Հունիս 12, 2022 11:52 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է. «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Արևելյան Ատրպատականին կցված երկիր է, մենք չենք կարողացել այս երկրի հետ մեր առևտրի ծավալը գերազանցել կես միլիարդ դոլարի սահմանը, ուստի պետք է ջանքեր գործադրել այս ծավալը հասցնել մեկ միլիարդ դոլարի»։

Թավրիզի գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ու շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի հետ կապված  վեբինարում Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է.« Մենք պետք է նախագահի խիստ հրահանգով լուրջ ծրագիր ունենանք՝ բոլոր հարեւան երկրների հետ կապ հաստատելու համար»։

Նշելով, որ  Հայաստանը շատ լավ կամուրջ է Իրանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև, Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է.«Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՄ-ի երկրների հետ ունի արտոնյալ մաքսատուրքեր, մենք կարող ենք օգտագործել այդ պոտենցիալը, մեր ապրանքներն արտահանելու համար, և պետք է քայլեր ձեռնարկվեն Հայաստանին հարակից նահանգների կողմից այն բարելավելու համար»։

«Հայաստանի հարևան նահանգներից շատերն ունեն հիանալի կլիմայական պայմաններ, ուստի մենք կարող ենք այս երկրում  օգտագործել Իրանում ձեռք բերված գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները»,հավելել է դեսպան Զոհուրին:

---------------------------------

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասգանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:

«Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,-ասել է Հակոբ Արշակյանը:

2022 թ. նշանավորվում է նաեւ ՀՀ եւ ԻԻՀ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր եւ լավ հարեւան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսեւորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը:

«Տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, եւ դրա վառ դրսեւորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,-ասել է Հակոբ Արշակյանը:  Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Աբբաս Մոքթադայի Խորասգանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարեւորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է եւ հարեւան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ եւ ռազմավարական հարեւան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:

Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման եւ փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արեւային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

-----------------------------

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում անցկացվեց գիտաժողով: «Իմամ Խոմեյնիի գաղափարները և արդի Մերձավոր Արևելքը» խորագրով գիտաժողովը նվիրված էր Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է. «Միջոցառման կազմակերպումը ոչ միայն կարևոր է գիտաճանաչողական տեսանկյունից, այլև օգնում է ստեղծել այն պարարտ հողը, որի վրա հիմնվելով՝ պետք է զարգանան Հայաստան-Իրան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հասարակական հարաբերությունները»:

Կարևորելով գիտաժողովին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի և Երևանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությունը, Վ. Ոսկանյանը նշել է. «Գիտաժողովի շրջանակում ուսանողները կարող են Իրանի դիվանագիտական ներկայացուցիչներին հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ»:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Երևանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սեյյեդ Ջավադ Թաբաթաբայի-Ռադը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ Գառնիկ Գևորգյանը, Գարիկ Միսակյանը, ամբիոնի ավագ լաբորանտ Լիանա Պետրոսյանը, իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումների թեմաներն էին՝ «Իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարախոսությունը և իրանական ազգայնականությունը», «Իմամ Խոմեյնին և նրա գաղափարները», «Իմամ Խոմեյնիի բարոյական և միստիկ գաղափարներն ու հայեցակարգը», «Մշակութային հեղափոխություն» հասկացությունից Իսլամական հեղափոխություն. Իմամ Խոմեյնի», «Իմամ Խոմեյնիի գաղափարական ազդեցությունը ԻԻՀ արտաքին քաղաքականության վրա Հարավային Կովկասում», «Իմամ Խոմեյնիի գաղափարները քաղաքական շիայականության վերաբերյալ և դրանց ազդեցությունը Մերձավոր Արևելքում», «Իմամ Խոմեյնիի քաղաքական հայեցակարգը և Իսլամական հեղափոխության արտահանման կիրառական օրինակներն Իրաքում»:

Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության համատեղ ջանքերով: 

--------------------------

Ընդդիմադիր շարժումը հասել է մի կետի, որ եթե հանգուցալուծում չլինի, դժվար թե նոր քաղաքական գործընթացներ սկսվեն։ Նման կարծիք ունի քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Միևնույն ժամանակ նա համոզված է, որ սխալ կլինի ասել, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է։

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատքեստում ընդդիմության վերջին գործողություններին։

---------------------------

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2022 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։

Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` շեշտելով, որ Ռուսաստանի Դաշնությունը առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը` որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը նույնպես համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ լինելու են:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք եռակողմ հանդիպումներ են ունեցել  2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման հետ կապված գործնական հարցերը լուծելու նպատակով:

 Մենք փորձում ենք ամեն կերպ նպաստել դրան: Իհարկե, կողմերն ունեն իրենց առանձնահատուկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են,  մասնավորապես այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել գալիք շրջափուլում, բայց ամեն դեպքում մեր բոլոր գործընկերներն էլ և մենք էլ համամիտ ենք, որ բարձրագույն մակարդակով ընդունված երեք հայտարարությունները շատ պարզ ճանապարհային քարտեզներ են, որոնցով մենք բոլորս պետք է առաջնորդվենք», - պարզաբանեց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը վերջերս է տեղի ունեցել, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է այդ առումով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ զուգահեռաբար նաև էապես առաջ են գնացել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ: