Հոկտեմբեր 13, 2021 13:23 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:


Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Կարլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Գարուն Սարգսյանը, Վահե Արսենը, Բեթինա Վյորմանը: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 9-ին Օշականում:

«Թվում էր՝ անկախության տարիների առաջին ժամանակամիջոցում թարգմանչական արվեստը պետք է հետ ընկներ, որովհետև տպագրական, հրատարակչական գործը դժվարությունների էր հանդիպել, բայց  հետագա տարիներին զարմանալիորեն բուռն վերելք ապրեց: Բազմաթիվ լեզուներից հայերեն թարգմանվեցին նախորդ դարերի լավագույն գեղարվեստական, պատմագիտական, արվեստագիտական գրքերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին 20 տարում մեր երկրում հայ գրականությունն է թարգմանվում  այլ լեզուներով՝ շվեդերեն, իսպաներեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն: Հրատարակվել են հարյուրավոր գրքեր, երկլեզու, եռալեզու ալբոմներ, որոնք ներկայացվում են միջազգային ցուցահանդեսներում:

«Այս տարվա մրցանակակիրներից Բեթինա Վյորմանը Շտուտգարտում հրատարակեց ժամանակակից հայ բանաստեղծների 450 էջանոց  մի հատոր, հսկա գործ, որն արել է վերջին տարիներին: Վերջին տասնամյակներում սա յուրահատուկ աշխատանք  է, որով պետք է հպարտանանք»,-շեշտեց միության նախագահը:

Բեթինա Վյորմանն էլ պատմեց, որ երկու տարի առաջ հանդիպել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանի հետ ու որոշել են հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիա լույս ընծայել: Ընտրվել են հեղինակներ և՛ հին, և՛ նոր սերնդից: «Սկզբում գործերը թարգմանվել են ռուսերեն, այնուհետև՝ գերմաներեն: Ես սիրով եմ աշխատել և պետք է խոստովանեմ, որ հայ բանաստեղծների ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են: Թարգմանելիս զգացել ու հասկացել եմ յուրաքանչյուր գրողի բնավորությունն ու էությունը»,-նշեց Վյորմանը:

Կարլեն Մատինյանը մոտավորապես երեսուն գիրք է թարգմանել, որոնցից երեքը հայերենից գերմաներեն: «Տարբեր գրքերի հետ կապված հետաքրքիր զգացողություններ եմ ունենում. երբ թարգմանում էի «Օծանելիքը», որը հոգեբանական է, իսկ լեզուն կախարդական, զարմանում էի: Վերջերս թարգմանում էի «Մայրաքաղաք» գիրքը, որը Գերմանիայում հայտնի է. ակնհայտ տեսնում ենք Եվրամիության ներքին խոհանոցը, այն շատ հետաքրքիր է: Մենք բազմաթիվ նոր բաներ ենք բացահայտում: Ընկերոջս՝ Արա Առաքելյանի հետ թարգմանում ենք Կաֆկայի հինգհատորյակը: Ինձ ցնցում են նրա նամակները, որոնք շատ զգացմունքային են ու խորը»,-պատմեց նա ու հավելեց՝ թարգմանական արվեստը ժողովուրդներին կապող ամենամեծ կամուրջն է:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը  դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է:

 

 

Թարգմանչաց տոնի առթիվ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի վերախմբագրված և վերահրատարակված տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին Օշականում:

«Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը «Ինքնություն» մատենաշարի երկրորդ գիրքն է: Խորհրդային տարիներին այն հրատարակվել է. մենք վերահրատարակում ենք, քանի որ ցանկանում ենք՝ ժամանակակից սերնդին, ընթերցասերներին առավել մոտեցնել մեր արժեքներին, իսկ դա անելու համար պետք է հետ նայել և հասկանալ, թե ինչ ենք ստեղծել»,-ընդգծեց հրատարակչության ներկայացուցիչ, արձակագիր Դավիթ Սամվելյանը:

«Էդիթ Պրինտի» խմբագիր Նշան Աբասյանի խոսքով՝ խորհրդային տարիներին գրականագետները գրքին մոտեցել են որպես գեղարվեստական գործի ու խոսել են հեղինակի լեզվաոճական շնորհների մասին, իսկ պատմագիտությունը հաճախ ասել է, որ եկեղեցու ազդեցությամբ գրված գրքեր են և այլն: «Մենք փորձել ենք այս կարծրատիպերը կոտրել և գիրքը ներկայացնել որպես հոգևոր վավարեգրություն, պատմական իրադարձությունների օբյեկտիվ նկարագրում այդ ժամանակում ապրած մարդու կողմից: Գիրքը վերընթերցելիս խմբագրման ժամանակ հիմնականում ծանոթագրությունների մեջ ենք փոփոխություններ արել, որովհետև մեծ էր խորհրդային գաղափարախոսության կնիքը, իսկ աշխարհաբար բնագրում այն բառերը, որոնք սովորաբար եկեղեցական գրականության մեջ մեծատառ են գրվում դարձրել ենք մեծատառ ի տարբերություն խորհրդային շրջանում տպագրված տարբերակի»,-պատմեց Աբասյանը:

«Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։ Գիրքը երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն է՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։

 

 

Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գիրքը ներկայցվեց հայ հանդիսատեսին. Երևանում կայացել է գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ հուշեր՝ անցած օրերի, սիրելի ընկերների ու անմոռաց սերերի մասին: «La Bohème. Անցած օրեր» գիրքը՝ Ազնավուրի վերջին ու ամենածավալուն ինքնակենսագրականն է:

«La Bohème. Անցած օրեր»  գիրքը  Շառլ Ազնավուրը գրել է 2003 թվականին: Նրա նպատակն էր վերհիշել անցած օրերը՝  մանկության,  բարձունքները դժվարությամբ հաղթահարելու, իր կյանքի կանանց:  Գրքի մեծ մասը նվիրել է անսովոր, հումորային, երբեմն դրամատիկ պահերին, որոնց հերոսը երբեմն ինքը չէ:  Գրքում տեղ գտած հիշողությունները ընթերցողին հնարավորություն են տալիս բացահայտել երգիչ, դերասան ու գրող, եղբայր, ամուսին ու ընկեր Ազնավուրին:

Արտիստը չէր ցանկանում հուշեր գրել իր կարիերայի լավ ու վատ ժամանակների կամ մասնավոր կյանքի մանրամասների մասին: Թե ինչու թղթին հանձնեց հուշերը, անկեղծացել է  հենց «La Bohème. Անցած օրեր»  գրքի նախաբանում. «Մեր օրերում կենսագրականը մոդայիկ է. ինչ ուտում ես, խմում, արտադրում, պետք է գրի առնվի։ Իմ հերթին, ես էլ որոշեցի այդ մտայնությանը տուրք տալ՝ կենսագրությունս հիշողությունների ձևով շարադրելով։  Չէ, այդ միտքն աշնան քամու նման հանկարծակի չծնվեց իմ գլխում, ավելի շուտ, քանի որ օդը հագեցած է դրանցով, շատ հրատարակիչներ, ընդ որում, հեղինակավոր, հայտնեցին, թե հետաքրքրված են ինձ հրատարակելով»։

Այս հուշագրությունն առաջին անգամ հրատարակվել է 2004-ին: 17 տարի անց գիրքը կրկին հրատարակվում է հայերեն՝ նոր խմբագրմամբ ու շապիկով: Առաջին հրատարակության թարգմանիչը ևս Համլետ Գասպարյանն էր: Օրեր առաջ նա հեռացավ կյանքից  ու «La Bohème. Անցած օրեր»  գիրքը  դարձավ նրա թարգմանական վերջին գործը: Գրքի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ նաև հատուկ հիշատակի արարողություն՝ նվիրված գրքի թարգմանչի հիշատակին։

Արդեն երկրորդ անգամ  հրատարակչությունը  նոր գրքի հետ հասարակությանն է ներկայացնում նաև Ազնավուրի երգերից հայերեն՝ նոր գործիքավորմամբ , նոր տեսահոլովակով  ու նոր կատարմամբ: Այս անգամ ներկայացվեց «Տարեք ինձ» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ:

Գրքի խմբագիր Սամվել Գասպարյանի խոսքով Ազնավուրը ապրել է երեք կյանք, որոնց մասին էլ մեծ սիրով գրել է: Սամվել Գասպարյանն Ազնավուրի կյանքը բաժանում է մինչև «Օլիմպիա» դահլիճում ունեցած ելույթն ու մեծ հաջողությունը, սիրված ու ժողովրդական դառնալն ու 80 տարեկանից հետո, երբ մարդիկ դադար են վերցնում, կանգ են առնում, բայց ոչ նա. « Ազնավուրը վեց գիրք է գրել, որոնք բոլորն էլ ինքնկենսագրականներ են: Այս ինքնակենսագրականների կողքին Ազնավուրը մեզ է թողել նաև լուրջ գրականություն՝ «Հայրս այդ հսկան» նովելների ժողովածուն, որը մեծ ներդրում է գրական կյանքում : Գիտեք մենք Ազնավուրին այնքան ենք պարտք , որ այդ պարտքը կարող ենք վերադարձնել նմանատիպ նախագծերով, շատ կարդալով իր ստեղծագործությունները, լսելով իր երգերը»,-ասաց Գասպարյանը:

 

 

Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով Վարդապետի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին լրագրողները հնարավորություն ունեցան շրջելու թանգարանում, դիտելու ցուցադրությունն ու զրուցելու նախաձեռնողների, ցուցադրության աջակիցների հետ:

 «Գրադարանը տասնյակ տարիներ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում է պահվել, մեր խնդիրն այդ ամենն աշակերտներին, ուսանողներին, պարզապես հետաքրքրասերներին ներկայացնելն է»,-ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի ժառանգության, գրականության մեջ եվրոպականը տեսակարար կշիռ ունի, ուստի որոշվել է ցուցադրությունը կազմակերպել Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նանե Միսակյանը տեղեկացրեց, որ ցուցադրությունը ներառում է Կոմիտասի տարբեր տարիների և տարբեր քաղաքներում ձեռք բերած բազմաժանր գրականությունը. առկա են նոտային գրականություն, երաժշտագիտական  ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և աշխատություններ, ամսագրեր, գեղարվեստական և այլ գրականություն: Միսակյանն ասաց, որ Կոմիտասը շատ է սիրել լուսանկարվել և թանգարանի հիմնական ցուցադրությունների սրահում հնարավոր է ժապավենի տեսքով նկատել Կոմիտասի տարբեր տարիների լուսանկարները, իսկ նրա գրադարանում  լուսանկարչության երկու հատորից բաղկացած գիրք կա, ինչը փաստում է, որ Վարդապետը նաև ուսումնասիրել է այդ արվեստը:

Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանն էլ, անդրադառնալով Կոմիտասի գրադարանի՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվելուն, պատմեց, որ 1927 թվականին գրող, քննադատ, բանասեր Արշակ Չոպանյանը Պոլսի պատրիարքի նամակին  ի պատասխան, թե ինչ է պետք անել Կոմիտասի գրադարանի հետ, նշում է, որ այն չի կարելի վաճառել, այլ պետք է  պահել Երևանի ազգային թանգարանում: 1932-ին, երբ Չոպանյանը եկել է Երևան, նրա միջնորդությամբ գրադարանը բերվել է Երևան:

Հարոյանը նշեց, որ, ավաղ, Կոմիտասի անձնական գրադարանը մինչ օրս չի ենթարկվել լուրջ գիտական, մշակութաբանական, մատենագիտական, անգամ երաժշտագիտական ուսումնասիրության: «Ես հույս ունեմ, որ այս ցուցադրության շարունակությունը պետք է լինի լուրջ գիտական հատորի հրատարակությունը, որի վրա մեր թիմն արդեն աշխատում է»,-ընդգծեց համադրողը:

Խոսելով գրադարանի բովանդակության մասին՝ նա շեշտեց, որ չկա մի բնագավառ, որին վերաբերող գիրք չլինի Կոմիտասի գրադարանում: «Գրքերի մեծամասնությունը ստորագրված է. Կոմիտասը վերակազմել է դրանք՝ լավ պահպանելու նպատակով: Գրքերի մեծ մասն օտարալեզու է՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն և այլն. կան նաև հայերեն գրքեր, սակայն դրանք քիչ են: Կոմիտասի՝  Չոպանյանի, Թորոս Ազատյանի հետ նամակագրությունից պարզ է դառնում, որ նա նաև հայերեն լավ գրադարան է ունեցել, բայց չկան այդ գրքերը»,-ասաց Հարոյանը:

Ցուցադրությունը ձևավորող թիմի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանի համոզմամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և՛ մշտական, և՛ ժամանակավոր ցուցադրություններով հայկական թանգարանային իրականությունում նոր նշաձող է սահմանել և բարձր, նոր որակով է ներկայացրել թանգարանային գործը:  «Եթե չեմ սխալվում, սա չորրորդ ժամանակավոր ցուցադրությունն է, որը համատեղ ենք իրականացնում: Ի պատիվ թանգարան-ինստիտուտի ղեկավարության՝ պահպանվում է մշտական ցուցադրության նույն տրամաբանությունն ու որակը»,-ասաց նա ու հավելեց, որ սիրով կշարունակեն համագործակցությունը:

 

 

Տանզանիացի գրող Աբդուլռազք Գուրնան դարձել Է գրականության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցանակը Գուրնային շնորհվել Է «գաղութատիրության հետեւանքների անզիջում եւ զգացական մերկացման եւ մշակույթների եւ մայր ցամաքների հորձանուտում փախստականների ճակատագրերի համար», ասված Է կոմիտեի որոշման մեջ: