Սեպտեմբեր 13, 2022 15:30 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

Սեպտեմբերի 9-ին, Երևանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, կայացել է մեծ գրողի հատընտիրը պարսկերենով՝ «Վարպետը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պարսկերենի է թարգմանել իրանահայ հայտնի թարգմանիչ Գարուն Սարգսյանը:

Ձեռնակի ընթացքում ելույթ են ունեցել թարգմանիչ՝ Գարուն Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հռչակավոր գրողի թոռ՝ գրականագետ, քննադատ Ավիկ Իսահակյանը:

 

 

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը, հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, հոբելյանական հանձնաժողովի անդամներ, պետական, հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և  ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կիսվել է իր հիշողություններով և պատմել որոշ դրվագներ Օհան Դուրյանի մասին. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել Մաեստրոյին, շփվել նրա հետ: Նա իր կյանքում երբևէ չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով  նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում: Սակայն կարծում եմ՝ այսօր ամենակարևորն այն է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշել Մաեստրոյի հարյուրամյակը: Նա ուղղակի չէր հանդուրժում կեղծիքը հատկապես մասնագիտական շրջանակում: Ովքեր աշխատել են Մաեստրոյի հետ, գիտեն, թե ինչպիսին էր նա իր գործում»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով ներկաներին, նշել է, որ պանթեոնը մի սրբավայր է, որտեղ ննջում են մեր մեծերը, և այսօր բոլորը հավաքվել են իրենց խոնարհումը բերելու Օհան Դուրյանի՝ մի անհատականության հիշատակի հանդեպ, որի անցած ուղին, ստեղծագործական տաղանդը, արտիստիզմը, քաղաքացիական նկարագիրը և իր միջավայրի հանդեպ պատասխանատվությունը շարունակում են հիացնել և ոգևորել  մինչ օրս։

«Օհան Դուրյանի մասին խոսելիս դժվար է օգտագործել սովորական դարձած բառեր,  որովհետև անսովոր էր ինքը՝ իր կեցվածքով, եռանդով և վաստակով։ Օհան Դուրյանն արժեք էր ոչ միայն մեր շրջանում, այլև միջազգային երաժշտական հանրության շրջանում։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ մեծանուն Մաեստրոն համագործակցել է ավելի քան հարյուր նվագախմբերի հետ, որոնց թվում քիչ չեն աշխարհահռչակ համբավ ունեցող նվագախմբերը։ Նրա ղեկավարությամբ հայ կատարողական արվեստը դասական նվագացանկում հասել է մեծ բարձունքների, նվաճել աննախադեպ որակներ։ Նա իր մասնագիտական ազդեցությունն է թողել երիտասարդ սերնդի վրա՝ ներշնչելով ոչ միայն իր մասնագիտական գիտելիքներով ու վարպետությամբ, այլև նմանը չունեցող արտիստիզմով կամ, ինչպես ընդունված է ասել, խարիզմատիկ նկարագրով: ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված հոբելյանական հանձնաժողովը խիստ պատասխանատու վերաբերմունք է դրսևորել սիրելի Մաեստրոյի հոբելյանի նշանավորման հանդեպ. համաշխարհային դասական երաժշտության գոհարների կատարում, կենսագրական ֆիլմի պատրաստում՝ նկարահանումների լայն աշխարհագրությամբ, արձանի տեղադրում Ազատության հրապարակում և բազում այլ ծրագրեր»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը և հավելել, որ բոլոր այս նախաձեռնությունները մեր երախտագիտության, խոնարհումի փաստումներն են և հաստատումն այն իրողության, որ մեծանուն Վարպետի անունը կենդանի ու ներկա է մեր հոգևոր էության մեջ:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:  Սեպտեմբերի 8-ին նախատեսված էր աննախադեպ անակնկալով համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Հնչեցին Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և Բրամսի ջութակի կոնցերտը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ Կենտրոնական բանկի կողմից թողարկված Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամի շնորհանդեսը, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:

Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին հրապարակվելու  են արխիվային բացառիկ տեսանյութեր, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը թվայնացրել է Օհան Դուրյանի ձայնագրությունները, որոնք արդեն հասանելի են լայն հանրությանը:  Շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Ֆրանսիայում «Տեսալսողական միջազգային կազմակերպությունը» թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում կտեղադրվի Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած Օհան Դուրյանի քանդակը:

 

 

«Մոսկվան պարզապես քաղաք չէ…» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Մոսկվայի 875-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին «Դոմ Մոսկվի» կենտրոնում:

Կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ լուսանկարները տրամադրել է Ռուսական աշխարհագրական ընկերությունը: «Այս աշխատանքներում այսօրվա Մոսկվան է, նրա դինամիկան: Երևում է, թե որքան գեղեցիկ է քաղաքը մեր օրերում: Ես հիշում եմ Մոսկվան 90-ականներին, 2000-ականներին, հետո՝ 2010-ին և 2020-ին: Չեք հավատա, բայց եթե Մոսկվայից թռչում եք Երևան, հետո վերադառնում, տեսնում եք, որ քաղաքն արդեն փոխվել է: Այդքան արագ է զարգանում Մոսկվան և համարվում է  աշխարհի լավագույն մայրաքաղաքներից մեկը»,-նշեց Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ 1995 թվականից Մոսկվան և Երևանը գործընկեր քաղաքներ են, և ինքը հպարտ է, որ այս փոխգործակցությունը օգտակար է երկու երկրների համար:

Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և ազգամիջյան թանգարանների վարչության գլխավոր խմբագրի տեղակալ Եվգենի Դրիձեն, որը ներկա էր ցուցահանդեսին, խոստովանեց՝ շատ ուրախ է, որ հայ-ռուսական հարաբերությունները մշտապես կառուցողական ու արդյունավետ են, և «Դոմ Մոսկվի» կենտրոնն այդ գործում մեծ դերակատարություն ունի: «Այն կարևորագույն նախագիծ է, որն արդեն 15 տարի զարգանում Է և բազմաբովանդակ նախաձեռնություններով ու ծրագրերով նպաստում է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Կենտրոնը դրական վերաբերմունք է ձևավորում հայերի, Հայաստանի և Երևանի նկատմամբ»,-ասաց Դրիձեն:

Անդրադառնալով ցուցահանդեսին՝ նա ընդգծեց, որ շատ հայեր են եղել Մոսկվայում, ուսումնասիրել են քաղաքը և բավականին դժվար է նրանց ինչ-որ նոր բան ցույց տալ, բայց իրենք փորձում են:

Դրիձեն ծնվել ու մեծացել է Մոսկվայում և այն իր հարազատ քաղաքն է համարում: Ըստ նրա՝ քաղաքը շատ է զարգացել վերջին քսան  տարվա ընթացքում: «Մենք օգտագործել ենք այն բոլոր ռեսուրսները, որոնք ունի Մոսկվան: Կրածում եմ, որ այն նախագծերը, որոնք իրականացվել են մեր քաղաքում, խոսում են այդ զարգացման մասին: Զարգանում են ինֆրակառուցվածքներն ու բիզնեսը»,-հավաստիացրեց նա:

Տոնական օրը եզրափակվեց «Դոմ Մոսկվի» կենտրոնում կազմակերպված «Ռուսական երգի բոլոր երանգները» խորագրով համերգային ծրագրով, որին ելույթ ունեցան «Մոսկվա» ֆոլկլորային կենտրոնի արտիստները:

 

 

Կամերային թատրոնը նշում է կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակները:

Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից: Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:

Սեպտեմբերի 11-ին Կամերային թատրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որը մեկնարկեց մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը և ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Ասուլիսից հետո տեղի ունեցավ կարմիր գորգի արարողություն, ներկայացվեց յուրօրինակ ցուցահանդես՝ որպես պատմական ակնարկ՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցան «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:

Օրն ամփոփվեց «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտագիտության մրցանակներ հանձնվեցին բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին:

Կամերային թատրոնի հարակից տարածքում բացվել է «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվել են թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին:

 

 

Հայաստանի Պատմության թանգարանը վերաբացեց  մշտական ցուցադրությունը «Հնագույն մարդու հետքերով.քարի դար» խորագրով: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ մշտական ցուցադրության մեկնարկը տրվեց խորհրդանշական ամսաթվով:

«Ամսի 9-ը թանգարանի հիմնադրման ամսաթիվն է: 1915 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը որոշում կայացրեց ստեղծել մարդաբանական, ազգաբանական թանգարան»,-ասաց թանգարանի տնօրենը:

Ցուցադրության մեջ տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից քարեդարյան բարձրարժեք նմուշներ՝ գտնված Հայաստանի տարբեր հնավայրերից:  Ցուցադրության մեջ իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում նաև 2008 թվականին «Արենի-1» քարանձավային համալիրի  պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը ըստ Կալիֆոռնիայի և Օքսֆորդի համալսարանների լաբորատորիաներում իրականացված քննության, թվագրվում է Ք. Ա 3600-3500 թվականներով: Ցուցադրությանը այն կներկայացվի հատուկ ոտնամանի համար պատրաստված կայուն պայմաններ ապահովող նոր ցուցափեղկում:

«Ցուցափեղկը ենթադրում է կայուն ջերմախոնավային համակարգեր, որոնց անընդհատ աշխատանքի միջոցով հնարավորություն կտրվի ապահովել կայուն միկրոկլիմա, ինչն ամենակարևոր պայմանն է փխրուն նյութերի պահպանության համար»,-ավելացրեց տնօրենը:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ընդգծեց՝ այն, ինչ Հայաստանում և հատկապես Արենիում պեղումների արդյունքում հայտնաբերվել է, փոխում է հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումները:

«Վերջին տարիների պեղումները ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհն ու Հայաստանը Աֆրիկայից դուրս մարդու երկրորդ բնօրրանն են: Մենք հիմա ցուցադրում ենք բավականին արժեքավոր ցուցանմուշներ: Օրինակ, այս ոտնամանը, որն իսկապես Քարաշամբի գավաթի և դրա նման մի շարք այլ գտածոների նման ունի համաշխարհային նշանակություն և ցուցադրվում է մեր թանգարանում»,-ասաց Բորիս Գասպարյանը:

Սա հիմանական ցուցադրության ընդամենը  մի մասն է և առաջիկայում նաև կներկայացվեն մյուս դարաշրջանները: Հաջորդ փուլը նվիրված է լինելու բրոնզե դարաշրջանին, որի հետ կապված ներկայացվելու է բավական մեծ հավաքածու:

Թանգարանի ցուցանմուշների պահպանման պայմանների բարելավման նպատակով պետական ֆինանսավորմամբ արդիականացվել է թանգարանի օդափոխման համակարգը: Այդ նպատակով ծախսվել է 400 մլն դրամ: Պայմանների բարելավման աշխատանքները շարունակվելու են:

 

 

Պիտակ