Հոկտեմբեր 18, 2021 11:24 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

Հոկտեմբերի 12-ին Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության նախարարության կենտրոնի դահլիճներից մեկում, բացումը կատարվեց իրանահայ արծաթագործ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսի:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր նախարարության ավանդական արվեստների հետազոտական կենտրոնի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ:

Ցուցահանդեսին ցուցադրության էին դրվել հայ արծաթագործների 130 գործեր, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ էր իր տեսակի մեջ:

Ցուցահանդեսին ներկայացված են արծաթագործներ՝ Հրաչ Մկրտումյանի, Սարո Մկրտչյանի, Արմեն Վարդինի, Ռուբեն Սաֆարյանի եւ Թավրիզից՝ Սիմոն Մելիքյանի աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության հետազոտական կենտրոնի նախագահ Մոսայեբ Ամիրին, ավանդական գեղարվեստի հետազոտական կենտրոնի տնoրեն դոկտ. Սեյեդ Աբդոլմաջիդ Շարիֆզադեն, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամյանն ու խորհրդի անդամ Ռաֆիկ Մելիքսեթյանը, ինչպես նաեւ պետական հյուրեր, արվեստագետներ եւ ազգային կառույցների ու միությունների ներկայացուցիչներ: Ընթացքում արվեստագետներն ու «Արտակ Մանուկյան» թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանը պետական հյուրերին բացատրություններ էին փոխանցում ցուցադրված գործերի մասին:

Բացման հանդիսության ավարտին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի եւ Սեյեդ Աբդոլմաջիդ Շարիֆզադեի առանձնազրույցի ընթացքում կողմերը անդրադարձան նմանօրինակ նախաձեռնությունների անհրաժեշտությանը՝ հայ արվեստագետներին Իրանի ժողովրդին ծանոթացնելու, նաեւ արվեստագետների դժվարությունների կարգավորման եւ նմանօրինակ համատեղ ծրագրերի կազմակերպման կարեւորությանը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 26-ը:

 

 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2021-ին անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը, ցուցադրվել է ավելի քան 60 կինոնկար: Փառատոնն իր հարկի տակ է համախմբել ավելի քան 50 հյուրի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ժյուրիի անդամները նշեցին՝ գոհ են ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելուց, շեշտեցին՝ իրենց համար շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, քանի որ բոլոր կինոնկարները բարձրորակ էին: Նրանք խոստովանեցին՝ մեծ բավականություն են ստացել ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասը կազմելուց, այլև Երևանում հյուրընկալվելուց, քանի որ քաղաքն ուրախ է և ջերմ:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի համոզմամբ՝ ծրագիրն ուժեղ էր: «Կար տասը ֆիլմ, որոնցից առնվազն հինգը կարող էին հաղթել: Առաջին մրցանակին արժանացավ Հնդկաստանի ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը վավերագրական կինոնկարը շահեց: Մրցութային ֆիլմերը լուրջ պատմություններ էին ու կարևոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ «Ոսկե ծիրանից» հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կարելի է տանել:

«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալալդոն առաջին անգամ է որպես ժյուրի գնահատում կարճամետրաժ կինոնկարները: Նա վստահ է՝ կարճամետրաժ կինոն մեր ապագան է, որովհետև հենց այդ ֆիլմերի երիտասարդ ռեժիսորներն են հետագայում խաղարկային և այլ կինոնկարներ նկարահանում:

Անդրադառնալով «Ոսկե» և «Արծաթե» ծիրանի արժանացած մրցանակակիրներին՝ նա ասաց, որ դրանք հիանալի, տարբերվող կինոնկարներ էին թե՛ սցենարային, թե՛  այլ առումներով:

FIPRESCI-ի ժյուրիի անդամ Դոմինիկ Շմիդը հիշեցրեց, որ այդ մրցույթում ներկայացված էին տարածաշրջանային ֆիլմեր, որոնք բազմաժանր էին, հզոր:

«Իմ հետաքրքրությունը տարածաշրջանային կինոյի նկատմամբ մեծացավ, իսկ գիտելիքներս շատացան»,-ընդգծեց Շմիդն ու խոսեց Երևանի մասին՝ նշելով, որ հիացած է քաղաքի ոգով, հյուրընկալ հասարակությամբ և բարձրակարգ փառատոնով:

«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնը մրցութային արդյունքներն ամփոփել է հոկտեմբերի 9-ին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Հնդկաստանից «Քարեր», իսկ «Արծաթե ծիրանի»՝ Կոնգոյից «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Հոնկոնգի ու Ֆրանսիայի համատեղ արտադրություն համարվող «Նոր հին ներկայացում» կինոնկարը։ 

Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակն ստացել է «Սանձում» ֆիլմը ռեժ․՝ Սալոմե Ջաշի: «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել «Աշխարհ»-ը ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, «Արծաթե ծիրան»-ին՝ «Ստորգետնյա»-ն ռեժ․՝ Հովիկ Հակոբյան։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակը տրվել է «Գլխիվար» ֆիլմին ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան։  

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

 

 

Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու մեծանուն դրամատուրգի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ ինչպես դասական, այնպես էլ անսովոր մեկնաբանությամբ:

Փառատոնին Հայաստանը կհյուրընկալի ոչ միայն դերասանների, այլև ոլորտի այլ ներկայացուցիչների՝ ռեժիսորների, թատրոնների տնօրենների և այլոց, որոնք վարպետաց դասերի միջոցով իրենց փորձը կփոխանցեն երիտասարդ ստեղծագործողներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի տնօրեն, ռեժիսոր Կարո Բալյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունը 2021-ին անցկացվելու է նոյեմբերի 15-20-ը: Թատերասերները ներկայացումները կարող են դիտել Երևանի տարբեր թատերական հարթակներում:

Բալյանը հայտնեց, որ փառատոնի անցկացման համար դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, սակայն նախարարությունն այս տարի չի օժանդակել. ստիպված դրամահավաք են հայտարարել:

Չնայած խոչընդոտներին՝ փառատոնը կհամագործակցի հետաքրքիր թատերախմբերի, անհատների հետ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: Այն կհյուրընկալի Պերմի «Ու մոստա» թատրոնին, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Ֆեդոտովն է: Նա վարպետաց դաս կանցկացնի այստեղ, դաս կվարի նաև հայտնի ռեժիսոր, խորեոգրաֆ Կոնստանտին Միշինը: Հետաքրքիր բեմադրություններով թատերախմբեր կգան Բուլղարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից: Կլինեն նաև անակնկալներ, որոնց մասին Բալյանը դեռ չի բարձրաձայնում: «Շատ եմ կարևորում  երիտասարդ մասնագետների հետ փորձի փոխանակումը, որովհետև այս փառատոնն ի վերջո կյանքի է կոչվում հայ հանդիսատեսի և հայ երիտասարդ մասնագետների համար: Փառատոնն իրականացվում է բացառապես մշակույթը զարգացնելու նպատակով, և ես սկզբունքորեն և ամեն գնով ամեն ինչ անում եմ, որ այն կայանա»,-շեշտեց Կարո Բալյանը:

Շեքսպիրյան փառատոնի կարևոր մաս կկազմի «FestOUT» հատուկ ծրագիրը: Այն նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Երիտասարդները կարող են շեքսպիրյան բեմադրությունները ներկայացել այդ հարթակում: Բալյանի խոսքով՝ ծրագրին մասնակցելու համար դիմել են ինչպես  Հայաստանում ստեղծագործող խմբերն ու անհատները, այնպես էլ՝ այլ երկրներում:

Խոսելով փառատոնին ցուցադրվող ներկայացումների մասին՝ Բալյանն ասաց՝ կլինեն շեքսպիրյան հայտնի գործերի հետաքրքիր, երբեմն անսպասելի ու զարմանալի մեկնաբանություններ:

 

 

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում անցկացվում է «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը:

Արվեստասերներին ներկայացվել են համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքները:

Ցուցադրության պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց «Կադանս» անսամբլի ելույթով:

Երեկոյին հնչեցին Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի փակմանը կհաջորդեն Ղ. Սարյանի անվան լարային քառյակի և Լիլիթ Զաքարյանի (դաշնամուր) ելույթները։

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի համագործակցությամբ:

 

 

Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի  Սբ. Քաթբերթ եկեղեցում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին, կայացավ համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։

Համերգին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը  և  Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սիփան Օլահ):

Համերգի նպատակն էր արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։

Համերգի կազմակերպիչը Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան էին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

 

 

Գերմանիայի «Լյուդվիգաբուրգ» հրատարակչությունը լույս է ընծայել ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունների անթոլոգիան գերմաներեն: Գործերը թարգմանել է Բեթինա Վյորմանը։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին Հայաստանի գրողների միությունում:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ հատորը բաղկացած է 450 էջից: «Գրքում ներառվել են տարբեր սերունդների 15 բանաստեղծի ստեղծագործություններ: Նրանցից են 1960-70-ականներին գրականություն մուտք գործած Ռազմիկ Դավոյանը, Արևշատ Ավագյանը, Հենրիկ Էդոյանը, Հովհաննես Գրիգորյանը, Դավիթ Հովհաննեսը, 1970-80-ականների սերնդի ներկայացուցիչներից Հակոբ Մովսեսը, Խաչիկ Մանուկյանը, երիտասարդ գրողներ Էդուարդ Հարենցը, Ռուզաննա Ոսկանյանը, այլք»,- տեղեկացրեց Միլիտոնյանը:

Ըստ նրա՝ վերջին 20-30 տարում նման բացառիկ գիրք չի հրատարակվել: «Չեմ հիշում նման գործ: Խորհրդային տարիներին եթե որևէ գրողի աշխատանք թարգմանվում էր, նա հայտարարվում էր դասական, իսկ այսօր աշխարհը բաց է, և մեր արձակագիրները, բանաստեղծները, մանկագիրները հրատարակվում են տարբեր երկրներում հենց տեղի հրատարակիչների, թարգմանիչների ընտրությամբ»,- նշեց նա:

Միության նախագահի համոզմամբ՝ հայ ժամանակակից գրականությունը բարձր մակարդակ ունի և միջազգային գրական, գեղարվեստական հարթության մեջ հետաքրքրություն է առաջացնում:

Թարգմանչուհի Բեթինա Վյորմանն էլ պատմեց, որ հեղինակներին ընտրելու գործում իրենց աջակցել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը: Սկզբում գործերը թարգմանվել են ռուսերեն, այնուհետև՝ գերմաներեն:

«Ինձ շատ են դուր եկել բանաստեղծությունները. դրանք բազմաբովանդակ են ու տարբեր թեմաներ են արծարծում: Մեր երկրում ասում են, որ հայ պոեզիան չափազանց քաղաքական է: Գուցե այդպես է, բայց ինձ դուր է գալիս: Շատ հետաքրքիր գրական ձեռագիր կա: Գերմանիայում երբեմն գրականությունը շատ խիստ է, իսկ այստեղ ինձ շատ են գրավում գեղարվեստական պատկերները, որոնք պլաստիկ են: Ես սիրով եմ աշխատել և պետք է խոստովանեմ, որ հայ բանաստեղծների ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են: Թարգմանելիս զգացել ու հասկացել եմ յուրաքանչյուր գրողի բնավորությունն ու էությունը»,- ընդգծեց Վյորմանը:

 

Պիտակ