Օգոստոս 09, 2022 10:06 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։

 

Հայաստանը հայտնել է Իրանի հետ ապրանքաշրջանառության տարեկան ծավալը մինչեւ 1 միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։

Նա նշել է, որ ջանքեր են գործադրվում՝ ավելացնելու տարեկան ծավալը։ 

Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի հետ հանդիպմանը Հայաստանի դեսպանն ասել է, որ Իրանի հարեւան Հայաստանի նահանգները մեծ նշանակություն ունեն իր երկրի համար եւ խնդրել է նահանգապետին հյուպատոսական գրասենյակ հիմնել Թավրիզում։

«Մենք պատրաստ ենք անձնական հանդիպումներ անցկացնել երկու երկրների գործարարների միջեւ եւ հրավիրել Արեւմտյան Ատրպատականի գործարարներին ու պաշտոնյաներին այցելել Սյունիքի մարզ»,-ասել է նա։

Ավագյանն ընդգծել է, որ սահմանային Արաքս գետը մեծ նշանակություն ունի եւ՛ Իրանի, եւ՛ Հայաստանի համար, եւ առաջացած բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով հանքերից մեկը փակվել է՝ մինչեւ բնապահպանական վտանգի վերացման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը։

Նա ասել է, որ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգը Հայաստանի համար ամենամոտ տարանցիկ ուղին է, եւ այս նահանգում արդյունաբերական ապրանքների գնումը Հայաստանի առաջնահերթություններից է։

Իր հերթին, Արեւելյան Ատրպատականի նահանգապետն ընդգծել է, որ նահանգը միանգամայն պատրաստ է ակտիվացնել առեւտուրը հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ եւ ասել է, որ 13-րդ կառավարության հիմնական քաղաքականություններից մեկը հարեւան երկրների հետ համագործակցության ընդլայնումն է։

Նա ասել է, որ Արեւելյան Ատրպատականի եւ Սյունիքի միջեւ առեւտրի եւ բիզնեսի աճը շատ բարենպաստ է Իրանի համար։

Խորրամը նշել է նաեւ Արեւելյյան Ատրպատականի գիտական ​​բարձր կարգավիճակը՝ ասելով, որ նահանգը պատրաստ է ստեղծել գիտատեխնիկական համատեղ պարկ, որը կարող է վերածվել արտահանման տարածաշրջանային կենտրոնի։

Նա նշել է, որ Արաքս գետը մեծ նշանակություն ունի Իրանի համար, ուստի Իրանն ակնկալում է, որ Հայաստանը լուրջ քայլեր կձեռնարկի հանքարդյունաբերությունից կեղտաջրերի մուտքն այնտեղ վերահսկելու համար։

-----------------------------------------------

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Դեսպանն ընդգծել է, որ ուսումնասիրել է Կոտայքի մարզի ունեցած պոտենցիալն ու հնարավորությունները և համոզված է, որ պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումներն ու համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:

Կոտայքի մարզպետարանի հաղորդմամբ, մի շարք ուղղություններով քննարկումներ են ծավալվել, նախանշվել այն ուղիները, որոնք օղակ կդառնան Իրանի տարբեր նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման գործում:

Մարզպետն ու դեսպանն ընդգծել են կոնկրետ կետեր և ոլորտներ, որոնք մեկնարկ կդառնան առաջիկա համագործակցության՝ զբոսաշրջություն և հյուրընկալություն, գյուղատնտեսություն, անասնաբուծություն, ինտենսիվ այգիների հիմնում, կրթություն, մշակույթ և սպորտ, ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում, փորձի փոխանակման անհրաժեշտություն:

Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար զրուցակիցները կարևորել են համատեղ ջանքերի ներդրումը:

-------------------------------------------------

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի լարվածության աճի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Եվրամիությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- գրել է նա:

-------------------------------

ԱԺ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերին։

----------------------------

ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի` Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները», - ասված է հաղորդագրությունում։

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

----------------------------

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցերը։ 

«Քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հաստատվել է դրանց համապարփակ և արդյունավետ իրականացման հանձնառությունը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման նախագծային գործողությունների մեկնարկի առումով։ Քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Զրուցակիցներն անդրադարձել են ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների շփումներին։

ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը:

-----------------------------

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը։

Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն եվրո հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։

«Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանը։

--------------------------

Եթե ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորվել է Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքների ժամանակ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի հրապարակում հուլիսի 29-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սուտ են այն խոսակցությունները, թե իբր ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին խորհրդարան են վերադառնալու և աշխատելու են գործող իշխանությունների հետ:

 

«Մեկ անգամ ևս պետք է ասեմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում: Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը՝ այս հրապարակում», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերը դեռ ապրիլին ձևավորել էին «Դիմադրության» շարժում՝ հայտարարելով իրենց պատկերացրած ազգային օրակարգի մասին և սկսելով անժամկետ բողոքի ցույցեր գործող իշխանությունների դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել էր, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում է տեղի ունենալու՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: Հետագայում ընդդիմադիր երկու խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ զրկվել էին ԱԺ նախագահությունում և հանձնաժողովներում զբաղեցրած իրենց պաշտոններից: Հուլիսի 14-ին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան: