Հունվար 22, 2022 09:22 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Ընկերակցեք մեզ։

Թեհրանի 15-րդ աճուրդը տեղի ունեցավ ուրբաթ, հունվարի 14-ի երեկոյան, գրանցելով նոր մրցանիշ մուրճված 158 միլիարդ 890 միլիոն թուման գնահատված արվեստի գործերով։

Ինչպես տեղեկացրել է ԻՍՆԱ-ն, Հոսեյն Փաքդելի կատարմամբ իրականացված աճուրդի այս շրջանում 60 արվեստագետի 80 աշխատանք էր ներկայացվել, որից 35-ը՝ ավելի քան մեկ միլիարդ թուման բազային արժեքով էր ներկայացվել աճուրդին։ Աղբյուրի համաձայն՝ Թեհրանի 15-րդ աճուրդում ամենաթանկ ստեղծագործության տիտղոսը շնորհվել է Փարվիզ Թանավոլիին, ում «Նստած պոետը» քանդակը մուրճվել է 14 մլրդ. 600 մլն. թումանով։

Թեեւ Փարվիզ Թանավոլին արժանացել է աճուրդի ամենաթանկ ստեղծագործության տիտղոսին, նրա կողքին, համապատասխանաբար, Մունիր Ֆարմանֆարմայանի «Շիրազ»-ը (ապակուց կառուցված ձեւավորումը)՝ 13 միլիարդով եւ Սոհրաբ Սեփեհրիի անվերնագիր կտավը՝ 11 միլիարդ 800 միլիոն թումանով, ինչպես նաև Հոսեյն Զենդերուդիի աշխատանքը 11 միլիարդով, որպես ամենաթանկ աշխատանքներ, զբաղեցրին աճուրդի սանդղակի բարձր հորիզոնականները:

Այս թվերն արձանագրվել են այն դեպքում, երբ տասներեքերորդ աճուրդում Այդին Աղդաշլուի ստեղծագործության 12 միլիարդանոց վաճառքը շատերին էր զարմացրել։

Թեհրանի 15-րդ աճուրդին զգալի թվով աշխատանքներ այդ թվում իրանահայ անվանի գեղանկարիչ Սիրաք Մելքոնյանի կտավներից մեկը, թեեւ ոչ ամենաթանկը, բայց արժանացան գնորդների ուշադրությանը ապահովեցին մեկ միլիարդից բարձր գին:

 

 

Գործընկերները, ընկերները, հարազատներն ու Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականության երկրպագուները հունվարի 13-ին եկել էին մեծ բանաստեղծի հոգեհանգստի արարողությանը՝ հրաժեշտ տալու մեր ժամանակների ինքնատիպ մտածողներից մեկին:

Դավոյանի հոգեհանգստին, որը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց՝ մեր ժողովուրդը միշտ սիրով կարդացել է Դավոյանի ստեղծագործությունները և արդեն վաթսուն տարի ծանոթ է նրա բանաստեղծական աշխարհին, որն սկսվել է «Իմ աշխարհը» ժողովածուից: «Դավոյանը հաստատուն ուղիով ամբողջ կյանքում իր բանաստեղծական հունը, ճանապարհը, աշխարհը ստեղծեց և ոչ միայն բանաստեղծական. գրել է «Ստվերների միջով», «Ռեքվիեմ» և տասնյակից ավելի բանաստեղծական հրաշալի գրքեր, ինչպես նաև միջնադարյան մեծ նկարիչ Թորոս Ռոսլինի մասին արձակ երկը: Ռազմիկ Դավոյանը գրել է դրամաներ, հրապարակախոսական հոդվածներ, հասարակական, քաղաքական գործունեություն է ծավալել և բազմաթիվ մրցանակների ու շքանշանների արժանացել»,-շեշտեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Դավոյանը հետաքրքիր մարդ էր ու անգամ վիճելիս ժպտում էր, երբեք դառնություն, մաղձ չի եղել նրա խոսքում:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ կան հրաժեշտներ, որոնք նաև սկիզբ են: «Ռազմիկ Դավոյանն այն ստեղծագործողն է, որը մոլորակ է ստեղծել: Այն կա և  ցանկացողը կարող է գնալ այնտեղ, ապրել այդ բանաստեղծություններով, շնչել դրանցով, ուժեղանալ: Նման մարդը կգա ու կասի, որ սա իմ երկիրն է: Դավոյանի նման մեծությունները գալիս են հզորացնելու մեր հայրենիքը: Վահագն  Դավթյանն ասել է՝ պոետները շանթարգելներ են և չեն թողնում՝ որևէ շանթ, որևէ ուժ գա ու մխրճվի մեր մեջ: Ես համոզված եմ, որ մեր հաղթանակների գրավականը նաև Ռազմիկ Դավոյանի գրականությունն է, նրա ապրած կյանքը»,-ընդգծեց Մանուկյանը:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ Ռազմիկ Դավոյանն իսկապես մեծ բանաստեղծ էր: Բաբայանը բախտ է ունեցել շփվելու նրա հետ մի քանի տարի շարունակ, երբ Դավոյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հանձնաժողովի նախագահն է եղել: «Այն մթնոլորտը, որը նա ստեղծում էր ուսանողների համար, նախանձելի էր: Նա այնքան լույս ու ժպիտ էր սփռում, միշտ լավ տրամադրություն ուներ, հրաշալի էներգետիկա: Միշտ հիշելու եմ այդ օրերը: Նա սովորեցնում էր անկախ տարիքից, գիտելիքների քանակից հարգել մարդուն: Մենք կորցրինք մեծ մարդու ու մեծ բանաստեղծի»,-եզրափակեց Բաբայանը:

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 3-ին Մեծ Պարնի գյուղում: Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ «Իմ աշխարհը», լույս է տեսել 1963 թվականին։ Դավոյանը 60-ականների «ոսկե» սերնդի ներկայացուցիչներից էր, նոր բանաստեղծության կոչնակներից, որը կարճ ժամանակում իր հաստատուն տեղն ունեցավ մեր գրական ընթացքում: Շարունակելով մեր գրականության ավանդույթները՝ նա ապահովեց մի նոր թռիչք, որը միայն ինքը կարող էր անել: Դավոյանի ստեղծագործությունները երգեր են դարձել, սիրված երգեր և դեռ երկար կմնան ունկնդրի հիշողության մեջ:

Հայտնի են Դավոյանի «Ստվերների միջով», «Ռեքվիեմ», «Խաչերի ջարդը», «Մեղրահաց», «Կեղևդ բաց արա», «Ինչ էր եղել», «Տաք սալեր», «Պոեմներ», «Պղնձե վարդ», «Թորոս Ռոսլին», «Բանաստեղծություններ», «Էպոս պատանության», «Տխուր փիղը», «Սահման», «Խաչերի ջարդը», «Ընտիր երկեր», «Քարե բարձ», «Էպոս պատանության» և այլ ժողովածուներ: Դավոյանի գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով»:

Արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի (1985), ՀՀ նախագահի մրցանակի (2003), Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալի (1998), Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի (2011), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի (2010), Հայաստանի վարչապետի հուշամեդալի (2015): Երևանի պատվավոր քաղաքացի է (2017):

Ռազմիկ Դավոյանը կյանքից հեռացավ հունվարի 11-ին:

 

 

Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն անցկացվեց Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։ Ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։

Ցուցահանդեսին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան նկարների մրցույթի ամփոփումը և ներկայացվել են հաղթողները:

 

 

Հունվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգը, որի ծրագրում ներառված են հոլիվուդյան հայտնի կինոֆիլմերի մեղեդիները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի «Աստղային պատերազմներ», «Ռոկկի», «Մալենա», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Շինդլերի ցուցակը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Գլադիատոր», «Կնոջ բույրը», «Դաշնակահարը», «Մեկ անգամ Ամերիկայում», «Կնքահայրը», «Գահերի խաղը» և այլ ֆիլմերի սաունդթրեքները։

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական ​​հուշարձանների ցանկը:

51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաեւ Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում»։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։

Գառնու հեթանոսական տաճարը Հայաստանում կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում, Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Պատմաճարտարապետական ​​համալիրը գտնվում է համանուն ժամանակակից գյուղի կողքին։

Գառնու տաճարը միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում, որը թվագրվում է հեթանոսության եւ հելլենիզմի դարաշրջանով։

Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը եւ աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:

Երկրորդ տեղում էր հին հռոմեական երկնքի աստծո, լույսի, ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք եւ ավարտվել Ներոն կայսեր օրոք (մ.թ. 37-68) եւ գտնվում էր մ.թ. հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան):

Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին եւ կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։

 

 

Դերասանուհի Նիկոլ Քիդմանն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում խաղացած դերի համար:

Դեկտեմբերի վերջին Նիկոլ Քիդմանը խոսել էր կինոարդյունաբերության մեջ խտրականության մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլիվուդը զանգվածաբար բոյկոտելու է «Ոսկե գլոբուսը»:

2021 թվականի փետրվարին «Los Angeles Times»-ը պարզել էր, որ մրցանակաբաշխության կազմակերպիչ HFPA-ի մոտ 100 անդամների մեջ ոչ մի սևամորթ չկա։ Արդյունքում, ճանապարհային քարտեզը պատրաստվել էր նույնիսկ սահմանված ժամկետից մի փոքր շուտ, և անմիջապես ընդունվել է HFPA-ի մասնակիցների կողմից:

Այլ փոփոխություններ կատարելուց բացի, կազմակերպությունը խոստացել է այս տարի հավաքագրել «առնվազն 20 նոր անդամ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սևամորթների ընտրությանը», և արգելել է նվերները ընկերություններից և ոլորտի կոնկրետ ներկայացուցիչներից, եթե դրանք նույնիսկ անուղղակիորեն են կապված մրցույթի հետ հետ։

 

 

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի հաղորդավարով։ Այս մասին հայտնում է Variety ամսագիրը։ Հաղորդվում է, որ հաղորդավարը արարողությունը վարելու է 2018 թվականից ի վեր առաջին անգամ։

ABC հեռուստաալիքի ժամանցային բաժնի ղեկավար Քրեյգ Էրվիչը պատմել է, որ «Օսկարը» հաղորդավարով է անցկացվելու։ Հենց նրա հեռուստաալիքն է հեռարձակելու շոուն։

Էրվիչը չի հրապարակել հաղորդավարի անունը՝ կատակով նշելով, որ արարողությունը կարող էր վարել հենց ինքը։

2018 թվականին արարողությունը վարել է Ջիմի Քիմելը։ 2019 թվականին այս դերում պետք է հայտնվեր կատակերգու դերասան Քևին Հարթը, սակայն նա հրաժարվել էր։ 2020 թվականին նույնպես հյուրընկալող չի եղել, իսկ 2021 թվականին արարողությունն անցկացվել է խառը ձևաչափով։

 «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 27-ին Լոս Անջելեսում։ Մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան փետրվարի 8-ին։

 

 

Լոնդոնում բացվել է  Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդու և ժառանգորդի՝ Ուելսի արքայազն Չարլզի նկարների ամենամեծ ցուցահանդեսը։ Այս մասին, ինչպես գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, նշված է արքայազնի հիմնադրամի կայքում։

Ցուցահանդեսը բացվել է Լոնդոնի Բելգրավիա շրջանում գտնվող Չելսի զորանոցի մատուռում: Այնտեղ ներկայացված են Չարլզի 79 ջրաներկ աշխատանք»։

«Սա արքայազնի աշխատանքների երբևէ եղած ամենամեծ ցուցահանդեսն է և նրա ջրաներկ աշխատանքի առաջին ամբողջական ցուցադրությունը»,- նշված է կայքում։

Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված են բնապատկերներ։ Օրինակ՝ շոտլանդական լեռների կամ Տանզանիայի տեսարանները։ Արևելյան Աֆրիկայի այս երկիրը համարվում է արքայազն Չարլզի նկարելու ամենասիրելի վայրերից մեկը: Ֆրանսիային նվիրված հատվածում էլ ցուցադրված են տեսարաններ Պրովանսի շրջանից։

Ուելսի արքայազնը համեստորեն նշել է, որ իր էսքիզները «մեծ արվեստ» չի համարում:

 

Ամստերդամի պետական թանգարանը (Ռեյկսմյուզե)  իր կայքում հրապարակել է հոլանդացի հայտնի գեղանկարիչ Ռեմբրանդտի «Գիշերային դետք» (1642 թ.)  կտավի թվային պատճենը 717 գիգապիկսել  լուծաչափով , որը ստացվել է նկարի շարունակական ուսումնասիրության և վերականգնման շրջանակներում:

Artguide.com-ը գրում է, որ սա երբևէ ստեղծված արվեստի գործի ամենամեծ և մանրամասն պատկերն է:

Նկարահանումների համար արվել է 8439 լուսանկար։ Այնուհետև պատկերները միավորվել են մեկ պատկերի մեջ՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը: Վերջնական պատճենը 5,6 տերաբայթ է:

Կտավը հանրությանն առավել հայտնի է «Գիշերային դետք» անունով, մինչդեռ իսկական անվանումն է «Կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի և լեյտենանտ Վիլեմ վան Ռյոյտենբյուրգի նետաձիգների խմբի դետքը»։

Կտավը պատվիրել է Նիդեռլանդների՝ նետաձիգների ընկերությունը, որը ցանկանում էր զարդարել իր նոր շենքը վեց գնդերի խմբային նկարներով։ Ռեմբրանդտին նկարը պատվիրել է կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի գունդը՝ դրա դիմաց վճարելով 1.600 ֆլորին։ Չնայած այն բանին, որ կտավի մի մասը չի պահպանվել, այն թանգարանի ամենամեծ նկարներից է (363 × 437 սմ)։