Հոկտեմբեր 11, 2021 16:11 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ լինում են դեպքեր, երբ փոքրիկն արդեն 3 տարեկան է, բայց կա´մ դեռ չի խոսում, կա´մ էլ շատ քիչ, անհասկանալի ու կցկտուր է արտահայտում բառերը: Իսկ ի՞նչ պետք է անեն ծնողները նման դեպքերում: Լա՞վ է դա, թե՞ վատ: Արժե՞ անհանգստանալ, թե՞ ամեն ինչ կարգին է, ու դեռ պետք է սպասել:Այս թողարկման ընթացքում հոգեբանների օգնությամբ կփորձենք պատասխանել այս հարցերին։

Երեխայի կյանքի և միջավայրի  փոփոխություն, ծկլթու՞մ է երեխայի ատամիկը կամ նա հիվա՞նդ է, գնու՞մ է, արդյոք,մանկապարտեզ, մեկնու՞մ է ճանապարհորդության կամ մշտական բնակության այլ երկիր: Այս բոլոր  իրավիճակները կարող են բացասաբար ազդել երեխայի խոսքի զարգացման վրա: Ավելին՝ որոշ դեպքերում խոսքը կարող է նաեւ նահանջել:

Խոսքի բացակայություն. սա կարող է դրսեւորվել երկու տարբեր իրավիճակներում. առաջին՝ երբ երեխան քիչ է շփվում մարդկանց հետ, փոխարենը երկար ժամանակ  է անցկացնում համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ:  Երկրորդ՝ երեխան, գտնվելով մարդկանց շրջանում և շփվելով նրանց հետ, հաղորդակցվում է ժեստերի միջոցով: Այս դեպքում ծնողներին խորհուրդ է տրվում չարձագանքել և ձևացնել, իբրև թե  չեն հասկանում:

Զարգացման շեղումներ. սա կարող է հաստատել միայն  բժիշկը՝ հետազոտության արդյունքում: Եթե արձանագրվում են շեղումներ, պետք է ոչ թե խուճապի մատնվել, այլ զինվել համբերությամբ և օգնել փոքրիկին խոսել:

Հատուկ դեպքեր. այս խորագրի ներքո կարելի է դիտարկել տարբեր իրավիճակներ, օրինակ՝ տարբեր լեզուներով խոսող ծնողների երեխաները սովորաբար ավելի ուշ են սկսում խոսել: Երկվորյակ երեխաները շատ հաճախ ստեղծում են իրենց սեփական լեզուն և հաղորդակցվում միմյանց հետ: Այս դեպքում երեխաների համար պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ և դուրս բերել լայն հասարակություն՝ հնարավորություն ընձեռելով նրանց շփվել այլ մարդկանց հետ:

Ծանոթություն լեզվի զարգացման խնդիրների հետ.

Երեխան 1.5 տարեկան է.

  • Չի արտաբերում որեւէ բառ անգամ այն դեպքում, երբ դուք անդադար խոսում եք նրա հետ:
  • Առհասարակ չի արձագանքում բանավոր խոսքին, միայն իր ուզածը հասկացնում է մատների միջոցով:
  • Շփվում է միայն ժեստերի ու լացի միջոցով:

Երեխան 2 տարեկան է.

  • Չի հասկանում իրեն ուղղված խոսքը:
  • Վատ է սովորում նոր բառեր, չի կապում բառերն իրար:
  • Շարունակում է օգտագործել ժեստերը և լացը՝ որպես հաղորդակցման միջոց:
  • Դադարում է արտաբերել նույնիսկ այն բառերը, որոնք արտաբերում էր նախկինում:

Երեխան 3 եւ ավելի տարեկան է.

  • Չի կապում բառերը՝ ստեղծելով մտքի իմաստ:
  • Շարունակում է բառերն արտաբերել խեղաթյուրված տարբերակով:
  • Չի հիշում որեւէ ռիթմ, մեղեդի կամ բանաստեղծություն:

Ի՞նչ պետք է անել այս դեպքերում.

Խորհրդակցել բժիշկի հետ: Եթե որևէ կասկած կա, որ երեխան ունի խոսքի զարգացման հետաձգում, պետք է չվարանել և դիմել մասնագետի՝ նյարդաբանի, հոգեբանի և լոգոպետի: Նրանց օգնությամբ կարելի է հարթել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները, եթե, իհարկե, համոզված եք, որ ձեր ընտրած մասնագետն ունի համապատասխան որակավորում և փորձ:

Պարբերաբար զբաղվել երեխայով, խոսել նրա հետ

Երբ երեխան չի խոսում,  չպետք է նրան դատապարտել միայնության: Պետք է ավելի շատ խոսել նրա հետ, հեքիաթ պատմել, հարցեր տալ՝ առանց պատասխանի ակնկալիքի, շատ ածականներ օգտագործել, երգել նրա համար: Պետք է ընտրել այնպիսի խաղեր, որոնք նա սիրում է և խաղալ նրա հետ: Եվ ամենակարևորը՝ երբեք չպետք է հուսալքվել ու բարկանալ փոքրիկի վրա:

---    

Բացի մասնագետներին այցելելուց, դուք ինքներդ էլ պետք է աշխատեք: Որքան հնարավոր է շատ շփվեք ձեր երեխայի հետ: Օրինակ` եթե նրան խնդրում եք որևէ իր բերել մյուս սենյակից, ապա հետո հարցրեք, թե ի´նչ է բերել ձեզ համար, ի´նչ գույն ունի տվյալ իրը կամ որտե´ղ էր դրված:

Երեխաներին օգնեք խոսել սովորելու: Դրա համար նրան օրինակներ տվեք. «Սա շուն է, սա կատու է, սա գնդակ է…» Աշխատեք հնարավորինս պարզ ու հստակ արտասանել բոլոր բառերը:

Բացի ընտանիքի անդամների հետ շփումից, շատ կարևոր է, որ երեխան ժամանակ անցկացնի նաև իր հասակակիցների հետ, մանկապարտեզ հաճախի, բակում խաղա:

Երեխայի հետ հաճախ այնպիսի խաղեր խաղացեք, որոնք կնպաստեն նրա ձեռքերի մոտորիկայի զարգացմանը, քանի  որ վերջինը մեծ կապ ունի երեխայի խոսքի գործառույթի զարգացման հետ:

Նշենք, որ 3 տարեկանն այն շրջանն է, երբ երեխան հստակ խոսք պետք է ունենա, դրա բացակայությունն արդեն ահազանգ է ծնողների համար: Հիշե´ք` ինչքան շուտ դիմեք մասնագետներին, այնքան արագ կկարողանաք հասկանալ, թե ինչպե´ս օգնել երեխային, ի´նչ միջոցներով նպաստել նրա խոսքի զարգացմանը:

---

Բժիշկները հաճախ բախվում են երեխայի հանդեպ ծնողների երկու հակադիր վերաբերմունքների:

Առաջին դեպքում մեծահասակները գերանհանգստացած են, երբ երեխան երկու տարեկանում չի խոսում, արդեն խուճապի են մատնվում:

Չէ՞ որ ընկերուհու խոսքով՝ իր երեխան այդ տարիքում արդեն բանաստեղծություններ էր արտասանում:

Երկրորդ խումբը համառորեն փորձում է չնկատել երեխայի զարգացման խնդիրները՝ ամեն ինչ վերագրելով ժառանգականությանը կամ երեխայի գերհանգիստ բնավորությանը:

Հաճախ երկրորդ խմբի ծնողները սարսափում են, երբ բժիշկն ախտորոշում է «խոսքային զարգացման ուշացում» և ուղեղի աշխատանքը լավացնող դեղերի ցանկ է տալիս:

Բժիշկ Կոմարովսկին համոզված է,որ խոսքային զարգացման ոչ մի ուշացում չի բուժվում դեղերով: Նա պնդում է, որ պետք է պարզել խոսքի ուշացման գլխավոր պատճառը և բուժումը սկսել արդեն ելնելով դրանից. «Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե դուք հատկապես ինչ նկատի ունեք «չի խոսում» տերմինի ներքո՝ չի հասկանում և չի խոսո՞ւմ, ամեն ինչ հասկանում է, բայց լռո՞ւմ է, խոսում է, բայց անահասկանալի՞ (ձայներ է հանում, բայց բառեր չի կազմում), առանձին բառե՞ր է ասում, բայց դրանցով նախադասություն չի՞ կազմում:

Ամեն դեպքում, եթե երեխան խոսքի հետ կապված խնդիրներ է ունենում, առաջին հերթին պետք է համոզվել, որ երեխան լավ է լսում:

Եթե ձայնին արձագանքը նորմալ է, ականջների հիվանդությունը՝ որպես խոսքային խանգարման պատճառ, կարելի է բացառել:

 

Շատ հազվադեպ, բայց լինում է, որ «խոսքային հետամնացության» պատճառ է լինում ուղեղի որևէ հիվանդություն:

Նույնիսկ ֆոնային նյարդաբանական խանգարումը կարող է խոսքային կենտրոնի խանգարում առաջացնել:

Եթե երեխան նման խնդիր ունի, պետք է բուժել հիմնական հիվանդությունը՝ խոսքի բարդացման պատճառը:

Պետք է հնարավորինս շուտ նյարդաբանի դիմել:

Եթե չխոսող երեխան առողջ է, ամեն ինչ հասկանում է, ակտիվորեն շփվում է, ճանաչում է մտերիմներին, ապա մինչև 3 տարեկանը մտահոգվելու կարիք չկա:

Եթե նա 3 տարեկանից հետո էլ բառեր, նախադասություններ չի կազմում, ապա պետք է նյարդաբանի դիմել:

Եթե երեխան 3-4 տարեկանից հետո նորմալ խոսում է, բայց առանձին տառեր չի արտաբերում, պետք է դիմել և՛ նյարդաբանի, և՛ լոգոպեդի: Երեխայի խոսքային դժվարության պատճառ կարող է լինել նաև նրա հետ քիչ խոսելը»:

---

 

Պիտակ