Հունվար 02, 2022 08:27 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս շաբաթ Հայաստանում ու նրա սահմաններում տեղի ունեցած իրադարձություններին և Իրան-Հայաստան հարաբերություններին:


-----------------------------------------------

Հայաստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանի կառավարության նպատակը հարևանների հետ հարաբերությունների բարելավումն է

Հայաստանյան ԲՈՒՀ-երում սովորող մի խումբ իրանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է. «Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է սփյուռքում ապրող իրանցիների և հարևանների հետ հարաբերությունների բարելավումը»:

Իր ուրախությունը հայտնելով ուսանողների հետ հանդիպման կապակացությամբ, դեսպան Զոհուրին  հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակը շուտ կավարտվի և պայմաններ կստեղծվեն ուսանողների հետ ավելի շատ հանդիպումների համար։

Հայաստանում ԻԻՀ դեսպանը նշել է, որ ուսանողները կարևոր կամուրջ են երկու երկրների հարաբերություններում և կարող են նպաստել փորձի ու գիտելիքի փոխանակմանը:

Դեսպան Զոհուրին նշել է, որ դեսպանությունը պատրաստ է լսել ուսանողների կարծիքներն  ու առաջարկները և օգնել նրանց խնդիրների լուծմանը:

------------------------

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները:

ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին հանդես է եկել մանրամասն զեկույցով:

---------------------

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

----------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հայտարարությունից հետո, թե «Ղարաբաղը երբեք չի դիտարկվել որպես զուտ հայկական միավոր», Ադրբեջանի ԶԼՄ-ները հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ հրամանատարները խորհրդակցական նիստ են գումարել Ստեփանակերտի իրավիճակը քննելու համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարար՝ գեներալ Զաքիր Հասանովի գլխավորությամբ կայացած հրամանատարների խորհրդակցական հանդիպմանը ներկա էին՝ պաշտպանության փոխնախարարները, զինված ուժերի հրամանատարները և պաշտպանության նախարարության կառույցների ու  կազմակերպությունների ղեկավարները։

Մյուս կողմից, Ադրբեջանի որոշ վերլուծաբաններ և մեդիա ակտիվիստներ, ողջունելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ և դատապարտելով Ղարաբաղի նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որը մերժում էր Հայաստանի վարչապետի վերջին արտահայտությունները Ղարաբաղի վերաբերյալ, Հայաստանի վարչապետի խոսքերը խորամանկություն են համարում և ենթադրում են, որ Փաշինյանի վերջին հայտարարության նպատակը՝ Ադրբեջանին խաբելն է:

----------------------

Վերլուծաբան, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հռետորաբանությանը։

------------------------

Երևան–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբաթ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման արժեքը կկազմի շուրջ 226 մլն դոլար։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Մեղրիի տեղամասի համար, նախնական հաշվարկներով, կծախսվի 221 մլն ԱՄՆ դոլար, իսկ Երասխի համար` 5 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները (կայարաններ և այլն)»,– նշել է գերատեսչությունը։

Երկաթգծի հայաստանյան հատվածի Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։

Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ հավելյալ ենթակառուցվածքների ստեղծման ու նախագծի ճշգրիտ արժեքին հնարավոր կլինի անդրադառնալ կառուցվելիք երկաթգծի համար տեխնիկատնտեսական հիմնավորման անցկացման դեպքում։

Դեկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։ Նա նշել էր, որ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 45-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով։

Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) ու Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ երկաթգիծը (որը գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին) կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել հայկական ճանապարհահատվածներում շինարարություն սկսելու համար։

----------------------

2020թ. նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խաղաղության եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, Երևանի և Բաքվի ղեկավարները Ղարաբաղյան խաղաղության համաձայնությունն ամրապնդելու նպատակով հարկադրված են ամեն փուլում երկկողմ նոր փաստաթղթեր ստորագրել:

Բաքվի և Երևանի պաշտոնյաների կողմից այս փաստաթղթերի ստորագրումը, ըստ էության, հաստատում և հստակեցնում է Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը հաջորդ քայլերում։ Այդ պատճառով այս փաստաթղթերի ստորագրումն անհրաժեշտ է թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։

Այդուհանդերձ, ԼՂ հակամարտության կողմերը նոր խնդրի առաջ են կանգնել Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տասը կետանոց համաձայնագրի ստորագրումից հետո, որոնք ըստ երևույթին տարածաշրջանի ժողովուրդներին են պարտադրվել մի շարք օտար ուժերի կողմից:

Իրողությունն այն է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման մասին տասը կետանոց համաձայնագրի ստորագրմամբ, Ադրբեջանը և Հայաստանը կարող են սկսել իրենց տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը։ Սակայն, ինչպես երևում է, Ադրբեջանի պաշտոնյաները որոշ օտարերկրյա կողմերի ճնշման տակ մտադիր են նոր հոդված ավելացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրում։

Բաքվի կառավարության պաշտոնյաների նոր պահանջի համաձայն՝ Հայաստանը պետք է Ադրբեջանի Հանրապետությանը զիջի հինգ կիլոմետր լայնությամբ և ավելի քան 60 կմ երկարությամբ միջանցքը։ Ադրբեջանն ու Թուրքիան այս միջանցքն Զանգեզուրի միջանցք են կոչում:

Հայաստանի պաշտոնյաները դեռ չեն համաձայնել Ադրբեջանի այդ պահանջին։ Վերջին դիրքորոշմամբ Երևանի պաշտոնյաները հերթական անգամ մերժել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների բազմիցս կրկնված պահանջը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցի վերաբերյալ իր վերջին դիրքորոշման մեջ նշել է.

«Հայաստանը երբեք այլ երկրի հետ չի բանակցի Զանգեզուր կոչվող միջանցքի վերաբերյալ»:

Այս մասին հայտարարելով և անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը Զանգզուրի միջանցքի բացման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանը վիրտուալ ասուլիսում հայտարարեց.

«Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացման, երկու երկրների սահմանների վերաբացման, ինչպես նաև հայ-թուրքական երկաթուղու բացման և երկու կողմերի չվերթների թեմայով։ Բայց Զանգեզուրի միջանցքը ՀՀ կառավարության օրակարգում չէ և չի էլ լինելու»:

Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը գործնականում Զանգեզուրի միջանցքի կարիքը չունի և գոյություն ունեցող ճանապարհները վերակառուցելով կարող է հասնել տարածաշրջանային և միջազգային առևտրի իր նպատակներին: Փաստորեն, Զանգեզուրի միջանցքը գրավելով Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է օգնել Թուրքիային:

Ամեն դեպքում, պետք է ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության երկկողմ համաձայնագրի ստորագրման մասին բանակցություններից հետո, Երևանի կառավարությունը կրկին հայտարարել է խաղաղության նոր համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը պահանջում է Ադրբեջանի Հանրապետության հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել:

Սա առաջին դեպքը չէ, երբ հայ պաշտոնյաները հայտարարում են Ադրբեջանի հետ սահմանազատման պատրաստակամության մասին։ Ավելի վաղ Հայաստանի պաշտոնյաները բարձրացրել էին երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։ Սակայն հակառակ անցյալին՝ Ադրբեջանի պաշտոնյաները տատանվում են, ինչը կարծես թե արտաքին ճնշումների պատճառով է։ Սակայն երկկողմ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ Բաքուն և Երևանը կարող են հասնել կայուն խաղաղության։ Չնայած տևական խաղաղության հարթակի գոյությանը, թվում է, թե որոշ արտաքին ուժեր ձգտում են հրահրել ղարաբաղյան երրորդ պատերազմը՝ առավելագույն օգուտներ քաղելու համար։