Հուլիս 16, 2022 17:06 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին ներկայության ու միջամտության:

Հանդիպմանը, անդրադառնալով երկու երկրների միջև զարգացող հարաբերություններին, Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության և առաջընթացի համար անհրաժեշտ է  լարվածության նվազեցում, տարածաշրջանային անվտանգության պահպանում և կոլեկտիվ համագործակցության ավելացում՝ առանց արտաքին ուժերի դերակատարության ու միջամտության։

Նա նաև ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունները խաղաղ ճանապարհով ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Գոհունակություն հայտնելով Թեհրանի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունների  մակարդակի կապակցությամբ, Շամխանին  կարևորել է Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված համաձայնագրերի՝ հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ՀՀ ենթակառուցվածքային նախագծերում իրանական ընկերությունների ներկայությունն ընդգծել է բոլոր ոլորտներում Իրան-Թեհրան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը դրական է:

Գոհունակություն հայտնելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի Հայաստան կատարած այցի կապակցությամբ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը»:

Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարձրացնել Իրանի հետ բազմակողմ համագործակցության մակարդակը՝ երկու ժողովուրդների շահերի և բարօրության ապահովման հիման վրա»։

-----------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Ղուրբան տոնի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

----------------------------------

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում, բայց առայժմ պատասխան չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Անկարայում։

«Եթե խոսքը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, տրամաբանական կլիներ, որպեսզի բանակցություններն անցկացվեին առանց երրորդ երկրների  մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում, բայց առայժմ պատասխան չենք ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝  Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի ճնշումն է։ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում։ Բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- ավելացրել է աղբյուրը։

--------------------------

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այդ համատեքստում հուլիսի 1-ին Վիեննայում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպմանը։

-----------------------------

Անկարան եւ Բաքուն չեն կարող անտեսել Հայաստանի հարցում Մոսկվայի եւ Թեհրանի դիրքորոշումը։ Այս մասին ասել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։

 

Նա հիշեցրեց իրանական կողմի դիրքորոշումը, որը դեմ է միջանցքի ստեղծմանը։

Ալիեւին ձեռնտու է խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին առաջին հերթին ներքին լսարանի, մասամբ նաեւ թուրք հանդիսատեսի համար։

«Այո, նա փորձում է հասնել դրան, բայց երկու ուժեղ եւ հզոր խաղացողներ տարածաշրջանում` ի դեմս Մոսկվայի եւ Թեհրանի, հակադրվում են:

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող անտեսել նրանց դիրքորոշումները։

Այս ամենը չի նշանակում, որ Ադրբեջանի կողմից գնդակոծությունն անմիջապես կդադարի»,-նշել է փորձագետը։

--------------------------

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն  ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է:

Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի: 

Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և նշել, որ «Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

--------------------------

Այս օրերին թուրք-ադերբեջանական պատվիրակությունները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմությանը փորձում են ներկայացնել որպես ռեւանշիստական ուժեր, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր. իրենց այդ թեզերը նաեւ աջակցություն են ստանում Հայաստանի որոշ շրջանակների կողմից:

Այս մասին հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ համար  ակնհայտ էր, որ թուրք-ադրբեջանական պատվիրակությունները ՀՀ ընդդիմությանը ներկայացնում են այն նույն թեզերով, ինչպես ՀՀ իշխանությունները բնութագրում են ընդդիմությանը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նկատեց, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, որը Հայաստանի համար հղի է նոր սպառնալիքներով ՀՀ իշխանությունները վարում են պարտվողական քաղաքականություն:

Նրա ներկայացմամբ, Ադրբեջանը հետաքրքիր է դարձել եվրոպական երկրների համար` հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ ճգնաժամը. «Այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը», - ասաց նա:

Սաղաթելյանի հաջորդ դիտարկումն այն էր, որ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ իրենց մայրաքաղաքներին ու կազմակերպություններին զեկուցումները հաճախ ներկայացնում են միակողմանի, ոչ լիարժեք ու իրական. «Եվրոպական խորհրդարանում հանդիպումները շատ կարևոր էին, որպեսզի ներկայացնեինք այն ներքաղաքական իրավիճակը, որ գոյություն ունի Հայաստանում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

-----------------------------

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է Թեհրանի և Բաքվի միջև Արաքս գետի վրա երկու ամբարտակների և համատեղ էլեկտրակայանի կառուցման շուրջ համաձայնագրի ստորագրման մասին։

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել Արաքս գետի վրա երկու ամբարտակների և համատեղ էլեկտրակայանի կառուցումը` ջրային ռեսուրսները կառավարելու և 280 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրելու և այդ ծրագրերի համար ֆինանսական միջոցներ տրամադրելու համար»:

Բահադրի Ջահրոմին հայտարարել է, որ այս համաձայնագիրը նոր էջ է նշանավորում  տարածաշրջանում էներգետիկ կառավարման ոլորտում Իրանի դերի մեջ:

--------------------------------

Իրանի իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Իսլամական խորհրդարանում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտիների ստեղծման մասին համաձայնագրի օրինագծի հաստատումը և ՌԴ Դումայում այդ օրենքի հաստատումը ենթահող են ստեղծել կողմերի միջև Ռուսաստանի առանցքայնությամբ համագործակցության համար»:

Մուհամմադռեզա Փուրէբրահիմին, Իրան-Ռուսաստան տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական նախագծերի, հատկապես՝ համատեղ երկաթուղային նախագծերի իրականացմա, ինչպես նաև Իրանի Հյուսիս-Հարավային  տարանցիկ միջանցքի նախագծի իրագործման անհրաժեշտությունը:

Նա նշել է. «Իսլամական խորհրդարանն աջակցում է  հաստատված որոշումները կյանքի կոչելու և Ռուսաստանի հետ տնտեսական  համագործակցությունն ընդլայնելու՝ 13-րդ կառավարության ջանքերին»

ԻԻՀ  կենտրոնական բանկի ղեկավար  Ալի Սալեհաբադին  նույնպես ասել է. «Ռուսաստանն Իրանի  ռազմավարական գործընկերն է, և այդ երկրի հետ տնտեսական գործունեության զարգացումը Թեհրանի  առաջնահերթությունն է»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպմանն ասել է. «Իրանը Ռուսաստանի հատուկ գործընկերներից է տարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական»։

 

 

Պիտակ