Փետրվար 09, 2022 18:47 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի ու արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Ընկերակցեք մեզ։

--------------------------------- 
Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մեկնել է Իրան:
Թատերախումբը Թեհրանում և Սպահանում կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության համանուն բեմադրությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ մասնակցելու են «Ֆաջր» փառատոնին, որն  անցկացվում է փետրվարի 6-15-ը: «Մենք Իրանում ենք լինելու փետրվարի 6-ից 11-ը: «Լոռեցի Սաքոն» ներկայացումը խաղալու ենք նաև հայ համայնքի համար: Հյուրախաղերի մեկնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»,-տեղեկացրեց Գրիգորյանը:
Նա նշեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են կյանքի կոչելու: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամմադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացնեն հանդիսատեսի դատին: Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, Համազգային թատրոնում իրանական պիեսների թատերայնացված ընթերցանություններ են լինելու: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերի, ներկայացնելու են Ֆիրդուսիի «Շահնամեն» և այլ գործեր:
Գրիգորյանի խոսքով՝ «6.60» ֆիլմը պատմում է հայ և բարեկեցիկ երկրից մի ընտանիքի մասին: Հայ երեխայի հայրը զինվորական է, իսկ մյուս ընտանիքի երեխայի հայրը՝ դիվանագետ, որի գրչի մի հարվածով ճակատագրեր են որոշվում: Մի օր էլ նրա կնքված փաստաթուղթը հայ երեխային զրկում է հորից:
«Իրանը հին մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող հզոր երկիր է, և մենք իրանցիներին հիմնականում զբոսաշրջիկների միջոցով ենք ճանաչում, սակայն անհրաժեշտ է իմանալ Իրանի մշակույթը, որը բազմազան է, խորն ու հետաքրքիր: Շատ բարձր եմ գնահատում այն: Ըստ իս՝ հարևանների մշակույթը պետք է լավ ճանաչել»,-շեշտեց Նարինե Գրիգորյանը:
Խոսելով Համազգային թատրոնում 2022-ին սպասվող առաջնախաղերի մասին՝ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ բեմ են բարձրացնելու Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» գիրքը, որի ռեժիսորը հենց ինքն է, հրավիրված ռեժիսորներ Արման Նշանյանը կբեմադրի Նիլ Սայմոնի «Մոլորվածները Նյու Յորքում» պիեսը, Տաթևիկ Մելքոնյանը կբեմադրի Ժան Անույի «Նվագախումբ» գործը, Գոռ Մարգարյանը ևս բեմադրություն կանի, «Ագորա» թատերախմբի հետ համատեղ կբեմադրվի Ժոել Փոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» ներկայացումը: Գրիգորյանն ասաց, որ այն իմերսիվ թատրոն է, և գործողությունները ծավալվելու են ոչ միայն բեմում, այլև միջանցքում: Բեմադրության ռեժիսորը Սերժ Մելիք-Հովսեփյանն է:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ բեմադրելու են Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսը: Բեմադրության ռեժիսորը Նիկոլայ Ծատուրյանն է: Այն նախ կխաղան Գյումրու թատրոնում, այնուհետև՝ Համազգայինում:
Նարինե Գրիգորյանն ընդգծեց, որ տարին հագեցած է, ծրագրերը՝ շատ: Հույս ունի, որ ոչինչ չի խոչընդոտի իրականացնել իրենց նախաձեռնությունները, իսկ հաջորդ տարի հանդիսատեսին հյուրընկալելու են թատրոնի նոր շենքում, որի շինարարական գործընթացը դեռ շարունակվում է:

Image Caption

 

Փետրվարի 3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հյուրն էր թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, ով հայերեն է թարգմանել իրանցի գրող, մանկագիր Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» գիրքը: Իրանցի գրողը գրադարանի հյուրերի համար տեսաողջույն էր պատրաստել, որում խոսեց գրադարանի հետ ունեցած ջերմ կապերի ու տարիներ առաջ Հայաստան կատարած այցից մնացած հիշողությունների մասին: Գրողը հույս հայտնեց, որ երեխաներին կհետաքրքրի իր ստեղծագործությունը և վերջինները կկարդան այն: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գրքի ընթերցումից հետո կկազմակերպվի նմանատիպ ևս մեկ հանդիպում՝ արդեն երեխաների տպավորությունները լսելու և գիրքը քննարկելու նպատակով։
Հարցին, թե ինչու հենց այս գործն է ընտրել թարգմանելու համար, Ասատրյանը նշեց, որ հեղինակի հետ երկար տարիներ առաջ այս նույն գրադարանում է ծանոթացել, ինչին էլ հետևել է թարգմանությունը. «Թե գործն է շատ բարի մի պատմություն, թե հեղինակը՝ մի բարի կերպար: Ինչը շատ հաճախ չի համընկնում»,- նկատեց նա:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի տնօրեն Սեեդ Հոսեյն Թաբաթաբային:
Հավելենք, որ Ֆարհադ Հասանզադեն առաջին անգամ է հայերեն տպագրվում: Հասանզադեն հրատարակել է ավելի քան 80 գիրք` երեխաների և պատանիների համար. վեպեր, պատմվածքներ, բանաստեղծություններ: Գրքերից մի քանիսը թարգմանվել են անգլերեն, մալայերեն, չինարեն և այլ լեզուներով: «Զիբա՛, կանչիր ինձ» վեպը իրանական արդի արձակի ամենաուշագրավ երևույթներից է: Գիրքը նկարագրում է Թեհրանի բազմամարդ փողոցներում հոր ու դստեր հարաբերությունները և քաղաքում տիրող մթնոլորտը: Այն պատմում է մանկատանն ապրող 15-ամյա աղջկա՝ Զիբայի և հոգեբուժարանում գտնվող նրա հոր մասին։ Ֆարհադ Հասանզադեի ստեղծագործությունները բարձր գնահատանքի են արժանացել ավելի քան 30 փառատոներում և գրողների միություններում, ստացել է բազմաթիվ մրցանակներ: 2017 թ.-ին գրողը առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի, իսկ 2018թ. -ին և 2020թ.-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։ Մանկական գրքի միջազգային խորհրդի (IBBY) կողմից արժանացել է Տարվա լավագույն գիրք մրցանակին:

Image Caption

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին:
Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Image Caption

 

2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվել է նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: Այս մասին հայտնում են քոլեջից։ 
Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու ոչ միայն գիտական, կրթական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտում:
«Որպես այս ուսումնական հաստատության ղեկավար՝ իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ, որ ուսումնական հաստատությունն ունենա առաջընթաց և ավելի ներկայանալի դառնա։ Բնականաբար, շատ անելիքներ ունենք, որոնք մենք բազմիցս քննարկել ենք և՛ նախարարության, և՛ հիմնադրամի հետ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Միայն կարող եմ ասել՝ այդ անելիքների կծիկն արդեն մեր ձեռքում է, որի թելի ծայրից բռնել ենք միասին։ Ոգևորիչ է այն փաստը, որ «Ազնավուր» հիմնադրամն իր ողջ ներուժով և հնարավորություններով պատրաստակամ է աջակից լինելու այս ուսումնական հաստատության վերակազմակերպման և նոր ակադեմիական հարթակ ստեղծելու գործին։ Շնորհավորում եմ բոլորին»,- նշել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը շնորհավորել է բոլորին այս անվանակոչության առթիվ և մաղթել քոլեջին բարգավաճում։
«Շառլ Ազնավուրի կյանքն ու կարիերան բազում երիտասարդների են ոգեշնչել ողջ աշխարհում: Նրա անցած ուղին բարդ էր և լի փորձություններով, որոնք նա կարողացավ հաղթահարել իր աշխատասիրության շնորհիվ: Մենք լիահույս ենք, որ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջում իրենց մասնագիտական ուղին կսկսեն ապագա աշխարհահռչակ արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ»,- ասել է նա։ 
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը ստեղծվել է Երևանի մշակույթի պետական քոլեջի և ջազային արվեստի պետական քոլեջի միավորման արդյունքում: Քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 650 ուսանող` տասից ավելի մասնագիտական ուղղություններով:

Image Caption

 

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նա 63 տարեկան էր։
Կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։ Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։
1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

Image Caption

 

Փետրվարի 6-ին Մադրիդի Espacio Ronda-ում տեղի ունեցավ Komitas Piano Project համերգային երեկոն, որի ընթացքում իտալացի դաշնակահար և ակորդեոնահար Ֆրանսեսկո դի Կրիստոֆարոն կատարեց Կոմիտաս Վարդապետի՝ 1906-1911թթ․ գրված ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ 
Komitas Piano Project-ի նպատակն է տարածել և ճանաչելի դարձնել Կոմիտաս Վարդապետի բացառիկ կերպարը, որը դարձել է հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշը։

Image Caption

 

Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։
 «Թղթե ականներ․ Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը, 1970-2000 ականներ» ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ փետրվարի 4-ին:
Ցուցահանդեսը կազմակերպել է «Թեք տեղ» թատրոնը՝ Երևանի Գյոթեի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն ընդգրկում է ավելի քան 70 տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։
Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին՝ Նիգարյանը կոտրել է խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1981 թվականից սկսած արվեստագետը հիմնականում դիմել է գեղանկարչությանն ու լուսանկարչությանը, և միայն կյանքի ուշ շրջանում է կարողացել լիովին իրականացնել գրաֆիկական դիզայնի իր հայեցակարգային մոտեցումները Ազգային պատկերասրահի ֆիլմերի ցուցադրության ծրագրի համար պատրաստած պաստառների շարքում:

Image Caption

 

Գրեթե կես դար առաջ գողացված լինելուց հետո Բաքոս աստծո արձանիկը վերադարձվել է Ֆրանսիական թանգարանին, որտեղ այն ցուցադրվելիս է եղել:
Ինչպես հայտնում է BBC News-ը, առաջին դարին պատանող բրոնզե արձանիկը աստծուն պատկերում է երեխայի տեսքով: Այն գողացել էին 1973 թվականի դեկտեմբերին 5000 հռոմեական մետաղադրամի հետ:
Արձանը հայտնաբերել է արվեստի գործերի հետախուզմամբ զբաղվող Արթուր Բրենդը:  
40 սմ բարձրությամբ արձանը հայտնաբերվել էր 1894 թվականին Ֆրանսիայի արևելյան շրջանում գտնվող հին գալա-հռոմեական գյուղի տարածքում, տարիներ անց ցուցադրվել էր Փարիզի կերպարվեստի զուցահանդեսում:

 

Պիտակ