Հոկտեմբեր 06, 2021 12:46 Asia/Yerevan

Իրանահայ ճարտարապետ, բանաստեղծ և ԻԳՄ-ի ժամանակի նախագահ Թորգոմ Տեր Հակոբյան:

Երբ Սովորում ենք առանց խտրականության նայել մեր շուրջ ապրող մարդկանց, այն ժամանակ սկսում ենք հայտնաբերել այնպիսի մարդկանց, որոնք իրենց լուռ կեցվածքով իրականացրել են մեծ գործեր: Գործեր որոնք թեև ժամանակին բնավ էլ չեն երևացել, բայց ունեցել են կենսական նշանակություն: Մենք հաճախ այս կամ այն մարդու գործերը գնահատում ենք մի մեծ դաշտում՝ իհարկե համեմատելով այս կամ այն մեծությունների հետ, բայց երբեմն մոռանում ենք, որ ամեն մարդ եզակի անհատականություն է և հնարավոր չէ այդպես մոտենալ նրան: Մի պարտեզում ամեն մի ծաղիկ ունի իր բույրը և երանգը: Ծաղիկների տարբերությունն է, որ գեղեցկացնում է պարտեզը, քանի որ հակառակ դեպքում միանմանությունը կձանձրացներ պարտեզ մտնողներին: Մեր համայնքային անդաստանում գործող անձինք էլ տարբեր են միմյանցից և նրանց գործը արժևորվում է ոչ թե մեծության այլ սիրո ու նվիրվածության չափանիշներով: Երբեմն մարդիկ իրենք չեն էլ նկատում, որ ինչ արժեքավոր գործեր են կատարել: Չեն նկատում քանի որ հայտնի դառնալու մտադրություն չունեն: Սակայն անկախ դրանից, որ նրանք ժամանակին ինչ մոտեցում են ունեցել այս խնդրի նկատմամբ, շատ կարևոր է բացահայտել նրանց ու մոռացության չտալ նրանց կողմից ազգին մատուցված թեկուզ ամենաչնչին ծառայությունը»:

Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ ճարտարապետ, բանաստեղծ և ԻԳՄ-ի ժամանակի նախագահ Թորգում Տեր Հակոբյանին:

Իրանահայ ճարտարապետ, բանաստեղծ, ԻԳՄ-ի ժամանակի նախագահ և ազգային գործիչ Թորգոմ Տեր Հակոբյանը ծնվել է 1938թ. Արաքի Սուլթանաբադ Քաղաքում: 1944թ. տեղափոխվել է Թեհրան, որտեղ տարրական կրթությունը ստացել է «Դանայի» և միջնակարգը «Քուշեշ-Դավթյան» դպրոցներում: 1968թ. ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը մագիստրոսի մակարդակով: Թորգոմ Տեր Հակոբյանը դեռ պատանեկան հասակից զբաղվել է գրականությամբ ու գեղանկարչությամբ:

Ավելի քան կես դար աշխատել է ազգային, հասարակական ու միութենական ասպարեզներում և իր բոլորանվեր գործունեությամբ սատար է հանդիսացել հայապահպանման կենսական գործին այն էլ սփյուռքյան պայմաններում:

Թորգոմ Տեր Հակոբյանը մանկապատանեկան տարիքից հատուկ հետաքրքրություն է դրսևորել գրականության ու գեղանկարչության նկատմամբ: 1952 թվականից  աշխատակցել է Թեհրանում արձակագիր Արամ Գառոնեի ու մի շարք մտավորականների կողմից հրատարակվող «Լուսաբեր» մանկապատանեկան ամսագրին: 1954թ. նույն ամսագրում լույս է տեսել Թորգոմ Տեր Հակոբյանի առաջին պատմվածքը՝ «Ընկերասեր Վարդանը», այնուհետև շարունակել է աշխատակցել նույն ամսագրին ու ավելի ուշ «Ալիք» օրաթերթին գրելով մի շարք գրական հոդվածներ:

Թորգոմ Տեր Հակոբյանը եղել է Թեհրանի հայոց միջնակարգ դպրոցների շրջանավարտների միության հիմնադիրն ու արտոնատերը: Մի քանի շրջան նախագահել է Արարատ կազմակերպության Երեցների ու Արվեստից միությունների վարչությունները: Ժամանակին եղել է նաև Հայ համալսարանականների ընդհանուր միության վարչության անդամ:

Երկու շրջան նախագահել է ժամանակի «Շահազիզ» մարզամշակութային միության վարչությունը: Տեր Հակոբյանը 1968 թվականից անդամակցել է պատանեկան միությանը և եղել է ժամանակի ուսանողական միության հիմնադիրներից մեկը:

Ճարտարապետ Թորգոմ Տեր Հակոբյանը նախագծել է  Հ.Մ.«Սիփան» միության կենտրոնատեղիի շենքը ,որը  կառուցվել է  նրա  ուղղակի վերահսկողությամբ։

Թորգոմ Տեր Հակոբյանը 1967թ. ընտրվել է որպես Թեհրանի հայոց ծխական-ներկայացուցչական ժողովի ութերորդ նստաշրջանի ներկայացուցիչ և այնուհետև նշանակվել է որպես, նախ Հայոց ազգային «Սահակյան» և ապա «Մարիամյան» դպրոցների հոգաբարձության անդամ:

1980-1986թթ. միջև ընկած ժամանակահատվածում, ժամանակի պատգամավորական ժողովի որոշմամբ ընտրվում է Թեմական խորհրդի անդամ, զբաղեցնելով փոխատենապետի պաշտոնը և ավելի քան վեց դժվարին տարիներ իր ծառայությունն է մատուցում այդ խորհրդում:

Թորգոմ Տեր Հակոբյանը մասնակից ու դերակատար է եղել Թեհրանի Զեյթուն քաղաքամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց և Ղորուղի Սուրբ Նահատակաց մատուռի և Արարատ մարզավանի Մատուռի կառուցման աշխատանքներին: 

Իրանին պարտադրված 8-ամյա պատերազմի ընթացքում եղել է Խուզեստան նահանգի պատերազմից տուժած հայ հայրենակիցներին օժանդակող շտաբի անդամ և շտաբի հետ Թեմական խորհրդի կապը: Նույն տարիներին Թորգոմ Տեր Հակոբյանը եղել է ռազմաճակատներում տեխնիկական աշխատանքներ իրականացնող հայ արհեստավորներին և ռազմաճակատներին մթերք մատակարարող շտաբի պատասխանատու նախագահ՝ իր ծառայությունը շարունակելով մինչև զինադադարի հաստատումը 1988թ.:

Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիներին Թեմական խորհրդի գծով հայահոծ թաղամասերում կազմակերպել է «շտապ օգնության» հատուկ ջոկատներ, անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն և ռմբակոծություններից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար:

Թորգոմ Տեր Հակոբյանը մասնակցել է Թեմական խորհրդի շինարարական հանձնախմբի աշխատանքներին, վերահսկելով դպրոցներում իրականացվող վերանորոգումները:

2000-2003թթ. եղել է հայ ակումբի վարչության անդամ, զբաղեցնելով փոխատենապետի պաշտոնը:

Վերոնշյալ աշխատանքների հետ զուգընթաց նա ենթարկվելով իր գեղարվեստական ներքին մղումներին շարունակել է իր ստեղծագործությունները: Թորգոմ Տեր Հակոբյանը տպագրել է երկու ժողովածուներ «Կարոտի կանչեր» և «Հաղթանակ» անուններով: Հարկ է նշել, որ երկու ժողովածուներն էլ լույս են տեսել Հայաստանում:

Թորգոմ Տեր Հակոբյանը ժամանակին եղել է Իրանահայ գրողների միության վարչության նախագահը: Նա 2005 թվականի մայիս ամսի 21-ին և 22-ին մասնակցել է Հայաստանի գրողների միության 14-րդ համագումարին որպես ԻԳՄ-ի ներկայացուցիչ:

Թորգոմ Տեր Հակոբյանը ինչպես ասացինք մասնագիտությամբ ճարտարապետ է: Թե ինչպես է նա ճարտարապետությունն ու գրականությունը համատեղում իրար հետ նա բացատրում է, որ ինքը ցանկացել է համալսարանում ընդունվել արվեստի որևէ ճյուղում: Ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: Տեր Հակոբյանն ասում է, որ արվեստին մոտիկ միակ ճյուղը ճարտարապետությունն էր, որ բարեբախտաբար ընդունվել էր այդ ճյուղում:

Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների մասին ու արվեստի ու գրականության ոլորտում դրա թողած ազդեցության մասին Թորգոմ Տեր Հակոբյանը ժամանակին հայերեն ռադիոժամին տված հարցազրույցում այսպես է ասել:

Բարեկամներ ինչպես ասացինք հայերեն ռադիոժամը պատիվ է ունեցել ժամանակին իր հարկի տակ հյուրընկալել Թորգոմ Տեր Հակոբյանին: Այժմ կներկայացնենք ռադիոժամին տված հարցազրուցից մի հատված, որտեղ նա կարդում է իր ստեղծագործությունները: