Հոկտեմբեր 03, 2021 15:11 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի և Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Իրանի ու Հայաստանի գրական կամուրջ հանդիսացող և հայերենով ստեղծագործող միակ իրանցի բանաստեղծ ու մտավորական Ահմադ Նուրիզադեհի մահվան 40-րդ օրվա առթիվ կազմակերպված մեծարանքի հուշ-երեկոն։

Միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հանդիսությունների սրահում։

Հիշեցնենք, որ Ահմադ Նուրիզադեն իրանցի գրականագետ, թարգմանիչ և գիտնական էր: Նա Իրանում պարսկերեն լեզվով հայագիտության հիմնադիրն է: Նուրիզադեն աշխարհում միակ ոչ հայ բանաստեղծն էր, ով ստեղծագործում ու պոեզիա էր գրում հայերեն:

Վեց ամսից էլ քիչ ժամանակում նա սովորեց հայոց այբուբենը հայ բանաստեղծ Արշի Բաբայանից: Ինչպես նաև Սպահանի համալսարանի Հայագիտության ամբիոնի ղեկավար Խաժակ Տեր-Գրիգորյանի մոտ որոշ ժամանակ հայերենի ուսումնասիրությանը տրամադրելով` խորացրեց լեզվի գիտելիքները։ Այնուհետև Ահմադ Նուրիզադեն սկսեց թարգմանել և ներկայացնել հայ բանաստեղծների ստեղծագործությունները։ Հայաստանում նրան անվանում են «հայ ազգի պարսկախոս զավակ», և նա Հայաստանի գրողների միության կողմից ստացել է «Երախտիքի մրցանակ»:

 

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված արձակագիր Հակոբ Կարապենցի հիշատակին:

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Կարապետյանն ասաց, որ գիտաժողովի զեկույցներում ընդգրկված են Հակոբ Կարապենցի կյանքին, գործունեությանը, ստեղծագործության տարբեր ոլորտներին նվիրված նյութեր։ Գիտաժողովին մասնակցում են անվանի գրականագետներ Հայաստանից եւ արտերկրից։ «Բանախոսները ներկայացրեցին ոչ միայն Հակոբ Կարապենց գրողին, խմբագրին ու լրագրողին, այլեւ վերաարժեւորեցին նրա այն ստեղծագործությունները, որոնք նոր ուղենիշ են գալիք շրջանի հայ գրականության համար»,- ասաց նա։

Համազգայինի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը նշեց, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ կազմակերպած գիտաժողովները նպատակ ունեն առավել համակողմանի ներկայացնելու գրական այն անունները, որոնք հանրության շրջանում դեռեւս քիչ են ճանաչված։ Ըստ նրա՝ Հակոբ Կարապենցն այդ անուններից է, եւ այս գիտաժողովը առիթ է ներկայացնելու նրա գրական ժառանգությունը եւ հասարակական գործունեությունը։

Խոսելով գիտաժողովի կարեւորության եւ Հակոբ Կարապենցի ստեղծագործական ժառանգության մասին՝ Առաքելյանը շեշտեց՝ Կարապենցի ստեղծած գրականությունը հատել է համամարդկային սահմանները։ Ըստ նրա՝ թեեւ Կարապենցի հերոսները տարբեր են, սակայն կա մեկ ընդհանրական հենք, որի վրա բարձրանում է Կարապենց գրողի ճշմարտությունը։ Առաքելյանի խոսքով՝ նրա ապրած կյանքի եւ գրականության ներդաշնակումը ընթերցողին տանում է Կարապենցի բանաձեւած ճշմարտության հետեւից եւ խորհելու առիթ տալիս յուրաքանչյուրին։ Նրա «Երկու աշխարհ» հրապարակախոսական, տեսական-վերլուծական հոդվածների ժողովածուն վկայությունն է այն իրողության, որ գրողի տողը արգասիքն է նրա անմիջական, զգացական, պոռթկուն խառնվածքի՝ առանց ավելորդ զարդարումների։

«Հակոբ Կարապենցը Սփյուռքում ստեղծագործող այն մտավորականներից է, որոնք դատապարտված էին երեւակայությամբ կերտել Հայաստանի կերպարը՝ հոգեպես կապված լինելով Հայրենիքի հետ։ Հոդվածներից մեկում ինքն իր մասին ահա, թե ինչ է գրում․ «Գրելով՝ անմահության չեմ ձգտում։ Եթե անմահության ձգտեի մեկ շնչով չէի գրի։ Առաջին տարբերակը վերջինը չէր լինի։ Կնստեի, կհղկեի, կվերախմբագրեի, մինչեւ որ անթերի լիներ գործը՝ զերծ խորդուբորդություններից, անտաշ քարերից ու մացառներից։ Այսպիսով՝ իմ տեղը կապահովեի արդի դասականների շարքում։ Սակայն ես անմիջական անցավորն եմ, եւ ներկան է իմ մտասեւեռումը։ Ինչպես ժամանակն է անսկիզբ ու անվախճան, այնպես էլ՝ իմ գրականությունը։ Ինչպես կյանքն է անակնկալներով ու վարուվերումներով, այնպես էլ՝ իմ գրական փորձերը, ուր հարազատ ու ճշգրիտ խոսքը ինձ համար ավելի կարևոր է, քան գեղեցիկ ու գեղագիտական մարզանքը»։ Հակոբ Կարապենցի գրականությանը ծանոթ ընթերցողը, համոզված եմ, հավատալու է գրողի անկեղծ այս խոստովանությանը»,- ասաց Առաքելյանը՝ ընդգծելով՝ Կարապենցը չի հավակնում բացարձակ ճշմարտություններ ասել։ Նա այն կարծիքին է, որ կյանքում ամեն ինչ հարաբերական է։ Գրողի տեսական դատողությունները փորձված ու փորձություններ անցած եզրահանգնումներն են։

Նշենք, որ գիտաժողովի կազմկոմիտեում են՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, «Համազգային» հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, Համազգայինի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինատիտուտի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանը եւ այլք:

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը մեկնարկեց սեպտեմբերի 29-ին։ Մեկնարկը տրվեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով:

Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։

«Արմենիա» փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի մասնակցությամբ: Փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են հայտնի  կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Պյոտր Չայկովսկու, Ֆրեդերիկ Շոպենի, Էդվարդ Գրիգի, Ժորժ Բիզեի, Ղազարոս Սարյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի և այլ հեղինակների ստեղծագործությունները: Փառատոնին կմասնակցեն հայտնի արտիստներ՝ ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, Սերգեյ Դոգադինը, Մարկ Բուշկովը, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Յոլ Ում Սանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նարեկ Հախնազարյանը, դիրիժորներ, Սերգեյ Սմբատյանը, Դմիտրի Յաբլոնսկին, Մարիուս Ստրավինսկին, Ֆելիքս Կորոբովը, Ալան Չիրկոպը, Կոնրադ վան Ալֆենը, Ջանլուկա Մարչիանոն և այլք:

Համերգները տեղի կունենան Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։

Փառատոնի բացման երեկոյի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Մարկ Բուշկովը։ Ծրագրում հնչեցին Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։

«Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով:

Մի քանի տարվա պատմության ընթացքում փառատոնը հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում: Երևանում ամեն տարի անցկացվող այս փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելն աշխարհի հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է  հասանելի:

Մեծանուն արտիստների կողքին «Արմենիա» միջազգային փառատոնը հնարավորություն է ընձեռում նաև շատ նորահայտ երիտասարդ երաժիշտների ելույթ ունենալու լայն հանդիսատեսի առջև և իրենց տեղը գրավելու կատարողական արվեստի ասպարեզում:

 

 

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում արվեստասերներին ներկայացվեց թանգարանի «ետնաբեմը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը։

Դրա առաջին ցուցադրությունը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակից ծովանկարիչներ՝  Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները։

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը դիմելով ներկաներին՝ ասաց, որ կարևոր են մշակութային ժառանգության տարածումը, պահպանումն ու վերականգնումը։

«Այս նախագիծը միտված է թանգարանի բացահայտմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության համաշխարհային հանրահռչակմանը։ Թանգարանն առաջին անգամ է  իրագործում նման նախագիծ, այն նվիրված է Այվազովսկուն և իրեն անմիջականորեն առնչվող ծովանկարիչներին։ Նախագիծը կոչվում է «Նվիրատուներ և նվիրատվություններ», քանի որ թանգարանը 100 տարեկան է և իր հավաքածուում այսօր ունի 40 հազարից ավելի նմուշ։ Այս հավաքածուի մեծ մասն իրական գլուխգործոցներ են և դրանք այս թանգարան մուտք են գործել նվիրատուների շնորհիվ»,- նշեց Հակոբյանը։

Համադրող Հայկուհի Սահակյանը ներկաներին իր հեղինակային էքսկուրսիայով ներկայացրեց ցուցադրությունը:

«Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագծի ցուցանմուշները որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ, Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ։

 

Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն՝ Հայկ Հակոբյանը, ով այս ընթացքում բուժումը շարունակում էր հիվանդանոցում:

Հայկ Հակոբյանը 1987-ին ավարտել է Երևանի  Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

 

 

Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը։

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է ֆրանսիացի աուդիտորի՝ Ալենի մասին, որը ժամանում է ԼՂ-ի նորակառույց օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր պետական համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի  վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները. հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films):

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 

 

 

Պիտակ