Սեպտեմբեր 28, 2022 12:16 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

Թազիեն ներկայացում է, որում գլխավոր կերպարների դերում հանդես եկող մարդկանց միջոցով ցուցադրվում են Քարբալայի իրադարձությունները։ Այն կրոնական ու ավանդական իրանա-շիայական ներկայացում է և հիմնականում Ալիի որդի Հոսեյնի նահատակության ու Մարգարեի ընտանիքի տառապանքների մասին է: Թազիեի արվեստը մի կողմից խթանել է իրանական թատրոնի զարգացումը, իսկ մյուս կողմից՝ շիա կրոնի գեղարվեստական ամենավառ դրսևորումներից է։

Այս կապակցությամբ առաջին անգամ սեպտեմբերի 23-ին և 24-ին Երևանի Կապույտ մզկիթում, իսկ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց իրանական թազիեն, որը մեծ ընդառաջման արժանացավ:

 

 

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաձեռնությանը կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։

Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է:

Փառատոնը նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:

 

 

Երևանի Բիեննալ Արվեստի Հիմնադրամը (Yerevan Biennial Art Foundation) Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի աջակցությամբ մեկնարկում է  արվեստագետի գործերը ներկայացնող վիրտուալ ցուցադրություն՝ Google Arts and Culture հարթակում

Google Arts & Culture-ը աշխարհում ամենահայտնի թվային հարթակներից է, որը ներկայացնում է միջազգային ամենահեղինակավոր մշակութային հաստատությունները, թանգարաններն ու ցուցասրահները։ Այն ունի ավելի քան 80 ներկայացված երկիր։

«Ինքնություն ու Արվեստ»- ը վիրտուալ ցուցադրություն է, որը ներկայացնում է  Մարտիրոս Սարյանի ճանփորդությունն Արևելք։ Ոգեշնչման նոր աղբյուրների և նոր գաղափարների հետ մեկտեղ, այս ճանփորդությունը նրան տալիս է արևելքի զգայական գիտակցում, որը արվեստագետը օգտագործում է որպես հիմք՝ հետագայում իր մայրենիքի վիզուալ ձևակերպման համար։

Ցուցադրությունը կենտրոնանում է արվեստագետի ճամփորդության վրա՝ միաժամանակ նաև ներկայացնելով պատմական կոնտեքստն ու քաղաքական իրավիճակները, Առաջին Համաշխարհային Պատերազմի նախանշանները և տանում դեպի Եղեռն և Առաջին հանրապետության ձևավորում, որը ստեղծում է մայրենիքի ձևակերպման խնդիրը։

Ցուցադրությունը միախառնում է  Սարյանի գրառումներն ու նամակները պատմական նկարագրությունների և դիտարկումների հետ՝ ընթերցանելի ու թեթև ձևաչափով տեղափոխելով ընթերցողին այն պատմական շրջան, որում ստեղծագործել է արվետագետը։

Ամբողջ ցուցադրության առանցքն Սարյանն ու այն մեծ դերն է, որն ինքը ունեցել է իր նոր ձևավորվող պետության վիզուալ ձևակերպման մեջ։

 

 

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 26-ին Մայր թատրոնում բացեց «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն - 100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ Առաջին պետական թատրոնի հիմնադրման 100-ամյակին։

ցուցադրվեցին թատրոնի անվանի դերասանների՝ Վահրամ Փափազյանի, Արուս Ոսկանյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Հովհաննես Աբելյանի և այլոց անձնական իրերը, բեմական զարդերը և զենքերը, արխիվային լուսանկարներ և այլ նմուշներ, որոնք պահվում են Գրականության և արվեստի թանգարանում։

 

ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի 70-ամյա հոբելյանին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը, որում ներկայացված են Իսաբեկյանի վերջին տարիներին արված բազմաթիվ կտավներ՝ տարբեր թեմաներով և ուղղություններով։

Ցուցահանդեսը շարունակվեց մինչև սեպտեմբերի 29-ը:

Արվեստաբան Օվսաննա (Օսյա) Քարամյանը, որը ցուցահանդեսի համադրողն է, կարծում է՝ Իսաբեկյանն ունի անկաշկանդ վրձին, խոսուն գույների սահուն խտացում, անսպառ երևակայություն՝ անսահման տարածության մեջ, մտքի և ժամանակի զուգահեռ ընթացք, ընդվզում և կամք, հարատև շրջապտույտի մեջ հայտնված մի մեծ հետագիծ:

Ըստ Քարամյանի՝ Արամ Իսաբեկյանը մարդ-երևույթ է, ուսուցիչ, վարպետ, մտածող, որ ստեղծում է կտավներ՝ ամփոփված կարողությունների անհագ կանչով՝ իր աշխարհընկալմամբ, իր մեկնությամբ, իր իսկ աշխարհի մասին ամբողջականության  ըմբռնմամբ։

Իսկ Արամ Իսաբեկյանը խոստովանում է, որ իր արվեստի վրա ահռելի  ազդեցություն ունի այն ինտելեկտուալ պաշարը, որն ստացել է ամբողջ կյանքի ընթացքում  կարդացածս գրքերից, տեսած ֆիլմերից, լսած երաժշտությունից, տաղանդավոր մարդկանց հետ շփումներից, ինչը չէր կարող չթողել իր հետքն իր արվեստում:

«Ես եղել եմ շատ զգայուն այն ամենի նկատմամբ, ինչը տեղի է ունեցել իմ շրջապատում և աշխարհում: Ե՛վ  լավը, և՛ վատը, և՛ ուրախությունը, և՛տխրությունը չէին կարող ինձ անտարբեր թողնել: Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ իմ տարբեր շրջանների աշխատանքներն իրենց ոճային արտահայտմամբ տարբերվում են իրարից»,-եզրափակում է նկարիչը:

 

Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տրվեց Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի մեկնարկը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ փառատոնն անցկացվելու է մինչև նոյեմբերի 6-ը: Փառատոնային օրերին կկազմակերպվի 12 համերգ, որոնք տեղի կունենան Երևանում, Կապանում և Չարենցավանում:

Փառատոնին կմասնակցեն հայտնի երգեհոնահարներ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաև վարպետության դասեր:

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանն ու Մարինա Նահապետյանը:

«‎Երգեհոնն իր առանձնահատուկ տեղն ու լսարանն ունի հայաստանյան մշակութային կյանքում։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Հաշվի առնելով գործիքի եզակիությունն ու երգեհոնային երաժշտության նկատմամբ մեր ունկնդրի հետաքրքրությունը՝ գաղափար հղացավ կազմակերպելու նման մասշտաբային փառատոն։ Գաղափարը մի քանի տարվա պատմություն ունի, համավարակը և պատերազմը ստիպեցին փոքր-ինչ հետաձգել իրականացումը, սակայն ուրախ ենք, որ այս համերգաշրջանում հանդիսատեսին կներկայացնենք Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը։ Ստամբոլցյանը ելույթ է ունեցել Կամերային երաժշտության տանը կայացած առաջին երգեհոնային երաժշտության համերգին»‎,-նշում է փառատոնի նախաձեռնող, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Փառատոնի ծրագրում ներառված է նաև Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ:

Փառատոնն անցկացվելու է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ:

 

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի, Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ հոկտեմբերի 8-ին Աշխաբադի «Մուկամով» պալատում համերգային ծրագիր է կազմակերպվելու:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Orient.tm-ը հայտնում է, որ երեկոյին հնչելու են Առնո Բաբաջանյանի հանրահայտ ստեղծագործությունները Թուրքմենստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Ռասուլ Կլիչևի ղեկավարությամբ:

Թուրքմեն երգիչները կկատարեն Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք», «Երկրագնդի լավագույն քաղաքը» և այլ երգեր, որոնք կոմպոզիտորը գրել է՝ համագործակցելով Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու հետ:

«Իմ Երևան» երգը, որը թուրքմեն արտիստները կկատարեն միասին, կեզրափակի տոնական համերգը:

 

 

2019 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին սերիալը կթողարկվի Netflix հոսքային ծառայության միջոցով։

Նախագիծը ստացել է «Նոտր-Դամ» անուն։ Այն ֆրանսերեն է։ Հեռուստադիտողին կներկայացվեն կրակը մարած երկու հրշեջների, լրատվական հաղորդավարի և հասարակ մարդկանց պատմությունները։

Նախագծի ռեժիսորն է Էրվե Հադմարը։ Գլխավոր դերերում հանդես են եկել ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը, ֆրանսիացի դերասաններ Քերոլայն Պրուստը, Շանդոր Ֆունտեքը և Կորենտին Ֆիլան։

«Նոտր Դամ» մինի սերիալի պրեմիերան կկայանա Netflix-ում հոկտեմբերին։

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը ղեկավարությամբ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել են բացառիկ գտածոներ:

Դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Ըստ նախարարության՝ այն անխաթար վիճակում մեզ հասած դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բացվել է միջին ու մեծ քարերից շարված դամբարանախուցը՝ արևելք-արևմուտք կողմնորոշմամբ։ Դամբարանում, փայտե դիապատգարակին կծկված վիճակում, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված էին երկու անհատներ, որոնցից մեկի վերին կմախքը՝ ձախ, իսկ ստորինը՝ աջ կողքին: Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ անցքերով: Անհատների պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով (գլանաձև, գնդաձև, ֆիլիգրան, հատիկազարդ, անվաձև), բաժանարարներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ:

N 2 կմախքի ձեռնաթաթի հատվածում առկա էր անագե բարակ լարից մատանի: Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատներն արական և իգական սեռի են: Դամբարանում առկա հնագիտական նյութի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս դամբարանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։

«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (լեհական արշավախմբի համաղեկավարը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ): Հնագիտական աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արևելք տեղակայված քաղաքային թաղամասում և դամբարանադաշտի հատվածում: