Սեպտեմբեր 29, 2021 14:34 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրեցին  «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

2021թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում  տեղի ունեցավ իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրված էին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը ցուցադրվեցին հայերեն ենթագրերով։

Ծրագրում ներկայացվեցին «Թիկնապահը», «Վիլլայի բնակիչները» և «Գիշերային հերթափոխ» ֆիլմերը:

«Թիկնապահը» ֆիլմի ռեժիսորը Էբրահիմ Հաթամիքիան է:

Ռեժիսորը ֆիլմը նվիրել է ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այն միջին տարիքի մի տղամարդու մասին է, որը պաշտպանում է Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչներին:

«Վիլլայի բնակիչները» պատրաստել է Մունիր Ղեյդին:

Իրանական բանակի ղեկավարների համար հատկացված Villaeiha համալիրում է ապրում Ազիզն իր թոռների հետ: Էլյասը վարորդ է, որն ամեն անգամ դժվարությունների է հանդիպում, երբ անհրաժեշտ է լինում տեղեկություններ հաղորդել ընտանիքների մասին: Որոշ ժամանակ անց համալիր է գալիս Ազիզի հարսը` երեխաներին տանելու համար, բայց վերջինս հրաժարվում է:

«Գիշերային հերթափոխ»-ի ռեժիսորն է Նիքի Քարիմին:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Նահիդը, խաղաղ և հանգիստ կյանքով է ապրում իր ամուսնու և դստեր հետ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրան հայտնում են, որ իր ամուսինը ցանկանում է ինքնասպան լինել: Սկզբում նա չի հավատում այդ խոսակցություններին, բայց որոշ ապացույցներ գտնելուց հետո, սկսում է այդ ամենին ավելի լուրջ մոտենալ:

Նշվում է, որ 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում վերաստորագրեցին դեռևս 2017 թ․ գործող կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը։

Սույն համաձայնագիրը ենթադրում է գործակցության բազմազան ուղղություններ՝ նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

 

 

Իրանում պարտադրյալ պատերազմի տարիների մեծարման՝ «Սրբազան պաշտպանության շաբաթվա» մշակութային միջոցառումների մեկնարկի եւ «Նահատակ՝ Սոլեյմանիի գրականության» փառատոնի շրջագծում, 2021 թվականի սեպտ. 23-ին յուրահատուկ համերգ տեղի ունեցավ Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ղեկավարությամբ՝ մայեստրո Ռազմիկ Օհանյանի:

Դռնփակ համերգին, Թեհրանի սիմֆոնիկ եւ Ազգային օրկեստրի համատեղ նվագախմբին ղեկավարելու համար հրավիրվել էր մայեստրո Ռազմիկ Օհանյանը:

Խումբը կատարեց Բեհզադ Աբդիի «Պաշարման մեջ» ստեղծագործության մի հատվածը:

 

 

Իրանցի կինոբեմադրիչ Մարիամ Բահրոլօլումի պատրաստած «Քաղաքի տիկինը» գեղարվեստական ֆիլմը մասնակցելու է Հայաստանի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի 18-րդ շրջանի մրցութային բաժնին:

«Ոսկե Ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնը հոկտեմբերի 3-ից 10-ը տեղի կունենա Երևանում:

Մարիամ Բահրոլօլումի «Քաղաքի տիկինն» ավելի վաղ մասնակցել էր Իրանի «Ֆաջր» համաշխարհային կինոփառատոնի 38-րդ շրջանի «Երջանկության կինո» բաժնում:

Ինչ վերաբերում է ֆիլմի պատմությանը կինոռեժիսոր Մարիամ Բահրոլօլումին ֆիլմի մասին առած գրառման մեջ նշել է. «Ամենավատ պատիժներից մեկն այն է, որ անցանկալի սխալի կամ սխալ ցանկության միջև քեզ բանտարկես առհավետ...Այնպես որ ասես չունես ճամփա ոչ վերադառնալու և ոչ էլ առաջ գնալու համար: Ոչ մնալու տեղ ու ոչ էլ գնալու ուժ...»:

 

«Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» ցուցահանդեսում ընդգրկված են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու հայաստանյան, արտասահմանյան համերգների ազդագրերը: Ցուցանմուշներն ընդգծում են Սպենդիարյանի արժեքը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում:

«Այս ցուցահանդեսը միտված է մեր հարուստ մշակութային ժառանգությունը ևս մեկ անգամ  ներկայացնելուն, արժևորելուն»,-ասաց Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում: Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն միջոցառումներից է, որին մասնակցում են  բազմաթիվ երկրներ. կազմակերպվում է 70 հազար միջոցառում՝ ապահովելով մոտ 30 մլն այցելու: «Արդեն երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է այս նախաձեռնությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամեն տարի բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում՝ ուղղված հասարակության կողմից եվրոպական ժառանգության  մասին իրազեկվածության բարձրացմանը, որի կարևոր մասն է  հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը»,-ընդգծեց Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչը:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էլ հիշեցրեց, որ տարին սպենդիարյանական է, քանի որ նշվում է մեծ կոմպոզիտորի 150-ամյակը: «Հոբելյանին կազմակերպված միջոցառումները ոչ միայն համերգային են, այլև ունեն գիտական, հրատարակչական և այլ ուղղվածություն, իսկ այսօրվա ցուցադրությունն ընդգծում է Սպենդիարյանի  ժառանգության եվրոպական նշանակությունը, որովհետև նրա ոչ միայն ստեղծագործությունները, այլև նրա կյանքն ու կենցաղն են կրում   եվրոպական արժեքներ, որոնք Սպենդիարյանը սինթեզեց մեր ազգային արժեքների հետ և կարողացավ ցույց տալ, թե ինչ բարձր  կարող է լինել եվրոպական և արևելյան արժեքների համակեցության արդյունքը»,-ասաց Օթարյանը:

Տուն-թանգարանի տնօրենը հավաստիացրեց, որ տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների ընթացքում դեռ շատ բան կարող ենք բացահայտել Սպենդիարյանի կյանքից: «Նոյեմբերի 1-ին պատրաստվում ենք նշել կոմպոզիտորի ծննդյան օրը: Մինչ այդ համերգներ և դասախոսություններ, ցուցահանդես կկայանա Լոնդոնում, հետո՝  Վրաստանում, այնուհետև Հայաստանում: Գիտական նստաշրջան է սպասվում Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, որից հետո դասական համերգ կլինի Գյումրիում»,-տեղեկացրեց Օթարյանը:

Նրա խոսքով՝ հատկապես այս ծանր օրերին մեր ազգային արժեքները գնահատելն ու դրանցով առաջնորդվելը չափազանց կարևոր է:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

 

 

Անգլիայի Վինձորի ամրոցի այցելուներն այսուհետև այնտեղ կկարողանան տեսնել 17-րդ դարի հայ նկարիչ Մարկոսի` վերջերս վերականգնված երկու կտավները:

Կտավները տեղադրվել են Վինձորի ամրոցի թագավորական ճաշասենյակում՝ 150 տարի անց առաջին անգամ։ Վերջին անգամ դրանք ամրոցում են եղել 1870-ականներին։

Մարկոսն անհայտ նկարիչ է, և պարզ չէ, թե ինչպե՞ս և ե՞րբ են նկարները հայտնվել Անգլիայում։ Առաջին անգամ դրանք արձանագրվել են 1688 թվականին՝ Վինձորի ամրոցում, և կախված են եղել Ջեյմս երկրորդի պահոցում:

Արվեստի գործերի վրա պատկերված են զինվորական ազնվականության ներկայացուցիչ և Սպահանի հայկական շրջանի Նոր Ջուղայից չամուսնացած կին:

Նկարներում պատկերված անձինք պարսկական մետաքսից շքեղ գործվածքներով հագուստներով են։ Նմանատիպ հագուստով Սպահանի հայերն առևտուր էին անում ամբողջ աշխարհում։ Երկու դիմանկարներում կան նաև եվրոպական դրվագներ, ինչպիսիք են Վենետիկի գինու գավաթը, գերմանական ժամացույցները և հոլանդական ծաղիկները, որոնք խորհրդանշում են բարգավաճում։

 

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ նվիրեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին:

Սեպտեմբերի 26-ին գյուղ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կայացավ համերգ, որի ընթացքում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն էին։

Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։

Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի Հայաստանի կարևորագույն պատմամշակութային կոթողները, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել հայկական երաժշտության մեծերից՝ Կոմիտաս վարդապետին։

 

 

ԱՄԷ-ում անցկացվող InClassica 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես է եկել դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը։ Ելույթը բավականին հետաքրքիր էր, քանի որ երաժիշտը ներկայացրել է ստեղծագործություններ, որոնք գրված չէին դուդուկի համար։

Էմմանուել Հովհաննիսյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի կատարմամբ հնչել են մի շարք փոխադրումներ դուդուկի համար։ Փոխադրումները հայկական նվագարանի համար կատարել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը Դուբայ քաղաքում տեղի ունեցավ InClassica միջազգային փառատոնը, որի շրջանակներում ելույթ ունեցան հեղինակավոր և աշխարհում մեծ ճանաչում ունեցող նվագախմբեր, մենակատարներ ու դիրիժորներ։