Ելք դեպի լույս 726
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անքաբութ սուրահի 56 և 57-րդ այաներ
یَا عِبَادِیَ الَّذِینَ آمَنُوا إِنَّ أَرْضِی وَاسِعَةٌ فَإِیَّایَ فَاعْبُدُونِ
کُلُّ نَفْسٍ ذَائِقَةُ الْمَوْتِ ۖ ثُمَّ إِلَیْنَا تُرْجَعُونَ
Ով իմ արարածներ, որ հավատացյալ եք դարձել, աշխարհն ընդարձակ է: Միայն Ինձ պետք է պաշտեք:
Ամեն մարդ պիտի մահանա ու հարություն առնի:
Իսլամի կարևոր պատվիրաններից է գաղթը հանուն հավատքի: Երբ իսլամն ի հայտ եկավ, մուսուլմանները ճնշվում էին կռապաշտների կողմից ու չէին կարողանում իրականացնել իրենց կրոնական պարտականությունները: Ուստի մարգարեն ու իր հետևորդները Մեքքայից գաղթեցին Մեդինա: Այս այաներն ասում են, որ երկրին ու քաղաքին նվիրվածությունը չպետք է պատճառ դառնա, որ մարդու հավատքը թուլանա: Չկարծեք որ այս աշխարհում հավերժ եք ապրելու և այդ պատճառով էլ, ձեր նպատակը չպետք է լինի հարստություն դիզելը կամ պաշտոն զբաղեցնելը: Ընդհակառակը, մշտապես պետք է հիշել, որ հանդերձյալ կյանքն է մարդու հավերժական բնակավայրը և սա հիշելով, պետք է ձերբազատվել սեփական քաղաքի նկատմամբ կապվածությունից:
Այս այաներից սովորում ենք.
1. Պետք է նախ ուշադիր լինենք, թե հավատքը պահպանելու համար ինչպիսի պայմաններ կան այն վայրում, որտեղ ապրում ենք:
2. Հավատքը պահապանելու նպատակով գաղթը Ղուրանի կարևոր պատվիրաններից է:
3. Մահն անխուսափելի է: Ուստի մինչ այդ պետք է մտածել այս աշխարհում հանդերձյալ կյանքի մասին:
Անքաբութ սուրահի 58 և 59-րդ այաներ
الَّذِینَ صَبَرُوا وَعَلَىٰ رَبِّهِمْ یَتَوَکَّلُونَ
Նրանք, որ հավատացյալ են դարձել ու բարիք գործել, հավիտենապես բնակվելու են երանության պարտեզներում, ուր գետեր են հոսում: Որքան գեղեցիկ է լինելու նրանց վարձատրությունը, ովքեր բարիք են գործում:
Նրանք, որ համբերությամբ տանում են նեղություններն ու ապավինում Աստծուն, հավատքով դիմանում են տառապանքներին:
Այս այաներում, Աստված դիմելով նրանց, ովքեր իրենց հավատքը պահպանելու համար դիմանում են բոլոր դժվարություններին և պարտադրված գաղթում, խոստանում է, որ հանդերձյալ կյանքում նրանք բնակվելու են դրախտային բնակավայրերում և արժանանալու են բարիքների: Այս այաներն ասում են, որ դրան հասնելու համար, պետք է հետևել երեք կարևոր պատվիրանի՝ բարի գործ կատարել, համբերատար լինել և ապավինել Աստծուն: Պետք է ասել, որ հավատքն առանց բարի գործի, իմաստ չունի: Եվ բարի գործն առանց համբերության, չի կարող արդյունքի հասնել: Իսկ առանց համբերության, հավատքն ու բարի գործն արդյունք չեն ունենա: Եվ համբերությունը միայն այն դեպքում է հնարավոր, երբ մարդն ապավինում է Աստծուն:
Այս այաներից սովորում ենք.
1. Դրախտ մտնելու համար, մարդը պետք է ունենա հավատք և կատարի բարի գործ:
2. Հավատացյալները հանդերձյալ կյանքում Աստծուց ստանում են իրենց բարի արարքների պատասխանը:
3. Համբերությունը բոլոր դժվարությունները հաղթահարելու բանալին է: Ուրեմն հավատացյալները, որ մշտապես ճնշման են ենթարկվում թնամիների կողմից, պետք է ամրապնդեն իրենց համբերությունը:
Անքաբութ սուրահի 60-րդ այա
Այս աշխարհում որքան կենդանիներ կան, որ իրենց սնունդն իրենք չեն պատրաստում: Աստված սնուցում է նրանց, ինչպես ձեզ է սնուցում: Նա ամեն բան գիտի և իմանում է:
Այս այան, շարունակելով հավատացյալների գաղթի թեման, ասում է. «Եթե անհավատների երկրից գաղթի պատճառով կորցրել եք աշխատանքն ու կանգնել դժվարությունների առջև, մի մտահոգվեք: Եթե անհրաժեշտ է եղել գաղթել, իմացեք, որ Աստված տալու է ձեր հանապազօրյա հացը: Այն Աստված, որ երկրում ու երկնքում իր արարածներին տալիս է հանապազօրյա հաց, ձեզ չի մոռանալու: Նույնիսկ միջատներն իրենց հացը փնտրելու համար դուրս են գալիս բներից և ամեն դեպքում ձեռնունայն չեն վերադառնում, քանի որ Աստված ապահովում է նրանց հանապազօրյա հացը: Ուրեմն մարդն էլ կարող է ջանք գործադրել ու ձեռք բերել իր հանապազօրյա հացը: Եթե մարդը գաղթի պատճառով կորցնի իր աշխատանքը, վնասը հնարավոր է վերականգնել: Սակայն եթե մարդն իր ողջ կյանքն անցկացնի անհավատության մեջ կամ ենթարկվի անհավատներին ու չարագործներին, դա հնարավոր չէ հատուցել, որովհետև այդպիսով մարդը հեռանում է իր առաքելությունից:
Այս այայից սովորում ենք.
1. Նրանք, որ պարտադրաբար լքում են իրենց ծննդավայրը, պետք է ապավինեն Աստծուն և չմտահոգվեն հանապազօրյա հացի համար:
2. Հավատացյալ մարդը մշտապես ապավինում է Աստծուն և չի հրաժարվում իր պարտականությունից:
3. Աստված, որ Արարիչ է, ապահովում իր բոլոր էակների ու մարդու հանապազօրյա հացը:
Անքաբութ սուրահի 61-րդ այա
Հարցրեք նրանց թե ո՞վ է ստեղծել երկինքներն ու երկիրը, և ո՞վ է իրեն ծառայեցնում լուսինն ու արևը: Նրանք պիտի պատասխանեն՝ Աստված: Ուրեմն ինչո՞ւ են կուռքերին պաշտում:
Այն կռապաշտները, որ ապրում էին Մեքքայում, Աստծուն որպես արարիչ ընդունում էին, սակայն միևնույն ժամանակ պնդում էին, որ արևը, լուսինն ու աստղերն են որոշում իրենց ճակատագիրը: Զարմանալի է, որ այսօր որոշ մարդիկ նույնպես Աստծուն համարում են Արարիչ, սակայն չեն հետևում նրա պատվիրաններին: Նրանց կարծիքով, մարդը կյանքում չունի Աստծու կարիքը և ինքը պետք է որոշի իր կյանքի ընթացքը:
Այս այայից սովորում ենք.
1. Շատ կարևոր է ուրիշների հետ շփվելիս ընդհանրություններ փնտրել: Մուսուլմանների ու կռապաշտների միջև ընդհանրութունն Աստծուն որպես արարիչ ընդունելն էր:
2. Պետք է ընդունել Աստծուն որպես արարիչ և հավատալ, որ նա է տնօրինում մեր կյանքը: