Հունվար 05, 2022 13:20 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորելով նոր տարվա և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի 2021 թվականի առաջին համարը: Այս հաղորդման ընթացքում կփորձենք ամփոփել անցած տարին անդրադառնալով մշակույթի ու արվեստի ոլորտում հայ-իրանական հարաբերություններին: Հիշեցնենք, որ իրադարձություններին կանդրադառնանք ժամանակագրական կարգով:


---------------------------------

Տարվա առաջին լուրը կինոյի ոլորտից էր: Համատեղ կինոնախագծեր ստեղծելու, հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը վերաթարմացրեցին կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր 2017 թվականին 3 տարով:

Երկու կինոկառույցների պատասխանատուները համոզմունք հայտնեցին, որ համագործակցության համաձայնագրի վերաստորագրումը նոր կինոգործընթացների զարգացման  հեռանկարներ  և ուղիներ կստեղծի։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ: Այն կարող է նպաստել  կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

 

Image Caption

 

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության Ինստիուտը լույս է ընծայել իրանցի նշանավոր գրող Սադեղ Հեդայաթի մասին մենագրություն: Գիրքը կոչվում է «Սադեղ Հեդայաթ-Կյանքը և գիտական ժառանգությունը»: Հեղինակն է Անահիտ Իվանի Յահյամասիհին:

Աշխատությունը նվիրված է 20-րդ դարի պարսից գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ արձակագիր, բանագետ և ազգագրագետ Սադեղ Հեդայաթի կյանքին և բազմաժանր ստեղծագործական ժառանգության:

Առանձին գլուխներով ներկայացված են մեծ գրողի կենսագրականը, արձակը, բանագիտական ժառանգությունը և ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունների բաժնում հետաքրքիր են նաև նրա առնչությունները հայ ժողովրդի և նրա երկու հոգևորական ու բանահավաք Կոմիտաս Վարդապետի և Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի հետ: Ներկայացված է նաև Ս. Հեդայաթի պատմվածքներից երեքի թարգմանությունը՝ «Գոջասթե դեժ», «Աթաշփարասթ» և «Թախթե Աբու Նասր»:

 

Image Caption

 

Իրանցի արձակագիր Մեհդի Ռեզային  տեղեկացրել է իր գրչին պատկանող ստեղծագործությունը հայերեն թարգմնավելու և հրատարակվելու մասին:

Մեհդի Ռեզային նշել է. «Մոտ օրերս Թեհրանի «Նայիրի» հրատարակչության կողմից տպագրվելու և հանրությանն է ներկայացվելու  «Ոչխարների երգը» խորագրով իմ ստեղծագործությունը: Իմ մյուս գիրքը՝ «Կմախքե մարդը» նույնպես մոտ ապագայում հայերենով հրատարակվելու է Հայաստանում»:

««Ոչխարների երգը» հայերենի է թարգմանել Անի Հովսեփյանը: Գիրքն Իրանից բացի հասանելի է լինելու նաև ԱՄՆ-ի հայ ընթերցասեր հասարակությանը»,-հավելել է իրանցի գրողը:

Image Caption

 

Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի  5-ին  կայացավ «Մեր հարևան Իրանը» խորագրով պարսկական նկարչական պատանեկան մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթը նվիրված էր Իրանի Իսլամական հեղափոխության 42 ամյակին: Նկարչական մրցույթը կազմակերպվել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի անձնակազմի կառավարման ղեկավար Գայանե Կարապետյանը հայտնեց, որ  իրանական թեմատիկայով  նկարչական մրցույթին մասնակցել  են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի այն կրթօջախները, որոնցում աշակերտներն ուսումնասիրում են նաև պարսկերեն: Մրցույթին Հայաստանի ավելի քան՝ 10 դպրոցից, մասնակցել է  50 աշակերտ:  Նրանց աշխատանքներից ընտրվել են լավագույնները, որոնք այսուհետ մշտական հիմունքով  ցուցադրվելու են գրադարանի իրանական ընթերցասրահում:

Մրցանակաբաշխության արարողությանը՝  Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադաշխան Զոգուրին իր խոսքում նշեց, որ  նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում սերտացնել երկու ժողովուրդների միջև պատմամշակութային վաղեմի կապերը, որոնք 3 հազարամյա խոր անցյալից են գալիս:

 

Image Caption

 

Հայկական և իրանական կողմերը «Իրանի և Հայաստանի կինեմատոգրաֆիական զարգացումները, ձեռքբերումները և համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունները» խորագրով հանդիպում-քննարկում անցկացրեցին Երևանում:

Հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նշել է, որ կինեմատոգրաֆիան հասարակության լավագույն հայելին է: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Իրանը երկու քաղաքակրթության բնօրրան են, հարուստ մշակույթ ունեցող, բարոյական, ընտանեկան, հոգևոր արժեքների վրա խարսխված երկրներ, որոնք շատ բան ունեն տալու ժամանակակից բարոյական և հոգևոր արժեքներից օրեցօր հեռացող աշխարհին:

Հանդիպումն իրականացվեց Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) միջոցառումների շրջանակում: Այն նախաձեռնել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:

Image Caption

 

Իրանահայ ժրաջան թարգմանիչ, դերասան և ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ, Թեհրանում, լույս տեսավ պրոֆ. Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը» գրքի պարսկերեն տարբերակը:

«Հայ հին վիպաշխարհը» գրքի հեղինակը մեկ գրքում ամփոփել ու հայ ընթերցողին է մատուցել, տարբեր աղբյուրներում ցրված, հայ հին առասպելներն ու վեպերը: Իսկ Անդրանիկ Խեչումյանն իր հարուստ թարգմանությամբ և «Նաիրի» հրատարակչատունն էլ իր ներդրումով իր արժեքավոր ներդրումով այն հասանելի են դարձրել պարսիկ ընթերցողին:

Գրքի պարսկերեն թարգմանության նախաբանի հեղինակն է դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը:

 

Image Caption

 

Հաքիմ Նեզամի Գյանջավիի հիշատակի օրվա կապակցությամբ, Մարտի  10-ին առցանց ձևաչափով անցկացվեց  «Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում» գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել էր Թեհրանի «Շահրե Քեթաբ» մշակութային և միջազգային կենտրոնի կողմից`  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդի և ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

 

Image Caption

 

Սպահանի Նոր Ջուղայում Նոռուզի օրերին հայկական երաժշտության թանգարան բացվեց: Թանգարանը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան»:

Թանգարանի առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Նոր Ջուղայի հայկական երաժշտության, հայկական խազագրության, եկեղեցական երաժշտության, շարականների, Նոր Ջուղայի երաժշտական գործիքների պատմության, հայ երաժիշտների, աշուղների, հոգևոր երաժշտության զարգացման, աշուղական դպրոցի, լավագույն երաժշտական գործիքներ արտադրողների, Նոր Ջուղայի ճարտարապետության ու երաժշտության միջև գոյություն ունեցող  կապին

Թանգարանի երկրորդ հարկում տեղակայված են ձայնադարանը և երաժշտական գործիքների պատրաստման սենյակը: Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Իրանի և աշխարհի հայ երաժիշտներին:

 

Image Caption

 

Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացավ մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում, ղարաբաղյան առաջին պատերազմից մի քանի տարի անց։ Ֆիլմը այն մասին է, թե ինչպես է պատեազմը երկարաժամկետ առումով ազդում մարդկային ճակատագրերի վրա՝ պատճառելով ցավ և տառապանք:

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում ելույթ ունեցան Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիդ Աբադը:

 

Image Caption

 

Պարսիկ հեղինակավոր պոետ Սաադիի մեծարման օրվա կապակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի գրողների միությունում անցկացվեց «Մի ակնթարթ խոսքի վարպետ Սաադիի հետ» խորագրով միջոցառումը, որի շրջանակում գրողներն ընթերցեցին վարպետի ստեղծագործությունները:

Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ասաց, որ Սաադիին դասում են այն մեծերի շարքին, ինչպիսիք են Ֆիրդուսին, Օմար Խայամը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Սաադին միջնադարի մեծ բարոյագետ էր, որի գործերը 18-19-րդ դարերում թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուներով, ինչպես նաև ռուսերեն, հայերեն:

«Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր թարգմանիչները թարգմանել են Սաադիի  գործերը, և մեր մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, ինչպես նաև ժամանակակից գրողները ևս անդրադարձել են Սաադիին»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

 

Image Caption

 

Լույս տեսավ եռամյա աշխատանքների արդյունքը համարվող «Ռոստամ Զալ. հայ-իրանական դյուցազնավեպ» գիրքը՝ նվիրված Սարգիս Հարությունյանի հիշատակին։ Ժողովածուում ընդգրկված են «Ռոստամ Զալի» նախկինում հրատարակված և անտիպ պատումներ։ Գիրքն ունի ընդգրկուն առաջաբան, ծանոթագրություններ, բառարան, տեղանունների ու անձնանունների ցանկեր։

Գրիք խմբագիր և առաջաբանի հեղինակ Հայկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնելոց այս մասին շնորհակալություն է հայտնել «Ռոստամ Զալի» ուսումնասիրության խմբի անդամներին, այս աշխատանքի բոլոր մասնակիցներին ու հրատարակչին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Գիտության պետական կոմիտեին։

 

Image Caption

 

Օգոստոսի 30-ին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում իրականացվեց հայկական արծաթագործության ցուցադրություն:

Ցուցադրվեցին 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր:

 

Image Caption

 

ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրեցին  «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

2021թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում  տեղի ունեցավ իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրված էին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը ցուցադրվեցին հայերեն ենթագրերով։

Ծրագրում ներկայացվեցին «Թիկնապահը», «Վիլլայի բնակիչները» և «Գիշերային հերթափոխ» ֆիլմերը:

 

Image Caption

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնը նոյեմբերի 11-ից սկսած, որը համընկնում է Նիմա Յուշիջի ծննդյան օրվա հետ, կազմակերպեց «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» խորագրով ծրագրերի շարքը։

Այդ ծրագրերը ներառում էին գրական հանդիպումների կազմակերպում, պոեզիայի ընթերցանության մրցույթներ, պոեզիայի երեկոներ, թարգմանչական մրցույթներ, թարգմանված ստեղծագործությունների ներկայացում, իրանական ժամանակակից գրականության ցուցահանդեսներ, հանդիպումներ թարգմանիչների հետ և իրանցի ժամանակակից բանաստեղծների ու գրողների մեծարմանը նվիրված միջոցառումներ։

Image Caption

 

Նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Իրանի արևը» գրքի շնորհանդեսը:

«Իրանի արևը» ժողովածուում, որը «Մենք և աշխարհը» շարքի  առաջին գիրքն է,  զետեղվել են հայ դասական և ժամանակակից գրողների՝ Իրանի պատմության, մշակույթի և գրականության, հայ և պարսիկ ժողովուրդների պատմական անցյալի և ներկայի մասին գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածներն ու խոհագրությունները:

Գրքում հնարավոր է ընթերցել Րաֆֆու, Ավետիք Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, Արտակ Վարդանյանի, Հովիկ Վարդումյանի և այլ հեղինակների արձակը, պոեզիան ու գրախոսությունները: