Հունվար 12, 2022 10:38 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա ընթացքում մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած իրադարձություններին։

 

Անցնող 2021 թվականը շատ ուշագրավ էր մշակութային աշխուժությամբ՝ նորանոր գրքերի հրատարակություններ, համերգներ, փառատոներ, նոր ներկայացումներ և ցուցահանդեսներ: Անվերջ կարելի է թվարկել տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները մշակույթի ոլորտում, այսպիսով մեկ անգամ ևս վերահաստատելով մշակույթի և արվեստի կարևորագույն դերը Հայաստանի համար այս բարդ և դժվարին ժամանակներում։

Թե արվեստագետները՝ արվեստի նվիրյալ մարդիկ, թե հանրության այն հատվածը, որը պարզապես չի պատկերացնում կյանքն առանց արվեստի ու մշակույթի հետ հաղորդակցության, այս տարի հենց արվեստի միջոցով կամ շնորհիվ փորձեցին հաղթահարել թե բարոյահոգեբանական, թե սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Արվեստագետները հնարավորություն տվեցին արվեստասերներին ամենատարբեր ոլորտներում փնտրել ու հաճախ նաև գտնել հոգեպարար մի իրավիճակ՝ ընթերցանությամբ, համերգների, ներկայացումների և շատ հետաքրքիր ցուցահանդեսների մասնակցությամբ։

Անվանի ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասում է` համավարակային և հետպատերազմյան այս բարդ ժամանակաշրջանում մշակութային բոլոր օջախները ոչ մի օր չփակեցին դռները. «Նոր համերգներ, նոր ներկայացուցմներ, ցուցահանդես, փառատոներ, հյուրախաղեր:Պահանջը կա, մենք մշակութային ազգ ենք: Մենք գտնվում ենք դասական դաշտում, ժամանակակից արվեստի դաշտում: Մեզ մոտ շատ ակտիվ պիտի տարածվեն հրապարակային, փողոցային համերգները, ներկայացուցմները, շոուները: Ես կարծում եմ, որ նաև արդեն պետք է լուրջ մտածել նրա մասին, թե ինչպես պետք է կապել բիզնեսը մշակույթի հետ»:

Հաղթանակներ այս տարի շատ են եղել հատկապես թատերարվեստի ոլորտում, շատ ուշագրավ բեմադրություններ ծնվել և ներկայացվել են ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև արտասահմանյան երկրներում հյուրախաղերի ժամանակ։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ընդգծում է. «Ընդհանրապես թատերական դաշտում մեծ հաղթանակներ եղան` նկատի ունենալով, թե քանի թատրոն գնաց փառատոնի: Դա ոչ թե եզակի մի օրինակ էր, այլ իսկապես Ռուսականը, Տիկնիկայինը, Համազգայինը, Սունդուկյանը, և այդ առումով գրանցված հաղթանակները ինձ համար մեծ ուրախություն էին, որովհետև մենք արդեն միջազգային մակարդակում մեծ հայտ ենք ներկայացնում»: «Ես հիմա ուրախանում եմ, որ ոչ միայն եզակի թատրոնի օրինակով է, այլ իսկապես 5-6 թատրոն այդ տարի փայլուն պտուղներ բերեց»,-նշում է Նարինե Գրիգորյանը:

 

Հունվարի 9-ը սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, խոշորագույն կինոռեժիսորից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Փարաջանյան)․ ծննդյան օրն էր․ կլրանար նրա 98-ամյակը։ Փարաջանովը բազմատաղանդ մարդ էր: Նա նկատում ու գնահատում էր գեղեցիկը ամեն ինչում: Նրա համար անպետք իր չկար: Իր հրաշագործ ձեռքով ամենասովորական իրերից՝ հնամաշ գլխարկներից, տիկնիկներից, նկարներից, խխունջներից, զարդերից, սպասքի ջարդված կտորներից նա կարողանում էր սքանչելի կոլաժներ ստեղծել:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում։

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունն իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

Ֆելինին նրա մասին ասել է․ «Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։ Երբ նա վախճանվեց, Երևան ուղարկվեց մի հուզիչ հեռագիր․ «Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»: Հեռագիրը հղված էր Ֆեդերիկո Ֆելինիի, Տոնինո Գուերայի, Ջուլյետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելո Մաստրոյանիի և Բեռնարդո Բերտոլուչիի կողմից։

 

 

Հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:

Այն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին. գեղարվեստական մտածողության, հեղինակի՝ նուրբ հումորով պատմելու ունակությունների շնորհիվ գիրքը կարող է հետաքրքրել ողջ ընթերցասեր հասարակությանը:

Վերջերս Ամստերդամում անցկացված Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի էր ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան: Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել էր «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել էին մեծ վարպետին և շնորհավորել նրան ստացած մրցանակի առթիվ:

 

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակը լավագույն միջազգային ֆիլմի համար:

«Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է ԼՂ-ի նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամիներով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այդ օդանավակայանը, արդյոք, համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի գլխավորությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի ներկայացուցիչների հետ նոր համագործակցության սկիզբ է դնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ: Տեքստում նշվում է, որ նվագախումբը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր կազմակերպությունների հետ կիրականացնի համատեղ նախագծեր։

Այս համագործակցությունը նպատակ ունի նոր թափ հաղորդելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ դասական երաժշտության հանրայնացմանը, հայ կոմպոզիտորների հանրահռչակմանը, ՀՀ սահմաններից դուրս հայ կատարողական արվեստը ներկայացնելուն ուղղված առաքելությանը։ Մասնավորապես, պատվավոր խորհրդի անդամի կարգավիճակով նվագախմբի առաջխաղացմանը նպաստելու են «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, PicsArt ընկերության արտադրական գծով տնօրեն և հիմնադիր-գործընկեր Միքայել Վարդանյանը, Service Titan ընկերության համահիմնադիր, նախագահ Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Կարո Արմենը և այլք, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտնի է իր նորարարական նախագծերով, դասական երաժշտության մեջ բարձր տեխնոլոգիական տարրերի, արհեստական բանականության կիրառմամբ, որոնք մեծ արձագանք են ստանում ամբողջ աշխարհում՝ նոր խոսք դառնալով դասական երաժշտության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետաքրքիր սինթեզում։ Այս գործակցությունը կնպաստի նաև դիրքավորելու Հայաստանը մշակութային նորարարությունների աշխարհում, ինչպես նաև ծառայելու հայկական երաժշտական ժառանգության տարածմանն ամբողջ աշխարհում:

 

 

Սիդնի Պուատյեն, որը տղամարդու լավագույն դերի համար «Օսկար» մրցանակի արժանացած առաջին սևամորթ դերասանն է, վախճանվեց 94 տարեկան հասակում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

ԱՄՆ-ի և Բահամյան կղզիների քաղաքացիություն ունեցող դերասանի մահվան պատճառների մասին չի հաղորդվում:

Դերասանը ծնվել է 1927 թվականին Մայամի քաղաքում Բահամյան կղզիներից եկվորների ընտանիքում։ Իր դերասանական կարիերայի ընթացքում Պուատյեն նկարահանվել է տասնյակ ֆիլմերում։ 1963 թվականին նկարահանված «Դաշտային շուշաններ» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար»-ի՝ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում։ Հետագայում դարձել է դիվանագետ։ Մասնավորապես, Պուատյեն զբաղեցրել է Ճապոնիայում Բահամյան կղզիների դեսպանի պաշտոնը։

 

 

Հունվարին կին դիրիժորն առաջին անգամ կստանձնի իտալական օպերային թատրոնի ղեկավարությունը, գրել է The Guardian-ը։

Բոլոնիայի իտալական Teatro Comunale-ի երաժշտական ​​ղեկավարը կլինի ուկրաինացի դիրիժոր Օքսանա Լինիվը։

Նա իր պարտականությունները կստանձնի հունվարի 22-ից եւ երեք տարի կղեկավարի օպերային թատրոնը:

43-ամյա Լինիվի խոսքով՝ ինքը զարմացել է, երբ իմացել է, որ պատմության մեջ է մտել՝ ստանալով առաջարկ Teatro Comunale-ից։

Լինիվը նախկինում եղել է Գրացի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: Հուլիսին նա դարձել է առաջին կին դիրիժորը, ով բացել է Բայրոյթի օպերային փառատոնը Գերմանիայում դրա 145-ամյա պատմության ընթացքում։ Նա Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերայի դիրիժորն էր, որին ներկա է գտնվել նաեւ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։

 

Բրիտանացի քաղաքական գործիչ Էդ Վայզին ասել է, որ Աթենքի Ակրոպոլիսի արձանները պետք է վերադարձվեն Հունաստանին: Վայզին ղեկավարել է Մեծ Բրիտանիայի մշակույթի դեպարտամենտը 2010-ից 2016 թվականներին։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ վկայակոչելով The Art Newspaper-ը:

19-րդ դարի սկզբին Հունաստանից դուրս բերված քանդակների ճակատագրի շուրջ վեճը նոր թափով բռնկվեց անցյալ ամիս՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Բորիս Ջոնսոնի հանդիպումից հետո։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ հասկանում է հույն ժողովրդի զգացմունքները, սակայն կարծում է, որ արձանների վերադարձի հարցը պետք է որոշեն Բրիտանական թանգարանի հոգաբարձուները։ Այժմ արձանները վերադարձնելու գաղափարը պաշտպանել է Մեծ Բրիտանիայի մշակույթի նախկին նախարար Էդ Վայզին, ինչի մասին նա հայտնել է Hope and Dread podcast–ում:

5-րդ դարի արձանները Պարթենոնից դուրս էին բերվել շոտլանդացի ազնվական Լորդ Էլջինի կողմից, ով որպես դեսպան էր ծառայում Օսմանյան արքունիքում։ Արձանները դուրս բերելու թույլտվությունը ստացվել էր թուրքական իշխանություններից (այդ ժամանակաշրջանում Աթենքը Օսմանյան կայսրության մաս էր կազմում)։

1817 թվականից արձանները գտնվում են Բրիտանական թանգարանում։ Վերջերս հրապարակված հայտարարության մեջ հաստատությունը նշել էր, որ քանդակները հեռացվել են Էլջինի կողմից՝ օրինական մարմինների թույլտվությամբ: