Օգոստոս 15, 2022 12:50 Asia/Yerevan

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հին աշխարհքը ամեն օր

Հազար մարդ է մըտնում նոր,

Հազար տարվան փորձն ու գործ

Ըսկըսվում է ամեն օր։

 

Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին —

Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.

Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,

Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

Հովհաննես Թումանյան

*************************** 

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է  տոնվել դեռ հինգերորդ դարից:

Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, ու այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Աստվածամոր վերափոխման տոնակատարության օրը, Ս. Պատարագից անմիջապես հետո տեղի է ունենում Խաղողօրհնեք: Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցում երգվում է «Փառք սուրբ խաչի» շարականը, կարդացվում է Սուրբ Գրքից հատվածներ, որոնց հաջորդում է խաղողի օրհնության համար գրված Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, թե Աստված երրորդ օրը ստեղծեց բուսականությունը, ապա Ադամին ու Եվային պարգևեց դրախտի դյուրին ու ճոխ կյանքը: Բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ Աստվածային օրհնությունը փոխվեց անեծքի: Սակայն Աստված մարդուն չանտեսեց. Միածնի աշխարհ գալով, անեծքի կապանքը վերացավ, և մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից: