Փետրվար 21, 2021 10:30 Asia/Yerevan

Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ձեզ սիրով ողջունում է  Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը բոլորիդ մաղթելով փետրվարյան հաճելի երեկո։


Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։

                                    Եղիշե Չարենց

 

Այսօր մեր հաղորդման էջը բացեցինք  Եղիշե Չարենցի  «Մեր լեզուն» գողտրիկ բանաստեղծության մի հատվածով։ Այսօր փետրվարի 21-ն է՝ մայրենի լեզվի միջազգային օրը։ Շնորհավորում ենք  Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ:

 

Ղազարոս Աղայանն ասում  է. «Պետք է  սիրել ու պաշտել, հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մայրենի լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունն ու քաղցրությունը»։ Այո սիրելի ունկնդիրներ սիրենք, սովորենք, զարգացնենք մայրենի լեզուն։ Պետք է արժևորել մայրենի լեզուն և հոգալ նրա մաքրության ու հարստության համար և լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը։

***

Հարգելի բարեկամներ հայերեն ռադիոժամն այսօր շնորհակալությամբ ստացել է Թեհրանի «Ազատ» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի  հովանավոր հիմնադրամի  վերաթողարկած Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության աուդոգիրքը՝ վաստակավոր լրագրող և հաղորդավար Վարուժան Օլքինյանի կատարմամբ։

Պարոն Վարուժան Օլքինյանը սույն աուդիոգրքի վերաթողարկման իրավունքը նվիրել է Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի 25-ամյակի հոբելյանին։

Նշենք,որ ամբիոնն իր հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում թողարկում է հայ գրականության արժեքավոր ստեղծագործությունների ծաղկաքաղ ձայնասկավառակների միջոցով։

Թեհրանի Ազատ համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի, Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը հիմնադրվել է 1995 թվականին, Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հետ ստորագրված փոխադարձ համաձայնությամբ, Թեհրանում՝ հայերեն, Երեւանում՝ պարսկերեն լեզվի եւ գրականության ամբիոն հիմնելու նպատակով:

Հայերեն ռադիոժամի անունից շնորհավորում ենք Հայոց լեզվի և գրականության ամբիոնի 25-ամյակի կապակցությամբ և մաղթում ենք,որ առաջիկա տարիներն ամբիոնի համար լինեն վերելքների ու գիտական մտքի հաղթանակների շարունակական տարիներ։

Հարգելի բարեկամներ ես և գործընկերս Նորիկը պատիվ ունեք ասելու,որ մենք նույն ամբիոնի շրջանավարտներ ենք։   

«Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի  վարիչ՝ մեծարգո դոկտոր Անդրանիկ Սիմոնյան, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ և ամբիոնի  հովանավոր հիմնադրամի հարգելի  խորհուրդ,

Սիրով  եւ ջերմությամբ շնորհավորում ենք ամբիոնի հիմնադրման 25-ամյա հոբելյանի  առթիվ, Ձեզ մաղթելով ուժ եւ կորով, անսպառ եռանդ, նոր ձեռքբերումներ և կանաչ ճանապարհ»։

***

Մկրտիչ Խերանյանի   աշխարհաբար թարգմանությամբ Մատյան ողբերգության պոեմը  ձայնագրվել է վաստակավոր լրագրող  և հաղորդավար Վարուժան Օլքինյանի ձայնով։Որպեսզի լսելը և ընկալելը դյուրին լինի ամբողջ ութ ժամ 41  րոպե տևող ձայնագրությունը բաժանված է 10 մասերի և ընդմիջվում է փոքրիկ երաժշտական ձևավորումներով հենց Նարեկացու Հավուն-հավուն տաղով, որը կատարվել է միջնադարյան հայկական քամանի գործիքով։ Երաժշտական ձևավորման հեղինակն է՝ Արշավիր Աղաջանյանը։

Պիտակ