Օգոստոս 10, 2022 12:46 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:


 

Վերջերս «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Ավետիք Իսահակյանի արձակ ստեղծագործությունների ընտրանու պարսկերեն թարգմանությունը՝ Գարուն Սարգսյանի աշխատասիրությամբ:

«Վարպետը» անունը կրող, 315 էջանոց, այս գրքում ընդգրկված են մեծ վարպետի արձակ բնաստեղծությունները, լեգենդները, առակները, հեքիաթները և պատմվածքները:

Հիշեցնենք, Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում:

 

 

Օգոստոսի 10-11-ին Սյունիքի մարզում տեղի է ունեցել հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոն։ Այս մասին Երեւանում օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը։

Փառատոնը տեղի կունենա «Օգնություն տուրիզմի զարգացման ոլորտին» ծրագրի շրջանակում։ Աջակցություն կցուցաբերվի նաեւ Տուրիզմի կոմիտեի, Սյունիքի մարզպետարանի, ինչպես նաեւ Սիսիանի համայնքի կողմից։ Ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանում Իրանի դեսպանությունը եւ իսլամական հանրապետության այլ պատասխանատու գերատեսչություններ։

Ապրեսյանի խոսքով՝ փառատոնն ուղղված է լինելու երկու երկրների դիրքերի ամրապնդմանը նոր հետքովիդային իրողություններում։ «Մենք պետք է նոր դիրքեր զբաղեցնենք, պետք է ընդլայնվենք։ Մենք պետք է մասնակցենք այդ գործընթացներին ավելի մրցունակ դիրքերից»,- ասել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ղեկավարը։ Նա նշել է, որ շատ երկրներ, հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո, փորձելու են ամրապնդվել տուրիզմի շուկայում։ «Նրանք փորձելու են իրենց կողմը քաշել նոր վերափոխված շուկան»,- համոզված է ֆեդերացիայի ղեկավարը։

Իսկ ինչ վերաբերում է փառատոնի մանրամասներին, ապա, ինչպես պարզաբանել է Մեխակ Ապրեսյանը, դրա անցկացման համար մոտ 140 ստենդ կտեղադրվի։ Ընդ որում՝ դրանցից 30-ը կտրամադրի իրանական կողմը։ Միջոցառմանը կներկայացվեն հայկական եւ իրանական խոհանոցի կերակրատեսակները։ Մասնակիցները նաեւ կկարողանան նշել հեթանոսական Նոր տարին՝ Նավասարդը, որը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ, մասամբ, հարեւան Իրանում։

Փառատոնի նպատակը նաեւ տոնական միջոցառումները մայրաքաղաքից մարզեր տեղափոխելն է։ Նախաձեռնողների կարծիքով՝ դա կօգնի երկրի բնակիչներին ու նրա հյուրերին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին ու բնությանը։

 

 

Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում օրեր առաջ Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի  ու երգչախմբի և հայ անվանի բարիտոն Աքսել Դավեյանի կատարմամբ, որպես չեխ հանրահռչակ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք, կայացել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ տվյալ առիթի և վայրի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Այն  արժանացել է չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքին։

Պրահայում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ, համերգին անձամբ ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանը։

 

 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան ժամանակի հայտնի երաժիշտներից՝ դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցը, Վանեսսա Բենելլին, Սալիմ Աշքարը, Անահիտ Դիլբարյանը, Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահարներ Նենսի Ժուոն, Մարկ Բուշկովը, Ջովանի Անդրեա Զանոնը, կիթառահար Շուֆեյ Յանը, թավջութահարներ Բրանոն Չոն, Սևակ Ավանեսյանը, ֆլեյտահարներ Նոյեմի Գյորին, Գևորգ Ավետիսյանը, ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը, կլարնետահար ֆաբրիցիո Մելոնին, ինչպես նաև Խաչատրյանի անվան դաշնամուրային եռյակը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգների ընթացքում կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Էլգարի, Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆրանսիս Պուլենկի, Ալեքսանդր Թանսմանի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Կներկայացվի նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Տիգրան Մանսուրյանի արվեստը։ Նշենք, որ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։

«Ես հպարտ եմ այս հրաշալի քաղաքում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի առթիվ։ Մեծ պատիվ է փառատոնը կյանքի կոչել  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ մեր վաղեմի և թանկագին գործընկերներից մեկի հետ, որը կիսում է դասական երաժշտության ժառանգությանն առնչվող մեր գաղափարներն ու մոտեցումները։ Վստահ եմ, որ այս փառատոնը մեր հաջող համագործակցության ևս մեկ օրինակ կդառնա, և բոլորին կոչ եմ անում միանալ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ երաժշտական այս տոնին»,- ասում է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակներում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգևեն Երևանի բնակիչներին ու հյուրերին։ «Ուրախ եմ, որ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի հետ մեր համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, և նոր նախագծերի ստեղծման ճանապարհին  մեր մոտեցումներն ու ցանկությունները համընկնում են։ Վստահ եմ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող բոլոր արտիստները մեր երկրից կգնան՝ իրենց հետ տանելով հայ ունկնդրի ջերմ ընդունելությունը, իսկ երաժշտասերները փառատոնի 14 համերգների երկացանկում կգտնեն իրենց հոգեհարազատ երաժշտությունը»,- նշում է Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի կազմակերպմանն աջակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։

 

 

2002 թվականից «Il Villaggio della Musica» մշակութային ասոցիացիան Հռոմում, Իտալիայում՝ մելոդրամայի հայրենիքում և բնօրրանում, ստեղծել է «Օտտավիո Զինո» միջազգային օպերային մրցույթը, որը կրում է հայտնի դիրիժորի, ծագումով սիցիլիացի կոմպոզիտորի անունը։ 1-ից 20-րդ թողարկումից մասնակցել է շուրջ 6000 օպերային երգիչ ամբողջ աշխարհից։ 

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնել են, որ Ottavio Ziino միջազգային օպերային մրցույթն այս տարի իր 21-րդ թողարկումով կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 20-22-ը Հռոմում, Ghione Theatre-ի հոյակապ միջավայրում: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև հայ երգիչներ, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում։

Ամեն տարի կազմվում է միջազգային ժյուրի՝ կազմված հեղինակավոր օպերային թատրոնների տեսուչներից և գեղարվեստական ղեկավարներից, օպերային երգիչներից, կոմպոզիտորներից: Այս տարի ժյուրիի նախագահն է Հռոմի օպերային թատրոնի տեսուչ և գեղարվեստական ղեկավար Ֆրանչեսկո Ջիամբրոնը, ժյուրիի կազմում է (երդվյալ ատենակալներ) նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Միջազգային ժյուրիին միանում է քննադատական ժյուրին։

Մրցութի կիսաեզրափակիչի փորձերը տեղի կունենան 2022 թվականի սեպտեմբերի 20-21-ը Հռոում՝ Ghione Theatre-ում։ Եզրափակիչ փուլը (Գալա համերգ) տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Հռոմի Ghione Theatre-ում։

Բոլոր փուլերը տեղի են ունենում դաշնամուրով, մինչդեռ եզրափակիչը բաղկացած է իսկական գալա համերգից՝ հանրության և հաստատությունների ներկայությամբ:

«Il Villaggio della Musica» մշակութային ասոցիացիան նպատակ ունի խթանել և տարածել երաժշտական մշակույթը՝ մրցույթների, համերգների, միջոցառումների, վարպետության դասերի կազմակերպման միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել երիտասարդ երաժիշտներին ներկայացնել իրենց՝ առաջարկելով նրանց փորձարկման բեմ:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընտրվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Les Etats généraux du film documentaire de Lussas» լավագույն վավերագրական փառատոնում ցուցադրության։

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմի Պրոդյուսերներն են՝ Անժելա Ֆրանգյան, Ստեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էիդ, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը։

 

 

Շուտով Ֆրանսիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներում կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» («Սրբազան Հայաստան») ֆիլմը։ Սա ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավավերագրական աշխատանքն է։ Առաջին ֆիլմը՝ «Հայաստանի Գանձերը», ցուցադրվել է Եվրոպայի տարբեր քաղաքներում, նաև Կանադայում։

«Արմենիա Սակրան» լիամետրաժ, 65 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է։ ֆիլմի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: Հուշարձանների, եկեղեցիների պատմությունը  մանրամասնորեն ներկայացնում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։

Ֆիլմի նկարահանումները Հայաստանում և ԼՂ-ում կատարվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլատրությամբ։  ԼՂ-ում նկարահանված  եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերը այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և փաստորեն, բացառիկ  և վերջին վավերացված կադրերն են։

Ֆիլմը նկարահանվել է ինչպես երկնքից՝ թռչող սարքի օգնությամբ, այնպես էլ ցամաքից: Ֆիլմը նպատակ ունի համայն հայությանը, և նաև օտարազգի հանդիսատեսին ծանոթացնել Հայաստանի մշակույթին, բնությանը, պատմությանը։

Ֆիլմում բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեր Մահեն։  Ֆիլմը ֆրանսերեն է, շուտով նախատեսվում է այն թարգմանել նաև հայերեն։ Ֆիլմի ռեժիսորը ցանկանում է երրորդ՝ մեծամասշտաբ ծրագրով նոր ֆիլմ նկարահանել, որը կներկայացնի Հայաստանը՝ տարվա չորս եղանակներին։

«Արմենիա Սակրա» ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ ֆիլմը կկրկնի, և  նույնիսկ կգերազանցի առաջին ֆիլմի հաջողությունը։ Սա Նարեկ Ոսկանյանի և Նարե Թադևոսյանի երկրորդ համատեղ համագործակցությունն է։ «Արմենիա Սակրա» ֆիլմը պրոդյուսերը ցանակում է ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ գոյություն ունի հայկական սփյուռք։

 

 

Եվրոպայում աստիճանաբար վերացվում են սահմանափակումները ռուս արտիստների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն կրկին հանդես եկող արտիստների թվում է։ Նետրեբկոն արդեն մի քանի համերգ ունեցել է Եվրոպայում։

Դեկտեմբերին օպերային երգիչ Իլդար Աբդրազակովը կբացի Լա Սկալայի նոր համերգաշրջանը։

ԱՄՆ-ում նույնպես «ջերմացում» է սպասվում. դաշնակահար Դանիիլ Տրիֆանովը սեպտեմբերին ելույթ կունենա Վաշինգտոնի Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնում: Նա կկատարի Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։

Ռուսական արտիստների մասնակցությամբ մշակութային միջոցառումները  Արևմուտքում դադարեցվել են  փետրվարի 24-ին Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հատուկ գործողության մեկնարկից հետո։