Հունիս 29, 2022 15:18 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

Հունիսի 22-ին, Իրանի Համադան քաղաքի Էմամ Խոմեյնիի անվան հրապարակում մեկնարկեց Համադանի 27-րդ միջազգային մանկապատանեկան թատերական փառատոնը: Միջազգային թատերական փառատոնը համավարակի բռնկումից ի վեր չէր կայացել, եւ այս տարի կայանում է՝ «Թատրոնը երեւակայական թիթեռների դեգերման մասին է» խորագրով. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Միջազգային կինոփառատոնին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած թատերական խմբեր, այդ թվում՝ Հայաստանի, Իրաքի, Հունաստանի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Հայաստանից միջազգային փառատոնին մասնակցում է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը՝ «Կոկորդիլոսը» մոնոներկայացմամբ:

Նշելի է, որ վերջերս Թբիլիսիի մանկա-պատանեկան թատերական փառատոնի լավագույն դերասանի արձանիկը շնորհվեց Հայաստանը ներկայացնող Աղասի Մելքոնյանին՝ «Կոկորդիլոսը» ներկայացման համար:

Նշենք նաեւ, որ Աղասի Մելքոնյանը 2014-ին «Միմոս» տիկնիկային թատրոնի հետ միասին մասնակցել էր Իրանի «Մոբարաք» տիկնիկային փառատոնին՝ «Մի գայլի պատմություն» ներկայացմամբ: Այդ ներկայացումը նաև խաղարկվեց հայկական տարբեր բեմերում:

Թատերական խումբը նախքան միջազգային փառատոնին ներկայանալը՝ իրանահայ հանդիսատեսի հետ հանդիպեց ներկայացնելով իր վերջին՝ «Կոկորդիլոսը» ինտերակտիվ բեմադրությունը, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կոմիտաս սրահում:

 

 

Իրանահայ հայտնի թարգմանիչ, դերասան և ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանի գործերին լավածանոթ է իրանցի ընթերցողը,ով ցայժմ  չորս տասնյակի հասնող գրքեր է թարգմանել հայ անվանիներից ու հրատարակել, որոնցից մի քանիսը հասել են երկրորդ և երրորդ տպագրության, որոնց շարքում օրերս ավելացավ նաև Սերո Խանզադյանի՝ «Քարանձավի բնակիչները»:

Ավնանի գրողի վիպակը պարսկերեն թարգմանությամբ, առաջին անգամ տպագրվել է 2015-ին, երկրորդը՝ 2019 թ.-ին, իսկ երրորդը՝ 2020-ին: Եվ ահա, այս օրերին, լույս է տեսել չորրորդ տպագրությունը, 3500 տպաքանակով:

Պատմությունն այն մասին է, որ «Վանիկն ու Ղափլանն ընկնում են քարանձավ և այնտեղ ապրում 93 օր։ Վանիկը պետք է իր հորը ուտելիք տաներ, բայց ճանապարհին ոտքերի տակ չնայեց, դիպավ սառույցին ու ընկավ քարանձավ։ Իր մոտ ուներ մի քանի լավաշ, հավ, ընկույզներ, գրքեր, լապտեր և այլն։ Վանիկը հաշվեց, թե մոտավորապես ինչքան ժամանակից իրեն կազատեն (90 օր), ու իր մոտ եղած ուտելիքները փորձեց բաժանել այդքան օրերի վրա։

Տարբեր արկածների, անհաջողությունների ու հաջողությունների հանդիպելով 93 օր հետո կարողացավ դուրս գալ քարանձավից»։

 

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա  ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկը նկարահանված է հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, հաջորդը՝ եգիպտացիների: Թեմային առնչվող մեկական ֆիլմ էլ ներկայացրել են ռեժիսորներ Հայաստանից և ԼՂ-ից:

«Մեղադրանքները, որ փառատոնն անտեսում է ԼՂ-ը, կամ՝ ինչ-ինչ ուժերի ազդեցության ներքո խուսանավում է այդ թեմայից՝ առնվազն մերկապարանոց են, քանի որ մեղադրողներն անգամ չեն տեսել փառատոնի ծրագիրը, որը դեռևս հրապարակված չէ: Ցանկացած փառատոնային ընտրանի ենթադրում է ցանկացած թեմայի շուրջ ընտրված և ցավոք՝ չընտրված ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» բացառություն չէ, ինչպես և բացառություն չէ այն, որ այս փառատոնը իր երկրի համար ամենակարևոր թեմայի հանդեպ հատուկ ուշադրություն է դարձնում: Դա պատերազմական և հետպատերազմյա շրջանն է: Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,-շեշտում է Ավետիսյանը:

Ավելի վաղ համացանցում գրառում էր տարածվել այն մասին, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մերժել է ԼՂ-ի մասին պատմող «Ապրելու ցանկություն» (The Desire to live) վավերագրական ֆիլմը, որի հեղինակը կինոբեմադրիչ Մարիամ Ավետիսյանն է, պրոդյուսերը՝ Փիթեր Փահլավանյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այն կհյուրընկալի կինոարվեստի հանրահայտ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ:

 

 

Կինո և հեռուստաֆիլմերի Ռամսգեյթի միջազգային կինոփառատոնում ( Բրիտանիա) (Ramsgate International Film & TV Festival) «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» ֆիլմը։

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է Նաիրի Հախվերդին, օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյանը, պրոդյուսերները` Լիանա Սմբատյանը և Էդիթ Ֆարինը:

Ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից որպես խաղարկային վավերագրական ֆիլմ։

«Ավլելով Երևանը» պատմում է Մարինայի մասին, ով ամեն օր կեսգիշերին Չարենցավանից Երևան է գալիս ավլելու մայթերն ու փողոցները։ Արդեն երկար ժամանակ է նա ինքնուրույն հոգում է իր ընտանիքի կարիքները՝ կույր ամուսնու, երեխաների ու սկեսրոջ։ Խորհրդային միության փլուզումից ու գործարանների աշխատանքի դադարեցումից հետո շատերը կորցրին աշխատանքը ու դժվարությամբ հարմարվեցին նոր իրականությանը։ Մարինան պայքարում է այն իրականության համար, որտեղ իր երեխաներն  ավելի լավ կյանք կունենան։

 

 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են վնասված գրքերի վերականգնման աշխատանքներ, ինչի շնորհիվ Սուրբ Էջմիածնի մատենադարանի հնատիպ գրքերը փրկվում են ֆիզիկական ոչնչացումից։

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանից հայտնում են, որ համապատասխան խնամքի և հոգատար վերաբերմունքի շնորհիվ Մայր Աթոռի մատենադարանի՝ 1733 թ․ Վենետիկում տպագրված Աստուածաշունչը նորացվել է և նոր կյանք ստացել։

Երկու Մատենադարանների երկարամյա համագործակցությունը շարունակական է. առաջիկայում ևս նախատեսվում են համատեղ միջոցառումներ:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին:

Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա են եղել նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:           

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը:

 «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» խորագրով գիրքը ներկայացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի հետաքրքրաշարժ կողմերը՝ հնարավորություն տալով օտարներին բացահայտելու Հայաստանը, ծանոթանալու մշակույթին, բնաշխարհին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին և այլն:

«Ինչպես ներկայացրել է հեղինակը՝ Զիգֆրիդ Զիգիզմունդը, գիրքը նախատեսված էր հրատարակել որպես գիտական աշխատություն, հետո որոշվել է լայնացնել շրջանակը՝ ներառելով ուսումնասիրման տարբեր ոլորտներ: Պրոֆեսորը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, հայ մասնագետներին՝ ջանքերի ներդրման և հաջող ավարտի համար»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նշվում է, որ գիրքն անդրադառնում է նաև Հայաստանի երկրաբանական էվոլյուցիային, հնագիտական ժառանգությանը, հոգևոր և աշխարհիկ ճարտարապետությանը,  կենսապահովման մշակույթի այլ ոլորտներին: Ինչպես նաև ներկայացված է 100 պատճառ, թե ինչու պետք է սիրել Հայաստանը:

 

 

Պետական Էրմիտաժը մեկ տարվա մորատորիում է սահմանում Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է թանգարանը ВКонтакте սոցիալական ցանցի իր խմբում։

Միաժամանակ հիշեցվել է, որ Էրմիտաժի բոլոր ցուցանմուշները վերադարձել են Եվրոպայի ցուցահանդեսներից։ Առայժմ արտասահման ցուցանմուշներ չեն տարվելու։

1990-ականներին թանգարանն արդեն մտցրել էր Ռուսաստանում ցուցադրությունների մորատորիում անվտանգության նկատառումներից ելնելով և բարձր ֆինանսական ռիսկերի պատճառով:

Այժմ ցուցահանդեսներն անցկացվում են Ռուսաստանի թանգարանի կենտրոններում՝ Կազանում, Եկատերինբուրգում, Օմսկում, Վիբորգում։ 2022 թվականի աշնանը կենտրոններում տեղի կունենա ցուցահանդեսների ավանդական փոփոխություն, որը կհամընկնի Էրմիտաժի օրերի հետ:

 

 

Աբու Դաբին հայտարարել է ճապոնական teamLab-ի հետ համատեղ նախագծի մասին, որի արդյունքում տեխնոլոգիայի, գիտության, արվեստի եւ բնության նոր խաչմերուկ հանդիսացող Սաադիյաթ կղզում յուրահատուկ բազմասենսոր արվեստի նմուշ կկառուցվի, հայտնում է Euronews լրատվականը:

Ապագա թանգարանը լրատվամիջոցներում արդեն անվանվել է «անսահման հետաքրքրասերների հասցե»։ Այցելուները, 2024 թվականից, կկարողանան բավարարել գիտելիքների եւ արտասովոր փորձառությունների իրենց փափագը: Նրանց սպասում է 17 հազար քառակուսի մետր մակերեսով սուզման հսկայական տարածք:

Ըստ teamLab-ի հիմնադիր Տոշիյուկի Ինոկոյի, իր թիմի խնդիրը մոլորակի մասին մարդկանց պատկերացումները ընդլայնելն է:

«Այստեղ՝ Աբու Դաբիում, մենք կարող ենք մարդկանց ավելի արդյունավետ ձեւով ծանոթացնել վաղվա գաղափարներին, եւ ես պատիվ ունեմ ընդունել նման մարտահրավերը», - նշել է նա:

Նոր թանգարանում «Չդիպչե՛լ» գրությամբ ոչ մի ցուցանակ չի լինի, ընդհակառակը, խորհուրդ է տրվում շփվել ցուցանմուշների հետ: Նախագծի հեղինակները հյուրերին խոստանում են ստեղծել բոլոր պայմանները՝ ինտելեկտուալ մարմնամարզության համար: Թանգարանը նախատեսված է երeuակայությունը զարգացնելու եւ հետաքրքրասիրությունը խթանելու համար: Այստեղ երեւալու են մարդու եւ նրան շրջապատող աշխարհի հարաբերությունները: Նախագծի ճարտարապետական ​​ձeuավորումը նույնպես կարeuոր դեր է խաղում միջավայրի ստեղծման գործում: Այցելուներից յուրաքանչյուրի համար այցելությունը եզակի կլինի:

TeamLab-ի նախագիծը կլինի Սաադիյաթ մշակութային թաղամասի նոր գոհարը: Այստեղ կառուցվել են կամ բացվելու են հոյակապ թանգարաններ, ինչպիսիք են Լուվր Աբու Դաբին, Գուգենհայմ Աբու Դաբին, Բնական պատմության թանգարանը, Աբրահամի ընտանիքի տունը:

 

 

Ֆրանսիական դատարանը 41-ամյա միլիոնատիրոջը մեղադրել է Բենքսիի նկարի գողության կազմակերպման մեջ.

30-ն անց երեք տղամարդ, որոնք խոստովանել են գողությունը 2019-ին, ազատազրկման են դատապարտվել՝ մեկը չորս տարով, երկուսը երեք տարի ժամկետով։

Մեկ այլ տղամարդ՝ 41-ամյա միլիոնատեր վիճակախաղի հաղթող եւ փողոցային արվեստի սիրահար, ով մեղադրվում է կողոպուտը կազմակերպելու մեջ, երեք տարվա ազատազրկման է դատապարտվել:

 

Պիտակ