Հոկտեմբեր 20, 2021 19:56 Asia/Yerevan

Իրանահայ վաստակավոր դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Մնացականյան.

Կյանքը նմանում է այն լեռան, որ մարդս սկսում է առաջին քայլերը դնել ու բարձրանալ: Սկզբում, երբ նայում ես լեռան կատարին հաղթանակը անհնար է թվում ու շատ հեռու: Դա ամեն մարդու մոտ առաջացող բնական զգացողություն է: Գուցե նույնիսկ չենք էլ զգում, որ կյանքը հենց առաջին իսկ քայլերից քեզ մարտի է կանչում: Հաղթանակը տանում են նրանք, ովքեր ապրում են ներկայով, նայում են իրենց ճամբին ու վստահ են, որ հասնելու են լեռան կատարին: Նրանք այն մարդիկ են, որ իրենց կյանքում անում են անհնար թվացող ամեն ինչ: Նրանք այն անձինք են, որ իրենց կյանքով, կեցվածքով ու վարքագծով օրինակ են ծառայում իրենց նայող մարդկանց:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է Իրանահայ վաստակավոր դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Մնացականյանին:

***

Սուրեն Մնացականյանը ծնվել է 1932թ. Թավրիզում: Ժամանակին հայոց դպրոցների փակ լինելու պատճառով, հայերենը սովորել է իր մոր՝ Շուշանիկ Տեր-Գալստյանի մոտ և ապա հնգյակ խմբերի բաժանված՝ տներում կազմված գաղտնի դասարաններում:

1938-39 ուսումնական տարեշրջանում Թավրիզի «Գասպար» մանկապարտեզի ամանորյա հանդեսի ընթացքում, առաջին անգամ մասնակցում է թատերական ծրագրին:

Սուրեն Մնացականյանի թատերական ձիրքը իհայտ է բերել ու զարգացրել է ազգային հասարակական գործիչ և Սուրեն Մնացականյանի հայոց լեզվի ուսուցիչ Հայկ Աճեմյանը: Աճեմյանն իր մասնավոր «Աբովյան» Դպրոցում ազգային տոների առիթով ներկայացումներ էր ունենում, որտեղ հատուկ տեղ էր ունենում փոքրիկ Սուրենը: Իր թատերական ձիրքի համար նա դպրոցական տարիներին բազմիցս գնահատվել է Ատրպատականի հայոց թեմի ժամանակի առաջնորդ երջանկահիշատակ Ներսես Արք. Մելիք-Թանգյանի կողմից:

1940-41թթ. երբ Սուրեն Մնացականյանը 8 տարեկան էր նա իրեն դրսևորում է նաև որպես ասմունքող:

Սուրեն Մնացականյանը իր միջնակարգ ուսումն ստանում է «Մասուդ Սաադ» և «Ֆերդոսի» դպրոցներում:

1944թ. երբ հիմնադրվեց «Սասունցի Դավիթ» մարմնամարզական միությունը Մնացականյանը առաջիններից էր, որ անդամակցեց միության մարզական, գրական և գեղարվեստական բաժանմունքի թատերախմբին:

Նույն թվականի աշնանը միությունում բեմադրվում էր մի վոդևիլ Դերասան Արշալույս Մելիք-Բաղդասարյանի ղեկավարությամբ, որտեղ Ս. Մնացականյանը առաջին անգամ կատարում էր չարաճճի Սեդրակի դերը Սեյրիի «Դերձակի աշակերտը» պիեսում և այսպիսով ոտք է դնում թատերական աշխարհ:

Մինչև 1947թ. միության թատերախումբը ղեկավարել են Սիմոն Սարյանը, Գարուն Գարունին, Բաբգեն Հարությունյանը և Վաչիկ Կարապետյանը: 1948թ. նրանց փոխարինող չլինելու պատճառով այդ պատասխանատու աշխատանքը հանձն է առնում ինքը Սուրեն Մնացականյանը 16 տարեկան հասակում և առաջին անգամ բեմադրում Աբելյանի «Նավթի Ֆանտան»-ը: Մինչև 1950 թվականը, երբ փակվեց միությունը Սուրեն Մնացականյանը բեմադրեց 12 վոդևիլներ, որոնք արժանացան Թավրիզի հայ հասարակության մեծ ընդունելությանը:

1949թ. Վաչիկ Կարապետյանի ղեկավարությամբ պարսկերենով Բեմադրվում է «Նոքարե նաֆահմ» պիեսը, որում խաղալու համար Մնացականյանը գնահատվում է Թավրիզի ժամանակի քաղաքապետի կողմից: Մինչև 1951 թվականը, երբ ընտանյոք հանդերձ տաղափոխվում են Թեհրան, Սուրեն Մնացականյանը Թավրիզում իր բեմադրությամբ կամ խաղարկությամբ բեմ է բարձրացրել «Նավթի Ֆանտան», «Երկու քաղցածներ», «Դդումի վաճառականը», «Թատերական դասարանը», «Դերձակի աշակերտը», «Մոխրատիտկը», «Էս Էլ քեզ հինգ ու խաչ», «Հիմար ծառան», «Փնթի», «Գող՝ սիրտը դող» և «Փոքրիկ երաժիշտը»:

1951թ. Թեհրանում հրավիրվում է ուսուցչական ասպարեզ Նորայր Ստեփանյանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից: Նա գործուղվում է Թեհրանին մոտ գտնվող Ալբուլաղ գյուղ: Գյուղի «Նուպար» ուսուցչական աշխատանքի հետ միաժամանակ Մնացականյանը նաև կազմում է դպրոցի թատերախումբը՝ բաղկացած աշակերտ-աշակերտուհիներից: Մնացականյան այդ դպրոցում բեմադրում է «Գող՝ սիրտը դող» և «Փնթի» պիեսները, ինչից մեծ բավարարություն են ստանում արդեն հուսալքված հայ գյուղացիները: Գյուղի դպրոցն ուներ երեք դասարան ու շուրջ 60 աշակերտ, որոնց հայերեն ու պարսկերեն դասավանդելուց բացի Մնացականյանը սովորեցնում է ազգային-հայրենասիրական երգեր: Գյուղի դպրոցը փակկվելուց հետո Սուրեն Մնացականյանը վերադառնում է Թեհրան և շարունակում է մնալ ՀԲԸՄ-ի երիտասարդական բաժանմունքի անդամ:

Այստեղ նա մի խումբ ընկերների հետ կազմում է մի թատերախումբ և նրանց հետ միասին բեմադրում է Չեխովի «Առաջարկությունը», իսկ հետագայում ինքը 1956թ. բեմադրում է «Հակոբոս աղան» և «Արջը»:

Թեհրանում Մնացականյանը աշխատել է «Ֆոտո Վահե» հնամյա լուսանկատչատանը: Այդ տարիներին սկսում է գործել Ադամյանի անվան թատերախումբը Արմենակ Ահարոնյանի ղեկավարությամբ: Մնացականյանը հրավիրվում է համագործակցության: Այստեղ նա «Որդեսպանը» դրամայի մեջ կատարում է Ռուդոլֆի դերը: Այս բեմադրությունը նաև ներկայացվում է Թեհրանի «Փարս» թատերասրահում: Այս թատրոնում Մնացականյանը ծանոթանում է իր ապագա գործընկերոջ Էդիկ Ասլանյանի հետ:

Թեհրանից դուրս մի հանքային ընկերությունում աշխատելու պատճառով նա երկու տարի հեռու է մնում թատրոնից: 1960թ. անդամակցում է ՀՄԱԿ-ին և մաս է կազմում թատերական խմբին՝ Նապոլ Սարվարյանի, Արամայիս Աղամալյանի, Եփրատ Բարոյանի և ուրիշների ղեկավարությամբ: Այդ տարիներին Սուրեն Մնացականյանը համագործակցել է ՀՄԱԿ-ի թատերախմբին կատարելով հետևյալ պիեսներում նշված դերերը՝ Պարոնյանի «Պաղտասար աղբարում» որպես հուշարար, Շիրվանզադեի «Ավերակների վրա» պիեսում Սամվելի դերը, «Մոնսերրա» դրամայում՝ Հայր Քորոնելի դերը, խաղացել է Բայրոն Փրիստլիի «Քննիչը» պիեսում և այլ բերմադրություններում:

1970թ. Նապոլ Սարվարյանի մահից հետո ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչության առաջարկով Ս. Մնացականյանը կազմում է երիտասարդական թատերախումբ:

1979 թ․ Իսլամակաա հեղափոխության տարիներին Սուրեն Մնացականյանը իր թատերական գործունեությունը շարունակում է Հ.Մ. «Սիփան» միությունում և հիմնադրում է միության «Մկրտիչ Թաշճյանի» անվան թատերախումբը: Հ.Մ. «Սիփան» միության հետ համագործակցության ընթացքում Մնացականյանը բեմադրել է բազմաթիվ պիեսներ, որոնցից իր դերասանների քանակով ու աշխատանքի ծավալով աչքի է ընկնում Րաֆֆիի Սամվելը: Իր թատերական գործունեության ընթացքում Ս. Մնացականյանը նաև գոծունեություն է ծավալել կինոյի ոլորտում նկարահանվելու տարբեր ֆիլմերում:

Սուրեն Մնացականյանը մասնակցել կամ ինքը բեմադրել է հետևյալ պիեսները հետևյալ միություններում: ՀՄԱԿ-ում «Մոնսերրա» 1966թ. Նապոլ Սարվարյան, «Դարձ» 1967թ. Նապոլ Սարվարյան, «Քննիչ» 1968թ. Նապոլ Սարվարյան, «Բաղդասար Աղբար» 1969թ., 1969թ.« Ավերակների վրա», «Թատերական դասարան» Սուրեն Մնացականյան 1971թ., «Շառլատան» 1971թ. Ս.Մնացականյան, «Պեպո» 1974թ. Արամայիս Աղամալյան, «Իմ սիրտը լեռներում է» 1974թ. Արամայիս Աղամալյան, «Մեռնիլը որքան դժվար է» 1975թ. Արամայիս Աղամալյան, «Ապահարզանի Սյուրպրիզները» 1977թ. Արամայիս Աղամալյան: Այս կազմակերպությունում Մնացականյանը նույնպես մաս է կազմել կամ ինքը բեմադրել է այլ պիեսներ:

Հ.Մ. Սիփան Միության հետ համագործակցության ընթացքում Մնացականյանը բեմադրել է հետևյալ գործերը՝ 1981թ. «Շառլատանը» և «Պատվի համար», 1982թ. «Ավելորդը» և «Մեսրոպ Մաշտոց», 1984թ. «Սամվելը», 1989թ. «Խաթաբալա», 1991թ. «Տաքսի, Տաքսի», 1995թ. «Անվանակոչություն», 2001թ. «Ես եմ եկել եմ», 2002թ. «Երկու սերունդ», 2005թ. «Մեծ լռություն», 2005թ. Գեորգ Դարֆիի պիեսի հիմամբ «Մաշտոց» ֆիլմը, 2011թ. «Արտասահմանյան փեսացուն»: Սուրեն Մնացականյանը նաև համագոծակցել է Հայ Ուս. Չհարմահալ միության հետ բեմադրելով «Ինկած բերդի իշխանուհին», «Այո աշխարհը շուռ է եկել», «Այդպես է, եթե այդպես եք մտածում», «Գնում ենք Ամերիկա», «Մեսրոպ Մաշտոց», «Մահացու հանդիպում», «երդում», «Ոսկե Աքաղաղ», «Պահանջվում է ստախոս», «Ողջ լեր հայ ժողովուրդ», «Կարապի երգը» և Վարդանանքի առիթով տեսաժապավեն»:

Սուրեն Մնացականյանը նաև նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝ Փիղը խավարի մեջ, Ամայի տուն, Տրնդեզ, Սարա, Կորած սեր, Անավարտ գիշեր, Կատակ, Մումիայի, Խաղի վերջը, Իմ սիրած կինը, Աստծու վերջին օրը, Փոքր Հասմիկները, Նախապես որոշված մի ոճրագործության նկարագրում, Սիրո գանձը, Լուսաբացից այն կողմ, Ուխտ, Խուզարկու Լոթֆի, Կախարդական սերունդ և Կան բաներ որ չգիտես:

Ս. Մնացականյանը Բազմիցս և հայկական միությունների և պարսկական շրջանակների կողմից արժանացել է գնահատագրերի ու հուշանվերների: 2001թ. Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում նրա պատվին կազմակերպվեց մեծարանքի ցերեկույթ «Հանդիպում թեհրանահայ դերասան և բեմադրիչ Սուրեն Մնացականյանի հետ» անվամբ:

Սուրեն Մնացականյանը մահացել է 2021թ. սեպտեմբերի 26-ին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

 

Պիտակ