Սեպտեմբեր 28, 2022 08:07 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։


ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

ՀՀ Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի:

Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

------------------------------

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից լայնածավալ ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օգտագործելով հրետանի, անօդաչուներ, հրթիռներ, թիրախավորելով ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը՝ 36 բնակավայր և քաղաք, այդ թվում՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը։

Այս մասին   ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իր այսօրվա ելույթը լինելու է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակման մասին։ «Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,-նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը դեռ պահպանվում է։

«Դրան նպաստող ևս մեկ գործոն է տարածքային անվտանգության կազմակերպությունն անհամաչափ է արձագանքում Ադրբեջանի այդ պահվածքին, ինչը լուրջ հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում»,-ասաց նա։

ՀՀ վարչապետը նշեց, որ միջանցքի մասին խոսելով՝ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում նոր ճգնաժամ ստեղծել, և ընդգծեց՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում միջանցքի մասին ոչինչ չի նշվել, խոսվել է միայն Լաչինի միջանցքի մասին։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային կառույցների աջակցության կարիքը, և կոչ արեց ապահովել ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ, վարչապետը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրի մասին։

-------------------------------

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ էին:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:

ՀԱՊԿ առաքելության գլխավորությամբ Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նաև հանդիպեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, հայտնում է կազմակերպության թելեգրամյան ալիքը: Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։

-----------------------

Մոսկվայում ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին։

Փոխվարչապետների հանդիպումն ու զրույցը կայացել է խորհրդի նեղ կազմով նիստից հետո՝ ընդմիջմանը: Այնուհետև փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

-----------------------------

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Հարավային Կովկասի գործընթացների վրա ազդելու լծակներ չունի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Փելոսիի այցը Երեւան:

«Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում մտահոգություն է առաջացրել։ Չարժե թեման ուռճացնել»,- ասել է նա։

Նրա խոսքով, Թուրքիան այսօր շարունակում է «որոշակի նախապատրաստությունը եւ շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ «Այս պահին մենք քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը։ Եթե որոշենք մեկնել Չեխիա, ենթադրաբար այնտեղ կլինի նաեւ Փաշինյանը։ Հայկական կողմը նախկինում հայտնել էր այս հարթակում հանդիպման միտքը։ Թերեւս այդ բոլոր հարցերը այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք։ Սակայն, իհարկե, որոշակի նախաձեռնություններ կունենանք նաեւ Կովկասի հարցում։ Այս պահին այն դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիեւի հետ եւ, կախված դրանից, մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կազմակերպիչները մտադիր են հրավիրել նաեւ հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի առաջնորդներին:

---------------------

Իրանագետ Ժաննա Վարդանյանն անդրադարձել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերիի հայտարարությանը, ըստ որի` Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։

------------------------

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Հայաստան կատարած այցի ժամանակ, հայտարարեց, որ Վաշինգտոնը դեմ է Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխության:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր բախումներ սկսվեցին և կողմերն իրար մեղադրեցին հրադադարը խախտելու մեջ։ Երեւանը հայտարարեց, որ այս պատերազմում կորցրել է 135 զինվոր, իսկ Բաքուն հայտարարեց, որ իր ուժերից 79 զինվոր է սպանվել։ Սահմանային բախումները դադարեցին երկու օր անց՝ հրադադարի մասին հայտարարությամբ։ Այժմ քաղաքական գործընթացը սկսվել է, բայց երկու երկրների միջև լարվածությունը չի ավարտվել։

Այս իրավիճակում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնեց Երևան, որտեղ հայտարարեց, որ Վաշինգտոնը դեմ է Հայաստանի սահմանների փոփոխությանը։ Այս հայտարարությունը հնչում է մի քանի տասնամյակ ուշացումով, մինչդեռ ընդգծվում է կովկասյան տարածաշրջանի գործերին ԱՄՆ-ի ներգրավվածության հարցը։ Սակայն Ռուսաստանը մինչ այժմ կառուցողական դեր է խաղացել այս գործում, և 2020 թվականի պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել է Ռուսաստանի միջնորդությամբ։Իրանը նույնպես հայտարարել է, որ դեմ է Հայաստանի հետ սահմանի փոփոխությանը,և ընդգծել, որ անհրաժեշտ է խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով:

Այդ կապակցությամբ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է.«Իրանը չի ընդունի տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության որեւէ փոփոխություն»:

Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխության դեմ հանդես գալն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական քաղաքականությունն է։ Դրա նպատակն է կանխել լարվածության աճը և պահպանել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը։

Հայաստանի սահմանների փոփոխության հարցը վերաբերվում է Ադրբեջանի  ջանքերին և ցանկությանը՝ Հայաստանի տարածքի ներսում միջանցք ստանալ՝ Նախիջևանի ինքնավար մարզին միանալոը համար:  Թուրքիան աջակլցում է Բաքվի այս նպատակին։ Այս միջանցքը, որը Բաքուն կոչում է «Զանգեզուրի միջանցք», ստեղծվելու դեպքում կփոխի Հայաստանի սահմանները, միաժամանակ Բաքուն այն կօգտագործի որպես ճնշման լծակ Երեւանի դեմ։

Սակայն Նենսի Փլեոսիի հայտարարությունը, հաշվի առնելով Ռուսաստանի մերձակա տարածքներում այդ երկրին դիմակայելու Վաշինգտոնի նպատակները և Միացյալ Նահանգների միջամտողական քաղաքականությունը կարող են սրել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը։ Հետևաբար, ԱՄՆ-ի ընդդիմությունը ՀՀ սահմանների փոփոխությանը, այն էլ մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ը երկար տարիներ Բաքվի և Երևանի միջև ճգնաժամը կարգավորելու համար կառուցողական քայլ չի արել, կարող է միայն հիմք հանդիսանալ այս լարվածությունը  սրելու համար: