Ելք դեպի լույս 692
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 86-րդ այա
Չե՞ն տեսել արդյոք, որ մենք հաստատեցինք գիշերը հանգստանալու համար և ցերեկը` աշխատելու: Անտարակույս, այս բոլորը նշաններ են հավատացյալ ժողովրդի համար:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք հարության մասին, ասելով, որ նրանք, ովքեր հարությունը չեն ընդունում, պետք է հրաժարվեն այդ մտքից: Այս այան խոսում է աստվածային ուժի դրսևորումների մասին, ասելով. «Արդյոք դուք ուշադիր եղե՞լ եք, որ եթե երկիրը մշտապես լուսավոր լիներ, ինչպես էիք կարող հանգստանալ: Իսկ եթե այն մշտապես խավարի մեջ լիներ, ինչպե՞ս էիք դուք աշխատելու և ինչպես էին աճելու բույսերն ու ծառերը: Արդյոք երկիր մոլորակի պտույտը, որ կարգավորում է ձեր կյանքը, պատահական երևո՞ւյթ է: Այսօր գիտականորեն ապացուցվել է, որ գիշերային մթությունը հանգստացնում է մարդուն, իսկ առավոտվա լույսը մեծ ազդեցություն է ունենում նրա աշխուժության վրա: Ղուրանն այս մասին խոսելով, դիմում է արդարամիտ մարդկանց, նախազգուշացնելով, որ իրենց շուրջը նայելով, հավատան Բարձրյալի ուժին ու իմաստությանը և հավատան հարության օրվան:
Այս այայից սովորում ենք.
1. Գիշերն ու ցերեկն Արարչի իմաստնության դրսևորումներից են և պետք է այս կապակցությամբ ավելի ուշադիր լինենք:
2. Այս այաները գիշերվա քնելու և առավոտվա արթնանալու մասին են, որպեսզի մենք այս աշխարհում ամեն օր տեսնենք, թե մարդն ինչպես է ամեն օր մահանում ու արթնանում:
3. Մարդու առօրյա կյանքը պետք է համահունչ լինի բնության համակարգին: Գիշերը քնելու համար է իսկ ցերեկն՝ աշխատելու: Իսկ քիչ քնելը կարող է վնասել մեր առողջությանը:
Նամլ սուրահի 87-րդ այա
Այն օրը, երբ հնչի փողը, երկինքներում ու երկրի վրա գտնվող ամեն ինչ սոսկումից պիտի դողա՝ բացառությամբ նրանց, որոնք Աստծու ընտրյալներն են: Բոլորը խոնարհությամբ պիտի կանգնեն Իր առաջ:
Այս այան նույնպես անդրադառնալով հարության խնդրին, ասում է, որ շեփորը հնչելու է երկու անգամ: Առաջին անգամ աշխարհի ավարտին, որպեսզի մարդիկ լսեն այդ ձայնն ու սարսափից մեռնեն: Երկրորդ անգամ, շեփորը հնչում է հարության օրը և մեռածները վերակենդանանում են ու ներկայանում Աստծու առաջ: Ինչպես ասում է այս այան, երբ շեփորը փչում է, բոլոր մարդիկ սարսափահար են լինում: Սակայն բարի մարդիկ ու հրեշտակները բացառություն են կազմում: Ինչպես ասվում է հետագայում, նրանք ապրում են խաղաղության մեջ: Իհարկե, այդ ժամանակ և առաքինի մարդիկ և չարագործները, միաժամանակ մահանում են, քանի որ բոլորը պետք է խոնարհվեն Աստծու կամքի առջև և լսելով շեփորի երկրորդ ձայնը, կանգնեն Նրա առջև:
Մեկնաբանությունների համաձայն, շեփորը փչող հրեշտակն Էսրաֆիլն է:
Այս այայից սովորում ենք.
1. Ըստ Ղուրանի, այս կյանքի համակարգը և մարդկանց ու երկնային էակների մահը, տեղի է ունենալու միաժամանակ՝ սարսափելի ձայնը լսելուց հետո:
2. Երկնքում նույնպես գոյություն ունեն կենդանի էակներ, որ երկրայինների նման, մի օր մահանալու են:
Նամլ սուրահի 88-րդ այա
Դու տեսնում ես լեռներ, որ թվում է՝ անշարժ են, սակայն ամպի նման շարժվում են: Սա Աստծու արարչագործությունն է, Ով ամեն ինչ իմաստնությամբ է կարգադրել և տեղյակ է մահկանացուների արարքներին:
Այս այան խոսում է աստվածային հրաշագործությունների մասին: Այն ասում է . «Դուք կարծում եք, թե լեռներն անշարժ են, սակայն դրանք էլ ամպերի նման, դանդաղ շարժվում են: Դա աստվածային հրաշագործություններից է և երբ մոլորակը պտտվում է , մարդն այդ շարժը չի զգում: Պատմության ընթացքում, մարդիկ կարծում էին, թե երկիրն անշարժ է և արևն ու լուսինը պտտվում էին երկրի շուրջը:
Այս այայից սովորում ենք.
1. Լեռների շարժումը չի կարելի առանձնացնել երկրի շարժումից:
2. Ղուրանը Գալիլեյից 1000 տարի առաջ ասել է, որ երկիր մոլորակը շարժվում է:
3. Լեռների շարժումն ամպերի շարժման նման արագ է, իսկ երկրի խաղաղ վիճակը, հակառակ դրա արագ շարժման, Աստծու հրաշքներից է:
4. Ղուրանի տեսակետից, այն ամենն ինչ ստեղծել է Աստված, անթերի է: