Հունիս 22, 2022 15:19 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

 

Իրանահայ երիտասարդ Էրվին Գալստյանը սեփական խաղով բեմականացրեց իր իսկ հեղինակած պիեսը:

Այսպիսով, Թեհրանի «Մոլավի» թատերական դահլիճում օրեր առաջ մեկնարկեց իրանահայ ճանաչված երիտասարդ դերասան Էրվին Գալստյանի դերակատարությամբ՝ «Ֆերեյդունի պատմությունը» պիեսի բեմադրությունը: Բեմադրության հեղինակն ինքն՝ Էրվին Գալստյանն է, որի խաղացանկը վերջին տարիներին կրկնակի է հարստացել թատրոնում դրսեւորած նախաձեռնողականության, մասնավորապես՝ իրանական տարբեր բեմերում ինքնատիպ դերակատրությունների շնորհիվ, եւ չնայած նրա երիտասարդ տարիքին արդեն հասցրել է մեծ ճանաչում, համբավ եւ փորձ ձեռք բերել արվեստի ոլորտում:

Փաստորեն, այս անգամ նոր մարտահրավեր էր Էրվին Գալստյանի թատերական կարիերայի համար՝ իրանահայ երիտասարդը բեմականացրեց սեփական պիեսը: Էրվինի հեղինակած վերջին ներկայացման դրամատուրգն Արաշ Թահերին է, ռեժիսորը՝ Մոհամմադ Ռեզա Զամանին:

«Ֆերեյդունի պատմությունը» ներկայացնում է պարտադյալ պատերազմի տարիներին զոհված զինծառայողներից մեկի մասին: Ներկայացումը շարունակվելու է մինչեւ հունիսի 27-ը՝ ամեն երեկո ժամը 19-ին, շաբաթ օրերից բացի:

 

 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 10-17-ը, կցուցադրվի շուրջ հարյուր ֆիլմ: Փառատոնը կհյուրընկալի ականավոր կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց՝ այսքան  հագեցած փառատոն վաղուց չէին ունեցել: «Լավ ֆիլմեր են ներկայացվելու, բարձրակարգ ռեժիսորների և պրոդյուսերների աշխատանքներ: Լուրջ և բովանդակալից ծրագիր է սպասվում»,-նշեց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ «Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից է:

«Հույս ունեմ, որ համավարակից հետո կինոփառատոնը կկարողանա վերականգնել երբեմնի ծավալները, ինչի համար բոլոր նախադրյալները կան: Այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել Հայաստանի ներկայությունը միջազգային  հեղինակավոր հարթակներում՝ Վենետիկի բիենալեում, Կաննի կինոշուկայում և այլուր: Միջազգային նախագծերը, որոնք ձևավորվում են տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում, ոսկուց էլ թանկ են և պետք է ամեն ինչ անել այդ հարթակները պահպանելու համար, որովհետև դրանք աշխարհի և առաջատար միջազգային հանրության հետ երկխոսության հարթակ են»,-շեշտեց Խզմալյանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ շեշտեց՝ առաջին տարին է, որ հովանավորում են «Ոսկե ծիրանը», որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երևանյան մշակութային կյանքում: Նա վստահեցրեց, որ լավ արդյունքներ են գրանցելու և փորձելու են ակտիվացնել մշակութային կյանքը ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝  «Ոսկե ծիրանը» վաղուց չի պատկանում որևէ անձի կամ մարդկանց խմբի, և այլն եզակի մշակութային իրադարձություն է, որը պետք է անսակարկելի մշակութային արժեք ու ձեռքբերում մնա Հայաստանի համար: «19 տարի է՝ այդ հրամայականով շարժվում ենք առաջ և քսաներորդ հոբելյանական փառատոնին ընդառաջ բազում հարվածներից հետո իրականացնում ենք լիարժեք փառատոն ոչ միայն բովանդակային իմաստով, այլև ներկայացուցչական և միջազգային հյուրերի այցելության առումով»,-շեշտեց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:

Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։

Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։ 

Կարեն Ավետիսյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ 2022-ի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մի շարք հայկական ֆիլմեր են ցուցադրվելու: «Հայկական ֆիլմերի ներկայությունը փառատոնին ընդգծված է, և մենք փորձում ենք հայկական կինոն մրցակցային դաշտ հանել»,-ասաց նա:

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։  Փառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այս անգամ՝ հուլիսի 17-ին։

 

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակին և թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեց խոշոր ցուցահանդեսով, որը բացվեց հունիսի 16-ին Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում: Ցուցահանդես այցելելով՝ արվեստասերները կարող են հսկա շենքի տարբեր սրահներում հանդիպել 1960-80-ական թվականների ականավոր հեղինակների յուրատիպ ստեղծագործությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ասաց՝ սա հնարավորություն էր լիարժեք ներկայացնելու թանգարանի հավաքածուն: «Հիմնական ցուցադրությունից ոչինչ չենք հանել, բայց այստեղ ներկայացրել ենք 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանք:  Հեղինակներից շատերի գործերը հիմնական ցուցադրության մեջ են ներառված: Ունենք մի հեղինակից մի քանի աշխատանք, որոնք ցուցադրել ենք այստեղ: Կան գրաֆիկական գործեր, որոնք առաջին անգամ ենք ցուցադրում: Կան գործեր, որոնք ցուցադրությունից հետո վերականգնվելու են»,-նշեց նա:

Ավետիսյանը շեշտեց, որ Իգիթյանը բացառապես հայ նկարիչներին է ներկայացրել, իսկ իրենք նվիրաբերություններ են ընդունել նաև ամերիկացի, ճապոնացի նկարիչներից, ինչը ևս հետաքրքիր է ու անհրաժեշտ:

Թանգարանի տնօրենի տեղակալ Զառա Այրումյանն էլ խոստովանեց՝ երբ որոշել են այս շենքում կազմակերպել ցուցահանդեսը, հիշել են Իգիթյանի խոսքերը, որն ասել է՝ եթե իրեն տասը հսկայական շենք տրամադրեն, ինքը կարող է դրանք լցնել հրաշալի ցուցանմուշներով:

Հոբելյանի շրջանակում առաջիկայում այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն, իսկ  ցուցահանդեսը կգործի 2 ամիս:

 

 

Հունիսի 14-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ իրականացված «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր կոմպոզիտորի տուն-թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

2021 թ. լրացավ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը, որն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:

Պատկերագիրքը դարձավ հոբելյանական նախագծերի գագաթնակետը: Նախապատրաստական աշխատանքները տևել են երկու տարի՝ 2019-2021 թթ.: 

Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնասկավառակում տեղ են գտել կոմպոզիտորի 10 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ: Ստեղծագործությունները նորագույն տեխնոլոգիաներով ձայնագրելը Սպենդիարյանի տուն-թանգարանի և Հայաստանի Պետական Սիմֆոնինկ Նվագախմբի մտահղացումն է՝ 21-րդ դարի երաժշտասերներին նորովի մեկնաբանմամբ հասանելի դարձնելու նպատակով: Ձայնագրությունները հնարավոր է ունկնդրել նաև գիրք-ալբոմում զետեղված QR կոդերի միջոցով:

Պատկերագիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում:

Իր տեսակով բացառիկ այս նախագիծը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ինչը հնարավորություն կտա հանրահռչակելու հայ մեծ դասականի կյանքի և ստեղծագործական ուղին նաև միջազգային ասպարեզում:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարու­թյունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր  և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։

Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին Տավու­շում։ 1947 թ․ նա ավարտել է  Լ․ Երամյանի անվան Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան, իսկ 1952 թ․՝ Երևանի թատերական ինստիտուտը։

1953-1958 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1958-2008 թվականներին՝ Գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժնում, որը գլխավորել է  1963 թվականից։

Նրա վաստակը նշանակալի է արխիվային գործի, հայ թատրոնի փաստագրման ոլորտներում: Ուշագրավ են Պետրոս Ադամյանին, Սիրանույշին, Հովհաննես Աբելյանին և հայ բեմի այլ երախտավորներին նվիրված նրա հոդվածներն ու աշխատությունները: Անգերազանցելի է նրա աշխատասիրությամբ կազմված «Հայոց ծածկանունների բառարան»-ը:

 

Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուի հարցազրույցներից մեկի՝ Ավրորա Մարտիկանյանի հետ իրականացրած հարցազրույցի հիման վրա նկարահանվել է «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը, որն այժմ մասնակցում է Էննեսի միջազգային կինոփառատոնին։

«Արշալույսի լուսաբացը» պատմական անիմացիոն վավերագրական ֆիլմ է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկանյանի) կյանքի մասին։ 1915 թվականին ընդամենը 14 տարեկանում Ավրորան առերեսվել է Հայոց ցեղասպանության սարսափներին։ Մեկ տարվա ընթացքում, ականատես լինելով իր ընտանիքի բոլոր անդամների մահվանը՝ Ավրորան կորցրել էր ամեն ինչ եւ վաճառվել թուրքական հարեմ։ Սակայն իր բացառիկ խիզախությամբ եւ հաջողությամբ նա կարողացել է փախչել Ամերիկա, որտեղ իր պատմությունը դարձել է սենսացիա:

Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը։

 

Պիտակ