Հունվար 04, 2021 09:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մարիամ սուրահի 93-րդ այա.

إِن کُلُّ مَن فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ إِلَّا آتِی الرَّحْمَنِ عَبْدًا

Երկինքների ու երկրի վրա գտնվող բոլոր էակները Նրա արարածներն են:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ անհավատները հրեշտակներին ու որոշ մարգարեների համարում են Աստծո զավակներ: Ղուրանը դատապարտում է այս տեսակետը: Այս այան ասում է. Ոչ միայն դուք երկրայիններդ, այլև երկնքի հրեշտակները, բոլորն Աստծո ծառաներն են և դատաստանի օրը կանգնելու են Աստծո առջև: Աստծո հարաբերությունն իր արարածների հետ, արարչի ու արարածի հարաբերություն է և ոչ թե հոր և որդու: Դրանից բացի,  երկրի վրա ու երկնքում այնքան հնազանդ արարածներ կան, որ Աստված չունի ձեր պաշտամունքի կարիքը և դուք եք, որ ունեք Աստծո կարիքը:

Այս այայից սովորում ենք.

1. Ամբողջ արարչագործությունը, այդ թվում նաև հրեշտակներն ու մարդիկ, գտնվում են Աստծո տիրապետության տակ և Աստված է որոշում նրանց կյանքն ու մահը:

2. Ամբողջ տիեզերքը գտնվում է  Աստծո տիրապետության տակ և ինչ որ կա, վերադառնում է  դեպի Նա: Այսինքն` այս ամենի վիճակն անորոշ չէ:

Մարիամ սուրահի 94 և 95-րդ այաներ.

لَقَدْ أَحْصَاهُمْ وَعَدَّهُمْ عَدًّا

وَکُلُّهُمْ آتِیهِ یَوْمَ الْقِیَامَةِ فَرْدًا

Նա հաշվել է նրանց և գիտի, թե քանի հոգի են:

Հարության օրը բոլոր մարդիկ միայնակ կանգնելու են Աստծո առջև:

Այս այաները խոսում են այն մասին, որ Աստված լիարժեք տիրապետում է  ամեն ինչին և բոլոր էակների մասին ունի ճիշտ տեղեկություն: Նրանցից ոչ մի բան չի կարող թաքուն մնալ և Նա գիտի նրանց թիվը: Դատաստանի օրը նրանցից յուրաքանչյուրը հայտնվելու է աստվածային արդար դատարանում և պատասխան է տալու: Եվ ոչ ոք չպետք է մտածի, որ կարող է  թաքնվել դատաստանի օրն ու խուսափել  դատաստանից: Բացի այդ, յուրաքանչյուր մարդ դատաստանի առաջ կանգնելու է մենակ և նրա հետ չի լինելու ոչ ոք. ո'չ զավակ, ո’չ ամուսին և ո’չ էլ հարստություն:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված տիրապետում է ոչ միայն արարչագործությանը, այլ նաև դրա մանրամասներին:

2. Դատաստանի օրը մարդը մենակ է և յուրաքանչյոր ոք իր մասին է մտածում:

Մարիամ սուրահի 96-րդ այա.

إِنَّ الَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ سَیَجْعَلُ لَهُمُ الرَّحْمَنُ وُدًّا

Գթածը առաքինի հավատացյալների սրտերը սիրով կողողի:

Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստծո ասելով, նույնիսկ անհավատների պաշտամունքի առարկաներն են նրանցից հրաժարվելու, և իրենց հետևորդներին աջակցելու փոխարեն, կանգնելու են նրանց դեմ: Այս այան ասում է, որ Աստծուն ծառայելն ու բարի գործ անելը ոչ միայն պատճառ կդառնան, որ մարդն Աստծո մոտ սիրելի դառնա, այլ Աստված մշտապես կաջակցի այդ մարդուն: Աստված այնպես է անելու, որ հավատացյալ և առաքինի մարդկանց բարությունն ուրիշների սրտերում էլ տարածվի և նույնիսկ թշնամիները սրտանց սիրում են առաքինի մարդկանց, չնայած որ գործնականում իրենց շահերը պաշտպանելու համար, նրանց նկատմամբ թշնամություն են տածում: Այդ մասին առկա են պատմական փաստեր: Որպես օրինակ ասում են, որ իմամ Ալին բարձր էր գնահատվում իր թշնամիների կողմից:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատքն ու բարի գործը գրավիչ են մարդկանց համար, որովհետև մաքրությունը, ճշտապահությունը, քաջությունը, նվիրվածությունը, սիրում են բոլորը:

2. Սիրելի դառնալը լինում է Աստծո կամքով, որովհետև բոլորի սրտերը նրա ձեռքում են:

 

Մարիամ սուրահի 97 և 98-րդ այաներ.

فَإِنَّمَا یَسَّرْنَاهُ بِلِسَانِکَ لِتُبَشِّرَ بِهِ الْمُتَّقِینَ وَتُنذِرَ بِهِ قَوْمًا لُّدًّا

وَکَمْ أَهْلَکْنَا قَبْلَهُم مِّن قَرْنٍ هَلْ تُحِسُّ مِنْهُم مِّنْ أَحَدٍ أَوْ تَسْمَعُ لَهُمْ رِکْزًا

 

Մենք (Ղուրանի) ընթերցումը հեշտացրինք՝ այն գրելով քո լեզվով, որպեսզի դու երանություն ավետես նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից, և ազդարարես պատիժ նրանց, ովքեր վիճում են (Աստծո դեմ):

Որքան սերունդներ ոչնչացրինք մենք: Կարո՞ղ ես մեզ ցույց տալ մի մարդու, որ այդ սերունդներից մնացած լինի: Դու լսե՞լ ես, որ նրանցից որևէ մեկը մի տրտունջ անգամ արձակի:

Այս այաները, որոնք Մարիամ սուրահի վերջին այաներն են, խոսում են այն մասին, թե Ղուրանն ինչպիսի դեր ունի մարդու երջանկության մեջ: Այաներն ասում են. Մենք Ղուրանում վեհ հասկացությունները պարզ լեզվով ենք ներկայացրել, որպեսզի բոլոր մարդիկ օգտվեն դրանցից, որպեսզի մաքրամաքուր մարդիկ քաջալերվեն և կեղծ մարդիկ իմանան, որ Աստծո պատիժը լուրջ է ու դաս քաղեն նախորդներից: Նրանք չպետք է կարծեն, որ կարող են նվաստացնել Աստծուն և իրենց թշնամությամբ ոչնչացնել ճշմարտությունը: Եթե պետք է հետադարձ հայացք նետեն անցյալի պատմությանը, բազմաթիվ ցեղերի, կտեսնեն, որ նրանցից ոչինչ չի մնացել:

 

Այս այաներից սովորում ենք․

1. Մարդկանց առաջնորդելու համար պետք է կրոնական հասկացությունները ներկայացնել պարզ լեզվով:

2. Յուրաքանչյուր խմբի հետ պետք է խոսել իր լեզվով: Հավատացյալներին պետք է խրախուսել, իսկ անհավատներին` սպառնալ:

Ավարտվեց Մարիամ սուրահը։

Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք Թա Հա սուրահը:

Աստված Ձեզ պահապան։

Պիտակ