Հունվար 06, 2021 09:51 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի 2021 թվականի առաջին համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Իրանական Tehran Times թերթը հրապարակել է հոդված, որում հեղինակն անդրադարձ է կատարել Իրանում քրիստոնեական մշակույթին, կրոնական համայնքների համակեցությանն ու հայկական եկեղեցիներին:

Իսլամական հանրապետությունում գործում են բազմաթիվ հոյակապ եկեղեցիներ և մատուռներ, որոնք հիացնում են զարմանալի ճարտարապետությամբ, նշում է հեղինակը`ավելացնելով, որ պարզապես պետք է այցելել այդ վայրերը:

Իրանական այլ քաղաքների նման, Ղազվինը մահմեդական, հրեական, քրիստոնեական և զրադաշտական համայնքների խաղաղ գոյակցության ապացույցն է`սոցիալական ֆենոմեն, որի մասին կարելի է կարդալ բազմաթիվ ճամփորդների գրություններում:

Այս ամսվա սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է դեպի Սուրբ Թադեոս առաքյալի վանք ուխտագնացության մշակութային նշանակությունը`այն ընդունելով որպես համատեղ ավանդույթ, որն արժանի է Իրանի և Հայաստանի պաշտպանությանը:

Իրանի հայկական թաղամասերը դեռևս միջնադարից հիշատակվել են արևմտյան ճանապարհորդների գրություններում: Ֆրանսիացի ոսկերիչ և ճանապարհորդ Ջոն Շարդինի «Պարոն Ջոն Շարդինի ճանապարհորդությունները» գիրքը համարվում է Պարսկաստանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի մասին վաղ արևմտյան լավագույն գործերից մեկը:

Անդրադառնալով Իրանում ապրող հայերին և հայկական հաստատություններին`հեղինակը նշում է, որ արևմտյան և կենտրոնական շրջանների հայկական թաղամասերը հիմնականում սկիզբ են առել Շահ Աբբաս I-ի ժամանակներից, որը մեծ թվով քրիստոնյաների վերաբնակեցրել է Իրանում` նրանց վաճառականի, ձեռներեցի և արվեստագետի ներուժը օգտագործելու նպատակով և դրա դիմաց ապահովում էր նրանց կրոնական ազատությունը:

Ղազվինի ամենահայտնի եկեղեցիներից է Քանտոր (կամ Կանտուր) եկեղեցին, որը կառուցվել է 1905 թվականին ճանապարհաշինության համար վարձված ռուս ինժեներների համար:

Ինչպես նշում է հեղինակը, Ղազվինը ժամանակին եղել է հզոր Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքը`1548-ից 98 թվականներին:

Այսօր այն զբոսաշրջության գլխավոր ուղղություն է՝ հիանալի վերականգնված քարավանատներով, թանգարաններով և հետաքրքիր ռեստորաններով:

 

 

2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով Հայաստանում վերականգնվել է կարևոր նշանակության մի  քանի պատմամշակութային հուշարձան: Չնայած ՀՀ կառավարության մշակույթի ոլորտին ուղղված գումարներն էականորեն նվազել են, նախարարությունը նախատեսում է հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքներ իրականացնել նաև հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ այս տարի շարունակել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս անցյալ տարի: «Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման աշխատանքներն են իրականացվել, Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումն ու  մասնակի բարեկարգումն է եղել: Վերականգնվել է նաև ՀԽՍՀ(Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը դրված էր Թումանյանի այգում, բայց վնասված էր: Վերականգնումից հետո այն տեղափոխվել է Դսեղ»,-նշեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ նախագծային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ամրակայման համար, որտեղ նաև պեղումներ են կատարվել, Վայոց ձորի մարզի Շատիվանքի և Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի վաղ բրոնզեդարյան կացարանների և միջնադարյան համալիրի պարսպապատերի ամրակայման համար: «2021-ին ևս նախատեսում ենք մի շարք հուշարձաններ վերականգնել, բայց թե որքանո՞վ  գումար կլինի ծրագրերն իրագործելու համար, դեռ պարզ չէ, քանի որ տրամադրված գումարը անգամ 70 միլիոն դրամը չի գերազանցում: Եթե պետությունը լրացուցիչ գումար ունենա, մենք կդիմենք՝ հուշարձանների վերականգնման համար»,-ընդգծեց փոխնախարարն ու հավելեց, որ նախատեսում են վերականգնել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց վանքը, Լոռու մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը, Քոբայրավանքը և այլ կառույցենր. անհրաժեշտ է նորոգել նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, քանի որ այն հուշարձան-շենք է և այնտեղ փլուզումներ են եղել:

Խաչատուրյանը հիշեցրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայփոստ»-ի հետ, նամականիշներ է թողարկել՝ նվիրված «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: Նամականիշների վրա պատկերված են վերականգնման ենթակա պատմամշակութային հւոշարձաններ՝ Վայոց ձորի Ագարակաձորի կամուրջը, Շիրակի մարզի Երերույքի տաճարն ու Մարմարաշենի վանքը։

«Նամականիշների հասույթի մի մասն ուղղվելու է վերոնշյալ հուշարձանների պահպանությանը: Շատ հետաքրքիր նախաձեռնություն է: Ըստ իս՝  մարդկանց անգամ փոքր մասնակցությունը հուշարձանների պահպանությանը կարևոր նշանակություն ունի: Հուշարձանների վատթար վիճակում լինելը կապված չէ միայն ժամանակի և բնական աղետների հետ: Երբեմն մենք ենք վատ վարվում դրանց հետ: Հաճախ ենք բողոքում, որ օտար երկրներում, հատկապես հարևան երկրներում հայկական հուշարձանների նկատմամբ վատ վերաբերմունք կա, բայց մենք ևս շատ բան ունենք սովորելու: Ենթադրում են, որ պետք է երեխաներից սկսել: Այդ նպատակով դրամաշնորհային ծրագրերով  հուշարձանների մասին ճանաչողական մուլտֆիլմեր ենք պատրաստել: Երեխաները, դիտելով մուլտֆիլմերը, կհասկանան, որ մեր պատմամշակութային ժառանգությունը անհրաժեշտ է պահպանել, խնամել, ոչ թե փչացնել, աղտոտել»,-ընդգծեց Նարինե Խաչատուրյանը:

Նա հայտնեց, որ մուլտֆիլմերի շնորհանդեսները նախատեսվում են 2021-ի հունվարին: ««Հայաստանի յոթ հրաշալիքները» պայմանական անվամբ մուլտֆիլմում ներկայացվում են մեր հուշարձաններն իրենց պատմությամբ, ավանդազրույցներով: Այդ ինֆորմացիայի շնորհիվ երեխաները կարող են սիրել հուշարձանները և, այդտեղ լինելով, վստահ եմ՝ չեն մտածի դրանք փչացնելու մասին»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

 

 

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած ֆիլմերն ու նախագծերն այս տարի ներկայացվել են տարբեր միջազգային փառատոներում ու գրանցել  հաջողություններ:

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության  «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features)  անվանակարգում։

Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն էր հայկական ժամանակակից կինոյի համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված  Ֆիլմի աշխատանքների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և ԼՂ-ում։ Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը 2020-ին՝ մեկ տասնամյակ անց, ավարտվել և ընդգրկվել է  ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը)։ Ըստ էության, երկար  ստեղծագործական ճամփա անցած ու բազում խոչընդոտներ հաղթահարծ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հենց ասիական բարձրաճաշակ՝ Բուսանի փառատոնի շրջանակներում։

Ջիվան Ավետիսյան «Դրախտի դարպասները» ֆիլմը 2020-ին ցուցադրվել և մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների և ստուգատեսների։

Երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը 2020-ին ներկայացվել է Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնում («Clermont-Ferrand International Short Film Festival».), որը հաճախ անվանում են «կարճամետրաժ կինոյի Կանն»: Մարտին նույն ֆիլմը ներկայացվել է  նաև Շվեյցարիայում՝ դարձյալ փառատոնի:

Անգինե Եսայանի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ ֆիլմը 2020-ին արդեն  ընտրվել է նույն  Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնի հիմնական մրցութային ծրագրում։

 

 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձել է հայաստանցի գրողների գրքերը չհրատարակելու վերաբերյալ Ուկրաինայի գրողների միության որոշմանը. Միլիտոնյանն ընդգծում է, որ քաղաքականությունը պետք է զատել մշակույթից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ տարբեր երկրների միջև գրական կապերը այս կամ այն ժողովրդի հոգևոր, գեղարվեստական հարստությունն են:

«Ուկրաինացի դիվանագետ, թարգմանիչ, հայագետ Օլեքսանդր Բոժկոն պարբերաբար հրատարակել է հայ հեղինակների գրքեր: Վերջերս էլ ուկրաիներեն թարգմանեց վաղամեռիկ արձակագիր Վարդան Գրիգորյանի գիրքը: Նա մշտապես ուկրաինական մամուլում հրատարակում է հայ գրողների ստեղծագործությունները: Մենք էլ դեկտեմբերի 25-ին Գրական թերթի առցանց համարում ներկայացրինք Ուկրաինայի գրողների միության նախագահի բանաստեղծություններից մի քանիսը»,-ասաց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ քաղաքականությունն իր ճանապարհով պետք է գնա, իսկ  գրականությունը, մշակույթը մշտապես պետք է լինեն, և քաղաքականությունը չպետք է խաչաձևել հոգևոր, մշակութային դաշտին:

«Տարբեր երկրների լավագույն ստեղծագործությունների թարգմանությունը նախ և առաջ հարստացնում է այն ժողովրդին, որը դրանք թարգմանում է, տարածում է լավ գրականությունն ու մշակութային բարձր արժեքները: Մենք՝ մշակույթի գործիչներս, հակված ենք բարեկամացնել տարբեր ժողովուրդներին, նրանց հոգևոր արժեքները փոխանցել: Սա է մեր հիմնական խնդիրը: Գեղեցիկի, բարու տարածումն է  աշխարհում խաղաղ գոյակցության, մարդկության առաջընթացի հիմքը»,-ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ քաղաքականությունը կարող է խանգարել այդ հիմնական արժեքների տարածմանը:

Ուկրաինայի գրողների միությունը որոշում է ընդունել, որով դադարեցնելու է հրապարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք ըստ իրենց ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: Այդ երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան և Սուդանը:

Բացառություն կկազմեն նշված երկրների մահացած դասականները, ինչպես նաև այն ժամանակակից գրողները, որոնք բացահայտ կսատարեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կդատապարտեն Ռուսաստանի Դաշնության ագրեսիան:

 

 

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով:

Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն:

Մ. Մկրտչյանի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, թանգարանում բացվել է ցուցադրություն, և տեղի է ունեցել հավաքածուի պաշտոնական ընդունման արարողությունը: Ավելի քան 800 միավոր ընդգրկող հավաքածուն ներառում է նամակներ, անձնական իրեր, Մհեր Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնին առնչվող նյութեր, լուսանկարներ, թանգարանային այլ առարկաներ: Հավաքածուն իր տեղն է գտել թանգարանի թատերարվեստի ֆոնդում՝ Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի և հայ թատերարվեստի այլ խոշոր գործիչների արխիվների կողքին:

Հավաքածուի ցուցադրությունը կգործի մինչև 2021 թվականի մարտը:

 

Թուրքիայի իշխանությունների որոշմամբ՝ հարավ-կենտրոնական Քոնիա նահանգում գտնվող եւ վերջերս վերանորոգված հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի, հայտնում է «Ագոս» թերթը:

19-րդ դարի շենքը փակ էր երկրպագության և այցելուների համար, սակայն վերականգնման նախագծի ավարտից հետո այն կբացվի որպես «Հումորի համաշխարհային վարպետների տուն»: Հումորի կենտրոնի բացվելու հստակ ամսաթիվը հայտնի չէ:

Վերանորոգման ծրագիրն իրականացվել է Աքշեհիրի քաղաքապետարանի և Քոնիայի տարածաշրջանային զարգացման ծրագրի վարչության (KOP) կողմից. ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն թուրքական լիրա:

Այս տարի սա վերջին և թվով 6-րդ քրիստոնեական հուշարձանն է, որը վերափոխվում է զբոսաշրջության վայրի կամ մզկիթի: Ավելի վաղ վերափոխման էին ենթարկվել բյուզանդական չորս եկեղեցի և Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը:

 

Պիտակ