Հունվար 25, 2022 13:39 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Ընկերակցեք մեզ։

 

Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը։

Ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման եւ մաքրման ծրագիրը, եւ այժմ տեղական իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում պատմական հուշարձանը բացել այցելուների համար։

Վերակառուցվել են վանքի հին կառույցը, բակը եւ այլ տարածքներ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում գտնվող տապանաքարերի փաստագրման ուղղությամբ։

Հոդվածում նշվում է, որ Բուշեհրի հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի կարեւոր եւ նշանակալի պատմական հուշարձաններից է։

«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների եւ տաճարների համար: Արեւելյան Ատրպատականի եւ Արեւմտյան Ատրպատականի նահանգների Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եւ Ձորձոր (Զորզոր) եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին ընդգրկվել 2008 թվականին»,- ասվում է հրապարակման մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս հուշարձանները որպես հայկական ճարտարապետության ակնառու նմուշներ է որակել։

Բուշեհրի հայկական եկեղեցին կառուցվել է Ղաջարների դինաստիայի օրոք (1795-1925) Ավադյանների ընտանիքի կողմից, որը նավահանգստային քաղաքի նշանավոր հայ ընտանիքներից էր։

 

 

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այս առիթով թանգարանը 2022 թվականի հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA International Festival of Film Preservation «To Save and Project» ծրագրի շրջանակում, արվեստասեր հանրությանը ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» ընկերության համագործակցության շնորհիվ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։ Ֆիլմերի վերականգնումը իրականացվել է Լոնդոնյան CPC ընկերության ֆինանսավորմամբ, իսկ ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի կողմից ֆինանսավորվել է վերականգնված օրինակների ժապավենային (35 մմ) տպագրությունը՝ 5 օրինակով։ Օրինակներից մեկը պահպանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում, 1-ական օրինակներ տրվել են Վրաստանին և Ուկրաինային։ Եվ 1-ական օրինակներ էլ մշտական պահպանության են հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին և Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։

Փարաջանովի կարճամետրաժների վերականգնված ժապավենային տրիպտիխը ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021թ.) հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության է հանձնվել Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն իր կարևոր տեղն է զբաղեցրել համաշխարհային նշանակության երկու խոշոր արվեստի կենտրոններում՝ MoMA-ում և Պոմպիդուում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերականգնված երեք կարճամետրաժների ծրագիրն իրականացնելու նպատակով համագործակցել է Ուկրաինայի (Դովժենկոյի կենտրոն), Վրաստանի (Վրացական ֆիլմ), Ռուսաստանի (Gosfilmofond) գործընկերների հետ, ինչպես նաև Լեհաստանի (Fixafilm), Ֆրանսիայի (Համո Բեկ-Նազարով նախագիծ), Լոնդոնի (Kino Klassika), ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնի հետ։

 

 

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնեց հայկական սուպերհերոսի մասին ֆիլմ նկարահանելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկմանը:

Պատգամավորը նախ կարևորեց կինեմատոգրաֆիան հասարակության կյանքում:

«Մենք չենք ունեցել դրական հերոսներ: Մեզ պետք են հերոսներ, դրական հերոսներ»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց՝ օրինակ համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ կան այդպիսի հերոսներ՝ «Սփայդեր մեն», «Բեթմեն», «Կապիտան Ամերիկա», որոնք հաղթանդամ, բարի գործող մարդիկ են, սուպերհերոսներ են:

Պատգամավորը ելույթից առաջ Հանրային հեռուստաընկերությունից տեղեկացել է. «Հիմա մենք ունենք արդեն նկարահանված ֆիլմ, ուղղակի հետարտադրական փուլում է գտնվում ֆիլմը՝ հայկական սուպեր հերոսի մասին, որը կարծեմ կոչվելու է «Վիշապ»: Ես կխնդրեմ մեր հեռուստաընկերություններին, պրոդյուսներին, ռեժիսորներին, որ մեզ նվիրեն հերոսներ, իրական հերոսներ, որոնք կգործեն սխրանքներ, այլ ոչ թե երկար տարիներ բերեն այնպիսի կերպարներ հրամցնեն և ունենանք այն հասարակությունը, ինչ ունեցել ենք երկար տարիներ»,-ասաց պատգամավորը:

 

 

Օրեր առաջ՝ մի քանի օր ընդմիջումով, Հայաստանում են եղել ֆրանսահայ նշանավոր դերասան, դրամատուրգ, բեմադրիչ, լավագույն ռեժիսուրայի համար ֆրասիական «Մոլիեր» ամենահեղինակավոր թատերական մրցանակի դափնեկիր, «Կազինո Ռոյալ», «Արամ», «Արարատ» ֆիլմերով մեծ ճանաչում ձեռք բերած Սիմոն Աբգարյանը և ֆրանսիական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամենահայտնի դերասանուհիներից, «Սեզար»-նշանավոր մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակակիր, Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Վոլպիի գավաթ»-ի մրցանակակիր Արիան Ասկարիդը։

Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հրավերով նրանք եղել են Հայաստանի կինոգործիչների միությունում, ծանոթացել միության աշխատանքներին, կատարվածին, առաջիկա անելիքներին և սպասվող մեծ նախագծերին, զրույց է ծավալվել կինոյի, թատրոնի զարգացումների, Հայաստանում նրանց կողմից իրականացվող կարևոր ծրագրերի ու ապագա նախագծերի մասին:

Նշանավոր արտիստները, Հայաստանի, հայկական կինոյի ու թատրոնի հետ բազում թելերով անքակտելիորեն կապված արվեստագետները ստորագրել են  «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին։

 

 

Լուվրը սպառնում է դատի տալ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, քանի որ նրա՝ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը նկարահանվել է թանգարանի ֆոնին։ Այս մասին գրում է artguide.com կայքը:

Լուվրը մտավախություն ունի, որ կարող է ներքաշվել ընտրական դառը բանավեճի մեջ, և իր հեղինակությունը կտուժի: Հինգ տարի առաջ Էմանուել Մակրոնը, Լուվրում տոնելով նախագահական ընտրություններում իր հաղթանակը, խոստացել էր կատարել իր նախընտրական խոստումները։

Իր տեսահոլովակը նկարահանելու համար Լը Պենն ընտրել է նույն վայրը և հիշեցրել, որ Մակրոնը չի կատարել իր խոստումները։

Լուվրի հայտարարության համաձայն, ոչ ոք չի կարող օգտագործել թանգարանի պատկերները առանց նախնական թույլտվության. «Մենք պատկանում ենք ողջ ֆրանսիացի ժողովրդին։ Մենք չենք կարող կապված լինել որևէ քաղաքական կուսակցության հետ»։

Եթե Լը Պենը չհեռացնի տեսանյութը, Լուվրը կդիմի դատարան:

 

 

Անգլիական Լոուստոֆտ քաղաքում գտնվող շինության սեփականատերերը վաճառել են սթրիթ արտի վարպետ Բենքսիի աշխատանքներից մեկը, որը պատկերված է շենքի պատին: Այս մասին հայտնում է The Metro-ն՝ հավելելով, որ դա վրդովմունքի ալիք է բարձրացրել քաղաքի բնակիչների շրջանում:

Բրիտանացի անանուն հեղինակը պատին պատկերել է աղջկան՝ ձեռքին երկաթյա ձողով և ավազե դղյակով կողքին:

Աղբյուրի տվյալներով՝ ամուսինները նոյեմբերին առանձնացրել են գրաֆիտիով պատն ու վաճառել այն անհատ գնորդի՝ 1,5-2 մլն ֆունտ ստերլինգով: Տեղի բնակիչները զույգի այդ քայլը եսասիրական են համարել:

 

 

Անգլիայում բնակվող տղամարդն իր այգում հին հռոմեական մատանի է հայտնաբերել, որը մոտ 2000-ամյա պատմություն ունի:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հնագույն զարդը գտնել անգլիացուն հաջողվել է մետաղորսիչ սարքի միջոցով, որը նրան կինն էր նվիրել:

Մայք Բերքը մետաղական իրեր որոնելու համար նախատեսված սարքը նվեր էր ստացել անցյալ տարի: Ինչպես վերջինս պատմել է, Սուրբ Ծնունդին ընդառաջ որոշել է սարքով խուզարկել իր հողատարածքն ու մատանի է հայտնաբերել: Սկզբում նա չէր պատկերացնում, թե ինչ գանձ է հայտնաբերել, այդ պատճառով էլ գտածոն հանձնել էր տեղի թանգարաններից մեկին:

Մասնագետներն, ուսումնասիրելով մատանին, եզրակացրել են, որ այն պատկանել է 2000 տարի առաջ  Բրիտանիայում ապրող հռոմեացիների ղեկավարին: Մատանու վրա պատկերված է հռոմեական հողագործության աստվածուհի Ցերերան: Մատանու քաշը կազմում է 12.8 գրամ:

Մատանին այժմ գտնվում է Քորնուոլի թանգարանում: Եթե այն հետաքրքրի մասնագետներին, ապա կարող են գնել անգլիացուց, եթե ոչ՝ կվերադարձնեն:

 

 

Շոտլանդիայում առանձնատներից մեկի ձեղնահարկում գտել են Օսմանյան կայսրության սուլթանների հին դիմանկարներ, որոնց արժեքը գնահատվել է 50-70 հազար ֆունտ սթեռլինգ։

Կտավները պահվում էին Շոտլանդիայի Ջեդբորո քաղաքի շրջաններից մեկի առանձնատանը։ Կտավներին պատկերված են սուլթան Սուլեյման I Սքանչելին, որն Օսմանյան կայսրությունում կառավարել է 16-րդ դարում, սուլթան Բայազիդ Ա-ն, որը կառավարել է 14-րդ դարավերջին, եւ սուլթան Բայազիդ Բ-ն, որը գահ է բարձրացել 1481թ.։

Sotheby’s աճուրդների տան շոտլանդական բաժանմունքի տնօրեն Դեւիդ Մակդոնալդը գտածոն անհավանական է անվանել։ Նա կարծում է, որ դիմանկարները ձեռք են բերվել 17-րդ դարում Լոտիան երրորդ կոմսի կողմից, Եվրոպայում ճանապարհորդելու ժամանակ։ Սպասվում է, որ դրանք աճուրդի կհանվեն հունվարի 20-ին։

 

 

ԱՄՆ-ն Իրաքին կհանձնի երկրից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված երկու արժեքավոր արտեֆակտ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Սահաֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լոս Անջելեսում Իրաքի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունն ԱՄՆ ՀԴԲ-ի հետ համակարգմամբ եւ համագործակցմամբ ավելի քան 4000 տարվա հնության երկու արտեֆակտ կստանա։ Դա հնարավոր դարձավ ԱՄՆ իշխանությունների կողմից [իրերի] առգրավումից հետո՝ իրաքյան հնությունների անօրինական առեւտրի դեմ պայքարի եւ դրանք հայրենիք վերադարձնելու ջանքերի շրջանակում»,- հայտարարել է Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչը, մեջբերում է INA լրատվական գործակալությունը:

Աս-Սահհաֆը նշել է, որ առաջին իրը հնագույն շումերական Ուր քաղաքի սեպագիր տախտակն է, երկրորդը` Հին Բաբելոնի ժամանակաշրջանի սեպագիր տեքստից մի հատված: Նա նաեւ հավելել է, որ արտեֆակտների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին Լոս Անջելեսում Իրաքի գլխավոր հյուպատոսությունում։

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները 2014 թվականի ամռանը գրավեցին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավեցին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, եւ այն այսպես կոչված խալիֆայության մայրաքաղաք հռչակեցին։ 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ սկսեցին ծայրահեղականների կողմից գրավված տարածքների ազատագրման համար: Իշխանություններն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի մասին հայտարարեցին 2017 թվականի դեկտեմբերին։ Այդ ընթացքում Իրաքի տարածքներում գործող ահաբեկիչները հազարավոր արժեքավոր իրեր եւ հնություններ էին յուրացրել եւ հանել երկրից, ավերել եւ կողոպտել էին բազմաթիվ թանգարաններ եւ պատմական վայրեր, թալանել զգալի հնագիտական ​​գոտիներ՝ անօրինական պեղումներ կատարելով այնտեղ: