Հուլիս 27, 2022 09:07 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

Երևանի «Արմավ» հրատարակչությունը «Դասական» մատենաշարով Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ ներկայացնում է Սադեղ Հեդայաթի «Քոռ Բու» վեպը: Համաշխարհային գրականության գլուխգործոց այս իրանական վեպը մի սովորական պատմություն է լրիվ անսովոր տեսանկյունից ներկայացվող: Արևելյան հյութեղ տեսիլներով, մոգական իրապատում պատկերներով ընթերցողի առջև բացվում է մի այլ աշխարհ, որտեղ անգամ ժամանակն ու տարածությունը չեն ենթարկվում ոչ մի օրենքի:

 

 

Հուլիսի 23-27-ը Սյունիքի և ԼՂ-ի սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող նախագիծը, որի եզրափակիչ համերգը կայացավ հուլիսի 27-ին Ստեփանակերտում:

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Վահե Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանը և Էդմոնդ Մակարյանը միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները՝ հենց իրենց իսկ կատարմամբ:

Նախագիծն իրականացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, «Գալուստ Կիւլպէնկեան » հիմնարկության աջակցությամբ։

Եթերում է մեր գործընկեր Ռոբերթ Մարգարյանը․․․

 

Հայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը:  «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ հանդիպմանը հայտնել է «Ազնավուր» հիմնադրամի  հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը (Սարկիսյան)։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ  հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, քննարկման ընթացքում կողմերը որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:

 

 

Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Քրիստոսն ու աշակերտները» կտավը երկար վերականգնումից հետո կրկին կցուցադրվի պատկերասրահում։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Մոսկվայի տունը։

Նշվում է, որ կտավի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Դիլիջանի արվեստի պատկերասրահում։ Այս տարի լրանում է կտավի 135–ամյակը։

«Քրիստոսն ու աշակերտները» կտավը Այվազովսկին ավարտել է 1887 թվականին։Այն միավորում է նկարչի սիրելի ծովն ու Աստվածաշունչը։

Կտավում նկարիչը պատկերել է Աստվածաշնչից մի դրվագ, երբ Հիսուս Քրիստոսն աշակերտների հետ նավի մեջ է, իսկ ծովը`փոթորկված։

Եթերում է մեր գործընկեր Ռոբերթ Մարգարյանը․․․

 

Բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիր Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին Բռնոյի տաճարում հնչել է նաև նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Օրեր»-ը՝ Բռնոյի Աստվածածնի վերափոխման տաճարում համերգին հնչել են հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և չեխ երգահան Լեոշ Յանաչեկի գլուխգործոցները:

Առաջին գործը եղել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-Բարի նավապետ» ստեղծագործությունը, որը հնչել է առաջին անգամ: Այն բաղկացած է երկու բաժիններից: Ստեղծագործության առաջին մասը բաղկացած է «Հարց» շարականի առաջին երեք տներից, որը սկսվում է «Որ հայիս քաղցրութեամբ» և ավարտվում «օրհնեալ ես Աստըւած հարցըն մերոց»  խոսքերով: Ստեղծագործության երկրորդ բաժինը երաժշտավորում է «Ողորմեա» շարականի բառերը:

 

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ ունեցավ Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Համերգը կայացավ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։

Երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։ Երեկոն կեզրափակվի Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Ելենա Տարոսյանը։

«Մենք ուրախ ենք «Սիրիուսում» հյուրընկալել արտասահմանյան արտիստների։ Դա նպաստում է պետությունների միջև կապերի ամրապնդմանն ու փոխադարձ մշակութային շփումներին։ Հայաստանն ինքնատիպ, հրաշալի երկիր է՝ աներևակայելի հարուստ մշակույթով, որտեղ արտացոլված են նրա հնագույն պատմությունն ու ավանդույթները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես այդ մշակույթի լավագույն կրող ու տարածող, կօգնի մեր ունկնդիրներին ծանոթանալու այդ յուրահատուկ երկրի հետ»,- նշել է «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրայը։

«Սիրիուս» կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել երկրորդ անգամ։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը։

 

 

Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Ստրասբուրգը հայտարարել Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, այդ կարգավիճակը քաղաքը պաշտոնապես կընդունի 2024 թվականին: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Խռովալից ժամանակներում շատերը դիմում են գրքերին որպես ապաստան եւ երազանքների աղբյուր: Իրոք, գրքերն ունեն ինչպես զվարճացնելու, այնպես Էլ սովորեցնելու բացառիկ ունակություն: Հենց այդ պատճառով Էլ մենք պետք Է ապահովենք յուրաքանչյուրի՝ գիտելիքներ ստանալու եւ խորհրդածելու հնարավորությունները գրքերի եւ ընթերցանության միջոցով,- հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:- Ուստի ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: 2022 թվականին Գվադալախարայից եւ 2023 թվականին Աքրայից հետո ես ուրախ եմ հայտարարելու Ստրասբուրգը 2024 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք նշանակելու մասին»:

Որոշոմն ընդունվել Է կազմակերպության կոնսուլտատիվ կոմիտեի կողմից այն առանչությամբ, որ Ստրասբուրգի իշխանությունները «մեծ ուշադրություն են նվիրում գրքերին սոցիալական լարվածության եւ կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համար»:

2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հրատարակիչների միջազգային միության, Գրադարանային ասոցիացիաների եւ հիմնակությունների միջազգային ֆեդերացիայի եւ Գրավաճառների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ ամեն տարի ընտրում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ տիտղոսը շնորհվում գրքի եւ ընթերցանության հետ կապված լավագույն հասարակական ծրագրերի համար: Առաջինն այդ պատվավոր կոչմանն արժանացել Է Մադրիդը: Հետագա տարիներին «գրքի մայրաքաղաքներ» են դարձել Ալեքսանդրիան, Նյու Դելին, Անտվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, Լյուբլյանան, Բուենոս Այրեսը, Երեւանը, Բանգկոկը, Պորտ Հարկորտը, Ինչհոնը, Վրոցլավը, Կոնակրին, Աթենքը, Շարջան, Քուալա Լումպուրը եւ Թբիլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Անդրեյ Ռուբլևի «Սուրբ Երրորդություն» սրբապատկերը վերադարձել է Տրետյակովյան պատկերասրահ Սուրբ Երրորդություն Տրոիցե-Սերգիյան մայրավանք կատարած այցից հետո։ «Ռիան» հայտնում է, որ պահպանման վիճակի վատթարացում չի հայտնաբերվել, ինչի մասին ասվում է թանգարանի պաշտոնական Telegram ալիքում:

Նշվում է, որ ներկայումս վերականգնողները ուսումնասիրում են սրբապատկերը  և «հին ռուսական արվեստի այս կարևորագույն ստեղծագործության վիճակի վատթարացման տեսանելի նշաններ չկան»։

Սրբապատկերի մանրամասն և ամբողջական ուսումնասիրությունից հետո որոշում կկայացվի «Երրորդության»՝ որպես ցուցանմուշ պատկերասրահ  վերադարձնելու ժամկետների վերաբերյալ։

 

 

Մինչև աշուն Ռուսաստանում կինոթատրոնների մինչև 70%-ը կարող է դադարեցնել աշխատանքը։ CloudPayments ծառայության փորձագետները կարծում են, որ ռուսական նախագծերն ի վիճակի չեն հանդիսատեսին վերադարձնել կինոդահլիճներ, և միայն արևմտյան ֆիլմերը, որոնք թողարկվել են ոչ պայմանագրային իրավունքների կառավարման միջոցով, կարող են փրկել իրավիճակը: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

2022 թվականի հունիսին և հուլիսին վերլուծաբանները նկատել են կինոթատրոնի տոմսերի պահանջարկի անկում։ Իրավիճակի տարբերությունը նախորդ տարվա համեմատ կազմել է 34%։ Արտասահմանյան բովանդակության պակասի վրա ազդող հիմնական գործոնը արևմտյան պատժամիջոցներն էին և ամերիկյան խոշոր ընկերությունների բացակայությունը։ ՏԱՍՍ-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ այս ֆոնին Ռուսաստանում փակված կինոթատրոնների թիվը մինչև աշուն կարող է հասնել 70%-ի։

Ռուսական կինոթատրոնների եկամուտների արդեն գոյություն ունեցող միջին շաբաթական 70% անկումը հաստատել է Կինոթատրոնների ասոցիացիայի անդամ Միխայիլ Մալախովը։