Փետրվար 12, 2020 20:30 Asia/Tehran

Իրանի տնտեսական բարգավաճումը նրա տարբեր ոլորտների, այդ թվում՝ արդյունաբերության աշխուժության արդյունք է: Բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերական ոլորտներն արդյունաբերության այն ենթաբաժիններից են, որտեղ բարդ տեխնոլոգիաների, տեխնիկական գիտելիքների, նորարարության, ստեղծագործական մտքի, հետազոտության և զարգացման, ինչպես նաև մասնագիտացված մարդկային ուժի կիրառումը մեծ դեր է խաղում երկրի բարգավաճման ու զարգացման գործում:

Տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպերն ու բարձր ավելացված արժեքն այս արդյունաբերության առանձնահատկություններից են: Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարում մենք հակիրճ կանդրադառնանք Իրանի՝ բարձր տեխնոլոգիաներով որոշ արդյունաբերություններին:

Բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերություններն ընդգրկում են քանի ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ ստորաբաժանումներ՝ նանոտեխնոլոգիաներից ու կենսատեխնոլոգիայից սկսած մինչև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բժշկական ու լաբորատորային սարքավորումների, բարձր տեխնոլոգիաներով դեղամիջոցների, օդատիեզերքի, նոր էներգիակիրների, ճանաչողական գիտությունների և այլ ոլորտներ: Բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերությունները (Hi-Tech) սահմանելիս պետք է նշել, որ արտադրանքի արտադրության գործում «գիտության» դերն ավելին է, քան «փորձառությանը»: Բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերություններում տեխնոլոգիան շատ մեծ նշանակություն ունի վերջնական արտադրանքի արտադրության գործում, այսինքն, վերջնական արտադրանքի մեջ տեխնոլոգիայի ավելացված արժեքը շատ ավելին է, քան արտադրության այլ գործոնները (ինչպես օրինակ՝ հումքը): Իհարկե, բարձր է նաև այս արդյունաբերության մեջ փոփոխությունների տեմպը: Եթե ​​հաշվի առնենք, որ ավանդական տեխնոլոգիաների կյանքի միջին տևողությունը տևում է ավելի քան 10 տարի, բարձր տեխնոլոգիաներում այն կարող է լինել ընդամենը մեկ տարի: Բացի այդ, աշխատուժի արժեքը, որը ավանդական արդյունաբերություններում թերևս ինչ-որ չափով անտեսվել էր, մեծ նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերություններում և էականորեն ազդում է վերջնական արտադրանքի ավելացված արժեքի վրա:

Նանոտեխնոլոգիան առաջադեմ արդյունաբերություններից մեկն է: Դրա ազդեցությունը այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են առողջապահությունը, շինարարությունը, նավթի, նավթաքիմիական, ավտոշինության, տեքստիլի, սպորտային արտադրանքների, գյուղատնտեսության, ջրի, շրջակա միջավայրի և կենցաղային տեխնիկայի ոլորտները, ցույց է տալիս, որ նանոտեխնոլոգիան հզոր տեխնոլոգիա է, որը գների իջեցմանը զուգահեռ կարող է բարձրացնել մրցունակությունը միջազգային մակարդակում: Իրանում մինչ այժմ արտադրվել են ավելի քան 600 նանո արտադրանքներ և սարքավորումներ՝ այս ոլորտում գործող 220 արտադրական ձեռնարկությունների ջանքերի շնորհիվ: Իրանում նանոտեխնոլոգիայի զարգացման կենտրոնը ոլորտում աշխատում է շուրջ երկու տասնամյակ և իր աշխատանքը սկսել է այս բնագավառում ուսումնասիրությունների, հետազոտությունների կատարմամբ և գիտության զարգացմամբ, իսկ այժմ ճանապարհի երկրորդ կեսին զբաղվում է իր արտադրանքը առևտրայնացնելով և այլ երկրներ արտահանելով: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդլայնվում է նանո-արտադրանքի արտահանման ծավալներն Իրանից դեպի այլ երկրներ, այնպես էր Չինաստանը որպես աշխարհում խոշորագույն ապրանք արտահանող երկիր, Իրանից նանո արտադրանք է ներմուծում: 2017թ. Իրանի նանո արտադրանքների արտահանման ավելի քան 88 տոկոսը առաքվում էր Ասիա, իսկ ավելի քան 10 տոկոսը՝ Եվրոպա: Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Շվեդիան, Կանադան, Ավստրալիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը և Հարավային Կորեան Իրանից նանո արտադրանքներ ներմուծող երկրների շարքում են: Հարևան երկրների շարքում Իրաքը և Թուրքիան Իրանի նանո արտադրանքների արտահանման կարևորագույն նպատակային երկրներից են:

Բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերություններում գիտելիքահենք ձեռքբերումներից են օդատիեզերական արդյունաբերական ոլորտները: Այս արդյունաբերության առանձնահատկություններից է նորագույն, տարբեր տեխնոլոգիաների լայն կիրառումը: Արագ ու անվտանգ տրանսպորտն ավիաարդյունաբերության ձեռքբերումներից ընդամենը մեկն է: Բնական ռեսուրսների մոնիտորինգը, փրկարարությունը բնական աղետների ժամանակ, գյուղատնտեսական արտադրանքների խնամքն այն բնագավառներից են, որոնք հիմնավորում են մեծ կապիտալ պահանջող ավիաարդյունաբերության նկատմամբ ուշադրությունը։ Ավիատիեզերական արդյունաբերության կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս արդյունաբերության մեջ հետազոտությունները աշխուժություն են հաղորդում գիտաճարտարագիտական այլ ոլորտներին և զգալի առաջխաղացումներ են առաջացնում այլ ստորադասային արդյունաբերություններում:

Վերջին տարիներին իրանական օդատիեզերական արդյունաբերության ուշագրավ նվաճումներն այնպիսին են եղել, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տիեզերական համագործակցության կազմակերպության (APSCO) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Լի Սինջունը (li xinjun) Իրանի Իսլամական Հանրապետությունը որակեց կազմակերպության շատ կարևոր անդամ՝ նշելով, որ գովասանքի արժանի է Իրանի առաջընթացն օդատիեզերական ոլորտում:

Տեղական արտադրության՝ «Օջ» Turbojet  շարժիչի նախագծումն ու արտադրումն Իրանի օդատիեզերական արդյունաբերության վերջին նվաճումներից է, որի նախագծման և արտադրության մեջ ներգրավված են եղել 30 գիտելիքահենք ընկերություն և Իրանի 10 համալսարաններ: Իրանի Իսլամական Հանրապետությունն այն ութ երկրներից մեկն է, որն ունի նախագծման ու տեխնոլոգիական համապատասխան գիտելիքները`այդ տեսակի շարժիչներն արտադրելու համար: Turbojet շարժիչները կիրառվում են կրուիզ հրթիռներում, ուսումնական ինքնաթիռներում և կործանիչներում:

Հարկ է նշել, որ ինքնաթիռի ամենաբարդ մասերից մեկը շարժիչն է, որի ստեղծումը պահանջում է ավիացիոն բարձր գիտելիքներ և արհեստավարժ օդատիեզերական փորձագետների ընդունակություններ: Ավիատիեզերական գիտելիքներում առաջատար երկրները հիմնականում մասնագիտացված են օդանավի մեկ դետալի կամ շարժիչի մի մասի արտադրության մեջ: Այլ կերպ ասած, ինքնաթիռի շարժիչի յուրաքանչյուր մասն արտադրվում է որոշակի երկրում և շատ դեպքերում ինքնաթիռի շարժիչը մի քանի անդրազգային ընկերությունների ջանքերի արդյունքն է: «Յասին» ուսումնական ինքնաթիռը և «Քոսար» տեղական արտադրության կործանիչը երկուսն էլ կառուցված են իրանական գիտելիքահենք ​​ընկերությունների կարողություններով և վկայում են իրանցի փորձագետների և գիտնականների կողմից ինքնաթիռների արտադրման գիտելիքների ձեռքբերման կարևորությունն ու կարգավիճակը:

Քոսար կործանիչը

Իրանի օդատիեզերական արդյունաբերության պարծանքներից է առաջադեմ անօդաչու սարքերի ստեղծումը: Հեռակառավարվող անօդաչու սարքերի ստեղծման գիտելիքներն ու կիրառումն այնքան է տարածում գտել, որ այժմ նրանք լայնորեն օգտագործվում են հեռահաղորդակցության, գլոբալ նավիգացիայի, օդերևութաբանական ու աշխարհագրական հետազոտությունների, ինչպես նաև թշնամուց ինֆորմացիայի հայթհայթման համար: Իրանը այն երկրներից է, որը ձեռք է բերել այս տեխնոլոգիան, և փաստորեն, այսօր Իրանը համարվում է գերտերություն՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում: Չնայած նրան, որ աշխարհում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ավելի քան մեկ դարի պատմություն ունի։ Այս ոլորտում գործունեություն են ծավալում սահմանափակ թվով առաջադեմ երկրներ, սակայն այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրման բնագավառում տարածաշրջանում առաջին տերություն է, իսկ աշխարհում առաջին հնգյակում է։ Սա այն դեպքում, երբ բազմաթիվ ռազմական ու պաշտպանական արտադրանքներ, մտահաղացումից մինչև արտադրություն, իրանական են։ Որպես օրինակ կարելի է նշել իրանական արտադրության ռմբակոծիչ անօդաչու թռչող սարքերը։ Նշված ԱԹՍ-երի արտադրումը իրանական մտահաղացման արդյունք է, որոնք ի զորու են հարվածել հեռու տարածության վրա գտնվող թիրախներին և ապահով վերադառնալ ռազմաբազա։

Բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերություններից է նաև «դեղագործական արդյունաբերությունը», որը կարևոր դերակատարություն ունի ռազմավարական նշանակությամբ ապրանքների արտադրության մեջ: Թեև Իրանը մինչ Իսլամական Հեղափոխության հաղթանակը դեղամիջոց ներկրող երկրներից էր, բայց դրանից հետո դեղագործությունը, ինչպես մյուս ոլորտները, ևս զարգացում ապրեց և երկրի ներսում սկսեց տարբեր դեղամիջոցների արտադրությունը: Այնպես որ, ըստ վիճակագրության, Իրանում պահանջվող դեղերի 97 տոկոսը արտադրվում է երկրի ներսում: Իրանում դեղագործության գծով գործունեություն են ծավալում շուրջ 20 քոլեջ և հարյուրավոր ընկերություններ, որոնք աշխատում են պետական ​​և մասնավոր հատվածներում: Իրանի դեղագործական արդյունաբերության ֆինանսական շրջանառությունը կազմում է ավելի քան 4 միլիարդ դոլար: Իրանի դեղագործական արդյունաբերության ուժեղ կողմերից են մարդկային ուժի ընդունակությունները: Երկրի դեղագործական արդյունաբերության ոլորտում իրանական վերնախավի առաջադիմության ու հաջողությունների շնորհիվ Իրանը տարածաշրջանում դարձել է դեղամիջոցների թիվ մեկ արտադրողը, աշխարհում ռեկոմբինանտ դեղամիջոցների արտադրության ոլորտում՝ յոթերորդը, իսկ դեղագործական արդյունաբերության մեջ աշխարհում առատաջար տասնյակում է: Այս հաջողությունները ձեռք են բերվել այն պայմաններում, երբ արևմտյան պետությունների կողմից պատժամիջոցները ստվեր են գցել ինչպես Իրանի դեղագործական արդյունաբերության վրա, այնպես էլ երկրի մյուս արդյունաբերության ոլորտների վրա՝ դժվարացնելով անհրաժեշտ որոշ տեսակի հումքի ներմուծումը և արտադրանքի արտահանումը:

Հաղորդման ավարտին հարկ ենք համարում մատնանշել այն, որ առաջադիմական արդյունաբերությունները հիմնված են բարձր տեխնոլոգիաների վրա: Տեխնոլոգիական հեղափոխությունը նոր էջ է բացել երկրների տնտեսություններում`հնարավորություն ստեղծելով բոլոր երկրների համար որդեգրել նոր ուղիներ զարգացման բարձր մակարդակների հասնելու համար: Իսկապես, տեխնոլոգիան հնարավորություն է զարգացող տնտեսությունների համար, որպեսզի նրա միջոցով հաղթահարեն իրենց արդյունաբերական հետամնացությունը: Իհարկե, նորագույն տեխնոլոգիաների ու գիտելիքահենք տնտեսության զարգացման շնորհիվ, նոր ձև է ստացել ու ավելի բարդացել մրցակցությունը այս ուղղությամբ քայլ կատարող երկրների միջև: Ընդորում հաջողության է հասնելու այն երկիրը, որն ավելի շուտ ձեռք կբերի բարձր տեխնոլոգիաներ ու գիտելիքներ, քան իր մրցակիցները: Սա այն ճանապարհն է, որն իր տնտեսության համար որդեգրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպեսզի աճի պայմաններ ստեղծելով գիտելիքահենք ընկերությունների համար, բարձրացնի նշված ընկերությունների դերակատարությունը արտադրության բարգավաճման և երկրի զարգացման գործում:

 

Պիտակ

Մեկնաբանություններ