Հունվար 13, 2021 14:11 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի այս շաբաթվա համարը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին, որը տեղակայված է Ջուղա քաղաքից շուրջ 15 կմ հեռավորությամբ Արաքսի գետահովտում:

Եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, նշում է գործակալությունը:

Միաժամանակ, ճարտարապետական ոճի եւ զարդաքանդակների առանձնահատկությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ հայկական սրբավայրը կառուցվել է 10-12-րդ դարերում:

«Այս շենքի պատմական եւ գեղարվեստական արժեքավորությունը հանգեցրին Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որպես Իրանի երեք հիմնական եկեղեցիներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելուն»,- նշում է Tasnim-ը:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կազմված է երեք հիմնական հատվածից: Առաջինը մատուռն է, որը տեղակայված է բարձր գմբեթի տակ: Այս հատվածում են տեղակայված բեմը եւ աղոթարանը: Այս մասի պատերը զարդարված են սրբերի եւ հրեշտակների պատկերներով գեղեցիկ որմնանկարներով:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու մյուս հատվածը նախատեսված է ճանապարհորդներին տեղավորելու համար, ինչպես նաեւ օգտագործվում է որպես ժողովատուն այնպիսի արարողությունների անցկացման համար, ինչպես մկրտությունը:

Վերջին հատվածը Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգակատունն է: Այն վնասվել է: Աբաս Միրզայի տիրակալման օրոք զանգն ուղարկվել էր Իտալիա վերականգնելու համար, բայց այդպես էլ Իրան չէր վերադարձվել: Բուն շենքը վերականգնվել է Սեֆյանների դարաշրջանում այն բանից հետո, երբ վնասվել է պատերազմների եւ երկրաշարժերի հետեւանքով:

Եկեղեցու ճակատամասն ու պատերը զարդարված են Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի եւ սրբերի հարթաքանդակներով: Շիրմաքարերին եւ եկեղեցու դարպասներին կան հայերեն գրառումներ, որոնք պատմում են ժողովրդի ճարտարապետության եւ պատմության մասին:

 

 

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ հազարամյա յուրօրինակ հարաբերությունները շարունակվում են նոր դրսեւորումներով: Հունվարի 4-ին Հռոմում ներկայացվել է թվային գիրք-կատալոգ՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ վերջին երկու տարիների մշակութային կապերի մասին: Նախաձեռնությունը Իտալիայում ՀՀ դեսպանությանն է: Թվային կատալոգի ստեղծմանն աջակցել են նաեւ «Դանթե Ալիգիերի» ընկերակցության երեւանյան կոմիտեն եւ իտալական Բարի քաղաքում գործող «Հրանտ Նազարյանց» կրթական կենտրոնը:

«Ապագա-անցյալ» անվանումով թվային գիրքն ունի 400 գունավոր էջ, երկլեզու՝ հայերեն եւ իտալերեն նկարազարդումներն ու տեքստերն այն իրադարձությունների մասին են, որոնք տեղի են ունեցել երկու երկրներում: Կատալոգում բավական մեծ տեղ է հատկացված Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի՝ 2018 թվականին Հայաստան կատարած պետական այցին: Իտալիայի Հանրաապետության նախագահի առաջին այցը համընկել էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի իրադարձություններին:

Գիրք-կատալոգի հենց առաջին էջերից առանձնանում են հայերի եւ իտալացիների միջեւ խոր եւ ակնհայտ փոխհարաբերությունները: «Խիտ, բեղմնավոր անցյալը՝ ճանապարհորդությունների անջնջելի հետքերով, միավորել են երկու ժողովուրդներին հին ժամանակներից. պատմություն, որը սկսվում է հենց Հռոմի կենտրոնում գտնվող Մարկոս Ավրելիոսի սյունից: Մեզ՝ իտալացիներիս ու հայերիս, միավորող երեւույթների ցանկը երկար է: Լիգուրիայից մինչեւ Սիցիլիա, Վենետիկից, Ֆրիուլիից մինչեւ Ապուլիա, հայերը թողել են յուրահատուկ հետքեր»-, նկատում է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Դեսպանը հավելում է, որ հայերի ու իտալացիների հարաբերություններն անցյալում չեն մնացել: Իտալիայում հայկական ներկայությունը նորանոր էջեր է բացում, որը հանդուրժողականության, ինտեգրման, համառության եւ աշխատասիրության օրինակ է: «Այն նպաստում է մեր ժողովրդի քաղաքացիական եւ սոցիալական առաջընթացին: Զուգահեռաբար, իտալական ներկայությունը դրոշմված է Հայաստանում, ինչը խանդով ու խնամքով պահպանվում է եւ արժեվորվում Երեւանի թանգարաններում, ինչը ներկայացվում է արվեստի մեջ, ներծծված՝ գիտությամբ, եւ այսօր, ինչպես երբեք, պահպանվում է յուրաքանչյուր հայի սրտում»,- եզրափակում է դեսպան Մոնակոն:

 

«Օրվա չար մթնոլորտը հասու չէր նրա բնությանը: Չնայած դրան, նա դարձավ ամենահալածված և հետապնդվող արվեստագետը: Այդ ժամանակների նախախնամությունն էր: Նա մեղավոր էր, որովհետև ազատ էր»: Այսպես է մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նկարագրել ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի Բելլա Ախմադուլինան։

Հունվարի 9-ը կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էր՝  97-ամյակը։

Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում որպես բեմադրիչ ռեժիսոր: Մինչև 1963թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից։

1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանոթանում է նրա ճարտարապետությանը և արվեստին: Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձել է  նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս է եկել էկրան «Նռան գույնը» անունով:

Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվել է կինոյից. ավելին՝ նրան երկու անգամ բանտ են նետել՝ 1974-1978թթ. Ուկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր և արվեստը, որը չէր գոհացնում իշխանությանը:

Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկված էր ֆիլմ նկարելուց, նա իր ողջ ստեղծագործական ավյունը ուղղել է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և այլ արվեստի գործերի ստեղծմանը:  Նա ասում էր. «Ինձ չէին թողնում ֆիլմեր նկարել, ես սկսեցի կոլաժներ անել: Կոլաժը դա սեղմված ֆիլմ է»: Եվ իրոք, եթե ֆիլմի ստեղծումը կախված է բազմաթիվ հանգամանքներից, ապա կոլաժում նա ազատ է և կարող է անել այն, ինչ ուզում է:

Կյանքի վերջում նա նկարահանել է ևս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ ղարիբ»:

1989թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսել էր  աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա: Հազիվ սկսած նկարահանումները ընդհատվել են Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սարգիս Փարաջանյանցը վախճանվել է Երևանում 1990թ-ին:

«Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:

Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

 

 

Թուրքիայում գործող Լազերի ինստիտուտը և Ստամբուլի Կովկասյան մշակույթի միությունը մի օրացույց են հրապարակել, որը նվիրված է Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներին։ «2021 թ․ անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների» օրացույցում ընդգրկված է նաև հայոց լեզվի Համշենի բարբառը։

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, օրացույցում ներառված են Թուրքիայում լիովին անհետանալու վտանգի ներքո գտնվող այնպիսի լեզուներ, ինչպիսիք են՝ աբխազերենը, չերքեզերենը, գագաուզերենը, վրացերենը, հայոց լեզվի Համշենի բարբառը, լադինոն, լազերենը, Պոնտոսի հունարենը, գնչուերենը, ասորերենը և զազայերենը։

Վերոնշյալ հաստատությունները նաև մի տեսագրություն են պատրաստել, որում Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցիչները ամանորյա շնորհավորանքներ են հղում հիշյալ լեզուներով։

Հայոց լեզվի համշենի բարբառով իր ազգակիցներին շնորհավորում է ստամբուլաբնակ համշենահայ մտավորական Մահիր Օզքանի մանկահասակ դուստրը:

 

 

2020 թվականին Լուվրում հաճախելիությունը 72 տոկոսով նվազել է։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին հայտնել է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկի ղեկավարությունը: Կորոնավիրուսի համաճարակի և դրա հետ կապված սահմանափակումների պատճառով Փարիզի առաջատար թանգարան է այցելել ընդամենը 2,7 միլիոն մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ Լուվրն ընդունել էր 9,6 միլիոն մարդ, իսկ 2018 թ.` ռեկորդային 10 միլիոն այցելու:

Գարնանային և աշնանային կարանտինների միջև ընկած ժամանակահատվածում Լուվր էին այցելում հիմնականում եվրոպացիներ, մինչդեռ առյուծի բաժինը մինչ այժմ կազմում էին ամերիկացիները, չինացիները, ճապոնացիները և բրազիլացիները (75%):

Լուվրի կորուստները 2020 թվականի համար կազմել են 90 միլիոն եվրո, պետությունը ստիպված էր տրամադրել 46 միլիոն սուբսիդիա:

Նմանատիպ վիճակ է նաև Փարիզի այլ տեսարան վայրերում. անցյալ տարի Վերսալի դղյակ հաճախելությունը 75% -ով նվազել է, Օրսայի թանգարան՝ 77% -ով, Կենտրոն Պոմպիդու՝ 72% -ով:

 

 

Կաննի միջազգային կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ամռանը: Դա կապված է աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ

Կինոփառատոնի կազմակերպիչները նշել են, որ ցանկանում են փառատոնն անցկացնել մայիսին. հավանաբար մայիսի 11-22-ը:

Չի բացառվում, որ այն կարող է հետաձգվել և կազմակերպվել հունիսի կամ հուլիսի վերջերին:

2020 թվականին կորոնավիրուսի տարածման հետևանքով Կաննի կինոփառատոնի փոխարեն կազմակերպվել է միջոցառման փոքր տարբերակը, որի շրջանակում հիմնական ծրագրից ընդամենը չորս ֆիլմ է ցուցադրվել: Ցուցադրություններն իրականացվել են հոկտեմբերի 27-29-ը:

 

 

 

Պիտակ