Նոյեմբեր 25, 2020 12:21 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում, նկատի առնելով թեմայի կարևորությունը կանդրադառնանք ԼՂ-ում հայկական պատմա-մշակութային կոթողների պահպանության հարցին ու նաև այս օրերին Երևանում ընթացող «Ոսկե  Ծիրան» կինոփառատոնի ծրագրերին: Ընկերակցեք մեզ։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:  Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջազգային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին:

 

 

Ֆրանսիան պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև, որ տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի մյուս գործընկերների հետ: «Լեռնային Ղարաբաղում լռել են զենքերը: Հիմա մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի մեր գործընկերների հետ, որպեսզի կանգնեցնենք կրակը ժառանգության և մշակույթի նկատմամբ, որպեսզի պահպանենք ու վերականգնենք ողջ տարածաշրջանի բազմազան և հարուստ ժառանգությունը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մակրոնը:

 

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային օբյեկտների պահպանության և պաշտպանության հարցը:

«Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին արյունահեղությունն ու ավերածությունները գլոբալ ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են պատճառում բոլորիս: Ի լրումն մեր խնդրանքին և հույսին, որ բռնությունը կդադարի, կոչ ենք անում պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները:

Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը նվիրված է աշխարհի ավելի քան 5000 տարվա մարդկային ստեղծագործության պահպանմանը և ցուցադրմանը: 2018-ին «Հայաստան» առաջին մեծ ցուցահանդեսն էր թանգարանում, որը հետազոտում էր հայ ժողովրդի ուշագրավ գեղարվեստական և մշակութային նվաճումները գլոբալ համատեքստում ավելի քան 14 դարերի ընթացքում: Մենք սարսափով և տխրությամբ ենք հետևել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին բռնություններին ու արյունահեղություններին»:

«Մենք աղերսում ենք բոլոր ներգրավվածներին հարգել այս միջազգային մշակութային ժառանգության օբյեկտները, որոնք հարստացնում են մեր աշխարհը և գոյատևում են հազարավոր տարիներ»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 23-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։

Ֆրանսիական ֆիլմի տևողությունը 75 րոպե է, լեզուն՝ ֆրանսերեն:

1948 թվականին Էդիթ Պիաֆից իր առաջին տեսախցիկը ստանալուց հետո տեսագրությունը դարձել է Շառլ Ազնավուրի ամենօրյա կյանքի մասը: Երգիչը տեսաօրագիր է պահել, որտեղ նկարահանել է իր կյանքի կարևոր պահերը, ուղևորությունները, համերգները, սիրեցյալներին և ընկերներին:

Մահից առաջ նա ցանկություն է հայտնել այդ նյութերից ֆիլմ ստեղծել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն մուտք է գործել Ազնավուրի անձնական պահոցները՝ ինքը ևս երեք տարի շարունակ նկարահանելով երգչին:

 

 

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։

Տասնմեկ կարճամետրաժ ֆիլմերից բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով:

Կինոնկարի ռեժիսորներն են Ֆաուզի Բենսայդին (Մարոկկո), Ասա Հյորլեյ ֆսդոթիրը (Իսլանդիա), Սալոմե Լամասը (Պորտուգալիա), Բեթինա Օբերլին (Շվեյցարիա), Շահրբանու Սադաթը (Աֆղանստան), Մահամաթ-Սալեհ Հարունը (Չադ), Լեոն Վանը (Չինաստան), Նիլա Մադհաբ Պանդան (Հնդկաստան), Դանիելա Թոմասը (Բրազիլիա), Սիլվիո Սոլդինին (Իտալիա), Քարին Ուիլյամսը (Նոր Զելանդիա)։

Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։

«Փոխկախվածություն» ֆիլմը ART for The World production-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի դիստրիբյուցիայով այժմ զբաղվում է Եվրոպական հեռարձակողների միությունը։

ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, և այն հիմնադրվել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում և Իտալիայում և աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։

«Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունենում «Ոսկե ծիրան»-ի և ART for The World-ի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության բացառիկ աջակցությամբ։

 

 

Այս ծանր օրերին մշակույթը շարունակում է փրկօղակ լինել: Հայաստանում կազմակերպվում են փառատոներ, որոնք  մարդկանց հնարավորություն են տալիս մի փոքր շեղվել ծանր առօրյայից և առաջ նայել:

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, նպատակ ունի արվեստասերներին ծանոթացնել աշխարհի մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոփառատոնի շրջանակում ցուցադրություններ կկազմակերպվեն նաև առցանց հարթակում: Նոյեմբերի 23-30-ը ժամը 20։30-ին կինոարվեստի երկրպագուները կարող են atieff.org կայքում հայերեն թարգմանությամբ դիտել գաղափարական ու գեղարվեստական բարձր արժեք ունեցող 15 լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Բոլոր ցուցադրություններն ուղեկցվելու են քննարկումներով ու հեղինակների հետ հարցազրույցներով։

Զրույցում փառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020-ին բացօթյա ցուցադրություններ են կազմակերպել Ուջան գյուղի զբոսայգում: «Այս տարի չէինք կարող հյուրընկալել արտասահմանցի հյուրերի: Հայաստան ժամանած ռեժիսորները, սցենարիստները, պրոդյուսերները սովորաբար հյուրընկալվում են ուջանցիների տներում, և յուրահատուկ մթնոլորտ է ստեղծվում, քանի որ նրանք հնարավորություն են ունենում հաղոդակցվելու գյուղացիների հետ, ճանաչելու նրանց նիստուկացը, հետաքրքիր քննարկումներ ունենալու: Այս անգամ այդ բաղադրիչը չկա, բայց գյուղը ցուցադրությունների ժամանակ շատ ակտիվ էր. բոլորը երեկոյան հավաքվում էին Ուջանի զբոսայգում»,- պատմեց նա:

Վարդիկյանի խոսքով՝ չնայած «Ծիրանի ծառ»-ը վավերագրական ֆիլմերի փառատոն է, կազմակերպիչներն իրենց չեն սահմանափակում, և եթե առաջին տարիներին շեշտը դրվում էր ազգագրական վավերագրական ֆիլմերի վրա, ապա հիմա միակ չափորոշիչը  ֆիլմի բարձր գեղարվեստական արժեքն է, հետևաբար պարտադիր չէ, որ  այն ազգագրական լինի, կարող են նաև փորձարարական լինել՝ խաղարկային ֆիլմի տարրերով և այլն:

Փառատոնի ծրագրերի տնօրենը տեղեկացրեց, որ 2020-ին ստացել են շուրջ 500 ֆիլմի հայտ, որոնցից ընդամենը 15 ֆիլմ են ընտրել՝ 8-ը կարճամետրաժ, 7-ը՝ լիամետրաժ: Ներկայացվել են կինոնկարներ Ռուսաստանից, Ավստրալիայից, Լեհաստանից, Բելառուսից, Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Երկու ֆիլմ ընտրվել է Հայաստանից: Մեկը Հովհաննես Իշխանյանի «Էլի կգաս, պապ» կամ «Ո՞վ է այդ պապը» ֆիլմն է, մյուսը՝ Կարինե Արոյանի և Նարե Նավասարդյանի «Անցումը»:

Արթուր Վարդիկյանը շատ կարևորեց կինոփառատոնի շրջանակում Ուջանում կինոդպրոց հիմնելու փաստը, որտեղ դպրացականների հետ փառատոնի ընթացքում իրենք աշխատում են: «Լուրջ տեխնիկական հնարավորություններ չկան, բայց հեռախոսների օգնությամբ կարողանում ենք ստեղծագործել: Որոշում ենք թեմաներն ու իրականացնում գաղափարները: Արդեն երկու կարճամետրաժ ֆիլմ ենք նկարահանել, որոնք տեղադրել ենք մեր կայքում և ներկայացրել բացօթյա ցուցադրությունների վերջին օրը՝ սեպտեմբերի 20-ին: Նախաձեռնությունը շարունակական է լինելու, քանի որ երեխաների հետ աշխատանքը էական  նշանակություն ունի մեզ համար»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով այս օրերին փառատոնի իրականացման կարևորությանը՝ Վարդիկյանը շեշտեց, որ գուցե շատերը հարց տան, թե փառատոն անցկացնելու, ֆիլմեր դիտելու ի՞նչ ժամանակն է հիմա: «Մենք քննարկել ենք այդ հարցն ու եկել այն եզրակացության, որ մշակույթին միշտ է պետք ժամանակ հատկացնել. չի՛ կարող լինել մի պահ, որ մի կողմ թողնվի արվեստը, քանի որ հենց արվեստի միջոցով մենք կարող ենք վերաիմաստավորել այն, ինչ կատարվել է մեզ հետ ոչ միայն այս տարի, այլև անցած 30 տարվա ընթացքում: Հենց սա է մեզ ուժ տալու հաղթահարելու այս ամենը և անելու այնպես, որ ապագայում ողբերգություններ այլևս չլինեն: Մենք վստահ ենք՝ ցուցադրվող ֆիլմերը մարդասիրական, բարձր գեղարվեստական արժեք ունեն, այլապես չէինք ներկայացնի»,- եզրափակեց Արթուր Վարդիկյանը:

 

Հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին կտեղադրվի Նիժնի Նովգորոդում 2021 թվականի հունիսին` կոմպոզիտորի ծննդյան օրվա առթիվ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է արձանի հեղինակ Միքայել Սողոյանը:

Հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը ինչպես Նիժնի Նովգորոդի ներկայացուցիչներինն է, այնպես էլ հենց քանդակագործինը։

«Ավելի ուշ ես ստացա նամակ քաղաքապետից` խնդրելով ստեղծել Արամ Խաչատրյանի հուշարձանը և այն հասցնել մինչև կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ը: Երաժշտական համայնքը այդ օրը ավանդաբար նշում է ոչ միայն Մոսկվայում, Երևանում և Թբիլիսիում, որոնց հետ կապված է նրա կյանքը, այլ նաև այլ քաղաքներում: Միևնույն ժամանակ, կսկսվի Նիժնի Նովգորոդի 800-ամյակի տոնակատարությունը և, ըստ էության, հոբելյանական տոնակատարությունները կսկսվեն կիսանդրու բացմամբ»,- ասել է քանդակագործը։

Սողոյանի խոսքով, կիսանդրին ավարտական փուլում է։ Այն տեղադրվելու է մանկական գեղարվեստի դպրոցի տարածքում, որը կրում է Արամ Խաչատրյանի անունը:

 

 

 

Պիտակ