Սեպտեմբեր 29, 2021 14:17 Asia/Yerevan

Իրանահայ ճարտարագետ, ազգային հասարակական գործիչ.

Ինչպես Իրանահայ հանրահայտ բանաստեղծ Ալմինն է ասում.
Ուղևորներ ենք
Կյանքի գնացքի
Թե վտարանդի
Ու թե ապահով
Մոտիկ կանգառում
Ո՞վ պիտի իջնի,
Ելնի պիտի ո՞վ...
 

Կյանքը անորոշությունների կույտ է: Անորոշություններից կարևորագույնները մեր գալու և գնալու ժամանակներն են: Մարդս չգիտի երբ է աշխարհ գալու և երբ է հեռանալու այս կյանքից: Ոմանք շատ են կարևորում իրենց ապրած օրերի քանակը և ձգտում են, որքան հնարավոր է երկար կյանք ունենալ: Իհարկե դա ինչ-որ չափով մեզանից ու մեր ապրելակերպից է կախված: Բայց կարևորը ոչ թե ապրած օրերի քանակը, այլ դրանց որակն է: Դա է, որ մարդուս պահում է ուրիշների հիշողության մեջ: Դա է, որ հավերժացնում է անհատի հիշատակը և նրան ընդմիշտ ապրեցնում է իրեն հիշողների սրտերում:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ ճարտարագետ, ազգային հասարակական գործիչ Ալբերտ Քոչարյանին:

---

Ալբերտ Քոչարյանը ծնվել է 1967 թվականին Թեհրանի Զեյթուն (Մաջիդիե) քաղաքամասում։ Նա Քոչարյան ընտանիքի կրտսեր զավակն է եղել, որը մասնակից է եղել թաղիս առաջին դպրոցների ու մարզական խմբերի հիմնադրմանը։   Ալբերտ Քոչարյանը տարրական ուսումն ստացել է «Շանթ» և «Նոր Անի» դպրոցներում, ապա միջնակարգը ավարտել է Հայոց ազգային «Աբրահամ Սողոմոնեան» դպրոցում, որպես գերազանցիկ աշակերտ։ Բարձրագույն ուսումը շարունակել է Թեհրանի «Էլմ-օ- Սանաթ» ճարտարագիտական համալսարանի էլեկտրական ճարտարագիտության ֆակուլտետում,  և 1990 թվականին հաջողությամբ ավարտել է այն։

 

Ալբերտ Քոչարյանը 5 տարի աշխատել է Իրանի Գիտության նախարարության ենթակա էներգիայի և նյութերի «Մավադ-վա-էներժի» գիտահետազոտական կենտրոնում, որպես էներգիայի բաժնի գիտաշխատող։ 1995-2000 թթ. նա եղել է վերոհիշյալ կենտրոնի գիտխորհրդի քարտուղար։2001 թվականից իվեր 13 տարի աշխատել է Էներգիայի նախարարության ենթակա գիտահետազոտական և ճարտարագիտական «Մոշանիր» կենտրոնում, էներգիայի կառավարման բաժնում։ Էներգիայի խնայողության և ղեկավարման մասնագետ էր: Այդ ոլորտի հետ առնչվող բազմաթիվ գիտական հոդվածների և մասնագիտական ուսումնասիրությունների հեղինակ էր նա։ Ալբերտ Քոչարյանը իր իսկ մասնագիտական բնագավառում իրագործել է նաև բազմաթիվ նախագծեր։

1986 թվականին անդամակցել է Հայ համալսարանականների ընդհանուր միությանը: Նա 6 տարի եղել է միության վարչության անդամ և 2 տարի նախագահել է միության վարչությունը։ Քոչարյանը Հայ համալսարականների միության ուսումնագիտական բաժանմունքի, համակարգչի միավորի, Վիկտոր Համբարձումյանի անվան գիտական մրցության և «Դաւիթ Անյաղթ»-ի անվան բարձրագույն ուսումն ավարտածների գնահատման միջոցառումների հիմնադիր անդամներից է եղել։Սկսած 1989 թվականից, երկու շրջան եղել է Հ․Մ․ Նայիրի միության վարչության անդամ, նաև եղել է միության ուսանողական բաժանմունքի հիմնադիրներից մեկը և 11 տարի ներգրավված է եղել մանկական ամառային ծրագրի վարիչ կազմում։

2001-2004 թթ․ աշխատակցել է Թ․Հ․Թ․ Թեմական խորհրդի կողմից կյանքի կոչված Եղեռնի ոգեկոչման, 1999-2000թթ. համայնքի խնդիրները ուսումնասիրող և տարբեր այլ հանձնախմբերին։

 2001թ. մասնակցել է Երևանում անցկացված Հայաստան-Սփյուռք 2-րդ խորհրդաժողովին, նաև մասնակցել է 2002թ. Երևանում անցկացված  Համահայկական Երիտասարդական առաջին խորհրդաժողովին։ Նա նաև եղել է «Իրան-Հայաստան» բարեկամության միության Հիմնադիր անդամներից մեկը։

2006 թվականից Մաջիդիե քաղաքամասի Թաղային խորհրդի անդամ է եղել՝ մի քանի շրջան ստանձնելով ատենապետի պաշտոնը։

---

Ալբերտ Քոչարյանը չորս շրջան բարձր քվեով ընտրվեց Մաջիդիե քաղաքամասի պատգամավոր։ 13 տարի մաս  է  կազմել  Թ․Հ․Թ․ Պատգամավորական  ժողովին՝  որպես  Զեյթուն  քաղաքամասի պատգամավոր, իսկ 2009 թվականից անդամակցել է Թ.Հ.Թ. Պատգամավորական Ժողովի կազմակերպչական հանձնաժողովին։ Աշխատակցել է 11-րդ Պատգամավորական Ժողովի կողմից կյանքի կոչված հասարակական հարցերը ուսումնասիրող հանձնախմբին՝ 1998-9թթ.։ Աշխատակցել է  նաև  Թ․Հ․Թ․ 12-րդ  շրջանի  Պատգամավորական  ժողովի  կանոնակարգի  մշակման հանձնախմբերին (2001)։

Ալբերտ Քոչարյանը իր համախոհների հետ Պատգամավորական ժողովում հանդես է եկել «Թ․Հ․Թ․ Անկախ   Պատգամավորներ»   անվան   տակ։   Ալբերտի   և   իր   համախոհների կարգախոսն է «Մտածե՜նք անկախ, խոսե՜նք ճշմարիտ, գործե՜նք արդար»։ Ալբերտ Քոչարյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հետևյալ խոսքերով է հանդես եկել՝ «Անկախ չի նշանակում չեզոք։ Ընդհակառակը, մենք մեզ խիստ պատասխանատու ենք զգում նախ Աստծու առաջ, ինչպես նաև մեր թեմի անդամների ներկա և ապագա սերունդների դիմաց։ Ու նաև մեր խղճի»։

Ալբերտ Քոչարյանը որոշ ժամանակ համագործակցել է Հայերեն ռադիոժամի հետ, որպես հաղորդումների գնահատող: Այն օրերում աշխատած գործընկերները վկայում են, որ Ալբերտ Քոչարյանի մատնանշումները լիարժեք ուսուցանող էին, քանի որ նա խորապես ուսումնասիրում էր հաղորդումները, դրանց կառուցվածքի մեջ մտնող բառերն ու նախադասությունները և նա միայն քննադատողի դերում հանդես չէր գալիս, այլ նաև ուսուցանող առաջարկներ էր ներկայացնում:

2013  թվականի  Հոկտեմբերի  9-ին,  Թեհրանում,  կյանքից  վաղաժամ  հեռացավ ճարտարագետ, Թ․Հ․Թ․պատգամավորական ժողովի պատգամավոր Ալբերտ Քոչարյանը։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ Հոկտեմբերի 13-ին, Զեյթուն քաղաքամասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որից հետո դին ամփոփվեց Նոր Բուրաստան գերեզմանատանը։