Սեպտեմբեր 26, 2021 19:46 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։

 

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ:

Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։

Մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

--------------------------------

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:

Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները  համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:

Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և  նույնպես կարևորում է  հարցի արագ լուծումը:

Առանձին անդրադարձ կատարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

-------------------------------

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Այս ճանապարհահատվածի իրականացումը սահմանվեց առաջնահերթություն ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։

«Որոշումը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։ Նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված: Կլինեն 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներ ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկարը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 487 մլրդ դրամ։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս–հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։

-------------------------------

Իրան-Հայաստան առևտրի պալատի խորհրդի անդամները Իրանում ՀՀ դեսպանի հետ քննարկում են ունեցել։

Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակի հարցը քննարկել են Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահը, խորհրդի անդամներն ու Իրանում ՀՀ դեսպանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում առաջիկայում սպասվող զարգացումներին։

Հիշեցնենք, որ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին շնորհավորական ուղերձներ էր հղել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ նախագահ Արմեն Սարգսյանին։

-----------------------------

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադարձել է ընդդիմության կողմից սեպտեմբերի 26-ին և հետագա օրերին փողոցային պայքարը վերսկսելու հայտարարությանը։

-----------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի  իր ելույթում անդրադարձավ  44-օրյա պատերազմի5 ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներին, ինչպես նաև խոսեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու մասին:

«2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։

«Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը»,-  հավելեց Փաշինյանը:

-------------------------------

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ելույթում բարձր գնահատելով «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:

Նա նշել է, որ COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:

«Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից»,- շեշտել է Միրզոյանը՝ հավելելով. «Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում»:

 

 

Պիտակ