այդ ընթացքում պարտադիր չէ անընդհատ երաժշտություն լսելը: Սակայն այդպես դուք պարտավոր չեք լինի արձագանքել շրջապատի բոլոր ձայներին ու խոսակցություններին, և մարդիկ էլ ավելի քիչ կդիմեն ձեզ՝ տեսնելով ձեզ ականջակալներով:

8. Մի ստուգեք ձեր էլետրոնային փոստը 5 րոպեն մեկ: Մի սկսեք աշխատանքային օրը էլեկտրոնային փոստը ստուգելուց: Արեք դա առավելագույնը 3 անգամ օրվա մեջ, օրինակ, առավոտյան 11-ին, ժամը 2-ին և ժամը 5-ին:

9. Նույնը վերաբերում է նաև հեռախոսին: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ձեր հեռախոսը միացված լինի ամբողջ օրը: Անջատեք հեռախոսը, երբ զբաղված եք: Ում իսկապես անհրաժեշտ է կապվել ձեզ հետ, կզանգահարի ևս մեկ անգամ: Ով իսկապես կարևոր է ձեզ համար, դուք կարող եք զանգահարել ավելի ուշ:

10. Խմբավորեք փոքր գործերը, ինչպես օրինակ զանգեր կատարելը, էլեկտրոնային փոստն ու Facebook-ը ստուգելն են:

11. Կամքի ուժը սահմանափակ ռեսուրս է: Փորձեք ամենակարևոր որոշումներն ընդունել օրվա առաջին կեսին, իսկ երկրորդականներն ու կողմնակիները կարող եք հետաձգել:

12. Ամենակարևորը: Միշտ հարցրեք ձեզ: Ո՞րն է այն ամենակարևոր բանը, որ ես կարող եմ անել հենց այս պահին:

13. Ճնշումներն ու խրախուսանքները իսկապես կարող են հրաշքներ գործել: Խրախուսեք ինքներդ ձեզ փոքրիկ մրցանակներով կամ զրկեք ձեզ ինչ-որ բաներից, եթե չեք կատարում ձեր պարտականությունները՝ նշված ժամանակահատվածում:

14. Մի ենթարկվեք ուրիշների պլաններին: Ասեք «ոչ», ուշադրություն մի դարձրեք, մի համակերպվեք ուրիշների պլանների հետ, եթե նրանք փորձում են կառավարել ձեր ժամանակը

 

Պիտակ

Մեկնաբանություններ