Հոկտեմբեր 13, 2021 13:11 Asia/Yerevan

Իրանահայ վաստակավոր ուսուցիչ, արվեստի վաստակավոր գործիչ պրն. Միշա Հայրապետյան։

Ուսուցչությունը կոչում է: Այն քչերին է տրվում: Ուսուցչական կոչումին հավատարիմ լինելը չափազանց դժվար գործ է: Գալիս են պահեր, որ իրական ուսուցիչներն իրենց կյանքի ու առողջության գնով են կյանքի ու մարդկության դասեր տալիս իրենց աշակերտներին՝ իրենց կյանքը բեկոր առ բեկոր բաշխելով իրենց սիրասուն սաներին որպես լույս, որպես ջերմություն, որպես սեր, համոզում ու հույս: Նրանք սիրում  իրենց աշակերտներին ու սիրվում նրանց կողմից: Նրանք ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունեն: Նրանց գնահատանքը իրենց աշակերտների լուռ բայց ամեն ինչ ասող հայացքներն են ու կյանքում նրանց հաջողությունները: Նրանք միշտ ապրում են իրենց աշակերտների սրտերում՝ որպես հուշ, որպես սիրո, բարության ու նվիրվածության խորհրդանիշ: Նրանք աշակերտների սրտերում իրենց ներկայությամբ անվերջ հիշեցնում են անցած դասերն ու իրենց ասած անհամար խոսքերը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ վաստակավոր ուսուցիչ պարոն Միշա Հայրապետյանին:

***

Միշա Հայրապետյանը ծնվել է 1941 թվականին Թեհրանում: Նրա ծնողները բնիկ շուշեցի էին: Նա սովորել է Թեհրանի Հայոց ազգային «Քուշեշ-Դավթյան» միջնակարգ դպրոցում: 1960թ. ֆինանսական դժվարություններով հանդերձ հաջողում է ավարտել միջնակարգ դպրոցը: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Թեհրանի պետական համալսարան և շատ ժամանակ չանցած Լիսաբոնի համալսարան, սակայն կյանքի անձուկ պայմանների հետևանքով չի կարողանում համալսարանական ուսում ստանալ: Այնուհետև տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ  կարողանում է լրացնել իր ուսման պակասը և ձեռք է բերում խոր գիտելիքներ հայ գրականության ու արվեստի բնագավառներում:

Միշա Հայրապետյանը վաղ մանկական տարիքից մեծ սեր և հետաքրքրություն է ցուցաբերել գրականության, թատրոնի և ասմունքի նկատմամբ:

Դպրոցական նստարանից սկսել է գրել նախ բանաստեղծություններ եւ ապա անցել է արձակին. խաղացել է դպրոցական ներկայացումներում: Այդ տարիներին մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի թատերախմբի Ռուբեն Աթայանի, Վաչե Ատոմյանի, Վահան Աղամալյանի, Ս. Սվաճյանի ղեկավարությամբ կազմակերպած բեմադրություններին, ի շարս դրանց կարելի է նշել՝ «Շեռլոկ Հոլմզ», «Վիլհելմ Տել», «Սասունցի Դավիթ», «Տորք Անգեղ», «Մահվան օղակը», «Փոթորիկ նավաստին», «Գեորգ Մարզպետունի», «Փոթորիկը» եւ «Սամվել»-ը: Այս աշխատանքներին զուգընթաց՝ պատանի տարիքից հետեւողականությամբ կարդում է հայ և իրանական դասական եւ արդի գրականությունը, ինչպես նաեւ միջազգային գրականությունից թարգմանված բազմաթիվ գործեր, որով ձեվավորվում են նրա գրական-գեղարվեստական հայացքները: 1961թ. մտնում է ուսուցչական ասպարեզ: Երեք տարի պաշտոնավարել է Աբադանի «Ադաբ» ավագ դպրոցում որպես հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցիչ: Հետագայում տեղափոխվելով Թեհրան, իր աշխատանքը շարունակել է «Մարիամյան» և «Քուշեշ» միջնակարգ դպրոցներում:

1961 թվականին Հ.Մ.Ա.Կ.-ի մի խումբ թատերասերներ ժամանակի անվանի արվեստագետ Շահեն Սարգսյանի ղեկավարությամբ հիմնում են «Արմեն» թատերախումբը, որի հետ որպես հիմնադիր անդամ՝ համագործակցում է Մ. Հայրապետյանը: 1967 թվականից սկսում է պաշտոնավարել Թեհրանի հայոց թեմի Հայերենագիտական երեկոյան դասընթացներում՝ որպես հայոց լեզվի, գրականության եւ գրաբարի դասախոս: Միևնույն ժամանակ, սկսում են «Ալիք»-ում լույս տեսնել նրա մի շարք գրական-գեղարվեստական հոդվածները: Նա գրական-թատերական եւ հասարակական թեմաներով բազմաթիվ դասախոսություններ է կարդացել տարբեր միություններում:

Իրանահայ գրականության մասին և թե այն ինչ տեղ է զբաղեցնում հայ գրականության մեջ պարոն Միշա Հայրապետյանը այսպես է ասել.

 Միշա Հայրապետյանը 1971 թվականին հիմնում է «Կռունկ» թատերախումբը եւ մի շարք երիտասարդ սիրողների մասնակցությամբ բեմադրում է Իւ. Օնեյլի «Յուղը» եւ «Կարդիֆի ճանապարհին», Ա. Պ. Չեխովի «Արջը» եւ «Առաջարկությունը», Ալ. Շիրվանզադեի «Արմենուհին», Ռ. Պատկանյանի «Չախուն», Վ. Միրաքյանի «Լալվարի որսը»:

Այս տարիներից զբաղվում է ասմունքողներ եւ դերասաններ պատրաստելու գործով եւ իբրեւ նորույթ՝ ստեղծում է բազմաձայն եւ ներդաշնակ խմբական ասմունքի ձևեր՝ Ն. Շնորհալու «Առավոտ լուսո»: 1976-79 թթ. վարում է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթի խմբագրությունը՝ տալով թարմ ձևակերպումներ եւ նորովի բովանդակություն այդ հրատարակությանը: 1978 թվականին ընտրվում է Իրանի հայոց լեզվի եւ պատմության դասագրքերի միջթեմական հանձնախմբի անդամ:

Տարիների ընթացքում իր գործընկերների հետ մասնակցում է հայոց լեզվի եւ պատմության նոր դասագրքերի կազմության եւ մշակման աշխատանքների, որից 10 հատոր դասագիրք է հրատարակվել: 1981 թվականին բեմադրվում են «Ուրվականը» եւ «Թյուրիմացությունը» եւ Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» թատերգությունները՝ համագործակցելով Թեհրանի մի շարք միությունների հետ՝ կազմելով երիտասարդական նոր թատերախմբեր եւ գրական խմբեր՝ իր ղեկավարությամբ: 1980-95 թթ. վարում է «Մարիամյան» դպրոցի փոխտնօրենի պաշտոնը: 1989-93 թվականներին ընտրվում է Թեհրանի թեմի Ուսումնադաստիարակչական հանձնախմբի նախագահ՝ մասնակցելով կրթական մի շարք ծրագրավորումների, ձեռնարկումների եւ հրատարակությունների:

1988 թվականին Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնությամբ բեմականացնում է Թումանյանի «Մարօ»-ն, «Աղթամար»-ը եւ «Թմկաբերդի առումը»: Նոր թափ է ստանում նրա բազմաձայն ասմունքը՝ որպես նոր ձեւ, որի գործընթացում հիմնական դերակատարություն ունի. նա կազմակերպում է բազմաթիվ ասմունքային եւ գրական երեկոներ: 1986 թվականին հիմնում է Հ. Ուս. «Չհարմահալ» միության Գրական երիատսարդական խումբը եւ ունենում բազմաթիվ գրական ելույթներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ եւ այլն: 1986 թվականին դառնում է Իրանահայ գրողների միության պատվո անդամ եւ կարդում է գրական տեսության թեմայով դասախոսական շարան: Անդամակցում է Թ. Հ. դպրոցների ուսուցիչների միության, ուր կազմակերպում է զանազան աշխատանքներ:1989 թվականին բեմադրում է Ա. Պ. Չեխովի «Քեռի Վանիա» թատերգությունը՝ տեղիս դերասանների մասնակցությամբ: 1990 թվականին բեմադրում է իր գրած «Ավետում» թատերգությունը՝ Գևորգ Չավուշի կյանքի մասին:

1991 թվականին բեմադրում է «Անուշի աչքերով» թատերգությունը՝ ըստ Հ. Թումանյանի «Անուշ»-ի: Այս բեմադրությունը, իր նոր ձևակերպումով եւ նոր թատրոնի հիմունքներով, մեծ հետաքրքրություն է ստեղծում թատերասեր հասարակության մեջ: Նույն թեմայով 1993 թ. նա ելույթ է ունեցել Հայաստանի Գիտությունների ազգ. ակադեմիայում՝ ներկայացնելով իր տեսակետներն ու առաջարկները: Այդ դասախոսությունը հրատարակվում է թերթերում եւ արժանանում ընթերցողների ուշադրությանը: Այս նորովի բեմադրության մասին մամուլում դրական են անդրադառնում տեղիս թատերական արվեստի մի քանի վարպետներ՝ այն համարելով զգայատեսական թատրոնի նոր արտահայտություն:

1992 թվականից վարել է Թ. Հ. Թ. Հայերենագիտական երեկոյան դասընթացների տնօրենի պաշտոնը՝ մինչև իր կյանքի վերջին օրերը: 1993 թ. Երեւանի Հ. Աճառյանի անվան համալսարանի հրավերով՝ մեկնում է Հայաստան եւ դասական ուղղագրության թեմայով դասախոսություն է կարդում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ու համալսարանում: Դասախոսությունը հրատարակվում է մամուլում եւ լայն անդրադարձ է ունենում: 1987 թվականին «Ներսես Շնորհալի» մշակութային ֆոնդի կողմից պարգևատրվում է որպես հայ թատրոնի եւ հայ դպրոցի վաստակավոր գործիչ: 1988 թվականին հիմնում է «Սիփան» միության երիտասարդական թատերախումբը եւ բեմադրում է Վ. Մովսիսյանի «Կապույտ լճակները», Ղ. Աղայանի «Անահիտ»-ը, Շ. Վիլդրակի «Համառության շոգենավը», Արաքսյանի «Ուրվականը» եւ «Թյուրիմացությունը»:

Մ․ Հայրապետյանը 1987 թվականից աշխատում է որպես Իրանի Իսլ. Հանրապետության արդարադատության նախարարության հայերեն-պարսկերեն պաշտոնական թարգմանիչ՝ անդամակցելով Իրանի Թարգմանիչների միության: Երկու շրջան, մինչեւ 2001 թվականը, վարում է Իրանահայ ուսուցիչների միության նախագահի պաշտոնը: Իր պաշտոնավարության ընթացքում միությունը ունենում է կենտրոնատեղի և կազմակերպում է ուսուցիչների այցելությունը՝ Հայաստան եւ Արցախ: Եղել է նաեւ Իրանահայ ուսուցիչների միության «Ուսուցիչ» պարբերաթերթի խմբագիրը:

Միշա Հայրապետյանը 2000 թվականին ժողովրդի կողմից ընտրվել է Թեհրանի հայոց թեմի 12-րդ Պատգամավորական ժողովի անդամ՝ շահելով առաջին քվեն: Թատերական արվեստի թեմայով դասախոսություններ է ներկայացրել պարսկական շրջանակներում: Մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովին՝ որպես թեհրանահայ համայնքի պատվիրակության անդամ՝ ելույթ ունենալով «Միասնական ուղղագրություն» թեմայով: 2004 թվականին Հ. Ուս. «Չհարմահալ» միության իր ասմունքային խմբով Երեւանում մասնակցում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համազգային փառատոնին եւ ներկայացնում է ելույթներ, որոնք արժանանում են մասնագետների ու վարպետ ասմունքողների բարձր գնահատանքին: Այնուհետեւ նույն խմբով ելույթներ են ունենում մեկը մյուսի հետևից՝ «Չհարմահալ» միության դահլիճում: Չարենց, Վահան Տերյան, Աշուղ Ջիվանի եւ վերջինը՝ 2009 թվականին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առիթով բեմադրությունը:

Բանաստեղծության և առհասարակ լավ բանաստեղծության մասին պարոն Միշա Հայրապետյանը այսպես է ասել.

Պարոն Միշա հայրապետյանը կյանքին հրաժեշտ տվեց 2010թ. մայիսի 13-ին։ Այդ օրը համընկնում էր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: