Մարտ 23, 2020 19:22 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորելով իրանական նոր տարին, այս հաղորդման ընթացքում որը մասամբ բացառիկ բնություն է կրում կանդրադառնանք իրանական անցած տարվա մի շարք գեղարվեստական իրադարձություններին:


 

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը իրանական գրականության մեծանուն գրող Փարվին Էթեսամիին մեծարեց նրան նվիրված միջոցառմամբ, որն անցկացվեց 2019 թվականի մարտի 15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Միջոցառումը նախաձեռնել էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնը և ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը:

Փարվին Էթեսամին ծնվել է 1907 թվականին Թավրիզում: 156 բանաստեղծությունից բաղկացած նրա առաջին գիրքը հրատարակվել է 1935 թվականին: Նրա ստեղծագործությունների երկրորդ հրատարակությունը լույս է տեսել Փարվինի մահից հետո 1941 թվականին: Այն բաղկացած էր 209 տարբեր ոճի և ձևի ստեղծագործությունից: Իր կարճ կյանքի ընթացքում Փարվինը մեծ ճանաչում ունեցավ իրանցիների շրջանում: Փարվինի պոեզիան իր ձևով և բովանդակությամբ շարունակում էր պարսկական դասական գրականության ավանդույթները: Նա անտեսում էր իրանական պոեզիայում մոդեռնիստական միտումները:

 

 

Անցած  տարի Թեհրանի կինոդահլիճներում  շարունակվեց Անահիտ Աբադի նկարահանած «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:

«Եվա»-ն Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Արժանացել է «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնի «Լավագույն ֆիլմ» և «Լավագոյն դերասան» մրցանակին, ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասանուհի» մրցանակին, Տորոնտոյի կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին եւ Հոլիվուդի «Արփա» միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:

Ի դեպ անցած տարի «Բլու Նաուլեջ» հիմնադրամը Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում Անահիտ Աբադին և Հոմայուն Էռշադիին հանձնեց իր մրցանակները:

Անահիտ Աբադի պատրաստած «Եվա»-ն շահեց նաև Լոս Անջելեսում կայացած DTLA կինոփառատոնի արտասահմանյան լավագույն ֆիլմի մրցանակը:

 

 

2019 թվականի Ապրիլի 23-ին մեկնարկեց Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը:

Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին 2400 իրանական եւ 800 արտասահմանյան հրատարակիչներ: Ներկայացվել են վերջին 4-5 տարիների ընթացքում հրատարակված ավելի քան 400 հազար անուն գիրք: Տեղի ունեցան մշակութային բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ բազմաթիվ գրքերի շնորհանդես:

Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին առընթեր մշակութային միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ իրանահայ ճանաչված բանաստեղծ Վահե Արմենի մեծարման միջոցառումը:

Միջոցառմանը, Վահե Արմենը նշելով, որ իր պոեզիայում տիրական է իրանական մշակույթն ու քաղաքակրթությունն, ասել է, որ ցանկանում է այնպես գրել, որպեսզի այլ ազգությունները եւս իր գրականության հետ հարաբերվելու, դրա հետ կապ հաստատելու եւ ըմբռնելու հնարավորություն ունենան:

 

 

Ապրիլի 24-ին եւ 25-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում Իրանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը եւ «Ռուդաքի» հիմնարկի երգչախումբը,  երկու հայ երաժիշտների համագործակցությամբ հանդես եկավ ելույթով:

Նվագախմբի ղեկավարն էր  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւան քաղաքի Մշակույթի պատվավոր գործիչ, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Ալ. Սպենդարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դիրիժոր մայեստրո Ռուբեն Ասատրյանը:

Երգչախումբը ղեկավարեց Իրանի  ռադիոհեռուստատեսության պետական երգչախմբի խմբավար մայեստրո Ռազմիկ Օհանյանը: Ծրագիրը նվիրված էր իրանցի կոմպոզիտոր Փեյման Սոլթանիին եւ ներկայացվեցին նրա ազգային, հայրենասիրական գործերը:

 

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում կազմակերպեց իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։

Մրցույթն իրականացվեց Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մրցույթին մասնակցեցին նաև այլ կազմակերպություններում պարսկերեն ուսումնասիրող նշված տարիքի հայ երեխաներ: Մասնակիցներն ասմունքեցին 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն:

Մրցույթն իրականացվեց 3 փուլով։ Առաջին և երկրորդ նախընտրական փուլերն անցկացվեցին մարզերում և մայրաքաղաքում։ Ժյուրիի անդամները յուրաքանչյուր դպրոցից ընտրեցին մեկ պարսկերեն և մեկ հայերեն լավագույն ասմունքողի` երրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ նոյեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Երեխաները hանդես եկան Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից հատվածներով:

 

 

Հայերեն թարգամանությամբ հրատարակվեց ժամանակակից իրանական դրամատուրգիայի երկրորդ հատորը:

Գրքում ներառված են Իրանի ժամանակակից դրամատուրգիայի 9 ներկայացուցիչների՝ Ալի Աբեդիի, Սահրա Ռամազանիանի, Մոհամմադ Յաղուբիի (2 պիես), Մոհամմադ Ռահմանիանի, Միլադ Աքբար Նեժադի, Աֆրուզ Ֆորուզանդի, Բեհզադ Սեդիղիի, Ղոլամ Հոսեյն Սաեդիի եւ Շահրամ Քարամիի 10 պիեսներ:

Գիրքը հրատարկվել է Իրանի թատրոնի տան դրամատուրգների ակումբի եւ Հայաստանի գրողների միության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում:

Պիեսների ընտրության համար մրցույթ էր հայտարարվել: Պիեսներն ընտրվել են Իրանի թատրոնի տան դրամատուրգների ակումբի վարչության եւ մրցույթի ժյուրի կազմի միջոցով:

Ընտրված ստեղծագործությունները հայերենի են թրագմանել Էդվարդ Հախվերդյանը, Նունե Հովհաննիսյանը, Գևորգ Ասատրյանը եւ Էմմա Բեգիջանյանը:

 

 

Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանության կազմակերպությամբ հուլիսի 21-ին եւ 22-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի ունեցան Հայաստանի Պետական կամերային երգչախմբի ելույթները: Հուլիսի 21-ի ելույթը նվիրված էր անմահանուն Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին, իսկ հուլիսի 22-ի ելույթը նվիրված էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրjանի ծննդյան 80-ամյակին: Ի դեպ նշենք, որ այս առիթով Թեհրան էր ժամանել ինքը հոբելյար Տիգրան Մանսուրյանը:

 

 

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ «Սինեմա, սինեմա ակադեմիայի» երկրորդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում իրանական կինոյին մատուցած իր ծառայությունների համար մեծարվեց իրանահայ ճանաչված կինոռեժիսոր Վարուժ Քարիմ Մասիհին:

Անդրադառնալով Վարուժ Քարիմ Մասիհիի լավագույն ստեղծագործությանը՝ «Վերջին արարի», ճանաչված դերասան Սայիդ Փուր Սամիմին ասել է. «1369 թվականին էկրանավորված ֆիլմը զարմացրեց եւ հիացմունք պատճառեց Ֆաջր կինոփառատոնի բոլոր մասնակիցներին: Ֆիլմը գրավիչ էր նաև լայն հասարակության համար:

Այս տարիների ընթացքում, ինձ հանդիպողները հարցնում են «Վերջին արարի» մասին: Ինձ մոտ, սակայն, հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է լինում, որ լայն լսարանն այդքան խոսում է այդ ֆիլմի մասին, սակայն ֆիլմն այդ տարի չի վաճառվում:

Ասես, Վարուժի երկրորդ ստեղծագործության ճակատագիրը պայմանավորված էր այս ֆիլմի վաճառքով»:

Ինքը՝ Վարուժ Քարիմ Մասիհին էլ իր հերթին նշել է, որ ավելի լավ կլինի մեծարել հաջողակ երիտասարդներին, կամ նրանց, ովքեր միջազգային մակարդակի ստեղծագործությունների հեղինակ են:

«Կինոյից հեռանալ չեմ պատրաստվում: Կինոգործիչ ընկերները լավ գիտեն, եթե լարախաղացից վերցնեն փայտը, ապա նա կընկնի: Իսկ եթե մեզանից խլեն կինոն, ապա մենք ապրել չենք կարողանա»,-ասել է անվանի ռեժիսորը:

 

 

Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթում ներկայացվեց հայկական արմատներ ունեցող Իրանի հայտնի լուսանկարիչ Անտուան խան Սևրուգինի և հայկական հոգևոր-մշակութային ճարտարապետությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացվեց օգոստոսի 31-ին:

Հայկական արմատներով լուսանկարիչ Սևրուգինը մեծ համբավ ունի Իրանում: Նրա լուսանկարները կարելի է տեսնել Եվրոպայի շատ թանգարաններում: Սևրուգինի լուսանկարներում կարելի է տեսնել նաև Իրանի  հովանավորության տակ գտնվող հայկական եկեղեցիներ, մշակութային կենտրոններ: Դա ցույց է տալիս, թե Իրանում ինչ հոգատարությամբ են վերաբերում հայկական կոթողներին:

Անտուան Սևրուգինը եղել է պալատական և շահի անձնական լուսանկարիչը, որն իրավունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեք մուտք չի գործել որևէ իրանցի  լուսանկարիչ:

 

 

Իրանցի գրող Ֆարհադ Հասանզադեի գրչին պատկանող «Ինձ Զիբա կանչիր» գիրքը հրատարակվեց Երևանում: Այն պարսկերենից հայերենի է թարգմանել Գևորգ Ասատրյանը:

Գիրքը նկարագրում է Թեհրանի բազմամարդ փողոցներում հոր ու դստեր հարաբերությունը և քաղաքում տիրող մթնոլորտը:

Գրքի հեղինակ՝ Ֆարհադ Հասանզադեի ստեղծագործությունները գնահատանքի են արժանացել ավելի քան 30 փառատոնում և գրողների միություններում: Հասանզադեն 2017 թվականին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի և 2018 թվականին՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակների թեկնածու:

 

 

Իրանական «Քոհան սազ» երաժշտական խումբը շահեց Երևանում կայացած Երաժշտական միջազգային փառատոնի մրցանակը:

Խմբի ղեկավար Քամբիզ Մոֆփահիի ընդգծմամբ «Քոհան Սազ» երաժշտական խումբը հիմնադրվել է 2014 թվականին թառի առանցքայնությամբ և մինչև այժմ ելույթներով հանդես է եկել Թեհրանի տարբեր սրահներում:

Խումբը շահեց հոկտեմբերի 4-ից 9-ը Երևանում կայացած երաժշտական միջազգային փառատոնի «Լավագույն երաժշտություն» անվանակարգի մրցանակը:

 

Թեհրանի «Վահդաթ» համերգասրահը դեկտեմբերի 19-ին լեփ-լեցուն էր արվեստասեր հանդիսատեսով: Բոլորը հոտնկայս ծափողջույններով ունկնդրեցին մայեստրո Ռազմիկ Օհանյանի ղեկավարած, Իրանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ «Հայկական երաժշտության երեկո»-ն:

Հայտագրում ներառված էին հայ կոմպոզիտորների փայլուն, ոգեշունչ եւ յուրահատուկ ստեղծագործություններ՝ ընտրված դասական եւ ժողովրդական ժանրերից: Հանդիսատեսը ունկնդրեց Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ մայեստրո Լորիս Ճգնավորյանի ստեղծագործությունները:

«Հայկական երաժշտական երեկո»-ին իրենց բացառիկ կատարումներով հանդես եկան Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երգերի բաժնի վարիչ Սամվել Գալստյանը, Երեւանի օպերայի սոլիստներից՝ Վահան Բադալյանը՝ դասական եւ օպերային արվեստի երգիչ, դուդուկահար Սարո Պողոսյանը, որոնք մայեստրո Ռազմիկ Օհանյանի հրավերով էին Իրան ժամանել: Դաշնամուրի մոտ էր իրանահայ արհեստավարժ դաշնակահար Ալվին Ավանեսյանը, ով կատարեց Առնո Բաբաջանյանի նոկտյուրնը:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ