Հունիս 15, 2022 13:31 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։

 

Իրանահայ գրող, թարգմանիչ Գարուն Սարգսյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Ավետիք Իսահակյանի՝ պարսկերեն լեզվով արձակ ստեղծագործությունների ընտրանին, որում ընդգրկված են Ավետիք Իսահակյանի արձակ բանաստեղծությունները, լեգենդները, առակները, հեքիաթներն ու պատմվածքները։

«Վարպետ» գրքի հրատարակումն իրականացրել է «Նայիրի» հրատարակչությունը եւ այն հրատարակվել է 315 էջերով՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակի առթիվ:

Նշենք, որ իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսյանը նախորդ տարի արժանացել էր «Կանթեղ» թարգմանական մրցանակին: «Կանթեղ» թարգմանական մրցանակին արժանացել էին 4 թարգմանիչներ՝ ՀՀ-ից Կառլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Վահե Արսենը, մրցանակի էր արժանացել նաեւ իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսյանը՝ հայկական պատմավեպեր, նաեւ հայ պատմիչների գործերը իրանցի ընթերցողին ներկայացնելու համար:

 

 

Թբիլիսիի մանկա-պատենական թատերական փառատոնում պատվոգրի է արժանացել իրանահայ բեմադրիչ, «Դիմակ» թատերական խմբի հիմնադիր Ալբերտ Բեգջանյանը:

Նա հանդիսանում է նաեւ Հայաստանի «Հայֆեստ»-ի եւ Թբիլիսիի մանկա-պատանեկան թատերական փառատոնի ներկայացուցիչը՝ Իրանում, ում ընտրությամբ են իրանական խմբերը մասնակցում նշված փառատոներին:

Բեմադրիչը հայտնել է նաեւ, որ իրանական մյուս խմբերից Բեհնազ Մեհդիխահը եւ Սաիդ Զեյն Ալ-Աբեդինին, ովքեր ներկայացնում էին Սպահան նահանգի Ֆերեյդունշահրը, որտեղ ապրում են ծագումով վրացիներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվոգրերով են տուն վերադարձել:

Նշելի է, որ փառատոնի լավագույն դերասանի արձանիկը շնորհվել է Հայաստանը ներկայացնող Աղասի Մելքոնյանին:

 

 

Լրագրող, մանկագիր և գրքերի նկարազարդող Թահմինե Հադդադին ապրում և ստեղծագործում է Իրանում: Նա իր հեքիաթներով բարություն ու սեր է քարոզում մարդու, ընկերոջ, հարազատի հանդեպ և բարձրաձայնում է հաշմանդամություն և այլ խնդիրներ ունեցող երեխաների մտահոգությունները: Անկեղծ և երեխաներին հասանելի լեզվով գրելու նպատակով Հադդադին հաճախ է հաղորդակցվում փոքրիկների հետ, ծանոթանում նրանց խոհերին ու երազանքներին, որոնց շուրջ հյուսվում են մանկագրի պատմությունները:

Թահմինե Հադդադին օրերս այցելել էր Երևան: Այցը զբոսաշրջային նպատակով է եղել, սակայն վերածվել է գործնականի: Կարճ ժամանակամիջոցում մանկագիրը հասցրել է լինել գրախանութներում, ծանոթացել է մանկական գրականությանը, Խնկո Ապոր անվան գրադարանում հանդիպել է հայ փոքրիկներին՝ նրանց ներկայացնելով իր հեքիաթները :

«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է երիտասարդ մանկագրին, նրա հետ զրուցել մանկական գրականության յուրահատկությունների, Հադդադիի՝ Հայաստանից ստացած տպավորությունների և նրա առաջիկա ծրագրերի մասին:

«Մանկագրությունն ինձ միշտ գրավել է, և ես սիրում եմ մանուկների աշխարհը: Անգամ անչափահասների գաղութում նկարչություն եմ դասավանդել, գրել եմ այն երեխաների մասին, որոնք աշխատում են, ընտանիք են պահում: Իրանում շատ են անչափահասները, որոնք աշխատում են: Եթե երբևէ հարստանամ, իմ գրած գրքերը կնվիրեմ նրանց՝ հույսով, որ հեքիաթներս կարող են ինչ-որ կերպ օգնել երեխաներին»,-նշում է Հադդադին:

Հադդադիի «Աշխարհը իմն է» գիրքը 2021-ին  Իրանի  լավագույն մանկական գիրք է համարվել և թարգմանվել է պորտուգալերեն, կորեերեն: Այն հոր և որդու մասին է, որոնք որոշում են շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել: Ուղևորությունն սկսում են Թեհրանից: «Ճանապարհի կեսին նրանց հեծանիվը փչանում է, հայրը ձի է գտնում, հասնում են անապատ, որտեղ ձին չի կարողանում առաջ գնալ և ուղտով են շարժվում, հասնում են մի գետակի ու նավակով են առաջ գնում: Չեմ գրել, թե նրանք դեպի ուր են ճամփորդում, բայց նկարազարդողը ենթադրել է, որ հերոսները մեկնում են Փարիզ, Վենետիկ և այլ քաղաքներ: Վերջում  պարզվում է, որ տղան հաշմանդամություն ունի, և իրականում չէր կարող այդքան ճամփորդել, սակայն հայրը խոստանում է, որ մի օր անպայման կիրականացնեն այդ ուղևորությունը»,-պատմում է հեղինակն ու հավելում, որ  հոր ու որդու հարաբերությունների մասին մանկական գրականություն շատ քիչ կա, այնինչ հոր հետ հոգևոր կապն ու  լավ հարաբերությունները երեխայի համար երազանքների իրականացման հույսի աղբյուր են:

Թահմինե Հադդադին խոստովանում է՝ դժվար է երեխաների համար գրելը, որովհետև սերնդային տարբերություն կա, ուստի հարկավոր է շատ շփվել նրանց հետ երեխաների կարիքներն իմանալու, հասկանալու համար: Պետք է նաև շատ կարդալ, ծանոթ լինել գրականությանը՝ չկրկնելու համար:

«Գիրքը պետք է հույս ներշնչի, միտված լինի դեպի լուսավոր ապագա: Եթե իմ գրքերի միջոցով կարողանամ ինչ-որ կերպ օգնել երեխաներին, ինձ շատ լավ կզգամ»,-շեշտում է մանկագիրը:

Խոսելով ժամանակակից իրանական գրականության զարգացման միտումներից՝ նա ասում է՝ Իրանում գրական կյանքն ակտիվ է, ստեղծագործողները շատ են: Բազմաթիվ գրքեր են հրատարակվում, քիչ չէ նաև թարգմանական գրականությունը: Պարսկերեն են թարգմանվում նաև հայ հեղինակների ստեղծագործությունները: «Շատ եմ հավանում իրանահայ գրող Վահե Արմենի բանաստեղծությունները, իրանահայ վիպասան Զոյա Փիրզադի գործերը: Իմ  ամենասիրած դրամատուրգը Մուհամմադ Չարմշիրն է, որի «Մահերգություն օգոստոս ամսին» պիեսը հայերեն է թարգմանել Գևորգ Ասատրյանը: Դասականներից Սադեղ Հեդայաթի երկրպագուն եմ, սիրում եմ Մուստաֆա Մաստուրի գործերը,  բանաստեղծ և նկարիչ Սոհրաբ Սեփերիի ստեղծագործությունները»,-նշում է Հադդադին:

Անդրադառնալով Խնկո Ապոր գրադարանում կազմակերպված միջոցառմանը՝ Հադդադին նշում է՝ այն կյանքի է կոչվել Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Հադդադին «Իրանական ընթերցասրահում» մասնակցել է գրադարանի «Կախարդական սփռոց» հեղինակային ծրագրի շրջանակում կազմակերպված իրանական խոհանոցին նվիրված միջոցառմանը: Մասնակիցները ներկայացրել են Իրանի ազգային խոհանոցն ու ավանդական ուտեստները:

Հադդադին նշում է, որ հանդիպումը շատ հաճելի մթնոլորտում է անցել: Միջոցառմանը նա հարցուպատասխանի միջոցով տեղեկացել է երեխաների նախասիրությունների, հայ մանկագիրների մասին:

Թահմինե Հադդադին այցելել է Կասկադ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Մայր թատրոնում դիտել է «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պատմագանգստերական դրաման, որը շատ է հավանել: Եղել է Վերնիսաժում և շատ այլ վայրերում: «Երևանը շատ գեղեցիկ է: Լուսանկարել եմ հրապարակները, հետաքրքիր շենքերն ու յուրահատուկ դռները»,-ասում է գրողը՝ հույս հայտնելով, որ կրկին կվերադառնա Հայաստան:

Թահմինե Հադդադին ծնվել է 1986 թվականին: Գրում է մանուկների ու պատանիների համար: Նրա հոդվածները տպագրվում են մշակութային ամսագրերում: Ստեղծագործել սկսել է 18 տարեկանից: 19 տարեկանում տպագրել է առաջին գիրքը:  Հրատարակված 20 գրքի հեղինակ է: Գրքերից մի քանիսը հենց ինքն է նկարազարդել:  Ընտրյալ գործերից են «Քաղաքներ առանց աստիճանների», «Կարմիրը, պարզ կարմիրը», «Խնձորը, ծառը և դուստրը»:

 

Հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում տեղի ունեցավ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառման շրջանակում նախատեսված էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները: Միջոցառման ծրագրում ընդգրկվել էին նաև պաշտոնական ելույթներ հայկական և ռուսական կողմերից: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը նախատեսվում է 2022 թ. աշնանը:

«Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին  անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝  Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին ընդունելու ժամանակ:

Դումանյանն անդրադարձել է նաև հայ կինոյի 100-ամյա հոբելյանին, որը նախատեսվում է 2023 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Նշվել է նաև, որ 2024 թ.-ին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններն են:

Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակներում ԽՍՀՄ ժամանակ նկարահանված և ներկայումս ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպումը, ինչին Միխայիլ Շվիդկոյը դրական է արձագանքել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

 

 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։

Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը:

Թերի Ջորջի ֆիլմերում հանդես են եկել համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հելեն Միրենը, Դենիել Դեյ-Լյուիսը, Բրյուս Ուիլիսը, Քոլին Ֆարելը, Խոակին Ֆենիքսը և այլք։

2016 թվականին Ջորջը նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որտեղ հանդես են եկել Օսկար Այզեկը, Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը և այլ դերասաններ։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոններից։

 

 

80 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում և նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում:

1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

 

Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով:

Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում, այնպես էլ Երևանում (օգոստոսի 1-ին և 2-ին)՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ըստ երկրորդ տարբերակի՝ մասնակիցները մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը պետք է ուղարկեն 2 տեսանյութ, որոնցից մեկը՝ իտալերեն:

Լսումների փուլից հետո ընտրված թեկնածուները սեպտեմբերի 20-ին և 21-ին կմասնակցեն կիսաեզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլ անցած թեկնածուները կմասնակցեն սեպտեմբերի 22-ին կայանալիք գալա համերգին։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը կանցկացվեն Հռոմում:

 

Image Caption

 

Հիմնադրման 85-ամյակի առթիվ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երեկոյին, որը տեղի կունենա հունիսի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդիսատեսը կվայելի երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումները՝ հայտնի տենորներ Պերճ Քարազյանի և Հայկ Թոնգուրյանի մասնակցությամբ։

Տոնական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։

Գրեթե 90 տարի ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: Մինչև 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանը:

1961-ի սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հով­հան­նես Չեքիջյանը: