Սեպտեմբեր 20, 2022 15:42 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել՝ խորացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով:

Պայմանավորվածությունների շրջանակում հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30- ամյակի, ինչպես նաեւ՝ երկու երկրների մշակութային կապերի հաստատման ծրագրի շրջանակներում նախօրեին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սերտ համագործակցությամբ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզային ենթակայության դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

 

 

Մուստաֆա Մոհամմադի Դուստի և Ջավադ Խակսար Հաքքանի Դեհքորդիի գրչին պատկանող «Քյալ» ներկայացումը կմասնակցի Հայֆեստ Արմենիա կատարողական արվեստի միջազգային 20-րդ փառատոնին։ Իրանի Չահարմահալ և Բախտիարի նահանգի Ֆարսան քաղաքից մասնակցող ներկայացման բեմադրիչն է Մուստաֆա Մոհամմադի Դուստը:

Ներկայացման թեման բխում է Բախտիարիի ժողովրդի հավատալիքներից, ծեսերից և հին ավանդույթներից, ովքեր որսը համարում են դժբախտությունների և բնական աղետների պատճառը:

Ըստ ստեղծագործության բեմադրիչ Մոհամմադի Դուստի` ներկայացման նպատակն է զվարճանքի համար կենդանիների տեսակների որսի կանխումը, և կարծում է, որ իր ներկայացումը քննադատություն է ուղղված բռնությանը:

Հայֆեստ Արմենիա կատարողական արվեստի միջազգային 20-րդ փառատոնն Իրանից ներկա են լինելու 8 ներկայացում, որից 4-ը՝ Թեհրանից, 4-ը՝ տարբեր քաղաքներից, որից 3-ը՝ փողոցային, 2-ը՝ տիկնիկային, մնացածը՝ բեմական։

Հոկտեմբերի 1-ից  8-ը Երևանում կանցկացվի Armenian Highfest միջազգային 20-րդ փառատոնը:

 

 

Մոհսեն Թանաբանդեն «Երրորդ համաշխարհային պատերազմ» ֆիլմում խաղացած դերի և Հոման Սիդին նույն ֆիլմի ռեժիսորության համար արժանացել են Վենետիկի կինոփառատոնի «Համայնապատկեր» բաժնի «Լավագույն դերասան» և «Լավագույն ֆիլմ» մրցանակներին:

Վենետիկի 79-րդ կինոփառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել  սեպտեմբերի 10-ին՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում:

 Մոհսեն Թանաբանդեն  «Երրորդ համաշխարհային պատերազմ» ֆիլմում խաղացած դերի և Հոման Սիդին նույն ֆիլմի ռեժիսորության համար արժանացել են Վենետիկի կինոփառատոնի «Համայնապատկեր» բաժնի «Լլավագույն դերասան» և «Լավագույն ֆիլմ» մրցանակներին:

Կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվել է իրանցի կինոռեժիսոր  Ջաֆար Փանահիին՝ «Արջ չէ» ֆիլմի համար  

 

Դերասանի և հանդիսատեսի նույնացման գաղափարի հիման վրա ստեղծված Երևանի կամերային թատրոնը կես դար շարունակ հյուրընկալ հարկի տակ ընդունում է թատերական տարբեր ճաշակներ ունեցող հանդիսատեսի, չի դադարում զարմացնել, ուրախություն կամ թախիծ պարգևել՝ մշտապես մնալով պահանջված: Ինքնատիպ ձեռագրով ու ավանդույթներով թատրոնը կազմավորման 50 և պետական կարգավիճակ ստանալու 40-ամյակները տոնեց սեպտեմբերի 11-ին՝ հյուրերին հնարավորություն տալով քայլելու կարմիր գորգով, վայելելու բարձրաճաշակ երաժշտություն, հաղորդակցվելու միմյանց հետ և մասնակցելու բազմաբնույթ միջոցառումների:

Թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, հիշելով թատրոնի ստեղծման սկզբնական փուլը, խոստովանում է, որ թատրոն չի սիրել. հայրը կարծել է՝ տղամարդը չպետք է զբաղվի թատրոնով: Երնջակյանների ընտանիքում մաթեմատիկայի պաշտամունք է եղել, իսկ Արա Երնջակյանը սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետում, սակայն «Ուրախների և հնարամիտների ակումբը» ուսանող Երնջակյանին շեղել է՝ տանելով այլ ուղղությամբ:

«Մենք ցանկանում էինք ոչ թե թատրոն, այլ լաբորատորիա բացել, բայց պարզվեց, որ դա անհնար է, քանի որ դոկտորներ են պետք: Մտերիմներն առաջարկեցին թատրոն հիմնադրել»,-պատմում է նա:

Կամերային թատրոնը տարիների ընթացքում չի դադարում լինել արդիական և պահպանում է երնջակյանական ձեռագիրը: Ըստ թատրոնի հիմնադրի՝ դա պայմանավորված է թատրոնում խենթ ստեղծագործողների առկայությամբ:

«Թատրոնն ի սկզբանե իր ձևը, տեսակն ունեցել է․ խոսքը նույնացման սիստեմի մասին է: Նորեկները կա՛մ ընդունում էին դա ու դառնում մերը, կա՛մ հեռանում: Մինչ օրս մեր թատրոն գալիս են երիտասարդներ, որոնք ընդունում են նույն կրոնը, նույն պաշտամունքը և շարունակում են մեր գործը»,-շեշտում է Երնջակյանը և հավաստիացնում, որ իր սրտի ներկայացումը դեռ չի բեմադրել:

Թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը մեծացել է Կամերային թատրոնում: Ասում է՝ իր համար թատրոնը ոչ թե երկրորդ, այլ առաջին տունն է: Հաճախ է նշում՝ այն սերը, որը կա թատրոնի հանդեպ, փոխանցվել է մայրական կաթի և հայրական ծխի հետ:

«Անում եմ հնարավորը, որ թատրոնը լինի ավելի հետաքրքիր, մնա կանգուն, որպեսզի թե՛ դերասանական կազմում, թե՛ հանդիսատեսի շարքերում չպակասեն երիտասարդները»,- շեշտում է կրտսեր Երնջակյանն ու հավելում, որ բեմադրություններ անելիս չի փորձում կրկնօրինակել հորը:

Նրա խոսքով՝ արվեստում կա իդեալ, որին ձգտում է: «Գիտեմ, որ հնարավոր է հասնել այն որակին, մտքին, պատկերացմանը, որը հայրս ունի թատրոնի մասին, որը բոլորովին այլ աշխարհ է, այլ մտածելակերպ է՝ ծնված մաթեմատիկական հմտությունների և արվեստի բախումից: Երբեք տարբերվելու խնդիր չեմ դրել իմ առաջ: Միշտ ցանկացել եմ անել ամենը, որ ներկայացումը լինի հետաքրքիր  և պահպանվի հեղինակային ձեռագիրը»,-եզրափակում է Լուսինե Երնջակյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ՝ Երևանի կամերային թատրոնն ամենաերևանյանն է:

«Այն քաղաքային է իր դրսևորումներով. հիսուն տարվա ընթացքում եղել է քաղաքային փոխհարաբերությունների, կենցաղի, օրակարգի թատրոն՝ յուրահատուկ ինտելեկտուալ խոսույթով: Պատահական չէ, որ թատրոնում բոլոր ժամանակներում հաճույքով են ելումուտ ունեցել ինտելեկտուալ մարդիկ: Կամերայինը հաղթող թատրոն է, ժամանակի փոխակերպումներին դիմացող թատրոն է: Եթե անկախ պատմական վայրիվերումներից, քաղաքական համակարգից ունես խոսք, նշանակում է՝ թատրոնի գոյության կարևոր բանաձևը գտել ես»,-ասում է փոխնախարարը:

Խզմալյանը Կամերային թատրոնին մաղթում է հավատարիմ հանդիսատես, ցանկանում, որ թատրոնը շարունակի ձեռքը պահել հանրային կյանքի զարկերակին, կատակի, դրամայի, կամերային, երաժշտական ներկայացումների միջոցով արծարծի հասարակությանը հուզող խնդիրները:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը քսաներկու տարի աշխատում է Կամերային թատրոնում: Առաջին հանդիպումը հարազատ թատրոնի հետ եղել է թատերական ինստիտուտում սովորելու տարիներին, երբ Հակոբ Ղազանչյանը Ներսիսյանին և նրա կուրսընկերներին ներկայացրել է Կամերային թատրոնը՝ նշելով, որ այն սեփական ձեռքերով հիմնել են էնտուզիաստները: Միշտ մտածել է Կամերային թատրոնի մասին, որտեղ, իր խոսքով, անգամ պատերն են ջերմությամբ վարակում: Պատանի հանդիսատեսը թատրոնում է աշխատել և մի օր որոշել է գալ Կամերային թատրոն: Հանդիպելով Արա Երնջակյանի հետ՝ համագործակցության առաջարկ է ստացել: «Ներոն» ներկայացման մեջ՝ Վեներայի, «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» ներկայացման մեջ՝ թարգմանչուհու դերերով Լուիզա Ներսիսյանը մուտք է գործել Կամերային թատրոն:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը Կամերային թատրոնի 20 տարվա «բնակիչ» է: Ասում է՝ թատերական կրթություն չունի, բայց իրեն շատ լավ է զգում այդ միջավայրում և շատ բան է սովորել ու դեռ սովորում է: «Ասում են՝ երկրորդ տուն չի լինում: Ինձ համար այդ տունը կա, և այն Կամերային թատրոնն է»,-ընդգծում է դերասանը:

Դերասան Ժորա Հարությունյանն էլ խոստովանում է, որ Կամերային թատրոնը փոխել է իր աշխարհայացքը, արվեստի հանդեպ ընկալումներն ու տուն դարձել, իսկ դերասան Վահե Զիրոյանը, որը 2012-ից է թատրոնում, այն ընտանիք է համարում:

«Սա իմ երկրորդ տունն է: Այստեղ ապրում ու արարում եմ: Յուրաքանչյուր օրն ինձ համար բացահայտում է: Ամեն օր յուրովի ենք ճանաչում թե՛ հնաբնակ արտիստներին, թե՛  թատրոն նոր մուտք գործած դերասաններին»,-նշում է նա:

Բոլոր դերասանները լեփ-լեցուն դահլիճներ ու երկարակեցություն են մաղթում Կամերային թատրոնին՝ վստահեցնելով, որ իրենք ևս ներդրում են ունենալու այդ գործում:

Երեկոյին թատրոնի ցուցասրահում ներկայացվեց յուրօրինակ էքսպոզիցիա, որը պատմական էքսկուրս է՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը: Հյուրերը դիտեցին «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմը, մասնակցեցին Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսին: Թե՛ կինոնկարը, թե՛ գիրքը պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:

Երեկոն նշանավորվեց նաև «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտիքի մրցանակներ հանձնվեցին բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին: Կամերային թատրոնի հարակից տարածքում  էլ բացվեց «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվեցին թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին:

Միջոցառումներին հաջորդեց ծանոթությունը թատրոնի՝ դեռ կառուցման փուլում գտնվող դահլիճի հետ, որը փոքր է, սակայն թատրոնին հնարավորություն կտա մեկ երեկոյի ընթացքում  երկու ներկայացում մատուցել:

Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին: Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից Արա Երնջակյանի և ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր դուրս գալ զուտ թատերական գործունեության շրջանակներից, ձևավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994), «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթը (1996-2000), «ԵրԿաթ TV», «ՅԱՆ TV» հեռուստաընկերությունները, «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը և շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։

 

 

Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է ռեժիսոր Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասվում է տեքստում:

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։

Ոչ միայն հանգամանքները, այլև ապրելու համար պայքարելու մեծ կամքն են Արշալույս Մարտիկյանին (Ավրորա Մարտիկանյան) 1915 թվականին փրկել Հայոց ցեղասպանությունից, հնարավորություն տվել հաստատվել օտար երկրում և առաջ գնալ՝ հաղթահարելով բոլոր փորձությունները:

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Ավրորայի մասին՝ լսարանին հորդորելով չհանձնվել ոչ մի պարագայում և փորձել ճիշտ կողմնորոշվել անգամ ամենադաժան իրավիճակներում:

Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Ֆրանսիայում՝ Անսի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում, ցուցադրվել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվել է 2022-ի հուլիսի 10-17-ը և արժանացել է արծաթե ծիրանի:

 

 

91 տարեկանում մահացել է ֆրանկո-շվեյցարացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Liberation թերթը՝ վկայակոչելով ռեժիսորի հարազատներին։

Liberation-ը նրա մահվան մասին մանրամասներ չի հաղորդում։

Գոդարը ֆրանսիական կինոյի «նոր ալիքի» տիտաններից է։ Նրա գլխավոր գլուխգործոցը «Վերջին շնչում» կինոնկարն է, որն աշխարհին բացահայտեց դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին:

 

 

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի մահվան 50-րդ տարելիցի (2023թ. ապրիլի 8) կապակցությամբ  Ֆրանսիայի և Իսպանիայի կառավարությունները ստեղծել են հանձնաժողով, որը համակարգում է այդ օրվան նվիրված 42 ցուցահանդես: «Picasso Celebration 1973–2023» ծրագրի շրջանակներում ցուցահանդեսներ կանցկացվեն եվրոպական և ամերիկյան առաջատար թանգարաններում:

Ընդհանուր առմամբ, 16 ցուցահանդես կանցկացվի Իսպանիայում, 12-ը՝ Ֆրանսիայում, 7-ը՝ ԱՄՆ-ում և ևս 7-ը՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Մոնակոյում, Ռումինիայում և Բելգիայում։

Միջոցառումները կսկսվի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Մետրոպոլիտեն թանգարանում։

2023 թվականի մայիսի 12-ին Գուգենհայմի թանգարանում կբացվի «Երիտասարդ Պիկասոն Փարիզում» ցուցահանդեսը։ Նաև հաջորդ տարի կբացվի Պիկասոյի ուսումնասիրությունների նոր կենտրոնը Փարիզի Պիկասոյի ազգային թանգարանում։

 

 

 

Պիտակ