Սեպտեմբեր 06, 2022 14:28 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը:

Արմենպրես-ի փոխանցմամբ՝ միջոցառումը անցկացվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնում, որը վերանորոգվել և վերակահավորվել է բարերար Ավետյան ընտանիքի միջոցներով:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի միջև հուշագիր է  ստորագրվել:

Միջոցառմանը հրավիրված են եղել բարերար Ավետյան ընտանիքի ներկայացուցիչները, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը:

 

Իրանական «Առանց ժամադրություն» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում երկու մրցանակի է արժանացել։

Իրանական «Առանց ժամադրություն» ֆիլմը Մոսկվայի 44-րդ կինոփառատոնում արժանացել է Լավագույն ֆիլմի և Լավագույն դերասանուհի մրցանակներին։

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը կայացել է Մոսկվայի կինոփառատոնի 44-րդ շրջանը։

Իրանական «Առանց ժամադրություն» ֆիլմը պատմում է  մի արվեստագետի կյանքի մասին, որը տարիներ անց վերադառնում է Իրան:

Եթերում է մեր գործընկեր Ռոբերտ Մարգարյանը։

 

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի սեպտեմբերի 3-ին կայացած բացմամբ մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ Համերգային ծրագրում հնչել են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն», Ալեքսեյ Շորի «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը, Ալեքսանդր Բորոդինի նախերգանքը «Իշխան Իգոր» օպերայից և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի նախաձեռնությամբ և այս տարիների ընթացքում Երևանում հյուրընկալել է աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտների՝ անմոռանալի պահեր պարգևելով երաժշտասերներին։ «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնին, կարևորել է, որ փառատոնի և նոր համերգաշրջանի բացումը տրվում է Գոթյե Կապյուսոնի մասնակցությամբ համերգով. «Ունենք փայլուն արտիստներ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ելույթ կունենան Երևանում՝ Միշա Մայսկի, Գիլ Շահամ, Յոզեֆ Կալեյա և այլք։ Փառատոնային մշակույթը կարևոր է մեր քաղաքի համար։ Ի սկզբանե որոշել էինք, որ «Արմենիա» փառատոնը պետք է անցկացվի սեպտեմբերին, երբ մեր մայրաքաղաքում շատ են զբոսաշրջիկները, որոնք, Հայաստան գալով, պետք է հիանան նաև մեր արվեստով, մեր երաժիշտների վարպետությամբ ու մեծ ճանաչում ունեցող երաժիշտների կատարումները վայելելով։ Կարծում եմ՝ Գոթյե Կապյուսոնի նման արտիստների ներգրավումը փառատոնի շրջանակներում դասական երաժշտության շատ երկրպագուների կարող է բերել մեր երկիր»։

21-րդ դարի լավագույն թավջութակահարներից Գոթյե Կապյուսոնն էլ ասել է, որ շատ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հրաշալի համագործակցության համար։ Երևանում համատեղ հանդես են գալիս երկրորդ անգամ, առաջին բեմելը 2013 թվականին էր։ Նա նշեց, որ  սեպտեմբերի 3-ի համերգն իր համար նշանավոր է նաև նրանով, որ այդ օրն իր ծննդյան օրն է։ Թավջութակահարը նկատում է, որ ուրախ է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ նվագում են երիտասարդ, էներգիայով լի երաժիշտներ։ Կապյուսոնը նաև նշեց, որ ինքը միշտ սիրով է կատարում այն ստեղծագործությունները, որ ներկայացնում է Երևանում՝ Սեն-Սանսի և Շորի Թավջութակի կոնցերտները։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 2022-2023թթ. համերգաշրջանին՝ տեղեկացնենք, որ այս ընթացքում երաժշտասերներին սպասվում են համերգային հանդիպումներ համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների հետ։ Նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա փառատոներով, համերգային երեկոներով, նոր նախագծերով։ Նախատեսված են նաև  արտասահմանյան հյուրախաղեր Բրիտանիայում, Ավստրիայում,  Օմանի Սուլթանությունում, որոնց շրջանակներում, ի թիվս դասական երաժշտության համաշխարհային գանձարանի նմուշների, կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են նաև, որ նոր համերգաշրջանում նախատեսվում է ձայնագրել հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։

 

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ArLeAM ընկերությունը:

«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ փառատոններն անցկացվել են 2019 և 2021 թվականներին, իսկ այս տարի այն ընդլայնում է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային։ Մեկ գաղափարի շուրջ կհավաքվեն կրթության, ներառական ոլորտների մասնագետները, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու պատանիները, անվանի արվեստագետները։

«Փառատոնի նպատակն է բացել բոլոր դռները զարգացման տարբեր առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև։ Հավասար պայմաններ ընձեռել բոլորին՝ սովորելու, ստեղծագործելու, արարելու, բացահայտելու կարողություններն ու իրականացնելու երազանքները միասնական հարթակում՝ կողք կողքի»,- ընդգծել է Նաիրա Սարգսյանը և հավելել, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև կրթական, ներառական ոլորտի մասնագետների փորձի ներգրավում և փոխանակում:

Փառատոնի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 6–ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը:

Սեպտեմբերի 7-8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ, երաժշտական և արտ թերապիայի մասնագետներ, երաժշտության ուսուցիչներ, լոգոպեդներ, ծնողներ:

«Մասնագիտական փորձի փոխանակման նպատակով Ռուսաստանից, Գերմանիայից, Հորդանանից հրավիրել ենք մասնագետների, որպեսզի մեր մասնագետներն ու ծնողները հնարավորություն ունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար մասնագետների գիտահետազոտական աշխատանքներին և դիտարկելու նրանց փորձը: Սեմինարներն ու վարպետության դասերը հնարավորություն կընձեռեն մեր մասնագետներին, ծնողներին նոր գիտելիքներ ձեռք բերել և կիսվել սեփական փորձով»,- նշել է Նաիրա Սարգսյանը։

Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին, Գաֆէսճան արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունենա գալա համերգ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։ Բեմում կլինեն Վահագն Հայրապետյանը, Գոռ Սուջյանը, Արամ mp3-ին, «Նեմրա»-ն, «Hope for coffee»-ը, Զարուհի Բաբայանը, Վիգեն Հովսեփյանը, Լիդուշիկը, Մալենան, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։

 

Եթերում է մեր գործընկեր Ռոբերտ Մարգարյանը։

 

 

Հայ կինոգործիչների ֆիլմերը միջազգային հարթակներում հաջողություններ են գրացում՝ տարբեր փառատոներում արժանանալով մրցանակների ու առաջիկայում էլ  սպասելով նոր հաղթանակների։

Հայաստանի Կինոգործիչների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը Հունաստանի Beyond Borders կինոփառատոնում արժանացել է FIPRESCI մրցանակի:

Ռեժիսորներ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 երազողները և ձին» խաղարկային ֆիլմը մասնակցելու է ամերիկյան Camden International Film Festival կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին։

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային ֆիլմը ցուցադրվելու է Տաշքենդի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։

Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել  ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» (Docs Without Borders International Film Festival) միջազգային կինոփառատոնում և արժանացել է «Բացառիկ արժանիքների համար» (EXCELLENCE) մրցանակի, ինչպես նաև «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին:

Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին՝ միջազգային մրցութային բաժնում։

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը մրցելու է Be Epic London International Film Festival-ի «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում:

 

 

Սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոն:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնի շրջանակում կանցկացվի 12 համերգային ծրագիր Երևանում, Կապանում և Չարենցավանում: Միջոցառումներին ելույթ կունենան միջազգային ճանաչում վայելող հայտնի երգեհոնահարներ, որոնց թվում՝  Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Նրանք նաև կանցկացնեն վարպետության դասեր:

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը:

Կհնչեն ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

Փառատոնի ծրագրում ներառված են նաև Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ:

Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

 

 

Այս տարվա մայիսի 10-ին Նիդերլանդների թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում բացված «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը, որում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանից մի արժեքավոր հավաքածու, ընդգրկվել է տարվա տասը լավագույն ցուցահանդեսների շարքում։

Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ ընտրությունը կատարվել է նիդերլանդական հեղինակավոր «Թանգարանային ամսագրի» ժյուրիի կողմից, որից հետո քվեարկության միջոցով տասից մեկը կընտրվի լավագույնը։

Այս հղումով կարելի է  քվեարկել Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող այս կարևոր ցուցադրության օգտին։

 

 

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում տոտալիզատորների գովազդի արգելման պատճառով գովազդային բաներները դատարկ են մնացել։ Այս առիթով ես առաջարկում եմ դրանցում տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի նկարների, ինչպես նաեւ աշխատանքների պատճենները։ Այս միտքը քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ օգոստոսի 29-ին հնչեցրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա, մասնավորապես, կարգադրել է կապվել մետրոպոլիտենի ղեկավարության հետ՝ համատեղ արդյունավետ աշխատանք ապահովելու համար։

«Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրա տեղում կտեղադրենք իմ նշած աշխատանքների եւ կտավների պատճենները»,- պարզաբանել է Սարգսյանը։