Հունիս 19, 2022 10:43 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


 

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ պաշտոնական այցով Իրանում էր: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԻԻՀ խորհրդարանի նախագահին:

 Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն` հավելելով, որ փոխայցերը շարունակական կլինեն: Նա իր գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երեւան:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերոջն ասել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Երեւանում հյուրընկալած ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ արդյունավետ քննարկումներ են եղել, եւ դրանց շարունակական բնույթը երկու խորհրդարանների համար համատեղ ծրագրերի իրականացման կարեւոր հիմք է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը հիշատակել է օրերս Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է  նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: Նա նշել է, որ նիստից հետո Իրանի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Ազգային ժողովում, եւ հնարավորություն է ընձեռվել քննարկելու երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Իրանի խորհրդարանի նախագահը նույնպես հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային եւ ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տեւական խաղաղության հաստատումը:

Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսը:

-------------------------------

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա:

Նախագահ Ռայիսին կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:

«Պետք է նշեմ նաեւ, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարեւորագույն հարցերի շարքում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը կարեւորվել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը:

«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում»,- նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:

ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները եւ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաև հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարեւան պետություն է, այլ նաեւ առեւտրային կարեւոր, հուսալի եւ վստահելի գործընկեր մեզ համար: Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ համաձայնելով, որ խորհրդարանների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը եւ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը:

Կողմերն անդրադարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին ու չլուծված բազմաթիվ հումանիտար խնդիրներին, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցին:

Հանդիպմանը մեծապես կարեւորվել է Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը եւ ակնկալվել դրա արդյունքում երկկողմ հարաբերությունների հնարավոր էական առաջընթացը բոլոր ուղղություններով:

Քննարկմանը կողմերը խոսել են ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմից դրսեւորվող ներդրումային հետաքրքրություններից:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի եւ պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

-------------------------------------------

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը, նշելով, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: Մասնավորապես, Հրաչյա Սարգսյանը կարևորել է գործակցության հաստատումը երթևեկության կառավարման, աղբի վերամշակման, կանաչապատման ու մշակույթի ոլորտներում:

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նույնպես իր հերթին նկատել է, որ կողմերը լիարժեքորեն չեն օգտագործում գործակցության ամբողջ այն ներուժը, որն օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:

Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի միջև նախանշվող գործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել հստակ բնագավառներում: Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք փոխայցերի միջոցով կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը:

-----------------------------

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանն անդրադարձել է Հայաստան-Իրան առևտրաշրջանառությանն ու առկա հնարավորություններին։

------------------------------

Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է միջազգային հարցերով  Իրանի գիտության փոխնախարար, Միջազգային գիտական ​​համագործակցության կենտրոնի ղեկավար Վահիդ Հադդադի Ասլի հետ։

Կողմերի քննարկման հիմնական թեմաներն են եղել՝ Իրանի Գիտության նախարարության պատվիրակության Երևան գործողումը, Հայաստանի բուհերի քննարկումն ու գնահատումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակումը և համատեղ հետազոտական ​​կենտրոնների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում Իրանում Հայաստանի դեսպանը հայտնել է  իրանական կողմի առաջարկած ժամկետում,  իր երկրի գիտության նախարարի Թեհրան  այցելելու  պատրաստակամության մասին:

Հայաստանի դեսպանը նաև առաջարկել է իրանական պատվիրակության այցը տեղի ունենա նախքան Հայաստանի գիտության նախարարի Իրան այցը։

Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հադդադի Ասլն Իրանի պատրաստակամությունն է հայտնել բարեկամ, հատկապես հարևան երկրների հետ գիտական ու տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և երկուստեք հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար:

--------------------------------

Հայ պաշտոնյաների համար կարևոր նշանակություն ունի Իրանի հետ երկոկղմ տնտեսական ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը:

Պաշտոնական այցով Կատար մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ երկրի պաշտոնայների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դերին, ասել է, «Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի ու Վրաստանի հետ: Երևանը Թեհրանին համարում է իր մշտական բարեկամը և մյուս կողմից փորձում կառուցողական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ:

 Կարևորելով երրորդ երկրների հետ հարաբերությունների հաստատումը, Նիկոլ Փաշինյանն ասել է, «Ես կարևորում եմ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործարկման փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասում գտնվող այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ Իրանի դերի մասին: Հայաստանի անկախությունից հետո, այդ երկրի բոլոր իշխանությունները կարևորել են Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

Հայաստանը, բացի Իրանի հետ  տրանսպորտի և տարանցման համագործակցության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր ստորագրելուց, փորձում է նաև պայմանագրեր կնքել Թեհրանի հետ՝ ԵԱՏՄ շրջանակներում։ Երկու երկրների սահմանին ԵԱՏՄ ազատ գոտու ստեղծումը հնարավոր է դարձել Հայաստանի, Իրանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ: Թեհրանի պաշտոնյաները բազմիսցս ողջունել են այս նախաձեռնությունը: