Հունիս 08, 2022 10:14 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։

 

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը դատապարտել է Կաննի կինոփառատոնի քաղաքական և հակաիրանական քայլերը։

Կաննի կինոփառատոնում ոչ պրոֆեսիոնալ և քաղաքական քայլով, որն արժանացավ բազմաթիվ միջազգային քննադատների սուր արձագանքին, փառատոնի մրցանակներից մեկը հանձնվել է մի թույլ ու վիրավորական ֆիլմի, որը կասկածի տակ է դնում իսլամական և իրանական արժեքները։

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմեդ Մեհդի Էսմայիլին գրել է.«Իրանը հպարտանում է այն արվեստագետներով, որոնք երախտապարտ են մեր երկրի անվտանգության և հպարտության պահապանների զոհաբերության համար»:

Էսմայիլին հավելել է, որ Իրանը հպարտանում է այն արվեստագետներով, որոնք չեն ենթարկվում քաղաքականացված փառատոների շուքին և օտարերկրյա վարձկան լրատվամիջոցների քարոզչությանը և նրանց չեն կանգնեցնում հերոս ազգի վեհ համոզմունքների դեմ։

---

 

Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին, որն անցկացվում է Թբիլիսիում, ներկա են եղել Հայաստանի գրողների միության պատվիրակության ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանի տարբեր շրջաններից: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարևանությամբ գտնվող Սայաթ-Նովայի շիրմաքարին՝ հարգանքի տուրքը մատուցելով բանաստեղծ-աշուղի հիշատակին:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտել է, որ Սայաթ-Նովան թե՛ գրականության, թե՛ երաժշտության բնագավառում եզակի  ստեղծագործող է եղել, որին հայերն ու վրացիները հավասարապես իրենցն են համարում, քանի որ նա սեր է նվիրել բոլորին:

«Երկու ժողովուրդների հարաբերություններում քաղցր խոսքերը միշտ էլ եղել են, բայց նրանք պարտադրելու են մեզ նույնքան լավ ու բարի գործեր անել շարունակաբար՝ Սայաթ-Նովայի հիշատակը հարգելով: Կլինեն թարգմանություններ, նոր գրքերի հրատարակություններ, տարբեր միջոցառումներ»,-նշել է Միլիտոնյանը:

Միջոցառմանը Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին հայտարարել է, որ Էդվարդ Միլիտոնյանն արժանացել է Վրաստանի գրողների միության «Տիցիան Տաբիձեի» անվան գրական մրցանակի՝ երկարամյա գրական գործունեության և հայ-վրացական գրական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Մաղվալա Գոնաշվիլին որոշակի թարգմանություններ է արել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից և Նարեկացու մեկնաբանություններից: «Սա շատ լավ սկիզբ է, մենք պիտի ջանանք, որպեսզի նա կարողանա շարունակել իր աշխատանքը, և վրացերեն որոշակի թարգմանություններ տպագրվեն Նարեկացու անմահ ստեղծագործությունից, ինչպես նաև կարողանանք Հայաստանում օժանդակել այդ գրքի ստեղծմանը»,- եզրափակել է ՀԳՄ նախագահը:

---

 

 

«Ինքնաճանաչում. Էրեբունի» ցուցահանդեսն ամփոփում է 2021 թվականին մեկնարկած համանուն կրթական-հետազոտական և ստեղծագործական նախագիծը: Այն իրականացրել է Գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 1-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:

Նախագիծը նվիրված էր ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Կենտրոնի կերպարվեստի արվեստանոցների 6-17 տարեկան սաները մշակված հատուկ ծրագրով ուսումնասիրել են ուրարտական ժամանակաշրջանից մեզ ժառանգություն մնացած նյութը, այնուհետև իրենց աշխատանքներով տվել պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

Այս նախագծով Գեղագիտության ազգային կենտրոնն ընդգծում է հայոց պատմությանն ու մեր արմատներին առավել խորությամբ անդրադառնալու այսօրվա հրամայականը։ Սա հրաշալի առիթ էր հատկապես նոր սերնդի համար՝ սեփական ինքնության ակունքները բացահայտելու և ինքնաճանաչմամբ ստեղծագործական նոր ազդակներ ստանալու առումով։

«Ինքնաճանաչում. էրեբունի» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենան թեմատիկ հանդիպումներ, դասախոսություններ և վարպետության դասեր։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 1-ը։

----

 

 

Երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ հունիսի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ «ՄուլտՖԻԼմ» խորագրով համերգային ծրագրով:

Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում և ճեմասրահում երեխաներին դիմավորեցին ծաղրածուները, մուլտֆիլմերի հերոսները, որոնք խաղերով զվարճացրեցին փոքրիկներին:

Նախագծին միացել էին նաև նկարիչներ Դիլաքյան եղբայրները՝ «Գտնված երազ» բացօթյա ցուցադրույթով: Բեմում էր Ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ղեկավարեց դիրիժոր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Հնչեցին «Հարի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Կարիբյան ծովի ծովահեններ», «Առյուծ արքա» և սիրված այլ գեղարվեստական ֆիլմերի և մուլտֆիլմերի մեղեդիներ, որոնք ուղեկցվեցին մեծ էկրանին ցուցադրվող դիտարժան անիմացիաներով:

----

 

«Զանգակ» հրատարակչությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի մեկին ազդարարեց «Ամառային ընթերցանություն 2022» ծրագրի մեկնարկը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանն ասել է, որ ծրագիրը ինը տարի է՝ իրականացվում է: Նախաձեռնության շրջանակում երեխաները գրքեր են փոխանակում, գրականության հետ կապված հետաքրքիր միջոցառումների են մասնակցում ամռան երեք ամսվա ընթացքում:

«Այս տարի ավելացել է ևս մեկ բաղադրիչ: Ծրագրի շրջանակում ներառել  ենք գրքերի ցանկ, որին երեխաները ծանոթանում են, ընտրում են իրենց նախընտրած գիրքը, որի մասին հոլովակ են նկարահանում և այն ուղարկում են մեզ: Ժյուրիի հավանած հոլովակի հեղինակն արժանանալու է մրցանակի: Նրան հնարավորություն ենք ընձեռելու ներկայանալ  մոնոներկայացմամբ թատրոնի բեմում»,-նշեց Չիչակյանն ու հավելեց, որ լինելու է գրքերի փոխանակություն և կլինի: Փոխանակման համար գրատնակներ են լինելու «Զանգակ»-ի բոլոր գրախանութներում: Երեխաները կարող են գնել մեկ գիրք հետո այն փոխանակել մեկ այլ գրքով:

Ծրագիրը կգործի երեք ամիս:

---

 

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրված է հեղինակի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը, կարծես, կորստի խորհրդանիշ է։ Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին:

Գիրքը հրատարակել է «Վերնատուն» Հրատարակռությունը, աշխատասիրությամբ՝ Թագուհի Ղազարյանի, սրբագրիչ՝ Կարինե Մեսրոպյան, ձևավորումը՝ Լիլիթ Ալթունյանի:

Գրքում Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան բարքերի, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։

«Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ:

Հետչարենցյան ժամանակամիջոցում վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած վերջին տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։

2022-ին նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանի առթիվ հեղինակի տուն-թանգարանը, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված մեծ գրողին:

----

 

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հայտարարում է այս տարվա կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 14-18-ը Երևանում։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։

Կազմակերպիչները հայտնում են, որ «Արևորդի» փառատոնը նպատակ ունի բարձրացնելու բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանելու Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։

Ընդունելությանը կարող են ներկայացվել այն ֆիլմերը, որոնք լուսաբանում են բնապահպանական խնդիրներն ու նվիրված են բնությանը (վայրի բնությանը, կայուն ռեսուրսների կառավարմանը, քաղաքային բնապահպանությանը, էկոլոգիային ու կայուն զարգացմանը, գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը, առողջապահությանն ու շրջակա միջավայրին, կրթությանն ու շրջակա միջավայրին, և այլն)։  

Փառատոնի առանցքում այս տարի կլիմայական փոփոխությունների թեմատիկան է։

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 3 անվանակարգ` կլիմայի փոփոխության մասին գեղարվեստական ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին, երիտասարդները և երեխաները շրջակա միջավայրի մասին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։

----

 

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։

Այդ օրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստներ,  Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը, հեղինակներն են ճարտարապետ Վարդան Հարությունյանը և քանդակագործ Արմենակ Համբարձումյանը:

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ:

Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի դերն ու վաստակը հայ թատրոնի պատմության մեջ, ինչի մասին խոսվել և դեռ խոսելու են սերունդները:  Վերհիշելով Ղազանչյանի հետ վերջին հանդիպումը՝ նախարարի տեղակալն ասել է. «Արդեն ակնհայտ խնդիրներով, բայց շիտակ մեջքով, ժպիտը դեմքին, տանտիրոջ պես ընդունեց բոլորին Պարոնյանի անվան թատրոնում, մինչև վերջ մնաց բոլորի հետ, խոսք ասաց, խոսք լսեց... Նա հիշողությանս մեջ մնաց ուժեղ, կենսասեր անձի կերպար, ինչպիսին որ կար կյանքում»:

Խոսելով Գալյա Նովենցի մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է, որ նա բոլոր ժամանակներում կմնա ամենասիրելի արտիստներից մեկը. «Այն էմոցիաները և զգացմունքները՝ ազգային, մարդկային, գեղագիտական, որ ունեցել ենք կինոմատոգրաֆում և բեմում Գալյա Նովենցին տեսնելիս, նրա ամենամեծ արժևորումն ու նշանավորումն են»:

Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին հիշատակի  խոսքով հանդես են եկել նրանց որդին՝ Հակոբ Ղազանչյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ անվանի արվեստագետների կյանքի ու գործունեության մասին հիշողություն դարձած պատմությունները՝ որպես ուղերձ, փոխանցելով երիտասարդ սերնդին: 

----

 

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի օգոստոսին Սոչիում, հետաձգվել է: Այն նախատեսվում է անցկացնել 2023-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել  մրցույթի «Վ կոնտակտե» կայքի պաշտոնական էջում:

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը, որին մշտապես մասնակցում են ռուսական և համաշխարհային ճանաչում ունեցող հանրահայտ աստղեր, անցկացվում է 2002 թվականից: Մրցույթի գլխավոր հերոսները երիտասարդ արտիստներն են, որոնք տարբեր երկրներ ու աշխարհամասեր են ներկայացնում:

Մրցույթի անցկացման ժամկետների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ արտերկրի մասնակիցների և հյուրերի համար բարձր մակարդակով ապահովել հարմարավետ պայմաններ, տեխնիկական և կազմակերպչական գործընթացները:

Հայաստանը պարբերաբար մասնակցել է «Նոր ալիք» մրցույթին՝ արժանանալով բարձր գնահատականների: 2021 թվականին մրցույթում հաղթել է Հայաստանը, որը ներկայացրել է երիտասարդ երգիչ Սարո Գևորգյանը: